Տեղափոխվենք հայ-ադրբեջանական կրթության, գիտության ու պրոֆեսիոնալիզմի հարթություն

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:59 pm November 25, 2009

Բազմաթիվ են հրապարկումներն այն մասին, թե որքանով է ուժեղանում ադրբեջանական բանակն ու թե Հայաստանն ինչ քայլերի է դիմում ի հակադրություն դրան, շատ լավ լուսաբանվում են ադրբեջանցի պատգամավորների ասածները, նրանց բյուջեի հաստատված չափն ու մինչ այդ տեղի ունեցած բյուջեական քննարկումները։ Ադրբեջանի տնտեսության վիճակը, քաղաքական դաշտը, դիվանագիտությունը, երբեմն գյուղատնտեսությունը հայկական մամուլում քննարկվում են ըստ արժանվույն։ Ինֆորմացիոն պատերազմների մասին շատ եմ լսել ու այդ պատերազմների արդյունքն էլ շատ եմ տեսել տարբեր բլոգերում ու ոչ մասնագիտական ֆորումներում։ Հատկապես շեշտում եմ ոչ մասնագիտական բառը, քանզի ասելիքս մասնագիտական, միջազգային ակադեմիական չափանիշներին հետամուտ ու տեղեկացված հասարակություն ստեղծելուն ու հետագայում այդ փորձի արդյունքը քաղելուն միտված հայկական ու ադրբեջանական փորձն եմ ցանկանում քննարկել։ Իհարկե հայկական փորձ ասելով խոսքիս առանցքն է կազմելու «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունն ու այդ կազմակերպության շրջանակներում գործող ԱՐՄԱԿԱԴ ցանցը։ Նշյալ ցանցը ստեղծվել է 2007թ. հունիսին, ակտիվ սկսել է գործել նույն թվականի հոկտեմբերից (սեպտեմբերին տարածվել է 5, հոկտեմբերին 74 հայտարարություն)։ Ինչպես հայտնի է սույն ցանցի ստեղծման հիմնական նպատակն էր ստեղծել գործուն տեղեկատվական համակարգ, որի միջոցով հայաստանցին կտեղեկանա դրսում առկա գիտակրթական ծրագրերի վերաբերյալ, իսկ դրսի գործընկերները հնարավորություն կստանան տեղեկանալ հայաստանյան գիտական անցուդարձին, ինչի միջոցով միջազգային գիտական ասպարեզում կբարձրանա ՀՀ միջազգային վարկանիշը, քանզի այն հանդես կգա որպես սեմինարների, կոնֆերանսների, մագիստրական ու ասպիրանտական ծրագրերի տեսքով գիտական արտադրանք տվող երկիր։ Հպարտությամբ կարելի է նշել, որ այս նպատակներին հաջողվել է հասնել։ Մինչ ԱՐՄԱԿԱԴ ցանցի ստեղծումը ՀՀ-ում գործում էր գիտական հայտարարությունների մենաշնորհին տիրապետող մի քանի հոգուց բաղկացած խումբ, ովքեր ստանալով հայտարարությունը, այն գաղտնի էին պահում մյուսներից, դիմում էին միայն իրենք և դառնում տվյալ երկրից առանց մրցակցության դիմած միակը ներկայացուցիչը։ ԱՐՄԱԿԱԴի գործունեությամբ ՀՀ-ն միջազգային ակադեմիական շրջանակներում այժմ ներկայանում է մրցակցության արդյունքում ընտրված մասնագետների տեսքով։ Երկու տարուց ավելի գործունեության ընթացքում ԱՐՄԱԿԱԴ ցանցում գրանցվել է ավելի քան 3000 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ամեն ամիս ցանցով տարածվում է հարյուրից ավելի հայտարարություն։
Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Ադրբեջանը։
