Մուսուլման Եղբայրները Եգիպտոսում 2005-2011թթ. Արգելված կազմակերպությունից քաղաքական կուսակցություն

Filed under: Arevelk.info — Tags: — @ 3:57 pm June 16, 2011

Ծանոթություն.

Սույն աշխատանքը ներկայացվել է բակալավրի աստիճանի հայցմանը Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնում և պաշտպանվել է 26.05.2011թ-ին. /հեղ. Դավիթ Սարգսյան. գիտ. ղեկավար բ.գ.թ. Միքայել Հովհաննիսյան/:

 

Վերջին 6-7 տարիների ընթացքում Եգիպտոսում գործող “Մուսուլման Եղբայրներ” իսլամիստական կազմակերպությունը գաղափարական փոփոխությունների է ենթարկվում: Այս տարիներին տեղի ունեցած ներքին և արտաքին քաղաքական իրադարձությունների, ինչպես նաև կազմակերպության ներսում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում նրանց մոտ նկատվում է երկրի քաղաքական դաշտում իրենց տեղը վերաիմաստավորելու ձգտում, ինչը հատկապես արտահայտվում է 2011թ-ի հեղափոխությունից հետո: 2005թ-ի պառլամենտական ընտրությունների արդյունքում նրանք զգալի ներկայություն են ապահովում օրենսդիր մարմնում, սկսում են խոսել աշխարհիկ, սոցիալական խնդիրների մասին, քննադատում են իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը` իրենց վրա կենտրոնացնելով դժգոհ, բայց միաժամանակ իսլամիստական տրամադրություններ չունեցող եգիպտացիների ուշադրությունը, քանի որ երկրում աշխարհիկ, հեղինակավոր ընդդիմություն պարզապես չկար: Արդյունքում մինչև 2010թ-ի ընտրությունները Եղբայրների հեղինակությունը բնակչության շրջանում աճում է, ինչը ստիպում է իշխանություններին ճնշումների դիմել, կանխելու համար իսլամիստների հետագա հաջողությունները: Շուտով սկսվում է 2011թ-ի եգիպտական հեղափոխությունը, որի կազմակերպման գործում Մուսուլման Եղբայրներն առանձնապես ներդրում չունեին, սակայն ժողովրդական ելույթները ստիպում են ողջ աշխարհին խոսել Մուսուլման Եղբայրների մասին, տագնապելով նրանց քաղաքական հնարավոր հաջողություններից, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում կազմակերպության ներսում մի քանի տարի առաջ սկզբնավորված իսլամիզմից հեռանալու գործընթացի համար,  որի նպատակը ի վերջո երկրի քաղաքական դաշտում նոր ձևաչափով հանդես գալն է: Արդյունքում դեռ տարիներ առաջ ի հայտ եկած կուսակցություն ստեղծելու մասին գաղափարը ի վերջո իրականություն է դառնում: Այսօր Մուսուլման Եղբայրներն ունեն քաղաքական կուսակցություն, պատրաստվում են մասնակցել սեպտեմբերին կայանալիք ընտրություններին, իրենց կուսակցություն են հրավիրում նույնիսկ քրիստոնյաների, կողմ են աշխարհիկ պետության հիմնադրույթներին:

Այս ուսումնասիրության նպատակն է ներկայացնել Մուսուլման Եղբայրների գաղափարական փոփոխությունները վերջին 5-6 տարիների ընթացքում, այդ գործընթացի վրա ազդեցություն ունեցած ներքին և արտաքին իրադարձությունները, Եղբայրների հեղինակության աճի պատճառները, 2011թ-ի հեղափոխության ազդեցությունը Եղբայրների գործունեության և գաղափարախոսության վրա և նոր ստեղծվող քաղաքական դաշտում իսլամիստների հնարավորությունները:

- Օգտագործած գրականության բնույթը

Հաշվի առնելով այն, որ ուսումնասիրությունը վերաբերում է վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին, որպես աղբյուր օգտագործվել են հիմնականում լրատվամիջոցների էլ.կայքերը, կատարվել է ուսումնասիրություն ինչպես եգիպտական` http://news.egypt.com/, http://weekly.ahram.org.eg/, http://english.ahram.org.eg/, http://www.almasryalyoum.com, և այլն,  այնպես էլ միջազգային`http://www.guardian.co.uk/, http://www.bbc.co.uk/news/, http://www.reuters.com/, http://www.euronews.net/ և այլն, լրատվամիջոցների էլ.կայքերի արխիվներում: Ուսումնասիրվել են մի շարք երկրների գիտական մասնագիտացված կենտրոնների հետազոտություններ, տարբեր մասնագետների եզրակացություններ, ինչի հետևանքով աշխատանքում տրված են այդ կենտրոնների էլ.հասցեները, որպես հղումներ` http://www.nixoncenter.org/, http://www.iimes.ru և այլն:

Մուսուլման Եղբայրների պատմությունը և գաղափարախոսությունը ամփոփ ներկայացնելու հպատակով օգտագործվել են նաև գիտական որոշ աշխատություններ, մասնավորապես Է.Ա.Աբգարյանի “Ислам в политической жизни стран Современного Ближнего и Среднего Востока” և Հիշամ ալ-Աուադիի  “In pursuit of legitimacy, the Muslim Brothers and Mubarak 1982-2000” գրքերը և մի շարք էլ.կայքեր: Մուսուլման Եղբայրների հայտարարությունները ներկայացնելու նպատակով օգտագործվել է ՄԵ պաշտոնական կայքէջը` http://www.ikhwanweb.com/: Օգտագործվել են նաև այլ աղբյուրներ: / աղբյուրներն ամբողջությամբ տես աշխատության վերջում, էջ.50/:

Հասկանալու համար, թե ովքեր են “Մուսուլման Եղբայրները” նախ ամփոփ անդրադառնանք կազմակերպության ստեղծման և մինչև 2005թ. գործունեության պատմությանը.

 

Գլուխ 1. “Մուսուլման եղբայրները” Եգիպտոսում

1.1. Կազմակերպության պատմությունը

- “Մուսուլման Եղբայրներ”-ի ստեղծման նախադրյալները.

Առաջին աշխարհամարտից հետո, երբ մասնատվեց Օսմանյան կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սկսեցին ամրապնդել իրենց դիրքերը արաբական երկրներում: Տասնամյակներ շարունակ Մեծ Բրիտանյան բավականին ամուր հաստատվել էր Եգիպտոսում և հաջողությամբ կանխում էր եգիպտացիների ազատագրական պայքարը  պրոտեկտորատի դեմ: 1920-ական թվականներին այս պայքարը ավելի ակտիվացավ, սակայն լիարժեք անկախություն եգիպտացիները այս տարիներին այդպես էլ չստացան: Տարիներ շարունակ ազգային պայքարը անհաջողության էր մատնվում, շատ շատերը արդեն հիասթափվում էին աշխարհիկ դիրքերում կանգնած և հակաբրիտանական պայքար ծավալող “Վաֆդ” կուսակցությունից: Միաժամանակ սկսվում էր Պաղեստինը հրեաներով բնակեցնելու գործընթացը, առայժմ լուրջ բախումներ չկային, բայց պարզ էր, որ իրավիճակը դեպի լարվածություն է գնում: Տարածաշրջանում ընդհանրապես տեղի էր ունենում ֆրանս-բրիտանական ուժերի հաստատում, արաբական երկրների մասնատում և գաղութացում: Հենց այս տարիներին Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայում հաստատեց աշխարհիկ կարգեր, սկսեց իր ռեֆորմները: Աշխարհի մուսուլմանները պատմության մեջ առաջին անգամ մնացին առանց սեփական գերտերության: Հակաբրիտանական պայքարում անհաջողությունը, հրեաների ներգաղթի առաջ անզորությունը, արաբական երկրների միավորման գաղափարի տապալումը ֆրանսիացիների ու բրիտանացիների կողմից և Թուրքիայի աշխարհիկացումը Եգիպտոսում ստեղծեցին մի միջավայր, երբ իսլամը դիտարկվեց որպես անկախության նվաճման, արաբական երկրները միավորելու, սոցիալական հավասարության հասնելու միակ ճանապարհ, առավել ևս, որ վերը նշված իրադարձությունները և հատկապես արևմտյան ակտիվ ներկայությունը Եգիպտոսում, հանգեցրին իսլամական արժեքների որոշակի հետընթացի` մուսուլմանների շրջանում ստեղծելով կրոնական հիմքերը պահպանելու ձգտում: Այսինքն արդարության հասնելու միակ “գործիքը” բրիտանական ներկայության հետևանքով հետին պլան էր մղվում:[1] Այսպիսով, գոյություն ուներ բավականաչափ լուրջ հասարակական պահանջարկ ստեղծել կրոնական բնույթի մի կառույց` պայքարելու համար բազմաթիվ բացասական երևույթների, այդ թվում կրոնական արժեքների կորստի դեմ, առավել ևս, որ արդեն գոյություն ուներ Ջամալ ադ-Դին Աֆղանիի[2] և Մուհամմեդ Աբդոյի[3] գրական ժառանգությունը, որոնց օգնությամբ կրոնական բնույթի նման կառույցը կարող էր որոշակիորեն համահունչ լինել իրականության հետ:

- Կազմակերպության գործունեությունը մինչև 1952թ-ի հեղափոխությունը

Եվ ահա այդ պահանջին ընդառաջ 1928թ-ին Իսմաիլիայում Հասան ալ-Բանան իր 6 համախոհ ընկերների հետ ստեղծում է իսլամիստական շարժում` “Մուսուլման Եղբայրներ”` “الإخوان المسلمون” անվամբ:

Նման շարժման հասարակական կարիքը այս տարիներին կար նաև մուսուլմանական այլ երկրներում, արդեն 1930-ական թվականներից Մուսուլման Եղբայրների գործունեությունը դուրս էր եկել Եգիպտոսից, ներառելով բազմաթիվ այլ երկրներ, որտեղ ժամանակի ընթացքում տեղի իսլամիստական կառույցները ձևավորվեցին տվյալ երկրի պայմաններին համապատասխան: 1930-ական թվականներին Եգիպտոսում Մուսուլման Եղբայրները կանգնեցին ազգայնական դիրքերում, դատապարտեցին 1936թ-ի անգլո-եգիպտական պայմանագիրը[4]` նշելով, որ դա անկախություն չի տալիս իրենց, 1948թ-ին կամավոր մասնակցեցին արաբա-իսրայելական առաջին պատերազմին[5], իսկ 1952թ-ին աջակցեցին “Ազատ սպաների” հեղափոխությանը:[6]

-         Եղբայրների հարաբերությունները “Ազատ սպաների” հետ.

Սակայն շուտով “Ազատ սպաների” և Մուսուլման Եղբայրների հարաբերությունները լարվեցին: Նասրը բոլորովին էլ նպատակ չուներ իսլամիստների գաղափարների հետ հաշվի նստել: Եվ երբ Եղբայրները պահանջեցին իրավական ակտերի նկատմամբ կրոնական վերահսկողություն սահմանել, մերժում ստացան: Նոր իշխանությունները սկսեցին Եղբայրներին վարկաբեկելու քարոզչական գործընթաց նրանց դիրքերը թուլացնելու նպատակով, որի արդյունքը եղավ բացահայտ թշնամությունը Ազատ սպաների և Մուսուլման Եղբայրների միջև: 1954թ-ի հոկտեմբերին նախագահ Նասրի նկատմամբ Եղբայրների կողմից մահափորձ իրականացվեց, նրանց բոլոր ղեկավարները ձերբակալվեցին, ոմանք մահապատժի ենթարկվեցին, իսկ կազմակերպության գործունեությունը արգելվեց: 1954թ-ից բանտում էր գտնվում նաև Եղբայրներին անդամակցած, հետագայում կազմակերպության գաղափարախոս Սայիդ Քյութբը[7], որի ստեղծագործությունները հիմնաքարային եղան Եղբայրների գործունեության համար: Նա 1966թ-ին մահապատժի ենթարկվեց` մեղադրվելով հեղաշրջման փորձ կատարելու և նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:

- ՄԵ-ի դիրքերի ամրապնդումը Սադաթի նախագահության տարիներին.

Թվում էր, թե Մուսուլման Եղբայրները սպառել էին իրենց, այլևս լուրջ դեր չէին կարողանա խաղալ Եգիպտոսի հասարակական կյանքում, սակայն 1970թ-ին Նասրին փոխարինած Անվար Սադաթն իր “բաց դռների” քաղաքականության իրականացման ճանապարհին ակտիվորեն ներգրավեց Մուսուլման Եղբայրներին` քաղաքական նոր կուրսին կրոնական “լեգիտիմություն” տալու և քաղաքական հակառակորդներին դիմագրավելու նպատակով: Սադաթի քաղաքականության հետևանքով Եգիպտոսում սաուդյան կապիտալով և տեղի մեծահարուստների ֆինանսավորմամբ ստեղծվեցին իսլամիստական խմբավորումներ, որոնք սկսեցին գործունեություն ծավալել նաև համալսարաններում: Այս տարիներին  Մուսուլման Եղբայրներից անջատվեցին շատ ավելի ծայրահեղական, ահաբեկչական  շարժումներ, որոնց զոհը ի վերջո դարձավ նույն Սադաթը:[8]

1973թ-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլտվություն ստացան Եգիպտոսում աթեիստական մարքսիզմի դեմ պայքարելու կոմիտեներ ստեղծելու և ֆինանսավորելու հարցում: Այս կոմինտեները սկսեցին ակտիվ աշխատանք տանել ուսանողության շրջանում, իսկ նրանք որոնք ստեղծվել էին համալսարաններում սկսում էին համալրվել և ուժեղանալ: Իսլամական այս կոմիտեների գործունեությունը ուղղված էր համալսարաններից նասերականությամբ համակված երիտասարդների մեկուսացմանը ուսանողական կառավարման կառույցներից և երիտասարդական շարժումներից: Իսլամիստ ուսանողները ստանում էին ֆինանսական մեծ օգնություն: Նրանց ֆինանսավորում էր Եգիպտոսի ամենահարուտ մարդկանցից մեկը` Օսման Ահմադ Օսմանը[9], ինչպես նաև Մուհամմեդ Օսման Իսմայիլը, ով Ասյուտի[10] նահանգապետն էր: Լինելով որպես օրինական գործող խմբեր, որոնք ստանում էին մեծ աջակցություն, իսլամիստները համալսարաններում համախմբում էին մեծ քանակությամբ ուսանողների իրենց գաղափարների շուրջ:[11] 1978-79 ուսումնական տարում Ալեքսանդրիայի համալսարանում Իսլամական խմբերի անդամները բժշկական ֆակուլտետի ղեկավար կազմում զբաղցեցրեցին բոլոր 60  տեղերը, նույնը տեղի ունեցավ նաև ինժեներական ֆակուլտետում, 48-ից 47 տեղ զբաղեցրեցին իրավաբանական, 60ից 43տեղ դեղագործական ֆակուլտետներում: Ստանձնելով ուսանողական կյանքի կազմակերպման իրավունքներ, իսլամական խմբերի անդամները սկսեցին իսլամական կարգուկանոն պարտադրել ուսանողությանը: Դասերը սկսվում էին աղոթքով, ազգային տոները սկսեցին չնշվել, բազմաթիվ առարկաներ փոփոխությունների ենթարկվեցին, որոշները ընդհանրապես արգելվեցին:[12]

Հաշվի առնելով այն, որ այս դեպքերը տեղի էին ունենում 2005թ-ի ընտրություններից ընդամենը 30 տարի առաջ, կարելի է եզրակացնել, որ այն ժամանակ ուսանողության ղեկավար դիրքերում գտնվող երիտասարդ իսլամիստները մեր օրերում զբաղեցնում են հասարակական տարբեր դիրքեր, շատերը բժիշկներ, ուսուցիչներ, ինժեներներ են, տարածված եգիպտական հասարակության ամենատարբեր շերտերում:

-         Եղբայրների գործունեությունը Հոսնի Մուբարաքի նախագահության շրջանում

Սադաթի սպանությունից հետո Եգիպտոսում ակտիվանում են այս իսլամիստական խմբերը: Մասնավորապես ահաբեկչական գործունեություն են ծավալում Սամաուիները, որոնք Եգիպտոսը ընդհանրապես չեն ընդունում որպես մուսուլմանական երկիր, և պայթացնելով կինոթատրոններ, ակումբներ, ռեստորաններ, ցույց էին տալիս իրենց անհանդուրժողականությունը այն ամենին, ինչն ըստ իրենց հակասում էր իսլամին: Մինչև այս խմբավորումների ի հայտ գալը Եղբայրները ամենածայրահեղ գաղափարների կրողներն էին, սակայն 80-ականներին Եղբայրներից էլ ավելի ծայրահեղ խմբավորումների ակտիվացման հետ մեկտեղ, Մուսուլման Եղբայրները նրանց հետ համեմատած չափավոր իսլամիստների վերածվեցին, հատկապես այն բանից հետո, երբ 1987թ-ին Մուսուլման Եղբայրներից անջատվեց և ստեղծվեց շատ ավելի ծայրահեղական գաղափարախոսությամբ “Համասը”[13]:

Սադաթին փոխարինած Հոսնի Մուբարաքը իսլամիստական խմբավորումների ակտիվացման պայմաններում, լուրջ ճնշումներ է սկսում կիրառել իսլամիստների հանդեպ, ահաբեկչական գործողությունները կանխելու, ծայրահեղականներին մեկուսացնելու նպատակով կատարվում են բազմաթիվ ձերբակալություններ, որոնցից չեն խուսափում նաև Մուսուլման Եղբայրները, ովքեր հաճախ դատապարտվում էին չգործած մեղքերի համար: Դրան նպաստում էր նաև արևմտյան երկրների աջակցությունը, քանի որ իրանական հեղափոխությունից հետո նրանց համար ցանկալի չէր, որպեսզի համանման հեղափոխություններ տեղի ունենային նաև արաբական երկրներում:

1984թ-ից Մուսուլման Եղբայրները սկսում են մասնակցել պառլամենտական ընտրություններին, և առաջին անգամ Եղբայրների շրջանում խոսք է գնում քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին:[14] Քանի որ 1954թ-ից արգելված էր կազմակերպության  գործունեությունը, Եղբայրները ընտրություններին մասնակցում էին այլ կուսակցությունների շարքերում ներգրավվելով:

Եղբայրները շարունակում էին իրենց գործունեությունը նաև 90-ականներին` անընդհատ ճնշումների ենթարկվելով իշխանությունների կողմից: Իսլամիստների դեմ պայքարի շրջանակներում Հոսնի Մուբարաքը 1994թ-ին Սաուդյան իշխանություններից պաշտոնապես պահանջեց դադարեցնել ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորումը:[15]

Մուբարաքի ռեժիմը հակաահաբեկչական պայքարի անվան տակ երկրում ճնշում էր ցանկացած այլակարծություն: Այս տարիներին Եգիպտոսում աստիճանաբար մեծանում էր դժգոհությունը նախագահի և նրա կուսակցության հանդեպ: Մուբարաքի իշխանության տարիներին Մուսուլման Եղբայրներին հաջողվեց դիմագրավել ճնշումներին և մնալ երկրի քաղաքական դաշտում հիմնականում այն պատճառով, որ նրանց բողոքը իշխանությունների դեմ կրում էր սոցիալական բնույթ, արտահայտում էր հասարակության տարբեր շերտերի պահանջները:

Եվ ստեղծվեց մի իրավիճակ, երբ անարդարության, սոցիալական անհավասարության դեմ պայքարող միակ հեղինակավոր ուժը դարձան Մուսուլման Եղբայրները, քանի որ նրանք այդքան ծայրահեղական չէին, ինչպես իսլամիստական մյուս կառույցները, իսլամիստական բնույթ ունենալու պատրվակով անարդարացի ճնշումների էին ենթարկվում իշխանությունների կողմից, տարածված էին հասարակության տարբեր շերտերում, ունեին սոցիալական ուղղվածություն, իսկ Եգիպտոսում նման պայմաններում ինչպես նշվեց աշխարհիկ հեղինակավոր ընդդիմություն պարզապես չկար, և միակ կազմակերպված ընդդիմադիր կառույցը Մուսուլման Եղբայրներն էին:

 

1.2. ՄԵ Գաղափարախոսությունը

Հասան ալ-Բանան կարծում էր, որ միայն իսլամական արժեքների վերածննդի և աստվածապետական բնույթի պետություն ստեղծելու, օրենքներն ու սահմանադրությունը Ղուրանին համապատասխանեցնելու դեպքում է հնարավոր հասնել արդարության մուսուլմանական երկրներում, ազատվել օտար ազդեցությունից, մաքրել մուսուլմանական երկրներում տարածված արևմտյան բարքերը: Մուսուլման Եղբայրների  գաղափարախոսությունն ամփոփ արտահայտում է նրանց կարգախոսը`

“في سبيل الله اسمي أمانينا  والموت سبيلنا والجهاد دستورنا والقرآنغايتنا، والرسول قدوتنا، الله “ /Աստված մեր նպատակն է, Մարգարեն մեր առաջնորդը, Ղուրանը մեր սահմանադրությունն է, ջիհադը մեր ուղին, մահը Աստծո ճանապարհին մեր ձգտումն է/: Երբ ստեղծվում էր Մուսուլման Եղբայրներ կազմակերպությունը, նրա գաղափարախոսությունը համաիսլամական էր, այն չէր կենտրոնանում Եգիպտոսի խնդիրների վրա, ավելին, այն կրում էր խիստ ընդգծված կրոնական բնույթ և ավելի շատ բարոյախրատական պահանջներ էր առաջադրում` ուղղված բոլոր մուսուլմաններին: Հասան ալ-Բանան ասում էր “Իսլամն իշխանություն է, օրենք, կրոն և պետություն”, իսկ գաղափարախոսության մեջ առանցքային դեր ուներ կազմակերպության անդամի վարքագծի տարրերի սահմանումը:[16] Եղբայրների գաղափարախոսական այս բնույթը կազմակերպությանը ի սկզբանե դարձնում էր համաիսլամական և չէր սահմանափակում Եգիպտոսի շրջանակներում: Եվ չնայած այս հանգամանքին Մուսուլման Եղբայրները միշտ էլ ձգտել են համապատասխանել տարբեր ժամանակներում Եգիպտոսի քաղաքական դաշտի առաջադրած կանոններին, ինչը հակասություն էր առաջացնում իսլամիստների ներսում, քանի որ նպատակին հասնելու ճանապարհները տարբեր են ընկալվել կազմակերպության անդամների շրջանում և որպես արդյունք Մուսուլման Եղբայրներից անջատվել են ավելի ծայրահեղական խմբավորումներ:

Մուսուլման Եղբայրների գաղափարախոսությունը փոփոխության է ենթարկվում նաև վերջին տարիներին, հատկապես 2011թ-ի հեղափոխությունից հետո` փորձելով համադրվել առկա պահանջներին:

Այսպիսով, Եգիպտոսում 8 տասնամյակ գործող Մուսուլման Եղբայրները տարիների ընթացքում ընդգրկվել են պատմական բոլոր իրադարձություններին, կարողացել են մնալ Եգիպտոսի քաղաքական դաշտում` կրելով իսլամիստական ծայրահեղ գաղափարներ` որպես համախոհներ ունենալով հիմնականում իսլամիստների: Մինչև 2004-05թթ. Եղբայրները զուտ իսլամիստական, արգելված կազմակերպություն էին, որի նպատակը Եգիպտոսում իսլամիստական կարգեր հաստատելն էր:

Գլուխ 2– Մուսուլման Եղբայրները Եգիպտոսում 2005-2010թթ.

 

2005թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած պառլամենտական ընտրություններում Մուսուլման Եղբայրները եգիպտական պառլամենտի ստորին պալատում /مجلس الشعب/[17] զբաղեցրեցին 88 տեղ, ինչը կազմում էր պառլամետնական տեղերի 20% – ը: Այս արդյունքը ստիպեց իշխող կուսակցությանը և նախագահին ուժեղացնել ճնշումը Եղբայրների վրա թույլ չտալու համար նրանց հեղինակության հետագա աճը: Առաջին անգամ իսլամիստական ուժերը բավականին լուրջ ներկայություն ստացան երկրի օրենսդիր իշխանության մեջ:[18] Ընտրությունների արդյունքերը ցույց տվեցին, որ Եղբայրների հեղինակությունը բնակչության շրջանում աճ էր ապրել, ինչը շարունակվեց նաև ընտրություններից հետո: Եղբայրների հեղինակության աճն ինչպես այս ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո մինչև 2010թ-ը ունի մի շարք ներքին և արտաքին պատճառներ.