Ադրբեջանի գիտակրթական համակարգը մինչ հայկական «Լույս» հիմնադրամի հետ կապված քննարկումները կարծես երբեք չէր դարձել քննարկման առարկա։ Նշյալ քննարկումներում հատկապես շեշտվում էր, որ Ադրբեջանը յուրաքանչյուր տարի արտասահմանյան ԲՈՒՀեր է գործուղում հազարից ավելի ուսանողներ։ Տվյալ ծրագիրը Ադրբեջանում կարծես սկսվել էր երեք թե չորս տարի առաջ։ Ի պատիվ մեզ, վերջապես ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ այժմ արտերկրի առաջնակարգ ԲՈՒՀերում սովորում են գրեթե հիսուն հայազգի ուսանողներ։ Ադրբեջանական նմանատիպ կազմակերպության անունը չգիտեմ, բայց հետևում եմ ԱՐՄԱԿԱԴի ադրբեջանական օրինակ հանդիսացող EDUCATION_ABROAD_AZERBAIJAN ցանցի գործունեությանը։ Նշյալ ցանցը ստեղծվել է 2006թ. սեպտեմբերին ու հենց այդ առաջին ամսում ցանցով տարածվել է 65 հայտարարություն։ 2009 թվականի ընթացքում ադրբեջանական այս ցանցով ոչ մի ամիս 60-ից ավելի հայտարարություն չի տարածվել։ Ընդ որում հարևանների ցանցով տարածված ամենամսյա հայտարարությունների մեկ երրորդը ԱՐՄԱԿԱԴ ցանցով տարածված հայտարարություններն են եղել և տարածվել են այն բանից հետո միայն երբ դրանք սփռվել են ԱՐՄԱԿԱԴով։ ԱՐՄԱԿԱԴից մեկ տարի առաջ ստեղծված այս ցանցում 2009թ. նոյեմբերի 26-ի դրությամբ գրանցված է 2339 հոգի։ Ադրբեջանական այս ցանցով են տարածվում նաև արտասահմանյան տարբեր գիտակրթական հաստատություններում սովորած ու վերապատրաստում անցած Ադրբեջանի քաղաքացիների կողմից Ադրբեջանի Հանրապետությունում տարբեր տեղեկատվական ու գիտակրթական դասընթացների վերաբերյալ հայտարարությունները։ Այս առումով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող նմանատիպ միջոցառումներին։ Ցայսօր Հայաստանում նման միջոցառումներ կազմակերպելով ու այն հանրության ուշադրության առարկա դարձնելով հայտնի է եղել CRRC կազմակերպությունը, որն ամենաքիչը ամիսը մեկ անգամ կազմակերպում է հայ և այլազգի գիտնականների տեղեկատվական ու մասնագիտական հանդիպումներ, քննարկումներ ու դասախոսություններ։ ԱՐՄԱԿԱԴ դասախոսությունների շարքը վերջին վեց ամիսների ընթացքում կազմակերպել է տասնհինգից ավելի տեղեկատվական ու գիտական դասախոսություններ։ Վերջերս նմանատիպ տեղեկատվական դասախոսություններով է հանդես գալիս նաև «Լույս» հիմնադրամը։ Պետք է նշել, որ այս տիպի դասախոսությունների ու հանդիպումների հաջողությունը առաջին հերթին պայմանավորված է դրանց անվճար լինելով ու այդ միջոցառումների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնելով։ Ադրբեջանական ցանցով են տարածվում նաև ադրբեջանական գիտական ու կրթական տեղեկատվական կայքէջերի վերաբերյալ հայտարարությունները, ինչպես՝ http://www.resurs.az/, http://www.telebe.az և այլն։ Իսկ ԱՐՄԱԿԱԴը մինչ օրս չունի գրասենյակ, չունի հավուր պատշաճի գործող կայքէջ, գործել է բացարձակապես առանց որևէ ֆինանսական օժանդակության, իսկ վարչապետին գրված նամակները մնացել են անպատասխան։

Կարևոր է գիտակցել, որ մեր պետության ու ազգի հաջողությունը գալիք տարիներում միայն ու միայն կախված է լինելու արտասահմանյան լավագույն ԲՈՒՀերում սովորած ու վերապատրաստված բարձրակարգ մասնագետներից ու նրանց խոսքն է լսելի լինելու միջազգային ասպարեզում, քանզի այդ խոսքը լսողները հավանաբար կլինեն նրանց համակուրսեցիներն ու ընկերները։

Թարգմանում եմ պարսկերենից հայերեն

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 5:59 pm November 21, 2009


Այժմ պարսկերենից հայերեն եմ թարգմանում Շահաբ էդԴին Օմար Սոհրավարդիի (1145-1235) հեղինակած երկու ֆոթովվաթնամեներից առաջինը ( Šeykh Šahāb ed-Din ’Omar Sohravardī, Fotovvatnameh, in arrāf, M., ed., Rasā’el-e javānmardān moštamel bar haft fotovvatnāmeh/Traites des compagnons-chevaliers, with analytic introduction by H. Corbin, Tehran and Paris, 1352/1973, pp. 89-102)։ Թարգմանությունը վերլուծականի հետ զուգահեռ լույս կտեսնի 2010 թվականին Մուշեղ Ասատրյանի խմբագրությամբ Երևանում տպագրության պատրաստվող «Իսլամական աղբյուրներն հայերեն» հոդվածների ժողովածուում, իսկ այնուհետև զուգակցվելով այլ ֆոթովվաթնամեների թարգամություններին ու ֆոթովվաթի վերաբերյալ մեծածավալ հետազոտությանը լույս կտեսնի առանձին գրքի տեսքով։
Նշյալ ֆոթովվաթնամեն արդեն թարգմանվել է անգլերեն և գերմաներեն։ Գերմաներեն թարգմանության հեղինակն է Ֆրանց Թաշները։ Թաշները մահացել է 1967 թվականին թողնելով ֆոթովվաթի վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն (Թաշների կենսագրությունը տես՝ Hanz -Joachim Kissling, “Franz Taeschner (1896-1967)”, Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft, Band 118, 1968, ss. 14-17; Թաշների մատենագիտությունը տես՝ “Schriftenverzeichnis; Franz Taeschner”, Der Islam, Band 39, 1964, ss. 261-270)։ 1962 նա ընթերցողին է ներկայացնում նշյալ ֆոթովվաթնամեն՝ քննարկելով այն գիտական հոդվածում (Franz Taeschner, “Eine Schrift des Šihābaddīn Suhrawardī über die Futūwa”, Oriens, Vol. 15, 1962, pp. 277-280): Նշյալ ֆոթովվաթնամեի գերմաներեն թարգմանությունը լույս է տեսնում Թաշների 1979թ. հետմահու տպագրված գրքում (“Die Risālat al-Futuwwa des Scheichs Šihāb ad-Dīn ‘Umar as-Suhrawardī”, in Franz Taeschner, Zünfte und Bruderschaften im Islam, Texte zur Geschichte der Futuwwa, Artemis Verlag, Zürich und München, 1979, pp. 242-254), խմբագրված Թյուբինգենի համալսարանի պրոֆեսորներ Յոզեֆ Ֆոն Ֆան Էսսի ու Հայնց Հալմի կողմից։ Քանի որ Թաշների կենդանության օրոք պարսկերեն տեքստը դեռ լույս չէր տեսել, ապա նրա ներկայացրած թարգմանությունը հիմնված է ձեռագրերի վրա։ Անգլերեն թարգմանության հեղինակն է Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր Լլոյդ Րիդջոնը, ով թարգամոնությունն իրականացրել է հիմնվելով Սարրաֆի խմբագրած տեքստի վրա, ընդ որում չի հղել Թաշների գերմաներեն թարգմանությունը (Lloyd Ridgeon, “Javanmardi: origins and development until the 13th century and its connection to Sufism”, Annals of Japan Association for Middle East Studies, no. 21/2, 2006, pp. 49-74): Ֆոթովվաթով հետաքրքրվողները կարող են կարդալ վերջերս «Իրանիկա» հանրագիտարանում Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Մոհսեն Զաքերիի՝ javānmardi (ֆոթովվաթ բառի պարսկերեն թարգմանությունն է) վերնագրված հոդվածում:

Ու՞մ են պետք KDWIN-ը և ոչ UNICODE հայերեն տառատեսակները

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:18 pm September 26, 2009

Ամիսներ առաջ էի մտածել ներքոհիշատակյալն ավելի լիակատար տարբերակով ուղարկել ՀՀ բոլոր նախարարություններին, նախագահական, բուհեր և այլ հաստատություններ։ Հիմա թող մտորման տեսքով հայտնվի այստեղ, իսկ հետո, հավանաբար, կուղարկեմ, կամ բլոգընթերց ու հանրությունից որևէ մեկը կզարգացնի նյութն ու անձամբ կուղարկի։ Այս թեմայի շուրջ շատ եմ խորհել ու խոսել Սահակ ընկերոջս հետ։ Հենց նա էլ ինձ բացատրեց UNICODE և ոչ UNICODE հայաերեն տառատեսակների առաջացման ամբողջ պատմությունը, մասնագիտորեն ներկայացրեց, թե ինչ առավելություններ ունի UNICODE տառատեսակը և թե որքան է հիմնադրման առաջին օրից հայոց լեզվի կոմպյուտերիզացման գործին խոչընդոտել ոչ UNICODE տառատեսակների բազմությունը։ Հույս ունեմ նա կմեկնաբանի այս գրառման տակ ու ավելի մանրամասն կներկայացնի խնդրո առարկան։ Իսկ ես մի քանի գործնական դիտարկումներ ներկայացնեմ ու հանդես գամ առաջարկներով։

Մեր ամբիոնում ունենք ընդամենը մեկ համակարգիչ ու երկու կիսափչացած տպիչ։ Ինչ հիշում եմ անձս ամբիոնումս, միշտ նույն պատկերն է եղել։ Համակարգիչը մի քանի տարին մեկ նորացվել է իհարկե, այս վերջինը մոտ երեք տարվա է, բայց հիմնական խնդիրն այդ չէ։ Ավելի շատ տպավորվել է այն, որ մինչև Վ.Վ-ն ու Վ.Բ. մոտ մեկ տարի առաջ լրջորեն կզբաղվեին այդ մեկ համակարգչի հայատառացմամբ, ամբիոնում միշտ ունեցել ենք հայերեն տառատեսակների խնդիր։ Բերվում էր ոչ UNICODE տառատեսակով մի փաստաթուղթ, որը բացելուց հետո անհրաժեշտ էր մի քանի րոպե պրպտել տարբեր անհասկանալի միջավայրերում ու գտնել անհրաժեշտ տառատեսակը։ Ավելին, համացանցում գրառումներ անելն անհնար էր։ Ավելիից էլ ավելին, միևնույն փաստաթղթի մեջ կեսը ոչ UNICODE էր, մյուս կեսը UNICODE։ Հիշում եմ թեկնածուական ատենախոսությունս գրելիս որքան եմ տանջվել անիծյալ Times LatArm և Arial LatArm (ԲՈՀ-ի պարտադիր պահանջ էր) տառատեսակների ձեռքը, քանզի ատենախոսությանս տեքստում պարբերաբար հանդիպում էին արաբատառ, լատինատառ, կիրիլիկ (կիրիլիկ կամ կիրիլատառ. ո՞րն է ճիշտը) բառեր ու տարբեր՝ տառադարձման համար անհրաժեշտ նշաններ։ Անհնար էր նման տեքստը խմբագրել ու ձևափոխել ամբողջությամբ։ Հայերեն տառերը միշտ վերաժվում էին անհասկանալի նշանների, իսկ այլ համակարգչի վրա փորձարկելիս կորչում էին, խառնվում ու չէին բացվում։ Այդ ժամանակ տեղյակ չէի ոչ UNICODE ու UNICODE տառատեսակներից, համակարգչի դասընթացների ժամանակ էլ նման բան չէին սովորեցրել։ KDWIN ունեի, բայց չգիտեի, որ հեշտությամբ համակարգչի կարգավորումներից կարելի է առանձնացնել հայերենը ու գրել։