2.1.Ներքին պատճառներ

- Բնակչության աճ

Իսլամիստական ուժերի` ընտրություններում հարաբերական հաջողության պատճառներից մեկը բնակչության աննախադեպ աճն էր, որը շարունակվում է առ այսօր: 1990թ-ին Եգիպտոսի բնակչությունը կազմում էր 57 միլիոն, իսկ արդեն 2005թ-ին 76 միլիոն մարդ, ինչը աղքատների քանակի ավելացման պատճառներից մեկը հանդիսացավ:[19] Ըստ Համաշխարհային բանկի տվյալների դեռ 2005 թ-ին Եգիպտոսի բնակչության 43.9%-ը /մոտ 28 միլիոն մարդ/ ապրում էր օրական առավելագույնը 2$-ով:[20] Սակայն ինչպես երևում է աղյուսակ N2-ում, 2005թ-ին, համեմատած 2003թ-ի հետ, աղքատության ցուցանիշը զգալիորեն կրճատվել էր, բայց 2006թ-ին կրկին աճել: Դրա համար պատճառ հանդիսացավ բյուջեի դեֆիցիտը, որը բերեց մի շարք բացասական զարգացումների, մասնավորապես նկատվեց գների աճ:[21]

Ըստ Ալ-Ահրամ շաբաթաթերթի 2006թ-ի մայիսի 11-17-ի թիվ 794 համարում տեղ գտած վերլուծական մի հոդվածի[22] բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Նեղոսի դելտայի շրջանում` Եգիպտոսի տարածքի ընդամենը 5.5% – ի վրա: Այսինքն, քաղաքներում առաջանում էր բնակչության գերխտացում,[23] ուրբանիզացման չափերը աճում էին[24], ինչը բացասաբար էր անդրադառնում տնտեսական զարգացման վրա և բերում գործազրկության աճի, ինչպես նաև աղքատ թաղամասերի մեծացմանը:[25]

 

Աղյուսակ N 1.բնակչության աճը ըստ տասնամյակների             /      Աղյուսակ  N 2. աղքատության ցուցանիշը

 

 

 

Համաձայն նույն շաբաթաթերթի 2010թ-ի հունվարի 14-20 թիվ 981 համարում տպագրված մի հոդվածի, Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքը[26] “Մանկության և մայրության ազգային կենտրոնում” մասնակցել է Եգիպտոսի բնակչության աննախադեպ աճի մասին քննարկմանը, որտեղ նշվել է, որ նման ծնելիությունը կարող է պարզապես չեզոքացնել երկրում նկատվող տնտեսական աճը[27], ի չիք դարձնել բոլոր բարեփոխումները սոցիալական ապահովության ոլորտում: Նշվել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Եգիպտոսի բնակչությունը կրկնապատկվել է և չնայած տնտեսական աճին Եգիպտոսի բնակչության 40%-ը ապրում է աղքատության մեջ: Տիկին Մուբարաքը նույնիսկ հայտարարել է, որ կա բնակչության աճը կարգավորող նախարարություն բացելու անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ տնօրինել այն` լուծելով բնակչության կտրուկ աճի հետ առաջացող խնդիրները: Նա միաժամանակ կոչ արեց այս նախաձեռնությանը միանալ բոլորին, պետական և մասնավոր մարմիններին, նույնիսկ կրոնական կառույցներին:[28]

2008թ-ին Առողջապահության նախարարությունն արձանագրեց 80 միլիոն թիվը և սկսեց մի արշավ “երկու երեխա մեկ ընտանիք” կարգախոսով[29], բացատրելով,որ ավելի լավ է ունենալ երկու երեխա, բայց ամեն ինչով ապահովված, քան ունենալ շատ և չկարողանալ հոգալ և ոչ մեկի կարիքները:[30]

Կահիրեի ժողովրդագրական կենտրոնի հետազոտող Աբդ աս-Սալամ Հասանը հայտարարեց, որ բնակչությունը չի արձագանքի կառավարության կոչին, քանի որ չի հավատում, որ նրանք աշխատում են իրենց համար:[31] Անկասկած ծնելիությունը զսպելու կառավարության քայլերը տապալվեցին: 2011թ-ի դրությամբ բնակչության թիվը անցնում էր 83 միլիոնից: Ծնելիության նման չափեր կային նաև 2000-2005 թվականներին: Այս տարիներին Եգիպտոսի բնակչությունը ավելացել է 7 միլիոնով:[32]

Եթե նույնիսկ Եգիպտոսում լիներ ավելի մեծ չափերի տնտեսական վերելք, քան եղել է 2003-2009 թվականներին, միևնույն է նման արագ աճող բնակչության պայմաններում տնտեսական զարգացումները չէին կարող զգալիորեն բարելավել եգիպտացիների  սոցիալական վիճակը:

Այստեղ պետք է նշել Եգիպտոսի համալսարանների և դրանցում սովորող ուսանողների աճի մասին: 1950-ական թվականներին Եգիպտոսում գործող 4 պետական համալսարանների փոխարեն մեր օրերում արդեն գործում են 18-ը: 1992թ-ին Եգիպտոսում թույլ տրվեց մասնավոր համալսարանների բացումը, որոնց քանակը սկսեց շատ արագ աճել և այսօր հասել է 16-ի: Ինչ վերաբերում է ուսանողությանը, ապա համալսարանների թվի ավելացման հետ զուգահեռ կտրուկ աճեց նաև ուսանողների թիվը: Մասնավոր համալսարաններ բացելուց հետո ընդամենը 10 տարվա ընթացքում` 1993թ-ից 2003թ-ը միայն բակալավրում սովորող ուսանողների թիվը երկրում ավելացավ 2.6 անգամ:[33] Այսօր ուսանողների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ, ինչը բնակչության մոտ 0.8%-ն է: Ուսանողության նման քանակության պարագայում աշխատանք գտնելու հնարավորությունները բարձրագույն կրթություն ստացած երիտասարդի համար մեծ չեն: 2005թ-ի դրությամբ ընդհանուր գործազուրկների 34%-ը 15-25 տարեկան, իսկ 16%-ը 25-30 տարեկան եգիպտացիներն էին, ընդ որում գործազուրկների ընդհանուր թվի 25%-ը ունեին բարձրագույն կրթություն:[34]

Այսպիսով, բնակչության աճը անխուսափելիորեն մեծացնում էր աղքատների, ուսանողության աճը` անորոշ ապագայով երիտասարդների թիվը, հետևաբար մեծանում էր իշխանություններից դժգոհողների քանակը, որոնց մեջ մեծ տեղ էին զբաղեցնում երիտասարդները:

-”Մուսուլման Եղբայրներ”-ի մեջ ռեֆորմիստների ակտիվացումը

Ընտրություններում հաջողության հասնելու մեկ այլ պատճառ էր Մուսուլման Եղբայրների շրջանում կատարվող սերնդափոխությունը և ռեֆորմիստական թևի ակտիվացումը: Եղբայրների այս թևը շատ ավելի “մեղմ” իսլամի կողմնակից է, քան ծայրահեղական տրամադրված մասը, որն առաջնորդվում է պահպանողական  գաղափարախոսությամբ: 2010թ-ի հունվարին “Մուսուլման Եղբայրների” կազմակերպության բյուրոյի գլխավոր քարտուղար ընտրվեց Մուհամմեդ Բադին, որի ընտրությունը կարևոր է հատկապես նրա համար, որ նա առաջինն էր կազմակերպության ղեկավարության պատմության մեջ, ով անձամբ չի ճանաչել հիմնադիր Հասան ալ-Բանային:[35] Բադին սկսեց հարթել այն տարաձայնությունները, որոնք առկա էին ռեֆորմիստների և պահպանողականների միջև` չանցնելով կողմերից և ոչ մեկի կողմը: Ռեֆորմիստները հակված էին բարձրացնել ավելի ակտուալ թեմաներ, քննադատել իշխանություններին քաղաքական, տնտեսական, իրավական քաղաքականության համար, և ոչ թե սահմանափակվել միայն կրոնաբարոյական թեմաներով: Մինչդեռ պահպանողական թևը դեմ էր դրան և պնդում էր, որ ինտեգրվելով քաղաքական կյանքին, զբաղվելով աշխարհիկ մարտահրավերների լուծմամբ, Եղբայրները կկորցնեն իրենց կրոնաքաղաքական շարժման էությունը, որի նպատակը վերջիվերջո Եգիպտոսում իսլամական կարգուկանոն հաստատելն է:

Դա հատուկ է Եգիպտոսին, որը միշտ էլ եղել է իսլամական առաջադիմության կենտրոնը, բոլոր նորարարությունները արաբական երկրներում սկսվել են հիմնականում Եգիպտոսից:[36] Ռեֆորմիստական թևի գաղափարները սակայն ուժեղ քննադատության էին արժանանում իսլամիստական կազմակերպության ներսում, նրանք չունեին բավարար քանակ և հնարավորություն, բայց այս թևի աշխուժացումը տվեց իր դրական արդյունքերը ընտրություններում: Այս ներքին պայքարի հետևանքը եղավ այն, որ Եղբայրների վերաբերմունքը քաղաքացիության հարցին, քաղաքացիական օրենսգրքին, ղպտիների և կանանց իրավունքներին շատ անորոշ էին թվում արտաքինից:[37] Սակայն զգացվում էր ռեֆորմիստական տրամադրությունների առկայություն,[38] նրանց հայտարարությունները սկսեցին ավելի քաղաքական բնույթի լինել` ուղղված ավելի կոնկրետ խնդիրների լուծմանը: Այս առումով հատկանշական է կազմակերպության բյուրոյի գլխավոր քարտուղար Մահդի Ակեֆի ռեֆորմիստական նախաձեռնությունը, որը սկզբնական շրջանում չէր պարունակում աշխարհիկ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր, բաղկացած էր 14 կետերից, որտեղ սկզբում  խոսվում էր իսլամական կարգերի հաստատման առավելության մասին, ասվում էր, որ իսլամիստական կարգերի հաստատման դեպքում կլուծվեն լուրջ խնդիրներ կապված կոռուպցիայի և սոցիալական անհավասարության հետ: Սակայն աստիճանաբար այդ նախաձեռնության շրջանակները ընդլայնվեցին, ընդգրկելով աշխարհիկ բնույթի առաջարկություններ: Մասնավորապես խոսվում էր բազմակուսակցականության առավելության, մարդու իրավունքների, հավաքների ազատության, կանաց ընտրելու հավասար իրավունքների,  կուսակցություններ ստեղծելու ազատության մասին:[39]

Չնայած ռեֆորմիստների ակտիվացմանը և դիրքերի ամրապնդմանը, 1995 և 2000 թվականներին ղեկավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում պահպանողականները ռեֆորմիստներին թույլ չտվեցին ստանձնել Եղբայրների ղեկավարությունը:[40] 2009 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԵ կազմակերպության բյուրոյի   անդամ Մուհամմեդ Հալալի մահից հետո նրա տեղը զբաղեցնելու համար պայքար սկսվեց կազմակերպության ներսում: Բյուրոյի մեկ այլ անդամ, պահպանողականների առաջնորդ Մահմուդ Էզատը ամեն կերպ խոչընդոտեց համեմատաբար երիտասարդ, Եղբայրների շարքերում հայտնի ռեֆորմիստ Էսսամ ալ-Էրյանի`[41] այդ պաշտոնում ընտրվելը, բայց հաջողության չհասավ: Իսկ ռեֆորմիստները իրենց հերթին ճնշում էին գործադրում պահպանողականների վրա: Պայքարը երկու թևերի միջև շարունակվում է առ այսօր:

2010թ-ի հունվարին ալ-Ահրամ շաբաթաթերում հրապարակվել է մի հոդված, որտեղ խոսվում է Եղբայրների ներսում ռեֆորմիստների և պահպանողականների պայքարի մասին և նշվում է, որ առայժմ երկրորդները ավելի մեծ կշիռ ունեն կազմակերպության ներսում, բայց նախաձեռնությունը աստիճանաբար անցնում է ավելի երիտասարդ ռեֆորմիստներին:[42]

Այսպիսով, ներքին պայքարի արդյունքում Եղբայրները սկսեցին բարձրաձայնել նաև կրոնի հետ կապ չունեցող խնդիրներ, նրանց քննադատությունների բովանդակությունը ավելի աշխարհիկ երանգ ստացավ, ինչն իր կողմը գրավեց շատ մարդկանց, որոնք դեմ էին պահպանողական իսլամին, բայց և դեմ իշխող կուսակցությանը:[43]

- Նախընտրական ծրագիր 2005

Մուսուլման եղբայրնեը 2005 թվականի ընտրություններին ընդառաջ կազմեցին իրենց նախընտրական ծրագիրը: Նախկինում նրանք շեշտը դնում էին կրոնական կարգախոսերի վրա, իսկ նրանց քաղաքական ծրագիրը շատ անորոշ էր: Եվ ահա եգիպտացիների համար այդ անորոշությունը վերացնելու համար կազմվեց քաղաքական ծրագիր, որտեղ առաջին անգամ մերժվեց թեոկրատիկ պետություն ստեղծելու գաղափարը և շեշտը դրվեց իսլամի և ժողովրդավարության սինթեզման վրա: Ծրագիրը բաղկացած էր երեք մասից` վերածնունդ, զարգացում և բարեփոխում վերնագրերով: Առաջին մասում խոսվում էր մարդու ազատությունների, այդ թվում կրոնական ազատության, զանգվածային լրատվամիջոցների  մասին: Հատուկ շեշտվում էր, որ շարիաթը չի հակասում ժողովրդավարական սկզբունքներին և մարդը ազատ է իր ընտրության մեջ:[44] Խոսվում էր կանանց իրավունքների, երեխաների պաշտպանության, ազատ կուսակցություններ ստեղծելու մասին: Կանաց իրավահավասարության մասին խոսելիս, սակայն, չէր նշվում, թե կարող է արդյոք կինը առաջադրվել որպես նախագահ, բայց խրախուսվում էր կանանց հասարակական և քաղաքական ակտիվությունը: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, ապա առաջարկվում էր կազմալուծել Ինֆորմացիայի նախարարությունը, փոխարենը ստեղծել պետական հատուկ կոմիտե, որը պետք է որոշակի հսկողություն սահմաներ մասնավոր լրատվամիջոցներում: Երկրորդ մասը նվիրված էր երկրի մի շարք ոլորտների զարգացմանը, մասնավորապես գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, կրթական համակարգին, որի մեջ հատկանշական է գիտական ուսումնասիրությունների հանդեպ խրախուսական վերաբերմունքը, առողջապահությանը, շրջակա միջավայրի խնդիրներին և ուրբանիզացման աճի սահմանափակմանը: Հատկանշական է, որ ծրագրի այս մասում խոսելիս տնտեսական բարեփոխումների, աղքատության կրճատման մասին, չի տրվում որևէ կոնկրետ առաջարկ, կամ համապատասխան սխեմա: Այս ծրագրում կարևորում ենք “քաղաքացիական հասարակություն” արտահայտությունը, որը Եղբայրներն առաջին անգամ էին կիրառում, նշելով, որ բոլորը, անկախ կրոնական և կուսակցական պատկանելությունից դիտարկվում են որպես “պետական համակարգի գործընկերներ” պետության բազմակողմանի զարգացման գործընթացում:[45] Այս ծրագիրը շատ նման էր մյուս կուսակցությունների նախընտրական ծրագրերին, սական կրթության և գիտության ոլորտում առաջարկվող արաբականացման դրույթը տարբերում էր Եղբայրներին այլ ուժերից: Երրորդ մասը առաջարկում էր փոփոխություններ քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում. hատկապես խոսվում էր կոռուպցիայի դեմ պայքարի, քաղբանտարկյալների ազատ արձակման, քաղաքացիական ազատությունների հաստատման մասին, նշելով, որ Եգիպտոսը բավականին երկար ժամանակ տառապում է հակադեմոկրատական կարգերից: Առաջարկվում էր օրինագիծ, որի համաձայն հնարավոր կլիներ ազատել պաշտոններից նախարարներին, ըստ սահմանադրության 159-րդ հոդվածի, և միավորել մի շարք նախարարություններ` կրճատելու համար պետական պաշտոնյաների թիվը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ՄԵ դեմ էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, կողմ էր համազգային դիմադրությանը Հոլանի, Պաղեստինի, նույնիսկ Իրաքի հարցում: Եղբայրները առաջարկում էին վերանայել “եգիպտա-սիոնիստական” հարաբերությունները` ամեն տարի հրավիրելով բոլոր քաղաքական ուժերին և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին հատուկ խորհրդակցության,  և այս հարցի վերաբերյալ քաղաքական կուրս մշակել: Ինչպես նշվեց տնտեսության վերաբերյալ Եղբայրների ծրագիրը չէր տարբերվում այլ կուսակցությունների ծրագրերից, բայց իսլամական երանգ տալու համար Եղբայրները տնտեսական բարեփոխումների մեջ ներդրեցին Զաքաթի ինստիտուտը: Սոցիալական ոլորտում Եղբայրները մեկ միասնական օրինագիծ մշակելու կողմնակից էին, որը կնվազեցներ բյուրոկրատական քաշքշուկները այս ոլորտում: Ծրագիրը ինքնին հակասություններ էր պարունակում: Ճիշտ է նշվում էր, որ շարիաթը չի հակասում ժողովրդավարությանը, սակայն որևէ մեղանիզմ չէր տրվում, թե ինչպես պետք է շարիաթը համադրվեր ժողովրդավարության սկզբունքների հետ, հատկապես դատաիրավական համակարգերում: ՄԵ բյուրոյի անդամ Աբդ ալ Մունաամ Աբուլ Ֆութուհը այս կապակցության հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը պետք է հստակ տեսնի միսիոներական և քաղաքական գործունեության տարբերությունը:[46]

Անկասկած այս ծրագիրը ներառում էր բազմաթիվ ոչ իսլամիստական նախաձեռնություններ հատկապես գիտության, տեխնոլոգիաների զարգացման, կրոնական այլ համայնքների իրավունքների վերաբերյալ, ինչը ունեցավ իր դրական ազդեցությունը: Այն եգիպտացիները, ովքեր դեմ էին ծայրահեղական իսլամին, այս ծրագրի հրապարակումից հետո ավելի համակրանքով սկսեցին վերաբերել Մուսուլման Եղբայրներին: Ծրագիրը ևս մի ապացույց է այն բանի, որ ռեֆորմիստների դիրքերը գնալով ամրապնդվում էին կազմակերպության մեջ:

- Ներքաղաքական ընդհանուր զարգացումների ազդեցությունը Եղբայրների կողմից ընտրություններում հաջողության հասնելու վրա

Եղբայրների հաջողությանը նպաստեցին նաև այլ պատճառներ: Պետք է նշել նրանց կարգախոսը` “Միասին դեպի բարեփոխում, ազատ համալսարաններ, ազատ հայրենիք”:[47] Այս կարգախոսը մեծ քանակությամբ ուսանողների վրա ազդեցություն ունեցավ և ինչպես նշվեց, ուսանողների թիվը 1992թ-ից սկսեց կտրուկ աճել, հետևաբար այս կարգախոսը իր կողմը գրավելով մեծ քանակությամբ ուսանողների, լուրջ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա: Եղբայրները նաև որոշեցին ընտրություններից առաջ չսրել հարաբերությունները իշխող “Ազգային դեմոկրատական կուսակցության” “حزب الوطن”հետ, հայտարարելով “Մենք ցանկանում ենք մասնակցել, այլ ոչ իշխել”: Ալ-Ահրամ շաբաթաթերթը վկայում է այն մասին, որ ընտրություններից առաջ Եղբայրները ամեն տեղամասում իրենց թեկնածուին պատահաբար չէին առաջադրում, հաշվի էին առնվում տվյալ մարդու հանդեպ առկա վերաբերմունքը տվյալ թաղամասի բնակիչների կողմից:[48] Եղբայրները նաև մեծ աշխատանք էին տանում մզկիթներում, համալսարաններում, մարդկանց զանգվածային կուտակումների այլ վայրերում: Հատկանշական է այն, որ եղբայրնեը սկսեցին “Մուսուլման քույրեր” վերնագրով մի արշավ` խրախուսելով կանաց մասնակցությունը ընտրություններին: Եղբայրներին աջակցող ակտիվ քաղաքականությամբ էին զբաղված երկու կին` Մաքարեմ ալ-Դիրին, ով Մադինաթ Նասր տեղամասում /Կահիրե/ կազմակերպության թեկնածուն էր և Ջիհանե ալ-Հալաֆաուին, ով 2000թ-ին արդեն ընտրվել էր որպես պատգամավոր:[49]

2005թ-ի մայիսի 25-ին Եգիպտոսում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում փոփոխվեց երկրի սահմանադրության 76-րդ հոդվածը, իսկ դա նշանակում էր, որ նախագահի թեկնածուները այսուհետ հնարավորություն ունեն մասնակցել ընտրություններին առանց պառլամենտի կողմից թեկնածության հաստատման: Մինչ այդ թեկնածուներին ընտրում էր պառլամենտը, որտեղ մեծամասնություն էր կազմում նախագահի ղեկավարած կուսակցությունը: Սա բոլորովին նոր իրողություն էր եգիպտական քաղաքական կյանքում: Չնայած նախագահի այս քայլին, շատերը թերահավատ մոտեցան հանրաքվեին, մասնավորապես 2004թ-ին ստեղծված “كفاية” /Բավ է/շարժման ակտիվիստները, որոնք սկսեցին արշավ “չկա սահմանադրություն առանց ազատության” կարգախոսով` պահանջելով ազատ հավաքների իրավունք:[50] Նշենք, որ այս շարժումը ակտիվորեն համագործակցում էր Մուսուլման Եղբայրների հետ /այս մասին տես Գլուխ 2-ում, մաս 2-րդ/:

Նույն թվականի սեպտեմբերի 7-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ Հոսնի Մուբարաքը հաղթեց հավաքելով 88% ձայն` դրանով ավելացնելով հասարակության լայն շերտերի թերահավատությունը սահմանադրական փոփոխության հանդեպ:

Բացի իշխող “Ազգային դեմոկրատական կուսակցությունից” և Մուսուլման Եղբայրներից, երկրում գործում էին նաև այլ քաղաքական, հիմնականում աշխարհիկ կուսակցություններ: Դրանց շարքից անհրաժեշտ է նշել “Նոր Վաֆդ ” /حزب الوفد الجديد/,/1978/ “Վաղը“ /حزب الغد /,/2004/ “Ազգային առաջադիմության միացյալ կուսակցություն” /حزب التجمع الوطني التقدمي الوحدوي/,/1977/ “Նասերիստական”, /الحزب العربي الديمقراطي الناصري //1992/ կուսակցությունները,  որոնք, սակայն, ամբողջությամբ վերահսկվում էին իշխանությունների կողմից, նրանք բնակչության մեջ մեծ հեղինակություն չունեին, և երկար տարիներ լինելով Եգիպտոսի քաղաքական դաշտում /բացառությամբ حزب الغد-ի/ ու որևէ լուրջ փոփոխության չհասնելով, կորցրել էին իրենց` նույնիսկ մինիմալ ազդեցությունը երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին:[51] Եվ ահա այս աշխարհիկ կուսակցությունների թուլացման և հեղինակազրկման արդյունքում շատ եգիպտացիներ դարձյալ իրենց հույսը կապեցին Մուսուլման Եղբայրների հետ, որոնք, ինչպես նշվեց, սկսեցին բարձրաձայնել նաև աշխարհիկ խնդիրներ:

- ՄԵ-ը Եգիպտոսի պառլամենտի Ստորին պալատում

Նորընտիր պառլամենտի առաջին նիստը բացվեց 2005թ-ի դեկտեմբերի 13-ին, և հենց առաջին օրերից եղբայրները պայքար սկսեցին իշխող կուսակցության հետ պառլամենտի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար: Այդ պայքարում Եղբայրների ներկայացուցիչ Աքրամ Աշարիին հաջողվեց ընտրվել առողջապահության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նախագահ, սակայն այլ հանձնաժողովների  ղեկավարումը Եղբայրներն այդպես էլ չստացան: Եղբայրնեը շատ ակտիվ էին պառլամենտում, անընդհատ հարցեր և քննադատություններ էին հնչեցնում կառավարության հասցեին, իսկ իշխանություններն ամեն կերպ փորձում էին թույլ չտալ պառլամենտում Եղբայրների գործունեության լուսաբանումը ԶԼՄ-ներում: Սակայն իսլամիստներն անընդհատ մամլո ասուլիսներ էին կազմակերպում, ինչպես 2006թ-ի մարտի 21-ին իրավաբանների ասոցիացիայում տեղի ունեցած ասուլիսը, որտեղ եղբայրնեն իրենց քննադատություններն էին ներկայացնում կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ: Այս շրջանում, համաձայն իրենց նախընտրական ծրագրի, փոխվեց ՄԵ քննադատությունների բովանդակությունը, նրանք պառլամենտում կրոնական, բարոյական և մշակութային խնդիրների մասին բարձրաձայնելու փոխարեն սկսեցին շատ ավելի առօրեական մանր խնդիրներ բարձրաձայնել, ինչպես իշխանությունների անգործությունը ճանապարհային պատահարների, գրիպի համաճարակի տարածման կանխարգելման և նման հարցերով` դառնալով աշխարհիկ խնդիրներ բարձրաձայնող և պառլամենտում զգալի ներկայություն ունեցող ընդդիմություն: Երբ պարզ դարձավ, որ Մուբարաքը նպատակ ունի իշխանությունը փոխանցել որդուն, Մուսուլման Եղբայրներն ընդդիմացան դրան, դրանով իսկ արտահայտելով ոչ միայն իսլամիստական ընտրազանգվածի շահերը:[52]

Արտաքին հարցերում հատկանշական է այն, որ եղբայրնեը դեմ էին Եգիպտոսի միացմանը  “Ահաբեկչության դեմ արաբական երկրների համատեղ պայքարի” համաձայնագրին` ասելով, որ այն հակասում է մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքին: Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հայտնի պատմության ժամանակ եղբայրնեը կոչ արեցին չգնել դանիական արտադրության ապրանքներ: Իսլամիստ պատգամավորներից մեկը նույնիսկ առաջարկեց մշակել օրինագիծ, ըստ որի նախատեսվում էր քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր անհարգալից կարտահայտվեն ոչ միայն Մուհամմեդ մարգարեի, այլև Ղուրանում տեղ գտած մյուս բոլոր մարգարեների հասցեին:[53]

Այս ամենով հանդերձ Եղբայրները 2005-2010թթ. աչքի չընկան լուրջ օրենսդրական աշխատանքով, նրանց գործողությունները հիմնականում պոպուլիստական բնույթ էին կրում, և կառուցողական առաջարկություններ տարաբնույթ օրենքների մշակման և փոփոխման գործում նրանք որպես այդպիսին չէին ներկայացնում: Դրա փոխարեն, օգտագործելով իրենց զգալի ներկայությունը պառլամենտում, Եղբայրները ներկայացնում էին իրենց իբրև երկրում տեղի ունեցող որոշակի բարեփոխումների հիմնական նախաձեռնող և շարժիչ ուժ:

- Մուսուլման Եղբայրների հարաբերությունները աշխարհիկ ընդդիմադիր ուժերի հետ

2004թ-ին Եգիպտոսում մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ ստեղծվում է “كفاية” /Բավ է/ /الحركة المصرية من أجل التغيير/  “Հանուն փոփոխությունների եգիպտական շարժումը”: Աշխարհիկ քաղաքական հեղինակավոր ընդդիմության բացակայության պայմաններում այս շարժումը շատ արագ մեծ քանակությամբ համախոհներ է հավաքում: Մուսուլման Եղբայրները ողջունում են նման շարժման ստեղծումը, ավելին, դրա ստեղծման մասին հայտարարության տակ ստորագրած 300 հասարակական և քաղաքական գործիչների մեջ էին նաև իսլամիստներ:[54] Սկսած 2004թ-ից Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հանդեպ այս շարժման և Մուսուլման Եղբայրների դիրքորոշումները շատ դեպքերում հաընկնում են, մասնավորապես 2005թ-ի մայիսի 25-ին անցկացվեց արդեն հիշատակված սահմանադրական հանրաքվեն, որին թերահավատ մոտեցան և այս հարցում իշխանություններին քննադատեցին թե “كفاية” շարժման համախոհները, թե Մուսուլման Եղբայրները, իսկ 2007թ-ի Վերին պալատի ընտրություններից հետո[55], երբ Եղբայրները ճնշումների արդյունքում անհաջողության մատնվեցին, փողոց դուրս եկան հատկապես “كفاية” շարժման ակտիվիստները, բողոքելով խախտումների դեմ: 2010թ-ի փետրվարին Եգիպտոսում փորձ է արվում միավորել քաղաքական աշխարհիկ կուսակցությունները և շարժումները, որի արդյունքում ստեղծվում է الجمعية الوطنية للتغيير‎` “Փոփոխությունների համար ազգային միությունը”:[56] Այս միության մեջ են մտնում նաև “كفاية” շարժման ակտիվիստները և Մուսուլման Եղբայրների մեկ ներկայացուցիչ` պառլամենտում Եղբայրների բլոկի ղեկավար Մուհամմեդ Սաադ ալ-Կետատնին: Եղբայրների և այս միության  նպատակների ու պահանջների ընդհանրությունը համագործակցության լայն ճանապարհ էր բացում նրանց միջև: Մասնավորապես այս շարժումը պահանջում էր փոփոխություններ կատարել սահմանադրության 76, 77 և 88-րդ հոդվածներում, որոնք վերաբերում էին պառլամենտի և նախագահի /88-րդ հոդված/ լիազորություններին:[57] Այս պահանջը ամբողջությամբ համահունչ էր Մուսուլման Եղբայրների նպատակների հետ, որոնք նույնպես բարձրացնում էին պառլամենտի և նախագահի լիազորություններում փոփոխություններ կատարելու հարցը: 2008թ-ի ապրիլի 6-ին ստեղծվում է երիտասարդական համանուն շարժումը եգիպտացի Ահմեդ Մահերի կողմից, որը ակտիվ մասնակցություն է ունենում 2011թ-ի հեղափոխությանը: 2008թ-ի դեկտեմբերին Իսրայելը ներխուժեց Գազա[58], որի կապակցությամբ “ապրիլի 6” շարժումը քննադատեց իշխանությունների վարքագիծը այս հարցում:[59] Միևնույն դիրքորոշումն ունեին նաև Մուսուլման Եղբայրները, որոնք այս շարժման ակտիվիստների հետ ունեին որոշ ընդհանրություններ. բարձրացնում էին նմանատիպ խնդիրներ, ենթարկվում էին ձերբակալությունների, հաճախ միևնույն անհիմն մեղադրանքներով:

Մուսուլման Եղբայրների համագործակցությունն այս շարժումների և քաղաքական աշխարհիկ կուսակցությունների հետ բարձրացնում էր նրանց հեղինակությունը, քանի որ նրանք խոսում էին աշխարհիկ խնդիրներից` հիմնված սոցիալական հավասարության, և ընդհանրապես արդարության վրա: Եգիպտացիները տեսնում էին, որ իսլամիստները բարձրացնում են միևնույն պահանջները, ինչ աշխարհիկ ընդդիմադիր ուժերը, այն տարբերությամբ, որ Եղբայրները շատ ավելի կազմակերպված էին, քան նորաստեղծ շարժումները, նրանց անունը անհամեմատ ավելի անաղարտ էր, քան քաղաքական կուսակցություններինը:

- Իշխանությունների հակազդեցությունը Եղբայրների հեղինակության բարձրացմանը

Նախագահը և իշխող կուսակցության ներկայացուցիչները, վախենալով իսլամիստների հեղինակության աճից, դիմեցին բռնի միջոցների: Սկսվեցին “Մուսուլման Եղբայրներ”–ին անդամակցող և համակրող քաղաքացիների ձերբակալություններ, խորհրդարանում նրանց աշխատանքը անընդհանտ խոչընդոտների էր հանդիպում, նրանց ղեկավարները և ֆինանսներով զբաղվող պատասխանատուները կանգնեցին ռազմական դատարանի առջև, մոտ 20 խոշոր և մոտ 20 միջին չափերի ձեռնարկություններ, որոնք պատկանում էին Մուսուլման Եղբայրներին անդամակցող անձանց, 2006-07 թվականներին փակվեցին, դրանով մեծ վնաս հասցվեց Եղբայրների ֆինանսական կացությանը:[60] Իսլամիստների ձերբակալությունները այս շրջանում կարելի բաժանել 4 փուլի.