Մի խոսքով անիմաստ է այժմ որևէ տեղ օգտագործել ոչ UNICODE տառատեսակ։ Պետք է սրանք վերացնել ընդհանրապես ու ազգովի անցնել միայն UNICODE-ի։ KDWIN-ը նույնպես պետք է դուրս մղել օգտագործումից ու անցնել միայն WINDOWS-ի հայատառ համակարգին։

Այս բանին հասնելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում։ Հատուկ հրամանով պարզապես պետք է արգելել ոչ UNICODE տառատեսակներով որևէ գերատեսչական գրության առկայություն։

Ավելի մանրամասն հավանաբար կգրեմ հետագայում։

Հանրային Խորհուրդ

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:06 am September 24, 2009

Երբ ԱՄՆ-ում էի, ընկերներիցս մեկը առաջարկեց դառնալ Հանրային Խորհրդի Կրթության ու Գիտության Ենթահանձնաժողովի անդամ։ Ուղարկեցի անձնագրիս պատճենը (իրականում այդ պահին չկարողացա պատճենահանող սարք գտնել, այդ պատճառով լուսանկարեցի անձնագիրս ու այդ նկարն ուղարկեցի), ինքնակենսագրականս ու դիմումը և դարձա նշյալ ենթահանձնաժողովի անդամ։ Մայիսի քսաներկուսին վերադարձա Հայաստան։ Հունիսին կարծես մեկ անգամ զանգահարեցին ու հրավիրեցին այդ ենթահանձնաժողովի նիստին, բայց չկարողացա գնալ։ Եվս մեկ անգամ հրավիրեցին սեպտեմբերի քսաներեքին կայանալիք նիստին, որին մասնակցցի։ Իրականում կարծում էի թե կրթության և գիտության վերաբերյալ քննարկման եմ հրավիրված։ Պարզվեց, որ խորհրդի մի քանի ենթահանձնաժողովներ էին հավաքվել ու քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները։ Խոսեց Խոսրով Հարությունյանը, հետո եղան մի քանի այլ ելույթներ ու քննարկումներ։ Իրականում նման միջոցառումներ կազմակերպելիս անհրաժեշտ է մասնակիցներին տեղեկացնել քննարկվող թեմայի մասին։ Հուսով եմ Կրթության և Գիտության ենթահանձնաժողովը մի օր կքննարկի ոլորտին վերաբերող որևէ հարց։

Homo Academicus – This is Armenian Academic Blog 2009-09-21 20:02:00

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 8:02 pm September 21, 2009

Ես նույնպես ունեմ բլոգ։ Իրականում սրանից առաջ նույնպես ունեցել եմ, այն էլ մի քանիսը, շոշափել եմ տարբեր հարցեր, խնդիրներ։ Գրել եմ նաև այլ բլոգերում, մեկնաբանել եմ դրանցում և այլն։ Բայց այս մեկն ավելի հոգեհարզատ է ինձ, քանզի անունն է հոգեհարազատ – homo academicus։ Լա՞վն է։

Ակադեմիական աշխարհի՝ գոնե այն ոլորտներում, որոնցում ես եմ գործունեություն ծավալել, տարբեր անցուդարձերի, անձանց, վայրերի ու երևույթների վերաբերյալ լուրջ ու ծիծաղաշարժ ինֆորմացիայի հսկայական պաշար եմ կուտակել, որոնց վերաբերյալ հայ ընթերցողին կփորձեմ պատմել։ Կգրեմ նաև առօրյայիս, ներկայիս, անցյալիս ու ապագայիս մասին։

Սեպտմեբերի 22-ին, հրավիրված եմ հանրային խորհրդի կրթության խմբի (չեմ հիշում ճիշտ անունը) նիստին։ Կփորձեմ ներկա գտնվել այդ հանդիպմանն ու առաջին մտորումս գրել դրա մասին։

Հարգանքով՝
Խաչիկ Գևորգյան

« Newer Posts

Armwebs.com Armwebs.com