2006թ. Մարտի 31-այս օրը ձերբակալվեցին հիմնականում ՄԵ համակիրները, որոնց շարքերում էին համալսարանի դասախոսներ, բժիշկներ, մանկավարժներ: Եղբայրները այս կապակցությամբ հայտարարեցին, որ ձերբակալությունների պատճառը “Փոփոխությունների համար ազգային ճակատ”-ին, որը ի դեպ նաև աշխարհիկ ընդդիմադիրներից կազմված միություն էր, անդամակցելն էր, որը պահանջում էր առաջին հերթին արտակարգ դրության վերացում: Նույն թվականի ապրիլի 27-ին տեղի ունեցան նոր ձերբակալություններ:[61]

Ձերբակալությունների նոր ալիք սկսվեց մայիսի 18-ին: Այս անգամ ձերբակալությունները համընկան Գամալ Մուբարաքի Վաշինգտոն այցի հետ և եղբայրնեը գտնում էին, որ ԱՄՆ-ն խրախուսել է բռնությունները իրենց հանդեպ, քանի որ Եղբայրները քննադատում էին ինչպես Իսրայելին, այնպես էլ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իրաքում: Ձերբակալությունների 4-րդ ալիքը սկսվեց հուլիսի 13-ին, այս անգամ ձերբակալվեցին ՄԵ ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ:

Ձերբակալությունների հետևանքը եղավ այն, որ ճնշվում էր իշխող ռեժիմի դեմ գործող թերևս միակ ուժը, որը, ի դեպ, բարձրաձայնում էր նաև աշխարհիկ խնդիրներ: Սա եգիպտական հասարակության դժգոհ, և միաժամանակ իսլամիստական տրամադրություններ չունեցող զանգվածի կողմից դիտվեց որպես իրենց բողոքի արտահայտման հնարավորության մեկուսացում, ինչը մեծացրեց Մուսուլման Եղբայրների համակիրների թիվը երկրում:

- ՄԵ-երի հանդեպ ճնշումները, և Վերին պալատի / مجلس الشورى/[62] ընտրությունները

2007թ-ի հունիսի 11-ին և 18-ին կայացան Եգիպտոսի պառլամենտի Վերին պալատի ընտրությունները, որին մասնակցեցին 587 թեկնածուներ, որից 109-ը իշխող “ազգային դեմոկրատական” կուսակցությունից էին, իսկ 19-ը ՄԵ-երից, ովքեր մասնակցում էին որպես անկախ թեկնածուներ: Նախագահը անհաջողության մատնվեց` չկարողանալով Մուսուլման Եղբայրների 19 թեկնածուներից 17-ին որակազարկել և թույլ չտալ մասնակցել ընտրություններին:[63] “Նոր Վաֆդ ” /حزب الوفد الجديد/ և “Նասերիստական”, /الحزب العربي الديمقراطي الناصري / կուսակցությունները բոյկոտեցին ընտրությունները:

Առաջին փուլում իշխող կուսակցությունը ստացավ 70 տեղ, իսկ երկրոդում, մեկ շաբաթ անց, ևս 14: Արդյունքում 88 տեղից 84-ը զբաղեցրեց իշխող կուսակցությունը:/աղյ.N3/ Ընտրությունների օրը միայն, ոստիկանությունը ձերբակալեց ՄԵ հարյուր անդամի, ևս հարյուր մարդ ձերբակալվեց երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում: Ձերբակալված իսլամիստները, որոնց շարքում պատգամավորության 6 թեկնածուներ, մեղադրվում էին արգելված կազմակերպությանը անդամակցելու, իսլամիստական կարգախոսեր կիրառելու, ժամկետից շուտ քարոզարշավ սկսելու մեջ:[64] Ընտրություններից մի քանի ամիս առաջ օրենքով արգելվել էր կրոնական կարգախոսերի կիրառումը, և երբ Եղբայրները կրկին օգտագործեցին իրենց վաղեմի “Լուծումն իսլամն է” կարգախոսը, ենթարկվեցին ձերբակալությունների: Ըստ “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպության տվյալների 2006թ-ի մարտից 2007 մարտ ամիսը ձերբակալվել էին ավելի քան հազար իսլամիստներ:[65]

 

Աղյուսակ  N 3. Վերին պալատի ընտրությունների արդյունքները 2007թ.

Կուսակցություններ Տեղեր
“Ազգային դեմոկրատական” الحزب الوطني الديمقراطى 70 14 84
Անկախ թեկնածուներ 1 2 3
حزب التجمع الوطني التقدمي الوحدوي, 

“Ազգային առաջադիմության միացյալ կուսակցություն”

1 0 1
Ընդհանուր 72 16 88

 

 

2010թ-ի հունիսին տեղի ունեցած Վերին պալատի ընտրություններում Եղբայրները ընդհանրապես ոչ մի տեղ չկարողացան զբաղեցնել, նույնիսկ առաջին փուլից հետո դուրս եկան պայքարից:/աղյ N4/ Զարմանալին այն է, որ թե 2007, թե 2010թթ. կայացած Վերին պալատի ընտրություններում ՄԵ-երը նման անհաջողության հասան այն դեպքում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ` 2005թ-ին 88 տեղ էին զբաղեցրել պառլամենտի Ստորին պալատում: Ընտրությունների ակնհայտ հակաիսլամիստական արդյունքները վերջիններիս կրկին  դարձրին անարդարության զոհ եգիպտացիների աչքերում:

 

Աղյուսակ  N 4. Վերին պալատի ընտրությունների արդյունքները 2010թ.

Կուսակցություններ Տեղեր
“Ազգային դեմոկրատական” الحزب الوطني الديمقراطى 74 6 80
“Վաղը“ /حزب الغد / 1 0 1
حزب التجمع الوطني التقدمي الوحدوي, 

“Ազգային առաջադիմության միացյալ կուսակցություն”

1 0 1
“Նասերիստական”, /الحزب العربي الديمقراطي الناصري / 1 0 1
Անկախ թեկնածուներ 0 4 4
حزب الجيل الديمقراطي‎  “Դեմոկրատական սերունդ” 1 0 1
Անկախ թեկնածուներ /Մուսուլման Եղբայրներ/ 0 0 0
Ընդհանուր 78 10 88

 

Այս նույն շրջանում շարունակվում էին քննարկումները ՄԵ-ի մեջ քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, և այս հանգամանքը կարծում ենք Եգիպտոսի իշխանությունները ճիշտ չօգտագործեցին: Վերածվելով կուսակցության Եղբայրները անխուսափելիորեն բաժանվելու էին կրոնական և քաղաքական ուղղությունների, և երկրում կշիռ ունենալու էր միայն նրանց քաղաքական թևը, որտեղ տեղ էին ունենալու հիմնականում  ռեֆորմիստ իսլամիստները, ինչը բերելու էր Եղբայրների, որպես ծայրահեղական գաղափարների կրողների թուլացմանը, փոխարենը կմեծանար նրանց քաղաքական հեղինակությունը, սակայն արդեն իսլամիստական ծայրահեղական կարգեր Եգիպտոսում հաստատելն անհնար կլիներ: Մյուս կողմից հարկ է նշել, որ, այնուամենայնիվ, անհնար կլիներ ամբողջությամբ չեզոքացնել պահպանողական իսլամի ջատագովներին, քանի որ նրանց համակիրները Եգիպտոսում բավականին շատ են: Ամեն դեպքում, բարձրաձայնելով քաղաքական, աշխարհիկ խնդիրներ, Մուսուլման Եղբայրները որոշակիորեն զիջումների կգնային, սակայն դրա դիմաց կինտեգրվեին Եգիպտոսի քաղաքական կյանքին:[66] Եղբայրները նույնիսկ սկսեցին քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Նախևառաջ, նրանք ընդունեցին քաղաքացիության սկզբունքները[67], պնդեցին բազմակուսակցական քաղաքական դաշտ ձևավորելու անհրաժեշտության մասին, ինչը հեռացում էր համաիսլամական գաղափարախոսությունից:

Արդյունքում Մուսուլման Եղբայրները վերջին տարիներին զգալիորեն մեծացրին իրենց ազդեցությունը Եգիպտոսում նաև ոչ իսլամիստական տրամադրություններ ունեցող քաղաքացիների շրջանում, և, հետևաբար, 2010 թվականի ընտրությունների նախաշեմին  ունեին հնարավորություն զբաղեցնել պառլամենտում շատ ավելի տեղեր, քան 2005թ-ին:

 

2.2 ՄԵ հեղինակության աճի վրա ազդեցություն ունեցած արտաքին պատճառները

- Պաղեստինյան երկրորդ ինթիֆադայի ազդեցությունը

Արտաքին պատճառների շարքին պետք է դասել պաղեստինյան երկրորդ ինթիֆադայի ազդեցությունը եգիպտացիների վրա: Ինչպես հայտնի է 2000թ-ի սեպտեմբերի 28-ին իսրայելական Լիքուդ կուսակցության ղեկավար, հետագայում Իսրայելի վարչապետ /2001-2006թթ./ Արիել Շարոնը այցելեց Ալ-Աքսա մզկիթը, որտեղ և գտնվում է Սողոմոն արքայի տաճարի կանգուն մնացած` հրեաների համար սուրբ պատը: Դա ազդակ հանդիսացավ պաղեստինցիների զանգվածային ելույթների համար: Սկսվեց երկրորդ ինթիֆադան, խաղաղության գործընթացը կանգնեց տապալման եզրին: Սկսված արյունահեղության կապակցությամբ նախագահ Մուբարակը խիստ արտահայտվեց Շարոնի հասցեին` քննադատելով նրա այցը Ալ-Աքսա, մեղադրելով խաղաղության գործընթացը դիտավորյալ տապալելու մեջ: Նախագահը նաև հայտարարեց, որ Իսրայելի կողմից զինված ճնշումը պաղեստինցիների վրա և Երուսաղեմը ամբողջությամբ գրավելու փորձերը էլ ավելի կմեծացնեն ապստամբության մասնակիցերի թիվը և չեն նպաստի արյունահեղության դադարեցմանը:[68]

Մուբարաքի հայտարարությունների հետ մեկտեղ երկրում սկսվեցին ուսանողական ցույցեր: Ինթիֆադայի սկսվելուց մի քանի օր անց Ալեքսանդրիայի համալսարանում իսլամիստները կազմակերպեցին ցույց ընդդեմ Իսրայելի քաղաքականության: Ցույցերը տարածվեցին նաև Կահիրեում, փողոց դուրս եկան նաև Կահիրեի Ամերիկյան համալսարանի ուսանողները, իսկ Կահիրեի պետական համալսարանի ուսանողները միացան ալ-Ազհարի ուսանողների և Մուսուլման Եղբայրների կազմակերպած մեծ ցույցին:[69]

2001 թվականի ապրիլին Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ Մուբարաքը ինթիֆադայի կապակցությամբ հայտարարեց, որ Եգիպտոսը չի պատրաստվում ստիպել կողմերից որևէ մեկին զիջումների գնալ, և իրենք կարող են միայն հանդարտեցնել իրավիճակը ու օգնել իսրայելցիներին և պաղեստինցիներին գալ համաձայնության:[70] 2001թ-ի մարտին Լիքուդ կուսակցությունը հաղթանակ տարավ ընտրություններում և Արիել Շարոնը դարձավ վարչապետ: Այս հանգամանքը եգիպտացիներին էլ ավելի զայրացրեց, քանի որ, եթե նախկինում խոսքը գնում էր ընդդիմադիր կուսակցության ղեկավարի` ալ-Աքսա այց կատարելու մասին, ապա այժմ նա Իսրայելի վարչապետն էր, ընդ որում պաղեստինյան հարցում շատ ավելի կոշտ քաղաքականություն վարող կուսակցության առաջնորդը: Եվ երբ նույն թվականի ապրիլին ԱՄՆ-ում գտնվող Մուբարակը հայտարարեց, որ “Շարոնը կազմում է խաղաղության ծրագիր և ավարտին հասցնելուց հետո մենք կքննարկենք դա”[71], եգիպտացիների շրջանում մեծ դժգոհություն առաջացավ, և ուսանողական ցույցերը բորբոքվեցին նոր թափով: Ուսանողական ցույցերն ի պաշտպանություն պաղեստինցիների հաճախակի երևույթ դարձան Եգիպտոսում, ամենամեծ ելույթները տեղի ունեցան 2002թ-ի մարտ-ապրիլ ամիսներին: Այս ելույթների կազմակերպման աշխատանքներում ակտիվ էին Մուսուլման Եղբայրներին համակրող երիտասարդները, ովքեր հիասթափված էին նախագահի դիրքորոշումից:

- Իրաքյան պատերազմի ազդեցությունը

Մուսուլման Եղբայրների ազդեցության աճի արտաքին պատճառներից մեկը  Եգիպտոսի իշխանությունների արձագանքն էր Իրաքյան պատերազմին: 2003թ-ի մարտի 19-ին նախագահ Հոսնի Մուբարաքը ելույթ ունեցավ` հայտարարելով, որ Իրաքյան պատերազմի հիմնական մեղավորը Սադդամ Հուսեյն է և նրա վարչակարգը: Այս ելույթին անմիջապես արձագանքեցին եգիպտացի հասարակական 29 գործինչներ, այդ թվում լրագրողներ, հայտարարելով իրենց անհամաձայնությունը նախագահի կարծիքին: Նրանց շարքերում էր նախկին դիվանագետ Ամին Յուսրին, որը հայտարարեց, որ “Եգիպտոսի ղեկավարության նման վարքագծի սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ Անվար Սադաթը հաշվի չառնելով պատմական և աշխարհագրական հանգամանքները, այցելեց Իսրայել”:[72] Իսկ հոդվածը, որում տեղ էր գտել նաև Յուսրիի հայտարարությունը վերնագրվել էր “Ավելի վատ, քան 1967”:[73] Սկսվեցին առաջ քաշվել մեղադրանքներ Միացյալ Նահանգներին հաճոյանալու, արաբ Եղբայրներին դավաճանելու մեջ: Շատ ակտուալ դարձավ այն փաստը, որ Եգիպտոսը արաբական առաջին երկիրն էր, որ ճանաչել էր Իսրայելի անկախությունը: Այս և հակաարաբական նմանատիպ որոշումների և քաղաքականության մասին սկսեցին ավելի շատ խոսել հասարակության տարբեր շերտերում: Սկսվեցին նաև հանրահավաքներ` ի պաշտպանություն իրաքյան ժողովրդի: Եգիպտոսի իշխանությունների նման վարքագիծը վերջիններիս ստիպեց  Մուսուլման Եղբայրներին մի փոքր ազատություն տրամադրել` այս հարցում ընդդիմադիր զանգվածին որոշակիորեն զսպելու և վերահսկելու նպատակով: Իսկ Եղբայրները իրենց հերթին սկսեցին իրենց հավաքներն ու միջոցառումները կազմակերպել ուժային կառույցների հետ համաձայնությամբ: 2003-2004 թվականներին Եղբայրները իշխանությունների հետ շատ չլարվելու քաղաքականություն էին վարում: Այս տարիներին Եղբայրների հիմնական գործողությունները ուղղված էին բարեգործական միջոցառումներ կազմակերպելով:[74]

Հարաբերական ազատությունը, որ իսլամիստները ստացան իշխանությունների կողմից օգտագործվեց հասարակական տարբեր  շերտերում իրենց գովազդի համար: Ճիշտ է այս քայլով իշխանությունները զսպեցին Իրաքի հանդեպ իրենց քաղաքականության դեմ մարդկանց բողոքը, սակայն արդյունքում Եղբայրները դարձան այս հարցում իշխանություններին քննադատող ամենաազդեցիկ ուժը, իրենց կողմը գրավելով շատ մարդկանց:

Հայտնի է, որ մուսուլմանական հասարակություններում և եգիպտականում մասնավորապես, անարդարության դեմ բողոքելը որպես կանոն արտահայտվում է աղոթողների թվի ավելացմամբ /համենայն դեպս մինչև .թ2011-ի հունվարը/: Եգիպտոսում տիրող կոռուպցիան[75], աղքատության աճը, որի մասին խոսվեց 1.1.1. բաժնում, ինչպես նաև Իրաքի և Գազայի պատերազմները առաջացրեցին բողոքողների, այսինքն նաև աղոթողների քանակի ավելացում, քանի որ սարսափելի աղքատության, ներքին և արտաքին անարդարությունների դեմ պայքարելու անհնարինությունը դրդում է հույսը դնել կրոնի վրա, մխիթարանք գտնել աղոթքներում:

Սրա հետևանքը եղավ այն, որ Մուսուլման Եղբայրները եգիպտական հասարակության առավել ճնշված և հետևաբար ավելի մեծ զանգվածների շրջանում արդարության համար պայքարողների կերպար ձևավորեցին` արտահայտվելով ներքին և արտաքին բնույթի անարդարությունների դեմ: Միաժամանակ ՄԵ-ը խոսելով աշխարհիկ խնդիրների մասին, իրենց վրա վերցրեցին երկրում գործող և շատ թույլ դիրքեր ունեցող աշխարհիկ ընդդիմության գործառույթները: Այս ամենը ընտրությունների արդյունքների վրա կարևոր ազդեցություն ունեցավ և բերեց ՄԵ-երի զգալի ներկայություն Եգիպտոսի օրենսդիր մարմնում:

- Լիբանանյան պատերազմի ազդեցությունը

Այս տարիներին Եղբայրների հեղինակությունը աճեց Իսրայելի կողմից Լիբանան ներխուժելու պատճառով: 2006թ-ի հուլիսին Իսրայելը ցամաքային ռազմական գործողություններ սկսեց Լիաբանանի հարավը փաստացի տնօրինող և Իսրայելի տարածքը պարբերաբար ռմբահարող Հըզբոլլահի դեմ: Ռազմական գործողությունները տևեցին մինչև օգոստոսի կեսերը, որի ընթացքում Իսրայելը փաստացի տնօրինում էր Լիբանանի հարավային շրջանները: Կոնֆլիկտի առաջին օրերին Եգիպտոսի բարձրաստիճան դիվանագետները բացահայտ քննադատում էին Հըզբոլլահին Իսրայելի վրա ռումբեր նետելու համար, սակայն կոնֆլիկտի զարգացման հետ մեկտեղ նրանց վերաբերմունքը սկսվեց փոխվել:[76] Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբու ալ-Ղեյդը հայտարարեց կրակի դադարեցման անհրաժեշտության մասին, նշելով, որ Իսրայելա-Լիբանանյան սահմանը պետք է տնօրինի Լիբանանի ազգային բանակը` թույլ չտալու համար Իսրայելցի զինվորների հետագա առևանգումը և իսրաելական բնակավայրերի ռմբակոծումը Հըզբոլլահի կողմից:[77] Սակայն եգիպտական հասարակության մեջ վրդովմունք կար Իսրայելի գործողությունների հանդեպ, և իշխանությունների քայլերը նրանց չէին գոհացնում: Եվ ահա նման պայմաններում Եղբայրները  շատ կտրուկ քննադատեցին Իսրայելի գործողությունները, մեղադրեցին եգիպտական իշխանություններին հերթական անգամ Իսրայելին հաճոյանալու, դավաճանության մեջ, ՄԵ բյուրոյի գլխավոր քարտուղար Մահդի Ակեֆը հայտարարեց, որ պատրաստ է 10.000 մուջահիդ ուղարկել Լիբանան Իսրայելի դեմ կռվելու համար:[78] Նման բնույթի հայտարարությունը, որն ավելի շատ զգացմունքային, քան կշռադատված բնույթ էր կրում, ժողովրդի շրջանում մեծացրեց  Եղբայրների հեղինակությունը, հատկապես իշխանությունների զուսպ, քաղաքական գնահատականների ֆոնի վրա:

- Իսրայելի կողմից 2008թ-ին Գազա ներխուժելու ազդեցությունը

Իսլամիստների հեղինակությունը Եգիպտոսում աճեց նաև 2008-09 թվականների դեկտեմբեր-հունվար ամիսներին Գազայում Իսրայելի կողմից իրականացված ռազմական  գործողության հետևանքով, երբ եգիպտական իշխանությունները այն երկրների շարքում էին, որոնք առանձնապես չքննադատեցին Իսրայելի գործողությունները` կոչ անելով միայն վերջ դնել ռազմական գործողությանը` դատապարտելով երկու կողմերին էլ:[79] Իսկ ահա Եղբայրները պահաջում էին Ռաֆահ[80] անցակետի բացումը Գազայի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար,[81] կոչ արեցին միջազգային հանրությանը ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով պատժել Իսրայելի իշխանություններին:[82] Նույնիսկ Հըզբոլլահի առաջնորդ Հասսան Նասրալլահը պահանջեց Եգիպտոսից բացել Ռաֆահ անցակետը, ասելով, որ հակառակ դեպքում եգիպտական իշխանությունները մաս կկազմեն այն հանցագործությանը, որ տեղի է ունենում Գազայում:[83] Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը այս կապակցությամբ տվեց հարցազրույց, որտեղ պարզաբանեց Եգիպտական իշխանությունների պաշտոնական դիրքը այս հարցում, ասելով, որ Իսրայելը ցանկանում է անջատել Գազան Արևմտյան ափից և Եգիպտոսը չի գնա նման քայլի և չի բացի Ռաֆահ անցակետը:[84]

Եվ ահա այս պայմաններում Եգիպտական իշխանությունների շատ չափավոր արձագանքը Իսրայելի բացահայտ ագրեսիային Գազայի հանդեպ առաջացրեց հիասթափության նոր ալիք Եգիպտոսում` հետևաբար մեծացնելով Մուսուլման Եղբայրների հեղինակությունը:

- Համասի հաղթանակը պաղեստինյան ընտրություններում և ՄԵ-ի կուսակցության վերածվելու առաջին քայլերը

Այս ամենին ավելացավ նաև պաղեստինյան ընտրություններում Համասի հաղթանակը: 2006 թվականի փետրվարից սկսած, անմիջապես ընտրությունների արդյունքներից հետո ինչպես բազմաթիվ այլ երկրներում, այնպես էլ Եգիպտոսում սկսվեց խոսվել ժողովրդավարական ազատ ընտրությունների դեպքում իսլամիստների հնարավոր հաղթանակի մասին: Ալ-Ահրամ շաբաթաթերթում 2006թ-ի փետրվարի 2-6, N 780 համարում տեղ գտած մի հոդվածում բերվում է մուսուլմանական տարբեր երկրների շարք` նշելով, թե որ երկրում իսլամիստները ինչպիսի դիրքեր ունեն: Խոսվում էր այն բանի մասին, որ եթե մուսուլմանական երկրներում տեղի ունենան արդար ընտրություններ, ապա իսլամիստները շատ երկրներում կգան իշխանության:[85] Նույն հոդվածում Մարոկկոյի “Արդարություն և զարգացում”[86] իսլամիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սաադ Էդ-Դին ալ-Օսմանին նշել է, որ անհնար է ժողովրդավարության մասին խոսել արաբական երկրներում, երբ հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող ուժերը, տվյալ դեպքում իսլամիստները, իշխանական լուրջ լծակներ չունեն, ասելով, որ իսլամիստներն էլ իրենց հերթին պետք է քայլ կատարեն դեպի պրագմատիկ, ժամանակակից քաղաքականություն, իսկ մարդիկ կընտրեն նրանց, քանի որ իսլամիստները կապ չունեն կոռուպցիայի հետ, նրանց անունը անարատ է բնակչության շրջանում:[87]

Այս զարգացումները անմիջականորեն ազդեցին եգիպտական իսլամիստների վրա և 2007թ-ի օգոստոսին Եղբայրները հայտարարեցին քաղաքական կուսակցություն ձևավորելու նպատակի մասին` հրապարակելով հատուկ մանիֆեստ այդ կապակցությամբ: Մանիֆեստը ներառում էր բազմաթիվ հակադեմոկրատական կետեր կապված կանանց և ղպտիների իրավունքների հետ: Այն բացասաբար ընդունվեց նույնիսկ Եղբայրներին անդամակցող մի շարք գործիչների կողմից, ինչպիսիք էին Ռաշիդ ալ-Ղանուշի, Ալի ալ-Բայանունի և Քեմալ ալ-Հալբաուիի կողմից:[88]

Ինչպես տեսնում ենք Համասի հաղթանակը Եգիպտոսի Մուսուլման Եղբայրների ոգևորության պատճառ հանդիսացավ, սակայն այն երկար չտևեց, շուտով Գազայում հումանիտար լուրջ ճգնաժամ սկսվեց, 2007թ-ից Եգիպտոսի իշխանությունները փակեցին Ռաֆահ անցակետը, Իսրայելն էլ իր կողմից անվտանգության ապահովման պատրվակով տնտեսական լիակատար շրջափակման մեջ վերցրեց Գազայի հատվածը: Արդյունքում Համասի իշխանության գալը Գազայում բացասաբար անդրադարձավ տեղի բնակչության տնտեսական առանց այն էլ վատ վիճակի վրա, ինչի հետևանքով Եգիպտոսի Մուսուլման Եղբայրների ոգևորությունն անկում ապրեց:

Դեռ մինչև 2005 թ-ի ընտրությունները, սկսած 1984թ-ից խոսվում էր Եղբայրների կողմից քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարի մասին, ինչի արտահայտողներն էին ռեֆորմիստները: Պահպանողական թևը կտրուկ մերժում էր այս գաղափարը, պնդելով, որ այդ կերպ Եղբայրները պարզապես կկորցնեն իրենց գաղափարախոսության էությունը` հեռանալով իսլամական հիմքերից: Սակայն աստիճանաբար քաղաքական կուսակցություն ձևավորելու ծրագիրը ավելի էր հասունանում:

 

Գլուխ 3 ՄԵ-երը 2010թ-ի նոյեմբերից մինչև 2011թ-ի ապրիլը

3.1 2010թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված ընտրությունները և ՄԵ-երը

Երկար տարիներ Մուբարաքի կողմից ղեկավարվող Եգիպտոսը արևմտյան երկրների, մասնավորապես ԱՄՆ կողմից դիտարկվում էր որպես տարածաշրջանում իսլամիստական տրամադրությունները կանխող պետություն: Իշխող կուսակցությունը նախագահի գլխավորությամբ այս հանգամանքը միշտ օգտագործում էր և ստանալով իր դաշնակիցների լուռ աջակցությունը, ճնշումների էր ենթարկում Մուսուլման Եղբայրներին: Այդպես եղավ նաև նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված ընտրությունների ժամանակ, միայն թե այս անգամ մի կողմից Եգիպտոսի իշխանությունները շատ կոպիտ խախտումներ իրականացրեցին, մյուս կողմից էլ նրա արևմտյան դաշնակիցները առանձնապես ջերմ չընդունեցին անցկացված ընտրությունները: Արևմուտքի քաղաքականության փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Մուսուլման Եղբայրներն արդեն հրաժարվել էին իսլամիստական բազմաթիվ նպատակներից, ծայրահեղական գաղափարները լուրջ վերափոխումների էին ենթարկվել` որոշակիորեն մղվելով հետին պլան, հետևաբար իսլամիստներն այնպիսի վտանգ չէին ներկայացնում, ինչ տարիներ առաջ, ինչը միջազգային հանրությանը թույլ տվեց բացահայտ խոսել իշխանությունների բռնությունների մասին: Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին հայտարարեց. “Մենք հիասթափված ենք ստացվող տեղեկություններից այն մասին, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնություններ են իրականացվել, կատարվել են ձերբակալություններ:”[89]

Իշխանությունների ճնշումները, որի արդյունքում իսլամիստները Վերին պալատի ընտրություններում ոչ մի տեղ չկարողացան զբաղեցնել, շարունակվեցին նաև այս ընտրությունների ընթացքում, որի արդյունքը եղավ այն, որ Մուսուլման Եղբայրները նախկին 88 տեղի փոխարեն կարողացան ստանալ ընդամենը 1-ը: ՄԵ-երը և Վաֆդը ընտրությունների առաջին փուլից հետո, որը կայացավ նոյեմբերի 28-ին, հրաժարվեցին մասնակցել երկրորդ փուլին:[90] 2007թ-ին տեղի էին ունեցել սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում ընտրությունների օրինականության նկատմամբ հատուկ վերահսկողություն այլևս չէր սահմանվում:[91] Եգիպտոսի իշխանությունները մերժեցին ԱՄՆ առաջարկը միջազգային դիտորդներին ընտրություններին հետևել թույլատրելու հարցում, ասելով, որ քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող տեղական կառույցները կարող են կատարել նրանց գործառույթները: 2010թ-ի հոկտեմբերի 27-ին ձերբակալվեց Մուսուլման Եղբայրների 70 համակիր, այն բանի համար, որ կրոնական բնույթի պաստառներ էին փակցնում[92], միաժամանակ արգելափակվեցին 12 արբանյակային հեռաուստաալիքներ, որոնք, ըստ իշխանությունների, կրոնական անհանդուրժողականություն էին սերմանում:[93]

Բնականաբար ընտրությունները անցել էին աննախադեպ հսկողության տակ, ինչը առաջացրեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան մի շարք կառույցների քննադատությունը: Եգիպտացի իրավապաշտպան Բահա ադ-Դին Հասանը հայտարարեց, որ միջազգային և տեղական, բայց ընդդիմադիր դիտորդների բացակայության պայմաններում ամեն տեղամասում իշխող կուսակցության կողմնակիցները ազատ էին իրենց գործողությունների մեջ:[94] Human Rights Watch  կազմակերպության ներկայացուցիչ Ջո Սթորքը հայտարարեց, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ ամբողջ երկրով մեկ, նույնիսկ ընտրատեղամասերը փակվել են ժամանակից շուտ:[95] Ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցները քննադատության էին ենթարկում Եգիպտոսի իշխանություններին ընտրությունների ընթացքում խախտումներ կատարելու կապակցությամբ, BBC-ն նույնիսկ առաջարկեց եգիպտացիներին թեժ գծի միջոցով իրենց հայտնել խախտումների մասին:[96]

Իսկ 123 տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք միավորվել էին ընտրություններին հետևելու համար, հայտարարեցին, որ ընտրատեղամասերում տեղի են ունեցել աննախադեպ խախտումներ, ընդհուպ մինչև զենքով սպառնացել են ընտրողներին, կատարվել են ձերբակալություններ, սպանվել է 16 մարդ և այլն:[97]

Այս ամենը ՄԵ-երի ռեֆորմիստներին դրդեց ավելի շատ խոսել կուսակցություն ստեղծելու մասին, քանի որ նման ճնշումները իշխանությունների կողմից հիմնականում Եղբայրների իսլամիստական բնույթով էին արդարացվում, բացի այդ էլ, շոշափելով աշխարհիկ խնդիրներ, Եղբայրները իրենց կողմն էին գրավում շատ շատերի, հատկապես հաշվի առնելով,  որ աշխարհիկ հեղինակավոր և բավականաչափ ուժեղ ընդդիմություն Եգիպտոսում չկար: Կուսակցություն ստեղծելը դիտարկվեց որպես երկրի քաղաքական դաշտում իրենց տեղը վերագտնելու միակ ճանապարհը:

 

3.2 ՄԵ գործունեությունը 2011թ-ի հունվար-փետրվար ամիսներին և միջազգային հանրության արձագանքները

Մինչ ՄԵ զբաղված էին իշխանություններին քննադատելով, ընտրություններում թույլ տրված խախտումների մասին բարձրաձայնելով, ամբողջ երկրում սկսվեցին  հանրահավաքներ, ցույցեր: Սկսած հունվարի 25-ից Եգիպտոսի տարբեր քաղաքներում բախումներ էին տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների, նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև: Երբ սկսվեցին զանգվածային ելույթները ՄԵ-երի համար դա, կարծես, անսպասելի լիներ: Նրանք, վախենալով, որ ստեղծված իրավիճակի համար իշխանությունները կարող են իրենց մեղադրել, շատ զգույշ էին արձագանքում իրադարձությունների զարգացմանը: Մյուս կողմից միջազգային լրատվամիջոցներում սկսվեց քննարկվել այն հարցը, թե կարող են արդյոք իսլամիստները գալ իշխանության, ինչ վտանգներ է դա պարունակում, հնարավոր է, որ արաբական տարբեր երկրներում իշխանության գան համանման ուժեր, ինչ վտանգների առաջ է կանգնում Իսրայելը նման պարագայում և այլն: Մուսուլման Եղբայրները ձերբակալություններից խուսափելու, ժողովրդական հուզումների մեջ իրենց դերակատարումն ապահովելու և միաժամանակ միջազգային հանրության տագնապը փարատելու նպատակով տվեցին բազմաթիվ հարցազրույցներ, կազմակերպեցին մամլո ասուլիսներ, հանդես եկան հայտարարություններով.

- Մուսուլման Եղբայրների արձագանքը ժողովրդական ելույթներին

Հունվարի 16-ին Եղբայրները կոչ արեցին արաբական երկրներին գնալ Թունիսի հեղափոխության ճանապարհով, իսկ հունվարի 20-ին նախագահին կոչ արեցին անցկացնել նոր ընտրություններ և կատարել ռեֆորմներ.[98]

Հունվարի 22-ին ՄԵ մամլո քարտուղար Էսսամ ալ-Էրիանը հայտարարեց, որ Եղբայրները դեռ որոշում չեն կայացրել ամսի 25-ի ցույցերին մասնակցելու վերաբերյալ.

Հունվարի 23-ին Մուհամմեդ ալ-Բադին հայտարարեց, որ Եղբայրները կմասնակցեն նշված ցույցին.

Հունվարի 25-ին տեղի ունեցավ զանգվածային առաջին մեծ ցույցը Կահիրեում, որին ՄԵ-երը նույնպես մասնակցեցին:

Հունվարի 26-ին Եղբայրները հայտարարություն հրապարակեցին, որում շեշտում էին այն հանգամանքը, որ իրենք ընդամենը եգիպտական հասարակության մաս կազմող իսլամիստական կառույց են, հետևաբար մասնակցեցին ցույցերին` կանգնելով ժողովրդի կողքին: [99]

Հունվարի 28-ին զանգվածային բողոքները ավելի մեծ չափերի հասան, բախումներ գրանցվեցին մի քանի քաղաքներում: Արդյունքում կաթվածահար եղավ ոստիկանության ամբողջ համակարգը, ինչը պարզապես դադարեց գործել:

Հունվարի 29-ին Կահիրե մուտք գործեցին զինվորականներ և զինտեխնիկա իրավիճակը կայունացնելու նպատակով, իսկ  փետրվարի 1-ին նախագահը խոսեց ուղիղ եթերում, ասելով, որ մինչև սեպտեմբեր հրաժարական չի տա, միաժամանակ նշելով, որ ոչ մի երկիր չի փախչի և պատրաստվում է մինչև կյանքի վերջը Եգիպտոսում ապրել:[100] Փետրվարի 2-ին, Մուբարաքի ելույթի ազդեցության տակ, հայտնվեցին նախագահի կողմնակիցներ, ովքեր պատրաստվում էին հաշվեհարդար տեսնել բողոքողների հետ: Նույն օրը Գիզայից Թահրիր հրապարակ եկան բուրգերի տարածքում աշխատող մարդիկ` իրենց ուղտերով և ձիերով` բողոքելով, որ հակակառավարական ցույցերի պատճառով նրանք իրենց աշխատանքն են կորցնում:[101] Հաջորդ օրը տեղի ունեցած բախումների արդյունքում իրավիճակն ավելի լարվեց, քանի որ գրանցվեցին մեծ քանակությամբ զոհեր:[102]

ՄԵ շատ զգուշավոր էին մոտենում իրադարձությունների զարգացմանը, զգացվում էր, որ իշխանությունները փորձում էին պատրվակ գտնել բողոքի ցույցերը իրենց վերագրելու և Եղբայրներին կրկին ձերբակալելու համար: Փետրվարի 4-ին Մուբարաքը ամերիկյան մի հեռուստաալիքի տված հարցազրույցում ասաց, որ նա չի ցանկանում հրաժարական տալ, քանի որ վախենում է, որ դրա հետևանքով կարող է իսլամիստները իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը:[103] Ահա թե ինչով էր Մուբարաքը երեք տասնամյակ արևմուտքին վախեցնում, և դա նրա մոտ ստացվում էր, սակայն Մուսուլման Եղբայրներն արդեն այն ծայրահեղական տրամադրությունները չունեին, որոնցով Մուբարաքը վախեցնում էր արևմուտքին:

Փետրվարի 4-ին Եղբայրները հայտարարեցին, որ նախագահական ընտրություններին իրենք թեկնածու չեն առաջադրելու:[104]

Փետրվարի 5-ին http://www.ikhwanweb.com/ կայքը հրապարակեց հայտարարություն, որտեղ ասվում էր, որ հեղափոխությունը Եգիպտոսի ժողովրդի կամքն է, այն կրոնական որևէ երանգավորում չունի, և ՄԵ-երի նպատակները համապատասխանում են ժողովրդի ձգտումներին:[105]

Փետրվարի 6-ին ՄԵ բյուրոյի գլխավոր քարտուղար Մուհամմեդ ալ-Բադիին հայտարարեց, որ պատրաստ է այլ կուսակցությունների հետ միասին բանակցություններ սկսել փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ որոշ հարցերի շուրջ: Այդ հարցերը, ինչպես Մուբարաքի հրաժարականի և արտակարգ դրության վերացման պահանջները, զուրկ էին որևէ կրոնական բնույթից:[106]

Փետրվարի 9-ին http://www.ikhwanweb.com/ ՄԵ պաշտոնական կայքէջի գլխավոր խմբագիր Խալեդ Համզան քննադատեց Ալ-Ղաիդայի հայտարարությունը Մուբարաքի ռեժիմի դեմ Ջիհադ հայտարարելու կոչի մասին, ընդգծելով, որ հեղափոխությունը, որը տեղի է ունենում ժողովրդական բնույթ է կրում, և ՄԵ-երը դեմ են որևէ բռնության, ինչը հակասում է ինչպես իրենց, այնպես էլ բոլոր եգիպտացիների նպատակներին:[107] Նույն օրը Եղբայրները հայտարարեցին, որ իրենք կողմ են աշխարհիկ պետությանը, որը կծառայի հասարակության բոլոր շերտերին:[108]

Փետրվարի 10-ին Մուբարաքը երկրորդ անգամ ելույթ ունեցավ և այս անգամ նույնպես չհայտարարեց իր հրաժարականի մասին, իշխանության մեծ մասը հանձնելով փոխնախագահ Օմար Սուլեյմանին, ում այդ պաշտոնում նշանակել էր հունվարի 29-ին: Սակայն հաջորդ օրը Օ.Սուլեյմանը հայտարարեց նախագահի հրաժարականի մասին:[109]

Փետրվարի 12-ին, գիշերը, անմիջապես Օմար Սուլեյմանի հայտարարությունից հետո,  ՄԵ-ը շնորհավորական հայտարարություն հրապարակեցին, որտեղ կրկին խոսվում էր կրոնական, ազգային համերաշխության, ազգային միասնության մասին:[110]

Փետրվարի 14-ին Բրիտանական BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՄԵ ներկայացուցիչը հավաստեց, որ արևմուտքը չպետք է վախենա իսլամիստներից, իրենք նպատակ չունեն Եգիպտոսում իշխանության գալու դեպքում կրոնապետություն հաստատել, իրենց պայքարը հիմնականում սոցիալական բնույթ ունի:[111]

Փետրվարի 15-ին Էսսամ ալ-Էրիանը հայտարարեց, որ Եղբայրները հաշվի առնելով ժողովրդի շրջանում առկա պահանջարկը, հաստատում են, որ կողմ են աշխարհիկ պետությանը, որտեղ հավասար իրավունքներով կապրեն տարբեր կրոնական համայքներ: Նույն օրը ՄԵ հայտարարեցին, որ դիմելու են համապատասխան մարմիններին քաղաքական կուսակցություն ստեղծելու համար, նշելով, որ նրանց կողմից հիմնվող կուսակցությունը հավատարիմ է մնալու ժողովրդավարության սկզբունքներին:[112]

Փետրվարի 16-ին ՄԵ մամլո ասուլիս հրավիրեցին բողոքելով միջազգային լրատվամիջոցների կողմից իրենց նկատմամբ տեղեկատվական հարձակումներ իրականացնելու դեմ:[113]

Փետրվարի 21-ին Մուհամմեդ Բադին հայտարարեց, որ եղբայրնեը ստեղծում են կուսակցություն “Ազատություն և արդարություն” անվամբ: Հայտարարության մեջ նշվում էր, որ այս կուսակցությանը կարող են անդամակցել նաև ղպտիները: Եղբայրներն առանձին շեշտեցին, որ կուսակցությանն անդամակցելու համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ կունենան նաև կանայք, սակայն նրանք չեն գտնում, որ կուսակցության նախագահի պաշտոնում կարող է կին  նշանակվել:[114]

Փետրվարի 23-ին պառլամենտում ՄԵ խմբակցության նախկին նախագահ Սաադ Կետատնիի գլխավորությամբ սկսվեց “Ազատություն և արդարություն” կուսակցության[115] հիմնադրման գործընթացը:[116] Նա հաջորդ օրը հայտարարեց, որ կուսակցությունը գործելու է ՄԵ ղեկավար մարմնից բոլորովին անկախ:

Մուսուլման Եղբայրները, սակայն, զուտ եգիպտական կառույց չեն, տարբեր երկրներում նույնպես գործում են Մուսուլման Եղբայրներ, որոնց գործունեությունը ադապտացված է տվյալ երկրի քաղաքական, հասարակական միջավայրին, իսկ իսլամիստական գաղափարախոսությունը տարբեր երկրների Եղբայրներին միմյանց կապող կարևորագույն գործոնն է հանդիսանում: Անջատվելով բյուրոյից, հրաժարվելով իսլամիստական մի շարք գաղափարներից, Եգիպտոսի Եղբայրների նոր ստեղծվող կուսակցությունը դառնում է բացառապես եգիպտական, ինչն էլ ավելի է միմյանցից հեռացնում տարբեր երկրներում գործող Մուսուլման Եղբայրներին: Այսինքն Եգիպտոսի քաղաքական դաշտում տեղ ունենալու համար Եղբայրները ստիպված են հրաժարվել նաև ցանցային կառույց լինելուց: Այս կուսակցությունը հիմնականում իր վրա է վերցնելու այն աջակցությունը, որը Եղբայրներն ունեն եգիպտացիների շրջանում, իսկ կուսակցության հետ կապ չունեցող իսլամիստները պահպանելու են իրենց ազդեցությունը միայն շատ ծայրահեղական տրամադրված կողմնակիցների հաշվին, ովքեր շատ ավելի քիչ են: Կուսակցություն ստեղծելով և անջատվելով բյուրոյից, առաջանում է բոլորովին նոր իրավիճակ, երբ այս իսլամիստական կազմակերպությունից անջատվում է ոչ թե էլ ավելի ծայրահեղական մի խումբ, ինչպես եղել է  օրինակ  الجماعة الإسلامية‎-ի կամ Համասի հետ, այլ ընդհակառակը, շատ ավելի աշխարհիկ, զուսպ քաղաքական կուսակցություն, ինչը ցույց է տալիս, որ այսօր Մուսուլման եղբայրներից անջատվելու պրոցեսը հակառակ` հակաահաբեկչական տրամաբանություն է ստանում: Իսկ սա իր հերթին կարող է ազդակ լինել ապագայում տարբեր երկրներում ծայրահեղական նոր կազմակերպություններ ի հայտ չգալու և արդեն գոյություն ունեցող իսլամիստական խմբերին ծայրահեղականությունից հրաժարվելու և արտահայտվելու ավելի քաղաքակիրթ եղանակ գտնելու համար, առավել ևս, եթե Եգիպտոսի ՄԵ կուսակցությունը հաջողության հասնի սեպտեմբերի պառլամենտական ընտրություններում: Այս դեպքում հնարավոր է, որ այլ երկրներում գործող Մուսուլման Եղբայրները նույնպես մտածեն կուսակցություն ստեղծելու  ուղղությամբ:

Այս բոլոր հայտարարություններից երևում է, որ հեղափոխությունը լուրջ ազդեցություն ունեցավ ՄԵ-երի վրա, նրանց դիրքորոշումը բազմաթիվ հարցերի նկատմամբ շարունակվում էր փոխվել: Դեռ 2005թ-ից Եղբայրների ռեֆորմիստական թևը խոսում էր այն մասին, որ չպետք է շատ պահպանողական լինել, անհրաժեշտ է վերափոխվել, ժամանակի հետ համահունչ քայլել: Եվ ահա հեղափոխությունը պարզապես ստիպեց Եղբայրներին էլ ավելի մեղմել իրենց դիրքորոշումները, մասնավորապես կուսակցություն ստեղծելու, կանանց և ղպտիների իրավունքների վերաբերյալ, քանի որ դրանով Եղբայրները մի քանի կարևոր խնդիրներ էին լուծում. նախ մեղմում էին հեղափոխական օրերին իրենց նկատմամբ իրավապահ մարմինների ճնշումները, ժողովրդական, հատկապես ուսանողական շրջանակներում ամրապնդում էին իրենց դիրքերը, և իհարկե մեղմում էին միջազգային հանրության տագնապը իրենց հնարավոր հաջողության դեպքում:

- Միջազգային հանրության արձագանքը և տեսակետները

“Մուսուլման Եղբայրներ” կազմակերպության գոյության տասնամյակների ընթացքում նրանից անջատվել են բազմաթիվ իսլամիստական շարժումներ, որոնք այսօր բոլորովին անկախ են գործում, և որոնց գործունեությունը հիմնականում ահաբեկչական բնույթ է կրում: Մասնավորապես արդեն հիշատակված Համասը, الجماعة الإسلامية‎‎, الجهاد الإسلامي المصري /եգիպտական իսլամական ջիհադ/[117] ահաբեկչական կազմակերպությունները: 1980-ականներին  Աֆղանստանում սովետական զորքերի դեմ կռվելու նպատակով կազմավորված խմբերի մեջ շատ էին Մուսուլման Եղբայրները:[118] Հենց նրանցից մեկը` Աբդուլլահ Յուսուֆ Ազզամը խնդրեց Օսամա բեն Լադենին գալ Աֆղանստան և միանալ “սրբազան պատերազմին”:[119] Մի քանի տարի անց ստեղծվեց ալ-Կաիդան, որից Մուսուլման Եղբայրներն անմասն չմնացին:

Ընդհանրապես Մուսուլման Եղբայրները կարող են համարվել  ժամանակակից ահաբեկչության նախահայրերը, հաշվի առնելով այն, որ ահաբեկչական կազմակերպությունների գաղափարական հիմքում որպես կանոն ընկած են այնպիսի  գաղափարներ, որի հիման վրա ստեղծվել է ՄԵ-ն: Ահա այս պատճառով  եգիպտական հեղափոխական օրերին արևմտյան երկրների լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում անհանգստություն նկատվեց ՄԵ դիրքերի հնարավոր ամրապնդման կապակցությամբ:

Հունվարի 31-ին euronews-ը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Եգիպտոսում Իսրայելի նախկին դեսպանը անհանգստություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Մուբարաքը Իսրայելի հետ լավ հարաբերությունների կողմնակից է, իսկ եթե իշխանության գան իսլամիստները, ապա նրանք կարող են չեղյալ համարել 1978-79թթ. Քեմփ-Դևիդյան համաձայնագրերը, բացի այդ ՄԵ-երը և Համասը շատ ջերմ հարաբերություններ ունեն:[120] Նման անհանգստության պատճառներից մեկն էլ այն էր, որ ՄԵ ղեկավարներից մեկը նշված համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին հայտարարություն էր արել, ինչը, ըստ Ռուսաստանի Դաշնության ԱԱՊ նախագահ Եվգենի Պրիմակովի, վկայում է Եղբայրների շրջանում տարբեր ուղղությունների առկայության մասին: Նա նաև նշեց. “ՄԵ-երը շատ կազմակերպված են, սակայն նրանց շարքերում էլ կան թե ծայրահեղականներ, թե չափավորներ, բայց նրանց չի կարելի համեմատել այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպիսին “Ալ-Ղայիդան” է: ՄԵ-երը ունեն մեծ կշիռ երկրում, և հենց այդ պատճառով էլ փոխնախագահ Օմար Սուլեյմանը հանդիպեց նրանց հետ: ՄԵ-երը խոսում են սոցիալական և ընդհանրապես աշխարհիկ խնդիրներից”:[121]

Al-Jazeera-ն փետրվարի 10-ին մի հոդված տեղադրեց պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում էր գրեթե նույնը, որ չի կարելի այս կազմակերպությունը համեմատել որևէ ահաբեկչական խմբավորման հետ, քանի որ նրանք ունեն մեծ հեղինակություն Եգիպտոսում և խոսում են սոցիալական խնդիրների մասին:[122]

“Foreign Policy”-ն փետրվարի 10-ին հրապարակեց “Մի վախեցեք Մուսուլման Եղբայրներից” վերնագրով հոդված, որտեղ բացատրվում էր, որ նախ ՄԵ-երը դա Համասը չի, մյուս կողմից էլ, քանի որ ՄԵ շատ նշանակալից դեր չեն ունեցել հանրահավաքների կազմակերպման գործում և ընդամենը միացել են դրանց, նրանց հեղինակությունը այդքան մեծ չի, որ նրանք կարողանան հաղթել ընտրություններում:[123] Իսկ ահա ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Կարտերը հայտարարեց, որ ՄԵ-երից վախենալու կարքի չկա, եթե նրանք ստեղծեն քաղաքական կուսակցություն, ապա 15% -ից ավել չեն կարողանա հավաքել պառլամենտական ընտրություններում:[124]

Փետրվարի 28-ին ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Ջոն Էսպոզիտոն նշեց, որ եգիպտացիները ցանկանում են ժողովրդավարություն և ոչ թե կրոնապետություն, իսկ իսլամիստները ընդամենը եգիպտական հասարակության մի մասն են կազմում: Նա շեշտեց, որ իսլամիստները չեն ղեկավարում բողոքի ցույցերը և հանդես չեն գալիս որպես առաջնորդներ:[125]

Սակայն կային և հակառակ տեսակետեր ու վերլուծություններ, մասնավորապես ըստ http://www.foxnews.com –ի հրապարակված մի հոդվածի, ՄԵ-երը կարող են հաղթել ցանկացած ընտրություններում, եթե դրանք անցնեն առանց լուրջ խախտումների, քանի որ ըստ 2009թ-ին անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ եգիպտացիների 85%-ը գտնում է, որ իսլամի ազդեցությունը քաղաքականության վրա դրական է, իսկ 84%-ը կողմ է իսլամի հանդեպ վիրավորանքի համար մահապատժին:[126]

Ըստ ամերիկյան Pew Research Center կազմակերպության իրականացրած հարցման արդյունքների եգիպտացիների 62%-ը կողմ է երկրի ամբողջ օրենսդրությունը իսլամիզացնելուն, իսկ 31%-ը աջակցում  է ծայրահեղականներին:[127]

ՄԵ-երը փետրվարի 16-ին կազմակերպած ասուլիսի ժամանակ խոսեցին ԱՄՆ Կոնգրեսում “Ազգային հետախուզության կենտրոնի” տնօրեն Ջեյմս Կլապպերի ելույթի մասին, որտեղ վերջինս հայտարարեց, որ ՄԵ-երը դեմոկրատամետ ուժ են և նույնիսկ քննադատել են ալ-Ղայիդայի վերը նշված հայտարարությունը, նշեցին նաև, որ ըստ WorldPublicOpinion.org –ի եգիպտացիների 69%-ը կարծում է, որ ՄԵ-երը դեմոկրատամետ ուժ են:[128]

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Կլինտոնը 2011թ-ի փետրվարի 24-ին հայտարարեց. “Մենք դեմ չենք լինի, եթե Եղբայրները գան իշխանության Եգիպտոսում, միայն թե դա տեղի ունենա դեմոկրատական միջոցներով”:[129]

Գերմանացի վերլուծաբանները տեսակետ հայտնեցին, որ ՄԵ-երը վերջին տարիներին ենթարկվել են գաղափարական փոփոխությունների, և ժամանակի ընթացքում, պանարաբիզմի և սոցիալիզմի գաղափարների, ինչպես նաև աշխարհիկ քաղաքական դաշտի ճգնաժամի պայմաններում, իսլամը վերածվել է սոցիալական արդարության պայքարի համար ժողովրդական զանգվածներին համախմբող միակ գաղափարը: Բայց, խոսքը չի գնում հասարակարգի հնարավոր փոփոխության մասին: Ըստ նրանց, շուտով արաբական շատ երկրներում կարող են իշխանության գալ կրոնական բնույթ ունեցող ուժեր, սակայն իսլամը կվերածվի ընդամենը հռետորական գործիքի, որի միջոցով նոր իշխանությունները կիրականացնեն իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:[130]

ՌԴ “Մերձավոր արևելքի ինստիտուտի” վերլուծաբան Յու.Շեգլովինը այն կարծիքին է, որ Մուսուլման Եղբայրների հեղինակության հիմքը նրանց սոցիալական ուղղվածությունն է, որից նրանք հրաժարվել չեն կարող, հետևաբար իշխանության գալու դեպքում, ինչը, ըստ նրա, կարող է լինել այլ ուժերի հետ համատեղության սկզբունքով, իսլամիստները ստիպված են լինելու արտասահմանյան ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծել, ինչը ստիպելու է ՄԵ-երին էլ ավելի հրաժարվել իսլամիստական սկզբունքներից:[131]

Այսպիսով, եգիպտական հեղափոխությունը ստիպեց աշխարհի տարբեր երկրներում խոսել Մուսուլման Եղբայրների մասին, այն դեպքում, երբ հեղափոխության կազմակերպման գործում Եղբայրները առանձնապես ներդրում չունեին: Ցույցերի առաջին օրերին հնչում էին շատ տագնապալից կարծիքներ, սակայն եղբայրների հայտարարությունների հետ զուգահեռ միջազգային լրատվամիջոցներում հայտնվեցին ավելի հավասարակշռված, վերլուծական մեկնաբանություններ: Հնչեցին ամենատարբեր, նույնիսկ հակասական տեսակետեր իսլամիստների ապագայի վերաբերյալ, եթե Իսրայելում  անհանգստացած էին, ապա Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Գերմանիայում  գերիշխող էր մնում այն կարծիքը, որ ծայրահեղական ուժ Եգիպտոսում այնուամենայնիվ իշխանության չի գա և եթե դա նույնիսկ լինեն Մուսուլման Եղբայրները, նրանք հնարավորություն չեն ունենա Եգիպտոսը վերածել կրոնապետության, կամ պատերազմ սկսել Իսրայելի դեմ:

- Մերձավոր արևելքի երկրների արձագանքը եգիպտական իրադարձություններին

Եգիպտոսում տեղի ունեցող ցնցումները լայն արձագանք գտան տարածաշրջանի երկրներում: Մասնավորապես Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասդադը ”Wall Street Journal”-ին տված հարցազրույցում նշեց, որ եգիպտական հեղափոխությունը լուրջ ազդեցություն է ունենում տարածաշրջանի երկրների կյանքում, շեշտելով, որ սա լուրջ ազդակ է արաբական երկրներին ռեֆորմներ իրականացնելու համար:[132] Փետրվարի 7-ին Հալեպում Ասադը հյուրընկալեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որի հետ քննարկվեց նաև Եգիպտոսում տիրող իրավիճակը,[133] իսկ փետրվարի 13-ին Ասադը հանդիպեց Իրաքի նախագահ Ջալալ Տալաբանիի հետ, որի հետ կրկին քննարկման թեմաներից մեկը Եգիպտոսն էր:[134] Զգացվում էր, որ Եգիպտոսում տիրող իրավիճակը լուրջ տեղ է զբաղեցնում այս երկրների քաղաքական օրակարգում: Փետրվարի 8-ին Սիրիայի “Ազգային առաջադիմական ճակատի”[135] ղեկավարությունը նախագահ Ասադի գլխավորությամբ քննարկեց Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները` աջակցություն հայտնելով Եգիպտոսի ժողովրդին իրենց ապագան կառուցելու գործում:[136]

Մարտին Սիրիայի նախագահը փորձեց ակտիվ հարաբերություններ հաստատել Եգիպտոսի զինվորական բարձրագույն խորհրդի հետ, որը ղեկավարում է երկիրը հեղափոխությունից հետո: Բաշար ալ-Ասադը մարտի 11-ին նամակ ուղարկեց  զինվորական խորհրդի նախագահ, գեներալ Մուհամմեդ Հուսեյն Թանթաուիին, հույս հայտնելով, երկու երկրների հարաբերությունները նոր, ավելի լավ հարթության վրա կդրվեն: Ի պատասխան այս նամակի, գեներալ Թանթաուիի կարգադրությամբ Դամասկոս այցելեց զինվերական խորհրդի պատվիրակ, գեներալ Մուրադ Մուհամմեդ Մուաֆին, որը հանդիպեց Սիրիայի նախագահի հետ:[137]

Փետրվարի 16-ին Իրանը որոշեց իր ռազմանավերը փորձարարական նպատակներով ուղարկել Սիրիայի ափերի մոտ: Բնականաբար նավերն անցնելու էին Իսրայելի սահմանների մոտակայքով, ինչը վերջիններիս անհանգստություն պատճառեց: Հաջորդ օրը Եգիպտոսի զինվորական բարձրագույն խորհուրդը համաձայնություն տվեց և փետրվարի 18-ին իրանական ռազմանավերն առաջին անգամ 1979թ-ի իսլամական հեղափոխությունից հետո մուտք գործեցին Սուեզի ջրանցք:[138] Իսրայելում սա շատ վատ ընդունեցին, քանի որ այս քայլով Իրանը ցույց տվեց, որ փորձում է օգտվել նոր իրադրությունից և տարածաշրջանում ամրապնդել իր դիրքերը: Ընդհանրապես Իսրայելում շատ մտահոգիչ էին վերաբերում Եգիպտական իրադարձություններին, վախենալով, որ իրենց հետ համերաշխ հարաբերություններ հաստատած Մուբարաքին տապալելով կարող են իշխանության գալ իսլամիստները և կասկածի տակ դնել Քեմբ Դևիդյան համաձայնագրերը:[139] Դրա համար լրացուցիչ հիմք ծառայեց նաև ՄԵ Բյուրոյի անդամներից մեկի վերը նշված հայտարարությունը: Փետրվարի 14-ին Իսրայելի փոխարտգործնախարար Դաննի Այալոնը BBC-ին տված հարցազրույցում մտահոգություն հայտնեց, որ Եգիպտոսի Մուսուլման Եղբայրները համագործակցում են Համասի, Հըզբոլլահի և Իրանի իշխանությունների հետ, հետևաբար իրենց համար ցանկալի չէ նրանց դիրքերի ամրապնդումը:[140]

Այս օրերին աննախադեպ ակտիվություն ցուցաբերեց Թուրքիան: Եգիպտոսի և Թուրքիայի միջև տարածաշրջանում առաջատար դիրքերի համար վերջին տասնամյակներում միշտ էլ մրցակցություն է եղել: Երբ սկսվեցին ժողովրդական ելույթները, Թուրքիան անմիջապես կոչ արեց Եգիպտոսի իշխանություններին զիջումների գնալ, Թուրքիայի ակտիվությունը այդ օրերին նույնիսկ դրդեց Եգիպտոսի արտգործնախարարությանը մեղադրել Թուրքիային Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու մեջ:[141] Մուբարաքի հրաժարականից հետո, նույն օրը, թուրքական կառավարությունը հայտարարություն տարածեց, որ հեղափոխության առաջին օրերից Թուրքիան Եգիպտոսի ժողովրդի կողքին է եղել, սատարել է նրանց: Իսկ արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարեց, որ այս հեղափոխությունը  դրական երևույթ է, այն կտարածվի արաբական այլ երկրներում և կտապալի մի շարք տոտալիտար ռեժիմներ: [142]

Մարտի 3-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելեց Կահիրե, որտեղ հանդիպեց զինվորական բարձրագույն ղեկավարության, մասնավորապես գեներալ Մուհամմեդ Հուսեյն Թանթաուիի հետ: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավարության հետ Գյուլը պայմանավորվեց ստեղծել երկու կոմիտե, մեկը հումանիտար բնույթի, մյուսը տուրիզմի բնագավառում համագործակցելու նպատակով: Հետաքրքիր է Թուրքիայի ուշադրությունը Եգիպտոսի տուրիզմի նկատմամբ, հայտնի է, որ այս ոլորտը չափազանց մեծ նշանակություն ունի Եգիպտոսի տնտեսության համար: Հավանաբար սա Եգիպտոսի տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկում ազդեցություն հաստատելու փորձ էր:

Այցի շրջանակներում Կահիրեում թուրքական դեսպանատանը Գյուլը հանդիպեց նաև ՄԵ ղեկավարների հետ, որտեղ կազմակերպվեց եգիպտական հեղափոխությանը նվիրված միջոցառում:[143] Թուրք նախագահի այս այցը, ըստ ՌԴ “Մերձավոր արևելքի ինստիտուտի” փորձագետ Ի.Ա.Սվիստունովայի, լուծում էր մի քանի խնդիր. նախ, եգիպտացիների շրջանում բարձրացնում էր Թուրքիայի հեղինակությունը, հիմք էր դրվում թուրքական դիրքերը Եգիպտոսում ամրապնդելու համար և փորձ էր արվում Եգիպտոսում և ընդհանրապես արաբական երկրներում կիրառել պետության “թուրքական մոդելը”:[144]

Հայտնի է, որ Թուրքիայում իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցությունը իսլամիստական է, սակայն Թուրքիան թեոկրատական պետություն չէ: Եգիպտական հեղափոխությունից հետո ինչպես Թուրքիայի ղեկավարությունը, այնպես էլ միջազգային հանրությունը սկսեցին խոսել “Թուրքական մոդելը” Եգիպտոսում կիրառելու հնարավորության մասին, հաշվի առնելով Մուսուլման Եղբայրների ազդեցությունը Եգիպտոսի քաղաքական կյանքում և իշխանության գալու նրանց հնարավորությունը: Նման քննարկումների առիթ հանդիսացավ նաև Գյուլի վերը նշված այցը:

The Economist ամսագիրը Թուրքիային նվիրված մի հոդվածում խոսում էր այն մասին, որ այստեղ շատ հաջող միավորվել են իսլամը և ժողովրդավարությունը, և “Արդարություն և զարգացում” կուսակցությունը շատ դեմոկրատական ռեֆորմներ է իրականացրել Թուրքիայում:[145] 2011 թ-ի մարտի 25-ին euronews-ում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ խոսվում էր Ստամբուլում կազմակերպված համաժողովի մասին, որին մասնակցում էին քաղաքագետներ, տնտեսագետներ, լրագրողներ և մուսուլման հոգևորականներ քննարկելու համար արաբական երկրներում կատարվող փոփոխությունները: Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ “Թուրքական մոդելը” ապացուցել է, որ իսլամն ու ժողովրդավարությունը կարող են շատ հաջող միաձուլվել: Իսկ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Տարիկ Ռամադանն ասաց, որ արաբական երկրները կարող են ուսումնասիրել թուրքական փորձը և վերցնել այն, ինչ իրենց պետք է: Թունիսի ընդդիմության ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ այս մոդելը նույնությամբ չի կարող կիրառվել արաբական երկրներում, սակայն թուրքական փորձը շատ կարևոր է իրենց համար:[146]

Today’s Zaman թուրքական թերթը 2011թ-ի փետրվարի 7-ին հրապարակեց “U.S. National War College”-ի դասախոս Օմեր Թաշփինարի հոդվածն այս կապակցությամբ, որտեղ վերջինս խոսում էր Թուրքիայում տասնամյակների ընթացքում քաղաքական իսլամի առկայության մասին, և որ Թուրքիայի իսլամիստները կարողացել են հարմարվել երկրի աշխարհիկ օրենքներին` դառնալով քաղաքական դաշտի ակտիվ մասնակիցներից մեկը, ինչը մոտ ապագայում սպասում է նաև Մուսուլման Եղբայրներին, արդեն եգիպտական քաղաքական պայմաններում:[147]

Իսկ ահա Բեյրութի “Carnegie Middle East Center”-ի տնօրեն Պոլ Սալեմը կոնկրետ առաջարկներ է ներկայացնում “թուրքական մոդելը” Եգիպտոսում կիրառելու համար: Ըստ նրա, նախևառաջ պետք է ստեղծվի ազգային անվտանգության հատուկ կոմիտե, ինչպես Թուրքիայում, որը պետք է կարգավորի իսլամիստների և զինվորականների հարաբերությունները ցանկացած ցնցումների ժամանակ կայունությունն ապահովելու նպատակով: Մյուս առաջարկն էր ստեղծել ժողովրդավարական գործընթացները խթանող պայմաններ, ներդնել ժողովրդավարական ինստիտուտներ: Եվ երրորդը` ստեղծել արտահանման վրա հիմնված տնտեսություն, ինչը Թուրքիայի պարագայում մեծ հաջողություններ բերեց այդ երկրին:[148]

Այսպիսով, Եգիպտական հեղափոխությունը տարածաշրջանի երկրներին ստիպեց մշակել իրենց քաղաքականությունն արդեն նոր պայմաններում, որտեղ մեծ ջանքեր է գործադրում հատկապես Թուրքիան` չթաքցնելով իր համակրանքը Մուսուլման Եղբայրների հանդեպ, միաժամանակ փորձելով ստանձնել խորհրդատուի դեր, հաշվի առնելով Թուրքիայում իսլամիզմի համադրությունը ժողովրդավարության հետ:

 

 

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Այսպիսով, մինչև 2005թ-ը “Մուսուլման Եղբայրները” իսլամիստական ծայրահեղ գաղափարներ կրող արգելված կազմակերպություն էր, որն իր բնույթով չէր համապատասխանում Եգիպտոսում ձևավորված քաղաքական դաշտի պայմաններին, ինչի հետևանքով իսլամիստները դուրս էին մնում երկրի քաղաքական զարգացումներից: Սակայն աստիճանաբար Եղբայրները փորձում են ինտեգրվել քաղաքական դաշտի կանոններին, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, փորձում են իրենց գործողություններն ու գաղափարախոսությունը որոշակիորեն համապատասխանեցնել երկրում գործող քաղաքական դաշտի հնարավորություններին, դառնալ շատ ավելի չափավոր իսլամիստական գաղափարների կրողներ: Այս ներքին փոփոխությունների հետևանքով 2005թ-ի ընտրությունների արդյունքում Եղբայրները կարողացան 88 տեղ զբաղեցնել պառլամենտի Ստորին պալատում: 2011թ-ի հեղափոխությունից հետո Եգիպտոսի քաղաքական դաշտը բոլորովին նոր կանոններով է ձևավորվում, և եթե Մուսուլման Եղբայրները մինչև հեղափոխությունը դեռ փորձում էին որևէ կերպ ինտեգրվել քաղաքական հին դաշտին, ապա այժմ նրանք փորձում են իրենց գաղափարախոսության և ծրագրերի վերափոխման միջոցով դառնալ արդեն նոր դաշտի մի մասը:

ՄԵ-երը վերջին տասնամյակներում անընդհատ ճնշումների են ենթարկվել բոլորի կողմից մերժված և այսօր արդեն տապալված ռեժիմի կողմից, ի տարբերություն մի շարք աշխարհիկ կուսակցությունների, շատ ավելի կազմակերպված ընդդիմադիր ուժ են, այլևս այդքան ծայրահեղական գաղափարներ չունեն, ինչպես նախկինում, նույնիսկ իրենց նոր ստեղծվող կուսակցություն են հրավիրել քրիստոնյաների, կողմ են աշխարհիկ կարգերի պահպանմանը և այլն: Եվ այս ամենը բնակչության ու աղքատության աճի պայմաններում, ինչը   հանգեցրել է եգիպտացիների շրջանում Մուսուլման Եղբայրների հեղինակության աճին:

Եղբայրների հեղինակության չափը բնակչության շրջանում նրանց թույլ է տալիս լուրջ դերակատարում ունենալ Եգիպտոսի քաղաքական ապագա զարգացումներում, սակայն մյուս կողմից ներքին տարաձայնությունները ռեֆորմիստների և պահպանողականների միջև, մինչ այժմ Եգիպտոսի քաղաքական դաշտի մաս չկազմելու և զուտ ընդդիամադիր իսլամիստական կառույց լինելու փաստը վկայում է, որ քաղաքական դաշտի նոր կանոններին համապատասխանելու ուղղությամբ Եղբայրները դեռ լուրջ քայլերի պետք է դիմեն:

 

 

-         Կանխատեսումներ

Նասրի օրոք կար արաբական սոցիալիզմի և որոշակիորեն փոփոխված պանարաբիզմի գաղափարը, ինչի դրսևորումը Միացյալ Արաբական Հանրապետության ստեղծումն էր: Սադաթի ժամանակ կար եգիպտական ազգայնականության, պանարաբիզմին հակասող “տեղական հայրենասիրության”  գաղափարախոսություն, իսկ Մուբարաքի օրոք չկար նման բան, համազգային գաղափարախոսության ճգնաժամ էր, ինչը կա նաև այսօր: Այսինքն նոր գաղափարի կարիք կա, որը կմոբիլիզացնի եգիպտացիներին: Նման գաղափարը չի կարող լինել զուտ իսլամիզմը, քանի որ աստվածապետական կարգերի հաստատման համար ժողովրդական մեծ պահանջարկ Եգիպտոսում չկա: Բայց միաժամանակ չի կարող լինել համազգային գաղափար, առանց իսլամական գործոնը հաշվի առնելու: Եվ առաջանում է  ժողովրդավարական ամուր ինստիտուտներ ստեղծելու կարիք, որպեսզի նոր գաղափարախոսությունը լինի հենց ժողովրդավարությունը, որի միջոցով մի ընտրություններում իշխանության կարող են գալ իսլամիստները, մյուս ընտրություններում աշխարհիկ որևէ կուսակցություն: Իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, երբ ընտրությունների արդյունքում մի իշխանությանը փոխարինած մեկ այլ իշխանության գաղափարական տարբերությունը երկիրը ցնցումների առաջ չկանգնեցնի, այլ շարունակվեն կիսատ մնացած բարեփոխումները անկախ նրանից, թե ով կկազմի կառավարություն:

2001թ-ի սեպտեմբերի 11-ից հետո պարզ դարձավ, որ նույնիսկ ամենամեծ ծավալի ահաբեկչական գործողության արդյունքը իսլամիստներին ոչինչ չի տալիս, ինչը ոչ միայն չափավոր, նույնիսկ որոշ դեպքերում ծայրահեղ իսլամիստների մոտ թերահավատություն առաջացրեց ահաբեկչության հանդեպ: Մյուս կողմից, դիտարկելով Եգիպտական հեղափոխությունը համաշխարհային զարգացումների տեսանկյունից կարել է նշել, որ տոտալիտար ռեժիմներն այլևս ընդունակ չեն գոյատևել: Այսինքն իսլամիստների, ինչպես ծայրահեղ, այնպես էլ չափավոր, նպատակները ստիպված են տեղավորվել նաև միջազգային զարգացումների տրամաբանության մեջ, որտեղ ահաբեկչությունն անիմաստ է, իսկ տոտալիտար ռեժիմներն անհամադրելի ժամանակակից քաղաքական պահանջներին:

Հաշվի առնելով Եղբայրների գործունեության և գաղափարախոսության այս փոփոխությունները, Եգիպտոսում քաղաքական բոլորովին նոր իրավիճակը, որը ստեղծվեց 2011թ-ի հեղափոխությունից հետո, իսլամիստների հեղինակության աճը վերջին տարիներին և համազգային գաղափարախոսության բացակայությունը, կարելի է նշել մոտ ապագայում Եգիպտոսի քաղաքական դաշտում Եղբայրների դիրքերի հնարավոր մի քանի տարբերակ.

1. 2011թ-ի սեպտեմբերին նշանակված պառլամենտական ընտրությունների արդյունքում ՄԵ-երը կարող են գալ իշխանության: ՄԵ-ի հեղինակության հիմքը նրանց սոցիալական ուղղվածությունն է, հետևաբար իշխանության գալու դեպքում նրանք ստիպված են լինելու իրականացնել ծրագրեր այս ոլորտում: Այդ դեպքում նրանք ստիպված են լինելու ավելի մեծ քայլերով գնալ դեպի ժողովրդավարական բարեփոխումներ, ստեղծել համապատասխան ինստիտուտներ, քանի որ հակառակ դեպքում լուրջ ներդրումներ Եգիպտոսում չեն իրականացվի, առանց որի անհնար կլինի սոցիալական ուղղվածությամբ քաղաքականություն իրականացնել: Այսինքն նույնիսկ այդ դեպքում Եգիպտոսում ոչ թե սուննի իսլամական թեոկրատիա կհաստատվի, այլ այն կլինի իսլամական բնույթի աշխարհիկ պետություն, նման Թուրքիային, քանի որ ՄԵ-երի համար քաղաքական դիրքերի ամրապնդումը ուղիղ համեմատական է իսլամիզմից հեռացմանը: Ահա թե ինչով է բացատրվում Հ.Կլինտոնի հայտարարությունն այն մասին, որ իրենք դեմ չեն լինի, եթե ժողովրդավարական ճանապարհով եղբայրներն իշխանության գան:

2. Եգիպտոսում այսօր քաղաքական դաշտի ճգնաժամի պայմաններում, երբ ընդգծված ընդդիմադիր և միաժամանակ աշխարհիկ հեղինակավոր կառույց ձևավորված չէ, ոչ Մուսուլման Եղբայրները, ոչ էլ աշխարհիկ որևէ ուժ չի կարողանա սեպտեմբերի ընտրությունների արդյունքում միանձնյա գալ իշխանության: Այդ դեպքում հնարավոր է ստեղծվի կոալիցիոն կառավարություն, որի ամենածանր խնդիրը կլինի երկիրը փաստացի ղեկավարող զինվորականներին քաղաքական իշխանության հսկողության տակ վերադարձնելը: Նման դեպքում Եղբայրները ակտիվորեն կմիանան այս գործընթացին, ինչպես նաև կնպաստեն երկրում ժողովրդավարական իստիտուտների ձևավորմանը, քանի որ հակառակ դեպքում զինվորականները կրկին կհաստատեն տոտալիտար, աշխարհիկ վարչակարգ, որտեղ Եղբայրները որևէ լուրջ դիրքեր չեն ունենա:

3. Եթե նույնիսկ ընտրությունների արդյունքում Եղբայրները շատ քիչ տեղեր զբաղեցնեն պառլամենտում, ինչը քիչ հավանական ենք համարում, ապա այս դեպքում նույնպես Մուսուլման Եղբայրների քաղաքական օրակարգում լինելու է ժողովրդավարական կարգերի հաստատումը և ամրապնդումը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր, որ նրանք կարողանան հաջողության հասնել արդեն հաջորդ ընտրություններին:

Այսինքն, ցանկացած պարագայում, սեպտեմբերից Մուսուլման Եղբայրները ստիպված են լինելու նախ հրաժարվել պոպուլիստական բնույթի հայտարարություններից, շատ ավելի կոնկրետ խոսել սոցիալական խնդիրներից` առաջարկելով լուծումներ, իրենց դիրքերն ամրապնդելու համար նպաստելու են ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանը: Սա նշանակում է, որ Եղբայրներն ավելի են վերափոխելու իրենց իսլամիստական գաղափարախոսությունը, երկրի ժողովրդավարացման գործընթացներում զգալի ներդրում են ունենալու, այսինքն նոր ձևավորվող քաղաքական դաշտի մի մասն են կազմելու, ինչը նշանակում է, որ վերադարձ ծայրահեղական գաղափարախոսությանն այլևս դժվար է պատկերացնել:

 

Օգտագործած աղբյուրներ.

1.http://www.crisisgroup.org/ 24.http://english.ahram.org.eg/

2. http://www.gumer.info/ 25.http://english.aljazeera.net/

3.http://weekly.ahram.org.eg/ 26.http://www.tpp-inform.ru/

4.http://data.worldbank.org/ 27.http://www.foreignpolicy.com/

5.http://www.eip.gov.eg/ 28.http://edition.cnn.com/

6.http://portal.unesco.org/education/ 29.http://www.foxnews.com/

7.http://www.globalsecurity.org/ 30.http://www.worldmag.com/

8.http://www.noravank.am/ 31.http://www.iimes.ru

9.http://www.scribd.com/ 32.WorldPublicOpinion.org

10.http://www.merip.org/ 33.http://www.almasryalyoum.com

11.http://www.transparency.org/ 34.http://www.d-transition.info/

12.http://www.nixoncenter.org/ 35.http://www.dayan.org/

13.http://www.crisisgroup.org/ 36. http://www.mop.gov.eg/

14.http://news.egypt.com/ 37. https://www.cia.gov/

15.http://www.euronews.net/ 38. http://al-hayat.ru/forum/45-1950-4

16.http://www.ikhwanweb.com/ 39. http://www.tert.am/

17.http://www.reuters.com/ 40. http://www.tuftsgloballeadership.org/

18.http://www.bbc.co.uk/news/ 41. http://i-cias.com/e.o/angl_tr_egyptian.htm

19.http://www.guardian.co.uk/ 42. http://en.wikipedia.org/օգտագործվել են միայն քարտեզներ

20. http://www.dailymail.co.uk/ 43. http://www.arabist.net/blog/

21. http://www.syria-today.com/ 44. http://www.newworldencyclopedia.org/

22. http://www.todayszaman.com/ 45. Hesham al-Awadi “In pursuit of legitimacy,

the Muslim Brothers and Mubarak 1982-2000” 2004թ.

23. http://www.sana.sy/

46. Է.Ա.Աբգարյան “Ислам в политической жизни стран     Современного Ближнего и Среднего Востока” 1986թ.

 

 

[1] Նագիբ Մաֆհուզի “Կահիրեի եռապատման” երկրորդ գրքում` قصر الشوق, երբ դեպքերը տեղի են ունենում 1924-27 թթ. նկարագրվում է, թե ինչ ծանր է տանում տարեց եգիպտացին այն ազդեցությունը, որ թողնում են արևմտյան արժեքները իր երեխաների վրա:

[2] Ջամալ ադ-դին Աֆղանին համարվում է պանիսլամիզմի գաղափարախոսության հիմնադիրը, կոչ էր անում միավորել աշխարհի մուսուլմաններին մեկ երկրի սահմաններում, ռեֆորմի ենթարկել իսլամը` համահունչ դարձնելով ժամանակակից պահանջներին:

[3] “تفسير أَلْقُرآن‎‎‎‎ “ ` “Ղուրանի մեկնաբանության” հեղինակն է, իսլամը ժամանակի հետ համահունչ մեկնաբանելու գաղափարախոս.

[4] Այս պայմանագրի համաձայն Եգիպտոսը անկախություն էր ստանում, սակայն բրիտանական ռազմաքաղաքական ազդեցությունը Եգիպտոսում պահպանվում էր. Տես` այստեղ

http://i-cias.com/e.o/angl_tr_egyptian.htm

[5] Արաբա-իսրայելական պատերազմից հետո Եգիպտոսում մեծ դժգոհություն առաջացավ իշխանությունների հանդեպ, որոնց մաս կազմեցին նաև Մուսուլման Եղբայրները` առաջացնելով հատուկ ծառայությունների անհանգստությունը: Արդյունքում 1949թ-ի փետրվարին սպանվեց Հասան ալ-Բանան:

[6] Հեղափոխության հետևանքով տապալվեց միապետությունը, հաստատվեց հանրապետություն.

[7] Սայիդ Քյութբը Եղբայրներին անդամակցեց 50-ականներին, մի շարք գրքերի հեղինակ է, որոնցում պնդում էր իսլամիստական բնույթի պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

[8] Սադաթը սպանվեց “Եգիպտական իսլամական ջիհադ” “الجهاد الإسلامي المصري‎” ահաբեկչական կազմակերպության կողմից 1981թ-ի հոկտեմբերի 6-ին.

[9] Օսման Ահմադ Օսմանը 1955թ-ին հիմնել է “Արաբ կապալառուներ”` “شركة المقاولون العرب” ընկերությունը,  որը մասնակցել է Ասուանի ջրամբարի շինարարությանը: Ահմադ Օսմանը զբաղվել է նաև քաղաքականությամբ, Սադաթի կառավարության մեջ եղել է քաղաքաշինության նախարար.

[10] Ասյուտը` Եգիպտոսի կենտրոնական հատվածում գտնվող նահանգներից մեկն է, որտեղ միշտ մեծ է եղել  “Մուսուլման Եղբայրների” համակիրների թիվը. Քարտեզն այստեղ` http://en.wikipedia.org/wiki/Asyut_Governorate

[11] Hesham al-Awadi  “In pursuit of legitimacy, the Muslim Brothers and Mubarak 1982-2000”, 2004թ. Էջ.128

[13] Համասը “حركة المقاومة الاسلامية” “Իսլամական դիմադրության շարժում”, անջատվեց ՄԵ-երից պաղեստինյան առաջին իթիֆադայի արդյունքում` 1987թ-ին. Ներկայումս գլխավորում են Գազայի հատվածը.

[16] Է.Ա.Աբգարյան “Ислам в политической жизни стран Современного Ближнего и Среднего Востока” 1986թ. Էջ. 64

[17] Եգիպտոսի պառլամենտը երկպալատ է, ստորինը` مجلس الشعب , վերինը`مجلس الشورى‎, այս մասին մանրամասն տես 2.4.1 ենթամասում.

[21]այդ մասին մանրամասն Եգիպտոսի տնտեսական զարգացման նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ զեկույցում` այստեղ` http://www.mop.gov.eg/PDF/povert_report.pdf էջ75, մաս 3.72:

[22] Հոդվածի հեղինակն է Եգիպտոսի կառավարությանն առընթեր “Ինֆորմացիայի և որոշումների աջակցության կենտրոնի” /Information and Decision Support Centre/ ղեկավար Մագեդ Օսմանը:

[24] Ըստ ԱՄՆ ԿՀՎ տվյալների 2010թ-ին Եգիպտոսի քաղաքային բնակչությունը ընդհանուր բնակչության 43.4%ն էր կազմում` տես այստեղ` https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/eg.html

[26] Սյուզան Մուբարաքը հայտնի է իր հասարակական ակտիվ գործունեությամբ: 1977թ-ին նա հիմնել է “Integrated Care Society” /جمعية الرعاية المتكاملة/ հ/կ-ն, ակտիվորեն զբաղվել է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ, բարեգործությամբ.

[27] 2003թ-ից մինչև տնտեսական գլոբալ ճգնաժամը` 2009թ. Եգիպտոսում նկատվել է տնտեսական աճ. Ցուցանիշները այստեղ`http://www.eip.gov.eg/upload/periodicals/13/2393/English%20-%20Nov%202009.pdf

[30] Ըստ ԱՄՆ ԿՀՎ տվյալների 2010թ-ին Եգիպտոսի բնակչության 32.7%-ը մինչև 14 տարեկան երեխաներն են կազմում, տես այստեղ` https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/eg.html , իսկ ըստ http://www.touregypt.net/cairo/cairostatistics.htm -ի եգիպական ընտանիքի անդամների միջին քանակը 4.4 է:

[31] http://www.d-transition.info/ նույն տեղում

[38] 2004թ-ի մարտի 3-ին ՄԵ բյուրոյի գլխավոր քարտուղար Մահդի Ակեֆը, հարցազրույց տվեց և հայտարարեց, որ երկրի առաջ ծառացած են բազմաթիվ քաղաքական, սոցիալական խնդիրներ, երկիրը տեխնոլոգիական հետընթաց է ապրում, և ընտրություններում հաղթելու դեպքում Եղբայրները նախ լուծելու են այդ խնդիրները. Նշեց նաև, որ պետք է ստանձնել “ժամանակի պատասխանատվությունը”` քայլելով համահունչ ժամանակի հետ /տես այստեղ` http://www.scribd.com/doc/20777715/The-Muslim-Brotherhood-Success-in-the-legislative-Elections-in-Egypt/

[41] Էսսամ ալ-Էրյանը հայտնի էր որպես ակտիվ ռեֆորմիստ ՄԵ-ի կազմում, նա նույնիսկ եղել է “Եգիպտոսի` մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության” հիմնադիրներից մեկը, բազմիցս դատապարտվել է ազատազրկության ընդհատակյա գործունեության համար:

[43] http://www.scribd.com/ նույն տեղում

[46] http://www.scribd.com/ Նույն տեղում

[51] Աշխարհիկ մի շարք կուսակցություններ և 2004թ-ին հիմնված “كفاية” շարժումը ընտրություններից առաջ միավորվում են և համատեղ կարողանում են ստանալ ընդամենը 12 տեղ նորընտիր պառլամենտում.

[55] Այդ մասին տես 2.5.1. մասում.

[56] Միության մեջ մտան տարբեր կուսակցությունների անդամներ, հասարակական գործիչներ, դերասաններ, գրողներ, ռեժիսորներ. միության նախագահն էր ՄԱԳԱՏԵԻ նախկին տնօրեն Մուհամմեդ ալ-Բարադեյը,

[57] Այս և մի շարք այլ հոդվածներ ի վերջո փոփոխության են ենթարկվում, սակայն դա տեղի է ունենում միայն 2011թ-ի մարտի 19-ի հանրաքվեից հետո.

[58] Այս մասին տես 2.3.2. մասում.

[62] Եգիպտոսի պառլամենտի վերին պալատը`مجلس الشورى‎ ստեղծվել է 1979թ-ի համապատասխան հանրաքվեից հետո` 1980թ-ին: Այն բաղկացած է 264  անդամից, 3 տարին մեկ կայանում են պալատի տեղերի կեսի ընտրությունները, 88 տեղ ընտրվում են, ևս 44-ը  նշանակվում նախագահի կողմից: Պալատի իրավասությունների շրջանակում են Եգիպտոսի տարածքային ամբողջականության վերաբերյալ պայմանագրերի քննարկումն ու վավերացումը, սահմանադրության մեկ կամ մի քանի հոդվածների փոփոխության առաջարկ ներկայացնելը և այլն.   /այդ մասին այստեղ` http://news.egypt.com/en/egypt-shura-council-election-2007.html/

[67] http://www.crisisgroup.org/ նույն տեղում

[75] Ըստ` “Transparency international” կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային հ/կ-ի տվյալների կոռուպցիայի ցուցանիշով 180 երկրների շարքում Եգիպտոսը 111-ն է. Աղբյուրն այստեղ` http://www.transparency.org/policy_research/surveys_indices/cpi/2009/cpi_2009_table /25.03.2011թ./

[76] Եգիպտոսի քաղաքականության փոփոխումը Լիբնանի և Հըզբոլլահի հարցում ուսումնասիրել է Ալ-Ահրամ շաբաթաթերթի վերլուծաբան Դինա Էզատը, տես այստեղ` http://weekly.ahram.org.eg/2006/806/re71.htm

[80] Ռաֆահ անցակետը գտնվում է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին, այն Իսրայելը շրջանցող և Գազան արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է. Հ.Մուբարաքի կարգադրությամբ այն փակ է 2007թ-ից` քարտեզները տես http://en.wikipedia.org/wiki/File:Gaza_Strip_map2.svg

[84] http://weekly.ahram.org.eg/ նույն տեղում

[86] Հատկանշական է, որ համանման անվանում ունի Թուրքիայում իշխող կուսակցությունը.

[92] Օգտագործվում էր ավանդական “الإسلام هو الحال”“Լուծումն իսլամն է” կարգախոսը, որի հետ միասին հաճախ կիրառվում էր “معا سنغير” “Միասին կփոխենք” կարգախոսը, պաստառի օրինակն այստեղ` http://www.almasryalyoum.com/en/node/220449

[115] 2011թ-ի ապրիլի 30-ին ՄԵ հայտարարեցին “Ազատություն և արդարություն” կուսակցուևթյան ստեղծման մասին, որը կմասնակցի սեպտեմբերի պառլամենտական ընտրություններին. http://ru.euronews.net/2011/04/30/muslim-brotherhood-prepares-for-egypt-vote/

[117] Անվար Սադաթի սպանության կազմակերպիչները

[135] “Ազգային առաջադիմական ճակատը” Սիրիական մի շարք կուսակցությունների միություն է, ստեղծված Հաֆես Ասադի կողմից 1972թ-ին, որտեղ ղեկավար դիրք է զբաղեցնում “Բաաս” կուսակցությունը: Ճակատը երկրի իշխող քաղաքական ուժն է.

[139] 1978-79 թթ. Եգիպտա-Իսրայելական բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրեր,որով Եգիպտոսը ճանաչում էր Իսրայել պետությունը, սեպարատ հաշտություն էր ստորագրում,փոխարենը ստանում էր Սինայի գրավված մասը:

[144] http://www.iimes.ru/rus/stat/2011/12-03-11c.htm “Թուրքական մոդելը” իսլամի և ժողովրդավարության համադրության օրինակ է: Երկրում իշխում է իսլամիստական կուսակցություն, որը, սակայն, վարում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման քաղաքականություն, ցանկանում է Թուրքիան տեսնել ԵՄ կազմում, զուրկ է իսլամիստական ծայրահեղ գաղափարներից, իր առաջ դնում է աշխարհիկ, սոցիալական խնդիրներ:

 

Orientalia XII. ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Filed under: Arevelk.info — Tags: — Diana.Hovhannisyan @ 10:17 pm June 14, 2011

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ. գ. դոկտոր պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ ընդհանուր խմբագրությամբ լույս է տեսել «Orientalia» շարքի XII հատորը: Սույն համարում զետեղվել են արևելագիտական, մասնավորապես, իրանագիտական, թուրքագիտական, հնդկագիտական, արաբագիտական, ինչպես և հայագիտական 33 հոդված:
Առանձին հեղինակներ անդրադարձել են տարածաշրջանի, այդ թվում և Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքական հարցերին, լուսաբանել Մերձավոր Արևելքում տեղի ունեցած պատմական անցուդարձերը, ներքաղաքական խնդիրները:
Տարբեր հոդվածներում շոշափվել են Ադրբեջանի հանրապետության, Կասպից ծովի և դրա հարակից շրջանների տեղանվանագիտությանը վերաբերող հարցերը՝ պատմա-լեզվաբանական կտրվածքով:
Որոշ հեղինակներ դիտարկել են գրականագիտությանն ու լեզվաբանությանն առնչվող տարբեր խնդիրներ, մասնավորապես, ուսումնասիրվել են հայ-իրանական ընդհանուր գրական արտահայտչամիջոցները, համընդհանուր լեզվամտածողության խնդիրները, ինչպես նաև՝ պարսից դասական գրականության ոճաբանությունը, հետազոտվել են առանձին հեղինակների գրականագիտական ժառանգությունը: Սրանից զատ, քննության են առնվել իրանական բարբառներին վերաբերող խնդիրներ:
Մեկնվել են նաև կրոնագիտական որոշ հարցեր: Հատորն ընդգրկում է ազգագրական հոդվածներ, որոնք վերաբերում են իրանական տարբեր ժողովուրդների շրջանում տարածված ավանդույթներին:
Պարբերականը վաճառքում չկա: Այն կարելի է ձեռք բերել ԵՊՀ Իրանագիտության ամբիոնից, ինչպես նաև՝ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրիլյանների անվան գրադարանից, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանից, Հայաստանի Ազգային գրադարանից:
Հատորի պատասխանատու` Դիանա Հովհաննիսյան

Ստորև ներկայացվել են սույն համարում համաբերված հոդվածների անվանումները.

ՌՈՒԴԻԿ ՅԱՐԱԼՅԱՆ
«ՔՈՒՐԴԻՍՏԱՆ» ԵԶՐՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓ

САРГИС АСАТРЯН
ИРАНСКИЙ АРХАИЗМ В ТОПОНОМИИ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ

ԱՆԻ ՈՍԿԱՆՅԱՆ
ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՄԻՐ ՋԱՎԱԴ ՅԱԽՉԱԼԻ
ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԱՎԱԶԱՆԻ ԽՈՇՈՐ ԳԵՏԵՐԸ
(պատմալեզվաբանական վերլուծություն)

НЕЛЛИ ХАЧАТУРЯН
ИСМАИЛИТЫ АФГАНИСТАНА

ՍԵՅՅԵԴ ՍԱԻԴ ՋԱԼԱԼԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ԲԱՔԻԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱԲԴ ԱԼ ՌԱՍՈՒԼ ԱԶԻՄՅԱՆ
ԲՈՒՇԵՀՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

ՎԱՀԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՍԵՅՅԵԴ ՄԱՀԴԻ ԱՀՄԱԴԻ
ՍԱՐԻԻ ԷԹՆՈՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ

ԱՐՄԱՆ ՎԵՐՄԻՇՅԱՆ
ԴԱՍԱԿԱՆ ԿՐՈՆԻ ՖԵՆՈՄԵՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

АРОРА САНТОШ КУМАРИ
ОСНОВЫ ПЕРЕВОДА ФРАЗЕОЛОГИЧЕСКИХ ЕДИНИЦ НА ХИНДИ

ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

ԴԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ` ԸՍՏ «ՀԱԴԱՅԵՂ ԱՍ-ՍԵՀՐԻ» (ՄԱՍ II)

ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1950-1954 ԹԹ.

ՇԱԲԱՆ ՌՈՍԹԱՄԻ ՍԱՐՈՒՔՈԼԱՅԻ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԻՐԱՆՈՒՄ

ՍԵՅՅԵԴ ՄՈՀՍԵՆ ՆՈՒՐԱՆԻ
ԱՐԴԱՐԱԴԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՊԱՐՍԿԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՄԱՀՎԱՇ ԼՈԹՖԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՏՐՊԱՏԱԿԱՆ ԵՎ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ 1905-1911ԹԹ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ԱԼԻՌԵԶԱ ՆԱԶԻՖ
ԱԿՆԱՐԿ «ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ» ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

ՀՈՋԱԹ ՆԻՔՆԱՖՍ
ԱԼԱՉԻՂ. ԱՐԱՍԲԱՐԱՆԻ ԻԼԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԿՅՈՒԹՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐՆ ՕՍԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐՈՒՄ

ԱՂԻԼ ԹԱՂԱՎԻ
ԼԱԼԵ

ԱԲԲԱՍ ԹԻՄՈՒՐԻ ՍԱՆԳԵՍԱՐԻ
ՎԱՆԴԱ ՀՈՐՄՈԶԴ (ԹԱԲԱՐԻՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

ՌՈՈՒՇԱՆԱՔ ԳՈԼԴՈՒՍԹ
ՇԵՇՏԸ ԵՎ ՁԱՅՆԱՎՈՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՁԳՎԱԾ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱՇՏԻ-ՓԱՍԻԽԱՆԻ ԲԱՐԲԱՌՈՒՄ

ՋԱՎԱԴ ՀԱՂ ՆԱԶԱՐ
ՄԻՐԶԱ ՀԱՍԱՆ ՌԱՇԻԴԻԵ

ՖԱՐԻԲԱ ՌՈՔՆԻ
ԿԱՆԱՆՑ ԿՐԹԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

ՀՈՍԵՅՆ ԱՐԵՖ ՆԻԱ
ՀԱՐԶԱՆԻԻ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

ԷԲՐԱՀԻՄ ՅԱՂՈՒԲԻ
ԻԼԱՄԻ ՎԱԼԻՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ՓՈՇԹԵՔՈՒՀ)

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՈՉԽԱՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՒՄ

مهرداد احمد امير آقايي
مقايسه تطبيقي «هنرهاي تجسمي غرب و نگارگري ايران»

ԱՀՄԱԴ ԲԱՀՐԱՄԻ
ԱՆՎԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԽԹԻԱՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

ՀՈՍԵՅՆ ՌԱԱՅԻ
ՀՅՈՒՍԻՍԻ ՄՈՋԱՀԵԴՆԵՐԻ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԵՋ (Մոհամմադ Ալի շահ Ղաջար)

KAMRAN AHADPOUR
CASPIAN SEA REGION AND NATO

Օրիենտալիա: Հոդվածների ժողովածու, Պրակ 12, «Իրանագիտական կովկասյան կենտրոն» հրատարակչություն, 2011, Երևան, 212 էջ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ XXXII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 7:14 pm June 12, 2011

ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ 2011 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  XXXII ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ:
Մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել զեկուցումների հիմնադրույթները մինչև 6 (վեց) համակարգչային էջ ծավալով` հայերեն կամ ռուսերեն լեզուներով, վերջում ներկայացնել անգլերեն լեզվով ամփոփում, հոդվածի վերնագիրն ու հեղինակի անուն ազգանունը` ռուսերեն և անգլերեն լեզուներով (տառատեսակը` յունիկոդ)` հայերեն -Sylfaen, ռուսերեն – Sylfaen, անգլերեն – Sylfaen, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1,5: Սահմանվում է հետևյալ Page Setup. Paper size-A4, Top, Bottom, Left, Right – 2,5 cm): Պարտադիր պայմաններից են աշխատանքի արդիականությունը, նպատակների, եզրահանգումների նշումը: Նյութը պետք է պատրստվի տեքստային խմբագիր Word-ի միջոցով: Հիմնադրույթները պետք է ընդգրկեն թեմայի ուսումնասիրության հակիրճ պատմությունը և ունենան աղբյուրագիտական համապատասխան հղումներ: Հավանության արժանացած աշխատանքները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի “ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ” ժողովածուի հերթական հատորում: 
Հոդվածների ծանոթագրությունները և նշվող աղբյուրները պետք է զետեղված լինեն հոդվածի յուրաքանչյուր էջի տակ footnote-ով` օգտագործելով AB1 :
Հոդվածները ներկայացնել կրիչով և թղթային տարբերակով, միայն նշված տառատեսակներով (Sylfaen, – հայերեն; Sylfaen – ռուսերեն; Sylfaen – անգլերեն)
Հիմնադրույթները ներկայացնել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը, Երևան, Մարշալ Բաղրամյան 24գ. հասցեով (10-րդ հարկ, ընդունարան), հոդվածին կցել նաև էլեկտրոնային տարբերակը:

ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 5:06 pm June 5, 2011

Արեւելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: Արեւելագիտության առաջին դասախոսը գրականագետ եւ արեւելագետ Գեւորգ Ասատուրն էր, ով 1921 թվականին աշխատանքի է հրավիրվում` որպես վրացերենի եւ Արեւելքի գրականության դասախոս:

1940 թվականի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արեւելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին բացվում է նաեւ Արեւելյան լեզուների եւ գրականության բաժինն իր երկու` իրանական եւ արաբական ճյուղերով:

Ձևականորեն Արաբագիտության ամբիոնի՝ որպես ԵՊՀ գիտաուսումնական ինքնուրույն ստորաբաժանման պատմությունն սկսվում է 1991 թվականից, երբ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ Արաբական և թուրքական բանասիրության և Արևելքի երկրների պատմության ամբիոնների վերակազմավորման արդյունքում ստեղծվեց Արաբագիտության ամբիոն։ Սակայն արաբագիտության արմատները համալսարանում ձգվում են դեպի ավելի վաղ ժամանակներ։

Արաբերենը դասավանդվել է Երևանի համալսարանում նրա հիմնադրման առաջին օրերից, 40-ական թվականներին բանասիրական ֆակուլտետի կազմում ձևավորվել է արևելյան լեզուների ամբիոն, իսկ 1968 թվականից, երբ հիմնվեց արևելագիտության ֆակուլտետը, այդ ամբիոնը բաժանվեց իրանական բանասիրության և արաբական և թուրքական բանասիրության երկու ամբիոնի։

արաբագիտության բնագավառում ակադեմիական ավանդույթների առաջացումը, մասնագիտական կադրային բազայի ձևավորումն ու զարգացումը համալսարանում անվերապահորեն կապված են արաբական և թուրքական բանասիրության ամբիոնի վարիչ, 1977-1993 թթ. արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆ. Մերի Քոչարի անվան հետ։ Այժմ Արաբագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարը բ.գ.թ. Սոնա Տոնիկյանն է:

Այժմ ամբիոնի գիտակրթական գործունեության ոլորտը ներառում է արաբագիտության բոլոր հիմնական ուղղությունները.լեզվաբանությունը, միջնադարյան արաբական մշակույթն ու պատմությունը, իսլամագիտությունը, նոր և նորագույն ժամանակների արաբական գրականությունը, ժամանակակից տարածաշրջանային խնդիրների ուսումնասիրությունը, ինչպես նաև եբրայագիտությունը։

Ամբիոնի շրջանավարտներն աշխատում են գիտահետազոտական, մանկավարժական, դիվանագիտական, հասարակական-քաղաքական գործունեության ասպարեզներում, պետական կառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում։


Արաբագետ անվանի շրջանավարտները

 

  1. Լևոն Տեր-Պետրոսյան՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր
  2. Հրաչյա Գաբուչյան՝ Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի արաբական բանասիրության ամբիոնի բազմամյա վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  3. Արամ Տեր-Ղևոնդյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի արաբագետ-միջնադարագետ (1926-1988)
  4. Արեգ Հովհաննիսյան՝ Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  5. Լևոն Սարգսյան՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  6. Արա Այվազյան՝ Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  7. Արմեն Մելքոնյան՝ Հալեպում (Սիրիա) ՀՀ գլխավոր հյուպատոս, պատմական գիտությունների թեկնածու
  8. Վահան Տեր-Ղևոնդյան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
  9. Շահեն Կարամանուկյան՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (1991-1997), նախարար (1997-2000), պատմական գիտությունների թեկնածու
  10. Դավիթ Հովհաննիսյան՝ Սիրիայում ՀՀ գործերի հավատարմատար (1992-1998), ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հայտնի արաբագետ-իսլամագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա Արևելագիտության ինստիտուտ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 4:41 pm

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971թ., դեռևս, 1958 թ. ստեղծված արևելագիտական սեկտորի հիմքի վրա: Հայաստանում արևելագիտական կենտրոնի ստեղծման գործում մեծ են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Գ. Ներսիսյանի, պրոֆ. Հ.Գ. Ինճիկյանի (սեկտորի ղեկավար 1958-1971թթ.), ինստիտուտի առաջին տնօրեն (1971-1994թթ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ.Խ. Սարգսյանի, 1995-2006թթ. տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն.Հ. Հովհաննիսյանի ծառայությունները: 2006թ.-ից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն է պրոֆեսոր Ռ.Ա. Սաֆրաստյանը:
Արևելագիտության ինստիտուտը ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները և այլն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Աշխարհագրական առումով նման ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր և Միջին Արևելքը և Կովկասը Հայաստանի անմիջական հարևան տարածաշրջանն է, Հայաստանի հին և նոր պատմությունը սերտորեն միահյուսված է ասորեստանցիների, բաբելոնցիների, խեթերի, պարսիկների, բյուզանդացիների, վրացիների, աղվանների, արաբների, քրդերի, թուրքերի և այլ ժողովուրդների պատմությանը: Բացի այդ, արաբական երկրներում, Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Հյուսիսային Կովկասում գոյություն ունեն հայ համայնքներ:
Ինստիտուտն ունի հետևյալ հետազոտական բաժինները` Հին Արևելքի, Քրիստոնյա Արևելքի, Արաբական երկրների, Թուրքիայի, Իրանի, Արևելյան Ասիայի երկրների և Քրդագիտական ուսումնասիրությունների խումբը:
Հին Արևելքի բաժնում ուսումնասիրում են Միջագետքի, Փոքր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի պետութունների պատմությունը, էթնիկական, սոցիալ-տնտեսական, լեզվա-մշակութային, ինչպես նաև հելլենիզմի հարցերը:
Քրիստոնյա Արևելքի բաժնի ուշադրության կենտրոնում է արևելյան քրիստոնյա համայնքների, Վրաստանի միջնադարյան և նոր պատմության, հայ-վրացական և հայ-բյուզանդական հարաբերությունների, Աղվանքի պատմության, կովկասյան էթնոմշակութային աշխարհի, ինչպես նաև արևելյան եկեղեցիների և միջեկեղեցական հարաբերությունների զանազան հարցերի ուսումնասիրությունը:
Արաբական երկրների բաժնում հետազոտվում են Արաբական Արևելքի երկրների (Եգիպտոս, Սիրիա, Իրաք, Լիբանան և այլն) միջնադարյան, նոր և նորագույն պատմության, ազգային–ազատագրական շարժումների, գաղութային տիրապետության վերացման և արաբական երկրների անկախության նվաճման, միջազգային և միջարաբական հարաբերությունների, իսլամի և գաղափարախոսության տարատեսակ պրոբլեմներ:
Թուրքիայի բաժնում ուսումնասիրվում են Օսմանյան կայսրության և Թուրքիայի քաղաքական պատմությունը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավական վիճակը, Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը, Մեծ տերությունների քաղաքականությունը, ժամանակակից Թուրքիայի զարգացման առանձնահատկությունները, օսմանիզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի հարցերը:
Իրանի բաժնում` պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, ագրարային հարաբերությունների և իսլամական հեղափոխության արդիական խնդիրների հետ միասին, մշակվում են նաև պարսկական դասական և ժամանակակից գրականության տարաբնույթ հարցեր:
Արևելյան Ասիայի երկրների բաժնում ուսումնասիրվում են Չինաստանի, Ճապոնիայի արդի պատմության խնդիրները, արտաքին քաղաքական միտումները, այդ երկրների տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում, ինչպես նաև նշյալ երկրների վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Քրդագիտական ուսումնասիրությունների խմբի թեմատիկայում մեծ տեղ է գրավում բանասիրության` լեզվի, գրականության և բանահյուսության ուսումնասիրությունը: Զուգահեռաբար հետազոտվում են քուրդ ժողովրդի պատմության հարցերը, մասնավորապես քրդերը Հայաստանում և նրանց հոգևոր-մշակութային զարթոնքը, հայ-քրդական հարաբերությունները, ինչպես նաև քրդական խնդիրն այսօր (Իրաք, Թուրքիա, Իրան):
Վերոհիշյալ խնդիրների հետ միասին ինստիտուտում աշխատանք է կատարվում արևելյան աղբյուրների ուսումնասիրության ուղղությամբ, մասնավորապես, արաբական, թուրքական, պարսկական և վրացական աղբյուրները հայերի և Հայաստանի մասին և հայկական աղբյուրները արևելյան ժողովուրդների մասին: Ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքներում որոշակի տեղ ունի նաև մերձավորարևելյան երկրների և Կովկասի հայ համայնքների պատմության և սոցիալ-տնտեսական վիճակի, այդ երկրներում նրանց քաղաքական և տնտեսական դերի, ինչպես նաև հարևան երկրների հետ հայ ժողովրդի պատմա-մշակութային դարավոր հարաբերությունների լուսաբանությունը: Նշված ուղղությունների գծով Արևելագիտության ինստիտուտի գիտնականները հրատարակել են բազմաթիվ մենագրական ուսումնասիրություններ, ժողովածուներ և հոդվածներ: Դրանց զգալի մասը, հայերենից բացի, հրատարակվել է ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն և այլ լեզուներով` Ռուսաստանում, Իրաքում, Քուվեյթում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:
Ինստիտուտի հրատարակությունների ցանկում են` «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Մերձավոր Արևելք», «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ», «Արամազդ» ( ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ), «Արևելաասիական ուսումնասիրություններ» «Կովկաս և Բյուզանդիա», «Հին Արևելք» , «Արևելյան աղբյուրագիտություն» մատենաշարերը:
Իստիտուտը պատրաստում է գիտական կադրեր ասպիրանտուրայի և մագիստրատուրայի միջոցով:
Ինստիտուտում գործում է դոկտորի գիտական աստիճան շնորհող գիտական խորհուրդ` համաշխարհային պատմություն, աղբյուրագիտություն և պատմագրություն մասնագիտությունների գծով:
Ինստիտուտում աշխատում են բարձրորակ մասնագետներ, որոնց ճնշող մեծամասնությունն ունի գիտական աստիճան:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը գիտական լայն կապեր ունի արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր գիտական կենտրոնների հետ` մասնագետների, գրականության և ինֆորմացիայի փոխանակություն, դասախոսություններ, կադրերի պատրաստում, ատենախոսությունների պաշտպանություն և այլն:
Ինստիտուտը համագործակցել է և շարունակում է գիտական աշխատանք կատարել Ենայի, Տրիրի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Կոպենհագենի (Դանիա), Մերիլանդի (ԱՄՆ), Էկոլ դը Ֆրանս, Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանների, Դամասկոսի մերձավորարևելյան ֆրանսիական ինստիտուտի (Սիրիա), Չանդիգարհի ինստիտուտի, Դելիի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Հնդկաստան) և Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ:
Ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների (Ամստերդամ, Լեյդեն, Հայդելբերգ, Ֆրանկֆուրտ, Փարիզ, Լոնդոն, Նյու-Յորք, Բեռլին, Մյունստեր, Թեհրան, Բեյրութ, Բաղդադ, Կահիրե, Բերքլի, Լոս-Անջելես, Վաշինգտոն և այլն), այդ թվում և արևելագիտական համաշխարհային կոնգրեսներին (Մոսկվա, Փարիզ, Անկարա, Համբուրգ, Մոնրեալ և այլն): Ինստիտուտի նախաձեռնությամբ մի շարք գիտաժողովներ են հրավիրվել Երևանում, ինչպես «Էյրենե»-ի, արաբագետների համամիութենական 3-րդ (1969) և 4-րդ (1985), թուրքագիտական և Քրիստոնյա Արևելքին, Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին (2008) նվիրված կոնֆերանսներ և այլն:
Ինստիտուտում գործում է արևելագիտական մասնագիտացված գրադարան, որը պարունակում է շուրջ 60 հազար միավոր գրականություն` փաստաթղթերի ժողովածուներ, մենագրական ուսումնասիրություններ, հոդվածների ժողովածուներ, գիտական պարբերականներ, օրաթերթեր և այլն, հայերեն, ռուսերեն, վրացերեն, արաբերեն, թուրքերեն, օսմաներեն, պարսկերեն, եբրայերեն, քրդերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով:

Աղբյուր՝ Արևելագիտության ինստիտուտի պաշտոնական կայք

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 10:41 am May 27, 2011

Հայաստանի Գերմանականան համալսարանում (Երևան, Այգեձորի  47/3) մայիսի 30-ից հունիսի 4-ը  տեղի կունենա «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ»
մեկշաբաթյան սեմինար:

Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անցկացվել է 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում:

Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։ Ավանդական տեքստերի ընթերցումը, բանավեճ-քննարկումները և ֆիլմի դիտումը հնարավորություն կտան միևնույն համատեքստում ընկալել ավանդականությունն ու արդիական խնդիրները:
Աշխատանքային լեզուն՝ գերմաներեն/անգլերեն՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ:

Սեմինարի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիյայի ինստիտուտը և զիմմիները

Filed under: Arevelk.info — Tags: — @ 8:44 pm May 19, 2011

Արաբական նվաճումների արդյունքում Արաբական խալիֆայության տակ ընկան մի շարք ոչ մուսուլման ժողովուրդներ։ Դեռևս Մուհամմադ մարգարեի օրոք ձևավորվեց اهل الذمة-ն։ Երբ Մուհամմադ մարգարեն, լքելով Մեքքան, շարժվեց դեպի Մադինա, այստեղ բնակվում էին մի շարք հրեա ընտանիքներ։ Սկզբնական շրջանում մարգարեի և նրանց միջև տարաձայնություններ չկային, սակայն այդ հաշտ վիճակը երկար չտևեց։ Հրեաները և քրիստոնյանդերը, լավ իմանալով Հին կտակարանի պատմությունները, շատ հաճախ ծաղրում էին մարգարեին, նրա առաքելությունը։ Սակայն իսլամի տարածման հետևանքով այդ նույն այլադավանները հայտնվեցին իսլամի տիրապետության տակ։ Եվ հրեաների, քրիստոնյաների հարաբերությունները մուսուլմանների հետ գնալով թշնամական բնույթ էին կրում.

يَا أَيُّهَا الَّذِينَ آمَنُواْ لاَ تَتَّخِذُواْ الْيَهُودَ وَالنَّصَارَى أَوْلِيَاء بَعْضُهُمْ أَوْلِيَاء بَعْضٍ وَمَن يَتَوَلَّهُم مِّنكُمْ فَإِنَّهُ مِنْهُمْ إِنَّ اللّهَ لاَ يَهْدِي الْقَوْمَ الظَّالِمِينَ ﴿۵-۵۱

Ո՛վ,  դո՛ւք, որ հավատացիք, հրեաների և քրիստոնյաների հետ մի՛ ընկերացեք, նրանք ընկերներ են միմյանց։ Եվ եթե ձեզանից մեկը ընկերանա նրանց հետ, ապա ինքը ևս նրանցից է։ Հիրավի Ալլահը չի ընդունում մոլորյալներին։ ﴾5-51﴿

Ոչ մուսուլմանների ապրելակերպը դար ալ-իսլամում կանոնակարգվում էր աման, ահդ, և սուլի պայմանագրերի միջոցով[1]։ Այս պարագայում մեզ հետաքրքրում է ահդ[2] պայմանագրի երկու տեսակներից մեկը` ահդ ազ-զիմման, որը հնազանդության և պաշտպանության մասին դաշինք էր։ Զիմմիների համար սահմանված էին մի շարք պարտադիր և ոչ պարտադիր պայմաններ, որոնցից էին` չպարսավել Ղուրանը, չվատաբանել մուսուլմանական կրոնը (պարտադիր), հագուստի վրա տարբերակիչ նշան ունենալ, մուսուլմանների տներից ցածր տներ կռուցել (ոչ պարտադիր) և այլն։

Զիմմիների իրավունքները շատ սահմանափակ էին. Օրինակ, երբ հանցագործը մուսուլման էր, իսկ տուժողը զիմմի, ապա պատիժը բավականին մեղմացվում էր, սակայն երբ զիմմիի ձեռքով մուսուլման էր սպանվում, ապա նա մահապատժի էր ենթարկվում, անգամ եթե դա ինքնապաշտպանություն էր եղել։

Արաբական արշավանքների սկզբին, երբ արաբական նվաճող մասը փոքր տարր էր կազմում նվաճված երկրների մեջ, այլ կրոնների հանդեպ կար հանդուրժողականություն, սակայն արաբա-մուսուլմանական տարրի հզորացումը մեզ այլ պատկերի առաջ է կանգնեցնում։ Այս այլադավան ժողովուրդները մի շարք իրավունքներից զրկվում են։

Զիմմիների համար արյան  փոխհատուցման` դիյայի կարգերը ևս տարբերվում էին մուսուլմանների համար գործող պայմաններից։ Մազհաբնեերը  սակայն միակարծիք չեն այս հարցի շուրջ։ Աբու Հանիֆայի և Իբն Հանբալի մազհաբների համաձայն` զիմմիի արյան դիմաց վճարվող դիյան հավասար է մուսուլմանի համար վճարվող դիյային[3]։ Ի տարբերություն նրանց` Մալիք իբն Անասը ձևակերպում է այլ սկզբունք. «եթե սպանվի հրեա կամ քրիստոնյա, ապա նրանց արյան համար վճարվող գումարը պետք է կազմի ազատ մուսուլմանի դիյայի կեսին»։ Իսկ ինչ վերաբերում է Աշ-Շաֆիի հետևորդներին, ապա նրանք առաջարկում են զիմմիի արյան համար վճարել ազատ մուսուլմանի դիյայի 1/3-ը[4]։

Սակայն պետք է նաև նշել, որ անմեղ հրեայի կամ քրիստոնյայի սպանությունը չէր խրախուսվում։ Եվ Սահիհ Բուխարին վկայակոչել է մի հադիս, որտեղ մարգարեն ասում է. «նա, ով կսպանի դաշինքի մեջ գտնվողին, չի ըմբոշխնի դրախտի բույրը»[5]։ Սակայն եթե զիմմին հրաժարվում էր վճարել գլխահարկը ապա նրան կարող էին սպանել։

قَاتِلُواْ الَّذِينَ لاَ يُؤْمِنُونَ بِاللّهِ وَلاَ بِالْيَوْمِ الآخِرِ وَلاَ يُحَرِّمُونَ مَا حَرَّمَ اللّهُ وَرَسُولُهُ وَلاَ يَدِينُونَ دِينَ الْحَقِّ مِنَ الَّذِينَ أُوتُواْ الْكِتَابَ حَتَّى يُعْطُواْ الْجِزْيَةَ عَن يَدٍ وَهُمْ صَاغِرُونَ ﴿٩-۲٩

Պայքարե՛ք Գրքի ժողովուրդներից նրանց դեմ, ովքեր չեն հավատում Ալլահին ու Դատաստանի օրվան  և չեն արգելում այն, ինչ արգելեց Ալլահն ու իր առաքյալը, չեն դավանում ճշմարիտ կրոնը, մինչև որ նրանք նվաստ վիճակում իրենց իսկ ձեռքով կվճարեն ջիզիան։ 9-29﴿

Ահա այն պայմանները, որոնք սահմանվել էին դիյա ինստիտուտի վերաբերյալ, երբ կողմերից մեկը զիմմի էր։

 


[1] Հ. Քոչարյան., Ումմայի կարգավիճակն ու բնորոշումը Ղուրանում և վաղ իսլամական սկզբնաղբյուրներում., Ատենախոսություն., Երևան 2005:

[2] Ահդ պայմանագիրը ուներ երկու տեսակ` ահդ ազ-զիմմա և ահդ ալ-վալլա։

[3] احمد بن حنبل, مسند , مجلد ۲, ص ۱۴۹.

[4] Мец А., Мусульманский Ренессанс., Москва., Наука., 1996., стр. 55.

[5] صحيح البخاري , مجلد ۲,ص. ۲۰۲.

 

“Պատառիկներ շիրակյան բանահյուսությունից” շարքից | “Շիրակյան մանիներ”

Filed under: Arevelk.info — Tags: — @ 9:21 pm May 15, 2011

պատմեց`Մաքրուն Հակոբյանը (Սարատակցի* Ամալ տատը, 87 տարեկան )
գրի առավ` Ահարոն Վարտանեանը

Վարդի թերով է թուշդ,
Նռի կողով` պռոշդ,
Ընձի վառեց ու թողեց,
Սիպտակ ու փափուկ դոշդ:

Ելել եմ Գյալանղայեն*
Քաղել եմ դաստով լալեն,
Ինչ էնեմ դաստով լալել,
Խորունկ է սրտիս յարեն:

Գյալանղայի արևը
Ում հետ ղրգեմ բարևը,
Բարև տանող տղա
Կանաչի քո արևը:

Երգան գոմը սալած է,
Ղըռ ձին մեջը նալած է,
Ղըռ ձին նալն ինչ կենէ,
Սիրունը խալն ինչ կենէ:

Մեռա բաղը գնալեն,
Ջրերի հետ խաղալեն,
Ծառներին թուփ չմնաց
Դարդիս դարման էնելեն:

Գիշերը երազ տեսա,
Արտերը վարած տեսա,
Ամո՛թ քեզի, ա՛յ տղա,
Քու յարին տարած տեսա:

Սարը բուսնել է սոգոն,
Նանս թխել է բոքոն,
Աղջի շամամ ծծերդ
Գըլմանին վարդի կոկոն:

Քարփի ծերից ճվաց`
Քուր ջան, ու՞րդեղդ ցավաց,
Սիպտակ դոշլուիկիդ տըգեն,
Շամամ ծծերդ էրևաց:

Գութանը հոլա՜-հոլա՜,
Գութանի տակը` ցոլա
Թող ցոլա հավասարին,
Շատ բարև նազլի յարին:

Բաղըմ ունիմ ծառներով,
Մեջը լիքը գառներով,
Գառներս մատաղ կենեմ,
Սիրած յարիս ձեռքերով:

Ջուրն էկավ արփի՜ն-արփի՜ն`
Դարձրեցին էն քարփին,
Քուրը մեռնի էն ախպոր`

Հա՛մ գլավնի, հա՛մ դարբին:
Ախպեր բաղըդ անուշ է,
Բաղիդ միջինը եմիշ է,
Ախպեր, խաթըրդ չմնամ,
Յարըս քեզնեն անուշ է:

Բախչում ցանեցի համեմ,
Սիրտս սրտիդ մեջ քամեմ.
Բլբուլ դառնամ սրտումդ
Կուշտըմ անուշ ջուր խմեմ:

*Սարատակը (Իմրխան) գտնվում է Շիրակի մարզում, նախկին Արթիկի շրջանում:
Փոքրիկ մի գյուղ է, մոտավորապես 500-600 ծխով, գտնվում է Իշխանասար կոչվող սարի ստորոտում (Այստեղից էլ` Սարատակ անունը),Գյումրիից Արթիկ տանող ճանապարհի միջնամասում: Հիմնադրվել է 1828 թվականին, ռուս-թուրքական պատերազմից հետո: Տեղի բնակչությունը գաղթել է Արևմտյան Հայաստանի, Բասեն գավառի, Քոլփուքե(ա)նդ կամ Քյորթուքոյ Korpuqöy (Կամրջադեղ) գյուղից (հիմնականում): Բարբառը պատկանում է “կը” ճյուղին: Կազմում է Կարնո բարբառի մի մասը:

*Գյալանղ(կ)այեն (Հարսնաժայռ) (թուրքերեն` Gelin-հարս kaya-ժայռ բառերից է կազմված) փորքիր մի լեռնային գյուղ է, գտնվում է Շիրակի մարզում `Ջրառատ գյուղի մոտակայքում:
Ժամանակին եղել է Սարատակ գյուղի ամառանոցը: Ինչպես հայտնի է, Սովետական իշխանության տարիներին, գյուղերում անասուններին ամռանը տանում էին տարբեր արոտավայրեր` յայլաներ, ահա այդ յայլաներից մեկն էլ եղել է Գյալանղայեն

ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 1:04 am May 14, 2011

ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Յուրաքանչյուր բնագավառի հաջողության գրավականներից է այնպիսի ենթակառուցվածքներ ունենալը, որոնք կարող են պատշաճ կերպով հանրությանը ներկայացնել տվյալ ոլորտի առանձնահատկությունները, պատմությունը, մշակույթը, նվաճումները, հետագա պլանները և այլն`կախված տվյալ ենթակառուցվածքի ուղվածությունից: Այդպիսի մեծ նշանակություն ունեն տարբեր հանդեսները և ամսագրերը: Արևելքը, ունենալով հարուստ պատմություն, յուրօրինակ մշակութային արժեքներ, ինչպես նաև բարքեր և սովորույթներ, ոնի իր ուրույն տեղը նշանավոր հանդեսների էջերին: Գոյություն ունեն այնպիսի հանդես- ամսագրեր, որորնք նվիրված են միայն Արևելքին ու արևելքցիներին:Այդպիսիններից առավել հուշագրավ են հետևյալները.

DER ISLAM- այս հանդեսը հիմնադրվել է 1910թ.Կառլ Հենրիխ Բեքերի կողմից: Այս հանդեսը լույս է տեսնում գերմանական Walter de Gruyter հրատարակչությունում: Մինչև 2009թ-ը լույս է տեսել ամսագրի 85 համար, որոնցից յուրաքանչյուրի ծավալը 338 էջ է: Արևելագիտական այս հանդեսը նվիրված է Իսլամական գիտությունների հիմնադրմանն ու զարգացմանը, արևելյան պատմական և մշակութային հետազոտություններին: Ներկայացված են բավականին հետաքրքիր հոդվածներ Ղուրանի մասին, ինչպես նաև վիճաբանություններ բառերի գրության վերաբերյալ. օրինակ`hama բայի նշանակության մասին, որն ըստ Ռիչարդ Բելլի նշ. Է ուժեղ սիրահարված լինել: Ամսագրի հոդվածներից մեկում համեմատություն է անցկացվում Ղուրանի 8-րդ և 12-րդ դարերի մեկնման միջև: Ամսագիրը տպագրվում է գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Der Islam-ի գլխավոր խմբագիրը Ի.Կոնրադն է: Սա նպատակ ունի ներկայացնել միանման նպատակները, գիտական- քննադատական ֆորումներ, ինչպես նաև իսլամական աշխարհի հին և ժամանակակից օրերի պատմությունը և մշակույթը:Սույն արևելագիտական հանդեսը քաջալերում է հեռանկարների արտահայտումը, մտքերի զարգացումը և աշխարհի ճանաչումը:

e-mail:der_islam@uni-hamburg.de

 

INDO- IRANIAN- լույս է տեսնում Brill Academic Publishers[1] հրատարակչությունում, Հ. Թ Բեքերի կողմից,իսկ նախկինում հրատարակվում էր Springer-ում: Ջոնաթան Միլքի կողմից 1957 թ-ին հիմնադրվելով, սույն հանդեսը ներկայցնում է հնագույն և միջնադարյան հնդկական լեզուները, գրականությունը, փիլիսոփայությունը և կրոնը, ինչպես նաև հին և միջնադարյան Իրանը` իր ողջ պատմությամբ ու բարքեր- սովորույթներով: ՈՒշադրություն է հատկացվում նաև Տիբեթյան մշակույթին: Առանձին բաժիններ հատկացված է նաև հատուկ լեզվաբանական հոդվածներին, որոնք հիմնականում վերաբերում են սանսկրիտին, միջին և նոր հնդկական լեզուներին կամ բարբառներին, դրավիդյան լեզուներին և այլն:Կարելի է գտնել նաև հսկայական անդրադարձներով ժամանակակից հրապարակումներ:

E-mail: J.q.silk.indoiranianjournal@gmail.com

JOURNAL ASIATIQUE-Հիմնադրվել է1822թ- ի ապրիլի 1- ին, Փարիզում և համարվում է ամենահին արևելագիտական հանդեսներից մեկը, որն այժմ լույս է տեսնում Peeters Publishers հայտնի հրատարակչությունում: Նախկինում անվանումը այլ էր`Sosiete Asiatique: Գլխավոր խմբագիրը Գ.Կոլասն է: Հիմնադրման օրից թողարկվել է 298 համար, որոնք հիմնականում ֆրանսերեն են, գերմաներեն հոդվածներ չեն տպագրվում: Տարեկան լույս է տեսնում 2 համար, իսկ 1965-1983թթ- ների ընթացքում լույս է տեսել տարեկան 4 համար:

Սա փարիզյան ամենահին արևելագիտական հանդեսն է և հանդիսանում է Փարիզում ասիական հասարակության պաշտոնական հանդեսը: Հրատարակվում են նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն հոդվածներ: Գիտական աստիճան ստանալուց սկսած` սույն հանդեսը ծառայել է բարձրաստիճան գիտական հոդվածների ներկայացմանը, նոր և հին գիտական աշխատանքների և դրանց արդյունքների ցուցադրմանը: Սկզբնապես նվիրված լինելով արևելյան փիլիսոփայությանը, այն կազմում է Միջին Արրևելքից Ճապոնիա ընկած տարածքի և   հասարակական գիտությունների ընդհանուր գաղափարը:

Հասցե` Ֆրանսիա, Փարիզ, Մազարին փ, 75006

Հեռ-ս`   0033 144 27 18 13

0033 144 27 18 18

E- mail: www.aibl.fr/GreatBritain/Asia.html

 

BSOAS-ամբողջական անվանումն է Bulletin of the School of oriental and african studies: Հիմնադրվել է 1917թ- ին, այժմ հրատարակվում է Cambridge University Press-ում: Հոդվածները անգլերեն են և չեն գերազանցում 12.000 բառը: BSOAS-ը ուսումնասիրում է Ասիայի, Աֆրիկայի, Միջին և Մերձավոր Արևելքի լեզուները, մշակույթն ու պատմությունը: Գլխավոր խմբագիրներն են` Քոնրադ Հիրշլերը և Ուլրիչ Փագելը:

STUDIA IRANICA- հիմնադրվելէ 1971թ- ին, այժմ լույս է տեսնում Փարիզում, Peeters Publishers հրատարակչությունում, հիմնադրման օրից լույս է տեսել 39 համար: Համարվում է հումանիտար հանդես: Հիմանականում տեղ են գտնում զուտ իրանական դրվագներ, որոնք իրանական բարբառների, Իրանում իսլամի տարածման, զրադաշտականության, ինչպես նաև իրանի նահանգների պատմության մասին են: Դրանք ընդգրկում են բավական լայն ժամանակաշրջանի պատմություն` սկսած նախապատմական շրջաններից մինչև մեր օրերը` համեմատություն անցկացնելով նախկինի և գոյություն ունեցողի միջև: Մասնավորապես պատմվում է Սասանյանների և այլ կարևոր ժամանակաշրջանների մասին, հետաքրքիր են հատկապես Զրադաշտի ծննդյան թվականի մասին հոդվածները: Հանդեսը մեծ համբավ ունի առաջին հերթին իրանագիտության մեջ:

Հասցե` Իրանագիտության ինստիտուտ, Իրանագիտության բարելավման ասոցիացիա

Fax-       0033 145 87 41 70

E- mail: www.studia@ivry.cnrs.fr

STUDIA ISLAMICA-հիմնադրվել է 1953թ-ին Փարիզում` Ռոբերտ Բրունշվիգի և Ջոզեֆ Շախտի կողմից: Ամսագրի ստեղծման թվականից կարելի է ենթադրել, որ այն հիմնադրվել է, որպեսզի ֆրանսիացիներն ավելի լավ հասկանան ալժիրցիներին, նրանց սովորույթներն ու կրոնը, քանի որ այդ ժամանակ Ալժիրը Ֆրանսիայի գաղութն էր: Սույն հանդեսն այժմ լույս է տեսնում Brill Publishers –ում: Խմբագրական կազմի մեջ մտնում են այնպիսի արևելագետներ, ինչպիսիք են Ռ. Բրունսչվիգը, Ժոզեֆ Սչաֆթը, Ա. Լ. ՈՒդովիչը և այլք: Հանդեսը լույս է տեսնում անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով: Ամսագիրը ուսումնասիրում է Հարավարևմտյան Ասիայի և Միջերկրական ծովի շրջակայքի  իսլամական շրջանները և ավել շատ հետաքրքրվում է հին ժամանակների իսլամի պատմությամբ, քան ժամանակակից իսլամով: Հոդվածները աստվածաբանական են, ինչպես օրինակ Շարթի «Նոր աղբյուրներ Մուհամեդի կրոնի համար» հոդվածը կամ Ստյուարտի «Շիականությունը Միջնադարյան Եգիպտոսում» աշխատանքը:

 

INTERNATIONAL JOURNAL OF MIDDLE EASTERN STUDIES-կապված է Նյու Յորքի համալսարանի ավարտական կենտրոնի հետ: Գլխավոր խմագիրը Բեթ Բարոնն է, որը Ն. Յորքի քոլեջում, համալսարանում և ավարտական կենտրոնում պատմության պրոֆեսոր է: Ներկայացնում է 7-րդ դարից մինչև մեր օրերի մուսուլմանական աշխարհի կյանքն ու պատմությունը, օրենքները, աստվածաբանական և էկոնոմիկական հարցերը: Ներառում է հոդվածներ նախկին ԽՍՀՄ- ի տարածքների, Եվրոպայի և Աֆրիկայի որոշ մասերի վերաբերյալ, որոնք կապված են Մերձավոր Արևելքի հետ: Սույն հանդեսում յուրաքանչյուր հիմնահարց ներառում է շուրջ 50 էջ:

BRITISH JOURNAL OF MIDDLE EASTERN STUDIES-հիմնադրվել է 1974 թ-ին, որպես BRISMES BULLETIN, այժմյան անվանումը կրում է 1991թ- ից և հրատարակվում է Routledg[2]- ում: Հիմնական նպատակը ժամանակակից հասարակական գիտությունների և ավելի ավանդական կարգերի ցուցադրումն է: Հիշյալ արևելագիտական հանդեսը լուսաբանում է պատմական, աշխարհագրական, քաղաքական, էկոնոմիկական հարցեր` կապված Միջին Արևելքի հետ:

IRANIAN STUDIES- Սույն հանդեսը հիմնադրվել է 1967թ-ին, այժմ լույս է տեսնում Routledg-ում`International society for Iranian studies կենտրոնի շնորհիվ` ըարեկան 5 հրատարակմամբ: Նվիրված է իրանական, գրականությանը, պատմությանը, հասարակությանը: Ներառում է թեմաներ, որոնք ծանոթացնում են իրանական ժառանգությունը, հատկապես Աֆղանստանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Հյուսիսային Հնդկաստանի հոգևոր և նյութական արժեքները:

ORINENSE-տպագրում է հայտնի Brill Publishers-ը: Սկսել է տպագրվել 1948թ-ից, հիմնադիրը Հելմուտ Ռիթերն է: Ամսգիրը թողարկում է հոդվածներ լեզվի, գրականության, քաղաքականության մասին ու ինտելեկտուալ պատմություններ: Բայց հիմնական շեշտը դրված է փիլիսոփայության և գիտական հետազոտությունների մասին հոդվածների վրա: Գլխավոր խմբագիրներն են Շելհեյմը և Էնդրեսը:

IRAN AND CAUCASUS-հիմնադրվել է 1995թ-ին Գառնիկ Ասատրյանի գլխավուրությամբ, Brill Publishers հրատարակչությունում` տարեկան 2 անգամ, գերմաներենով, անգլերենով և ֆրանսերենով: Բարձրացնում է կարևոր հիմնահարցեր, ներկայացնում է հին և նորարարական գիտական աշխատանքներ: Հրապարակում է տարածաշրջանի հնագիտության, մշակույթի, Էկոնոմիկայի, ֆոլկլորի, ժողովրդական բանահյուսության, քաղաքականության և հասարակական գիտությունների վերաբերյալ աշխատանքներ կամ տեղեկություններ: Խմբագրական կազմում աշխատում են հայտնի արևելագետներ նաև ԱՄՆ- ից և Եվրոպայից: Հովանավորվում է Հայաստանում` Իրանական գիտությունների կովկասյան կենտրոնի կողմից, որի հասցեն է` ՀՀ, Երևան, Խորենացի 26:

E-mail: www.brill.nl/ic

ZDMG-հիմնադրվել է 1847թ-ին, օգոստոսի 9-ին Լայպցիգ քազաքում` Zeitchrift der Deutchen Morgenlandischen Gesellschaft_ի կողմից, հրատարակվում է Harrasavitz հրատարակչությունում և գլխավոր խմբագիրը Ռեյտերն է: Ամսագիրը տպագրվում է գերմաներենով: 1847թ- ին գրվել է առաջին հատորը: Հանդեսը ժամանակավորապես դադարել է հրատարակվել` գերմանական պատմության անընդհատ վերանայման պատճառով: Այս ամսագիրը 1801-1888թթ.գլխավորել է Հենրի Լևերեխտ Ֆլեշերը:

ZDMG-ն գերմանական իրականության շրջանում թվով 2-րդ ամսագիրն է, իսկ առաջինը լույս է տեսել 1845թ-ին: Ստեղծման թվականից մինչ 2005թ.լույս է տեսել 155 համար:Հանդիսանում է Գերմանիայում արևելյան հասարակությանը և արևելյան կյանքին վերաբերող ակադեմիկական հանդես, ներկայացնում է Արևելքի հոգևոր և նյութական մշակույթը, հասարակական և սոցիալական կյանքը, կրթությունը և այլ հիմնահարցեր:Այն նաև հետաքրքրութուններ է տածել աֆրիկյան և արևելյան յեզուների համեմատության հարցում:

E-mail: florian.c.reiter@rz.huberline.de

 

INTERNATIONAL SOCIETY FOR IRANIAN STUDIES-ISIS- հիմնադրվել է 1967թ-ին, այժմյան գլխավոր խմբագիրը proff.Homa Katouzian-ն է: Հիմնական նպատակը աջակցելն է իրանական գիտությունների պրոպագադմանը և զարգացնել դրանց ուսումնասիրությունը: Այս իրանագիտական ակադեմիական հանդեսը Միջին Արևելյան գիտությունների ասոցիացիայի`MESA-ի անդամ է: Այն քաջալերում է իրանական առարկաների ուսուցումը, աջակցում է շուրջ 500անդամների ներկայացնել ազատ մտքեր, կարծիքներ կամ գիտական աշխատանքներ:

JOURNAL OF KURDISH STUDIES-20-րդ դարի 2-րդ կեսից Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում նշանակալիորեն աճում է քրդական մշակույթին և պատմությանն առնչվող գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը: Դրա արդյունք կարելի է դիտել այդ թեմաներով բազմաթիվ աշխատանքները, նաև գիտական հանդեսները: Սույն հանդեսը ոչ փոքր չափսի, բավական հագեցած նյութ է հրամցնում քրդական աշխարհի մասին` ներառելով փիլիսոփայությունը, գրականությունը, լեզուն և ֆոլկլորը: Հոդվածները տպագրվում են անգլերեն և ֆրանսերեն:

ANCIENT WEST AND EAST-ակադեմիական հանդես է, որը նվիրված է Հնագույն Արևմուտքի և Արևելքի պատմությանը, ցույց է տալիս դրանց միջև եղած ընդհանրություններն ու տարբերությունները, հակամարտություններն ու համատեղելիություն: Մեծ ուշադրություն է հատկացվում հատկապես Հին Հունաստանի և Հին Հռոմի նկարագիրներին, դրանց ստեղծած մշակույթին, կոթողթերին, գրականությանը, աստվածաբանությանը: Սույն արևելագիտական հանդեսը ներկայացնում է նաև Բյուզանդական և Մերձարևելյան քաղաքակրթություններին:


[1].BrillPublushers-ը հիմնադրվել է 1683թ-ին,Լեյդենու` Նիդերլանդներ: Ներկայումս ամեն տարի ավելի քան 100 ամսագիր և 500 գիրք է հրատարակում:

[2].Routledg- Բրիտանական տպարան` հիմնադրված 1836թ- ին Ջորջ Ռութլեջի կողմից:

 

Դեկան էլ կա, դեկան էլ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 1:09 pm April 20, 2011

Բառը մի աշխարհ է,- սիրում էր ասել մեծն Հովհաննես Թումանյանը: Ամեն մի բառի ծովածավալ տարողությունը դժվար թե ավելի դիպուկ հնարավոր լինի բնութագրել: Իրոք որ, բառերի աշխարհը այնքան հարուստ է, որ բառերի ու դրանց ճիշտ ընտրության հարցում երբեմն կարող ենք դժվարությունների հանդիպել: Չչարաշահեմ ձեր համբերությունը և ներկայացնեմ ձեզ Պետրոս Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհը» գրքից մի ակնարկ:

            Հիշո՞ւմ եք Ֆրիկի «Գանգատը» (Բան ի Ֆրիկ Գրքոյն).

 Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ո՛չ փող մի պղնձի…

            Այս տողերից երևում է, որ դեկան նշանակել է դրամի (և կշռի) միավոր:

            Բայց այժմ ուրիշ դեկան ունենք, որ համալսարանի կամ ինստիտուտի այս կամ այն բաժանմունքի գիտական ու վարչական ղեկավարն է:

            Ինչ խոսք, այս բառերի միջև ոչ մի ընդհանրություն չկա: Առաջինը հայերենում իրանյան հնագույն փոխառություն է. ավելի ճիշտ ձևն է դահեկան, որ արևմտահայերենում մինչև օրս էլ օգտագործվում է «գրոշ» իմաստով (իսկ արևելահայերենում քիչ է հանդիպում): Աշուղ Ջիվանին խրատում է.

…Ակամա` ընկերիդ մեկ դահեկանը հափշտակելու համարձակ մի՛ լինի:

            Դահեկան-ն էլ սկզբում եղել է դարեհական ձևով և կապվել պարսից Աքեմենյան հարստության (մ.թ.ա. 558-330) ներկայացուցիչներից մեկի` Դարեհ Առաջինի (մ.թ.ա. 522-486) անվան հետ, նույն այն Դարեհի, որ հռչակված է եղել իր հարստությամբ, և որի անունը հիշելով նույն Ջիվանին դարձյալ խրատում է.

Փարթամացիր հին Դարեհին հավասար,

Օր կըգա չես գտնիր վերքիդ դեղ ու ճար…

            Ուրեմն դարեհական փաստորեն նշանակում է Դարեհի դրամ, դրամի միավոր: Բառն իր ձևով անցել է մոտավորապես այսպիսի ճանապարհ. դարեհական-դահեկան-դեկան:

            Հրաչյա Աճառյանը, ի դեպ, վկայում է, որ վրացիները հայերից են փոխ առել իրենց դաեկա՛նի բառը, որը նույն նշանակությունն ունի:

            Ինչ վերաբերում էմյուս դեկան-ին, ապա այն արդեն լատիներեն բառ է, որի բուն նշանակությունն է «տասնապետ» (նրա կազմում կա հունարեն դե՛կա «տասը» բառը) : Միջնադարում (այժմ էլ) դեկան կոչվում էին կաթոլիկ և անգլիական եկեղեցիների ավագ հոգևորականները: Ըստ երևույթին, դեկան-ությունը մի ժամանակ եղել է  այսպիսի հոգևորականների գործը եկեղեցական կամ այլ կարգի ուսումնական հաստատություններում, որից և առաջացել է ներկա իմաստը:

            Ի միջի այլոց, մենք ունեցել ենք նաև դեկան «կուսակալ, գավառապետ»
բառը` դեհկանություն բառի կազմում` «կուսակալություն»: Սա էլ բոլորովին այլ բառ է, դարձյալ իրանական փոխառություն: Այժմ էլ պարսկերենում կա դեհղա՛ն, որ նշանակում է «գյուղացի»: Այն մի ժամանակ երևի նշանակել է նաև «գյուղապետ, գյուղական ազնվական», որից և առաջացած է եղել ընդհանրապես «գավառապետ, կուսակալ» իմաստը, հետո էլ, «պաշտոնի իջեցումով»` «գյուղացի»:

Հայոց Մեծ Եղեռնի 96 ամյակին նվիրված սեմինար-քննարկում

Filed under: Arevelk.info — Tags: — @ 6:16 pm April 18, 2011

Հայտարարություն

Հայոց Ցեղասպանությունը կամ Մեծ Եղեռնը Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 96 ամյակը:

Ապրիլի 19-ին ժամը 10:00-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արամ Տեր-Ղևոնդյանի անվան լսարանում (320) ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը կազմակերպում է Հայոց մեծ եղեռնի 96 ամյակին նվիրված սեմինար-քննարկում:

Սեմինարը կվարի ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Աննա Ալեքսանյանը:

Սեմինարի հիմնական թեմաներն են

  • Հայոց մեծ եղեռնի ճանաչման գործընթացը այսօր
  • Ցեղասպանության ժամանակ գենդերոցիդի խնդիրները

Սիրով հրավիրում են բոլոր հետաքրքրվողներին:

 

թեման Օրհան Քեմալի ստեղծագործությունների մեջ:

Filed under: Arevelk.info — Tags: — @ 6:09 pm April 16, 2011

Նշանավոր թուրք գրող Օրհան Քեմալն առաջիններից էր, ով անդրադարձավ «փոքր մարդու»` հասարակության եսամոլության, դաժանության, անմեղ զոհերի թեմային:
Գրողի գրական հերոսն ի հայտ եկավ ստեղծագործական գործունեության հենց սկզբից: Քեմալը գրականության միջոցով փորձեց ցույց տալ «փոքր մարդու» առջև ծառացած խնդիրներն ու հասարակության ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Գրողի գրական հերոսն ի հայտ եկավ ստեղծագործական գործունեության հենց սկզբից:
Նրա հերոսը «փոքր մարդն» է, որը ճնշված է կապիտալիստական հասարակության պայմաններում: Պատահական չէ որ իր առաջին 2 վեպերն ու մի քանի պատմվածքների ժողովածուներ Քեմալն անվանել է <> /Kűçűk adamın notları/: <>-ը գրքի առաջաբանում գրողը մեզ ցույց է տալիս իր հերոսին` հասարակ, ոչնչով չտարբերվող և աչքի չընկնող, միջին տարիքի մարդու, որը շատ է չարչարվել և թափառել աշխարհով մեկ: Իր իսկ տված այն հարցին, թե ինչով է նա զբաղվել, հեղինակը պատասխանում է . <<Ո՞վ գիտե, ապրում է ինքն իրեն, այնպես` ինչպես պետք է ապրի <> ինչ-որ մի տեղ` Իզմիրում, Ստամբուլում կամ Վանում…>> : Սրանով էլ հեղինակը ցույց է տալիս, որ իր հերոսը Թուրքիայի «փոքր մարդու» հավաքական կերպարն է: Սա այն ստեղծագործություններից մեկն է, որի մեջ գրողն արտացոլել է իր կյանքը, ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու հոր փորձերը, իր կրած տառապանքներն ու չարչարանքները: Վառ գույներով է ներկայացնում գավառի պայքարը, խալիֆայության կողմնակիցների պայքարն Անկարայի կառավարության դեմ: Քեմալը նկարագրում է անատոլյան փոքր գավառի փոփոխությունները, որոնք էլ բերեցին Թուրքական Հանրապետության ծնունդը: Ողջ այս ստեղծագործության մեջ կարմիր թելի պես անցնում է Քեմալի ստեղծագործությանը բնորոշ հիմնական և գլխավոր գաղափարը /թեման/ ` կապիտալիստական երկրում «փոքր մարդու» «շան կյանքն» ու փորձերը` նման պայմաններում պահպանել սեփական արժանապատվության զգացումը: Քեմալի հերոսները թափառականն ու գործազուրկն են , բանտարկյալն ու բանտապանը, ճղճիմ մարդն ու գող գրագիրը: Ունեն տարբեր մասնագիտություններ և աշխատանքներ. հատկանշական է, որ Քեմալը չունի ոչ-մի ստեղծագործություն հարուստի, բանաստեղծի, գիտնականի մասին: Սա էլ ևս մեկ անգամ գալիս է հավաստելու, որ գրողն իր առջև նպատակ էր դրել գրականության միջոցով ցույց տալ ոչ թէ ապահով խավի կյանքը, այլ հասարակ մարդու կամ <> խնդիրները, որոնք շատ էին և կարիք էին զգում լուծման: Հենց այս նույն «փոքր մարդը» քաղաքում բանվորն է , մարմնավաճառն ու աղքատը, իսկ գյուղում` անհող գյուղացին: Քեմալը հաճախ է իր հերոսներին անվանում պարզապես ըստ մասնագիտության` նպատակ ունենալով ցույց տալ, որ այդպիսի «փոքր մարդը» մեկը չէ այլ կան նրա նման հազարավորները, ուրեմն ի՞նչ կարիք կա առանձնացնել պարզապես մեկին: Ըստ Գորկու` Օրհան Քեմալի մարդասիրությունը կայանում է նրանում, որ անբարոյականության ու աղքատության համար նա մեղադրում է ոչ թե մարդուն, ինչպես սա անում են ժամանակակից շատ գրողներ, այլ հասարակությանը, որի անարդար շահագործումն էլ հենց մարդուն անդունդն է հասցնում: Գրողը ցույց է տալիս, որ չարիքի արմատը պետք է փնտրել ոչ թե մարդ-անհատի, այլ` ժամանակակից կապիտալիստական հասարակության կյանքի սոցիալական պայմանների մեջ:

Հարսանեկան արարողությունը հեռավոր ղազախական տափաստնում

Filed under: Arevelk.info — Tags: — @ 10:10 pm April 13, 2011

Հարսանեկան արարողությունը հեռավոր ղազախական տափաստաններում
Ղազախ ժողովուրդը հարուստ է ավանդույթներից,որոնք որոշ փոփոխություններով պահվում են անգամ 21-րդ դարում:Այս անգամ ներկայացնեմ հարսանեկան արարողությունը, որը արտացոլում է այդ ժողովրդին բնորոշ ազգային առանձնահատկությունները: Ամենայն հավանականությամբ գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ կապված արյունակցական կապերի հետ, ըստ այդմ` ավանդության համաձայն`չեն կարող ամուսնանալ նույն ցեղի այն անդամները, որոնք յոթ սերունդ հեռու չեն կամ, որ ավելի հետաքրքիր է, այն երիտասարդները , որոնք, լինելով նույն ցեղի ներկայացուցիչ, յոթ գետերից ավելի մոտ տարածության վրա են ապրում:Սակայն անգամ այն դեպքերում, երբ այս պայմանները պահվում են, ամուսնությունը կայանում է միայն ցեղի առաջնորդների և աքսակալների հատուկ որոշումից հետո: Ամուսնական համաձայնությունը կարող է կատարվել երկու ճանապարհով. նախ`երկու կողմերի ծնողների պայմանավորվածությամբ, երբ փեսացուի ծնողները նման մտադրությամբ գնում են հարսի ծնողների մոտ, և երկրորդ, երբ փեսացուի կողմը այս գործը լիազորում է մոտ հարազազատին: Նման համաձայնությունը ենթադրում է երկու հանգամանք.նախ երկու կողմերի նյութական համապատասխանության հարցը, մյուս կողմից էլ հարսի մոր հետ ծանոթություն: Վերջին ասվածը,որքան էլ տարօրիանակ թվա, պակաս կարևոր չէ, ավելին` ղազախական ասացվածքն ասում է.”Մայրը աղջկա հայելին է, լավ մորից լավ հարս է ծնվում”:Կարծում եմ` մոտ է մեր <> ասվածին: Համաձայնության գալով ավարտվում է հարսանեկան ավանդույթի առաջին քայլը և որոշվում է օրը, թե երբ փեսացուի ծնողները և նրանց հարազատները աղջկա հորը կնվիրեն կիըթ`ձի, խալաթ և այլ նվերներ`կախված ընտանիքի ունեցվածքի չափից: Այդ օրը հարսնացուի ծնողները հրավիրում են բարեկամներին, ընդունելություն են կազմակերպում, որի ժամանակ էլ որոշվում են գալիք հարսանիքի մանրամասները: Ավանդույթի այս փուլի համար պարտադիր է հանդիսանում դարչնագույն-սպիտակագլուխ (և ոչ մի դեպքում սև) ոչխարի մորթը, որը լավ նշան է համարվում: Թոյի (ուրախության) ժամանակ փեսացուի բարեկամները նստում են դաստարխանի շուրջ, իսկ հարսանցուի բարեկամները սպասարկում են նրանց`հրամցնելով թեյ,կումիս , միս: Խնջույքի բաղկացուցիչ մասն է հանդիսանում հյուրերին թանի հյուրասիրությունը,որի մեջ գցված են տապակած դմակի կտորներ, ինչպես նաև ուրախ խաղեր երկու կողմերի երիտասարդների մասնակցությամբ: Գնալուց առաջ հարսնացուի կողմը իր հերթին նվերնեեր է ընծայում փեսացուի բարեկամներին: Այս ակտով էլ ավարտվում է հարսանեկան համաձայնության ընթացքը և երկու կողմերի հարաբերությունները նոր փուլ են մտնում:Փեսացուի կողմը ըստ պայամանավորվածության վճարում է կալիմը : Երբ արդեն կալիմի մեծ մասը վճարված է լինում, փեսացուի կողմը կարող է նշանակել հարսանիքի օրը:Այս առիթով նրանք կազմակերպում են ժերտըս-թոյ` հրավիրելով բոլոր բարեկամներին տեսնելու և գնահատելու փեսացուին տրված նվերները: Բարեկամները իրենց հերթին բերում են նվերներ`լրացնելով բացը, ինչը ղազախական միջավայրի փոխադարձ օգնությանը բնորոշ գծերից մեկն է:Այս արարողությունից հետո փեսացու կողմը տեղեկացնում է հարսացուի կողմին, որ իրենք պատրաստ են բերելու հարսնեկան նվերներ`ջարտըզ:Հենց այդ օրն էլ փեսացուն ծնողների, հարազատների, բարեկամների ուղեկցությամբ ուղևորվում է դեպի հարսնացուի աուլ: Արգելվում է, որ փեսացուն մտնի յուրթ հարսնացուի ծնողների, հարազատների կամ ավագ բարեկամների հետ միաժամանակ, ուստի նախքան յութին մոտենալը փեսացուն առանձնանում է:Հարսնացուի ծնողները ընդունում են հյուրերին, իսկ հարսնացուի ընկերուհուն երիտասարդ կանանց հետ ուղարկում են փեսացուի հետևից: Դռների մոտ վերջինիս դիմավորում են հարսանցուի ծնողները`ձեռքներին քաղցրավենիք,որը շաղ են տալիս երիտասարդների վրա`չաշու: Այդ օրը տանտերերը մորթում են ոչխար և խնջույք կազմակերպում ներ փեսայի պատվին: Հնչում է դոմբրան (սա նրանց ազգային երաժշտական գործիքն է), երիտասարդները պարում են, ակինները երգում և այլն:Հաջորդ օրը փեսացուի կողմից մի քանի երիտասարդներ նվերներ են բաժանում բոլոր երիտասարդ աղջիկներին, իսկ մորը որպես փոխհատուցում իր տանը կազմակերպված խնջույքի <>`տալիս համապատասխան քանակի ոչխար: Երբ փեսացուն մտնում է յուրթ, դրանից հետո նա կարող է մնալ այդտեղ կամ միանալ երիտասարդներին հարևան յուրթում: Այս ընթացքում հարսն ու փեսան չպետք է խոսեն միմյանց հետ, բայց կարող են շփվել հայացքներով:Իսկ գիշերը, երբ բոլորը քնած են լինում, հարսի ավագ եղբոր կինը ուղեկցում է հարսին փեսացուի համար նախատեսված առանձին յուրթ, որտեղ նրանք կարող են մտնել ամուսնական հարաբերությունների մեջ, իսկ ավագ եղբոր կինը փեսացուից ստանում է նշանակալի “կաշառք”: Հարսնաեկան արարողությունը ղազախների մոտ, ի տարբերություն այլ մուսուլմանական ժողովուրդների, չի պահանջում մոլլայի մասնակցություն: Բավական է, որ երկու կողմերի ներկայացուցիչների մեծամասնությունը կատարի հարսանեկան երգը` “աուժար”-ը:Այս երգի բառերը կարող են լինել տարբեր, բայց երաժշտությունը միշտ նույնն է: ևՄտնելով յուրթ`հարսն ու փեսան առաջին հերթին վառում են տան օջախը: Այս ընթացքում երգիչը երգելով սկսում է օրհնել հարսին `ժամանակ առ ժամանակ բարձրացնելով հարսի քողը: Արարողությունը ինքնին ենթադրում է, որ ամուսինը նայում է իր կնոջը որպես ունեցվածքի մի մաս:Եվ սա առաջին հերթին արտահայտված է տղամարդու կողմից ժառանգության հետ առնչվող հարցերում և ամենգերստվա կոչվող ինստիտուտում, ըստ որի` ամուսնու մահից հետո այրին դառնում է վերջինիս եղբոր կինը և միայն այն դեպքում, երբ եղբայրը կհրաժարվի այդ կնոջից, վերջինս կարող է իր համար ընտրել այլ ամուսին այդ նույն ցեղից կամ ստանալ իրավունք ազատ տեղաշարժման : Չամուսնացած երեխաները հոր մահից հետո մնում են մոր մոտ:

Ակնարկ ֆութուվվաթի և Օսմանյան կայսրությունում դրա իրականացաման վերաբերյալ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 1:41 pm April 12, 2011

Ֆութուվաթթը արհեստավորական միավորում է, մուսուլմանական աշխարհում հայտնի տարիկաթական մի կազմակերպություն, որը չնայած այն հանգամանքին, որ միավորում է տարբեր արհեստների տեր մարդկանց, դուրս է գալիս զուտ արհեստավորական կազմակերպություն լինելու շրջանակներից, այն ունի կրոնական բնույթ, և նման է սուֆիական եղբայրություններին:

Ֆութուվվաթական կազմակերպությունների մեջ գերիշխող է կրոնական տարրը: Դա պարզ երևում է այդ միավորումների ներքին կառուցվածքից, կանոնակարգերից, ավանդական ծիսակատարություններից և այլն: Այս ամենը նկատի ունենալով՝ առանց որևէ օրենք կամ ներքին կանոնկարգ իմանալու, կարող ենք ենթադրել, որ ոչ մուսուլմանը չի կարող ոտք դնել այդ կազմակերպություն: Իսկ Օսմանյան կայսրությունում ոչինչ անհնարին չէ: Կայսրության ոչ մուսուլման արհեստավորներին ոչ միայն կարելի էր անդամագրվել այդպիսի մի կրոնական հաստատությանը, այլ նաև պարտադիր էր: Այն անձը, ով ցանկանում էր արհեստով զբաղվելու իրավունք և վարպետի կոչում ստանալ, նա ստիպված էր մտնել այս ֆութուվվաթական արհեստավորական միությունների մեջ: Փաստորեն Օսմանյան կայսրությունը հերթական անգամ գործի էր դրել իսլամացման իր քաղաքականությունը: Բռնի իսլմացման համակարգը Օսմանյան կայսրությունում լավ ծրագրված և հետևողականորեն կիրառվող «բազմաճյուղ» մի ինստիտուտ էր: Իրենց ձուլողական քաղաքականությունը իրականացնում էին մի շարք միջոգներով: Դրանցից էր դևշիրմեն, որի միջոցով քրիստոնյա երեխաներին հավաքում էին և նրանց մահմեդականացնելով, մտցնում ենիչերիական ջոկատների մեջ, վաճառում որպես ստրուկներ և այլն: Այսպիսի հավաքներ կատարում էին աղջիկներից ևս: Այդ հավաքագրվող աղջիկները համալրում էին թուրքական հարեմները: Ի դեպ՝ այս երկու հավաքների ժամանակ էլ ընտրվում էին լավագույն՝ ամենագեղեցիկ, ամենաառողջ, ամենաուժեղ, ամենախելացի աղջիկներն ու տղաները: Այսինքն գլխատվում էր քրիստոնյաների լավագույն սերունդը: Ամեն ինչ չափազանց մանրակրկիտ հաշվարկված էր: Ինչպես տեսնում ենք իսլամացման քաղաքականությունից ոչ մի մանրուք, կյանքի ոչ մի բնագավառ, հասարակության ոչ մի շերտ չի վրիպում: Բացի մասսայական իսլամացման մեթոդներից գործի էին դնում բռնի իսլամացման միջոցների կիրառումը առանձին անհատների նկատմամբ: Նրանք չէին զլանում նույնիսկ «աշխատել» առանձին անձանց վրա: Նույնիսկ մեկ իսլամացած քրիստոնյան էլ նրանց համար կարևոր էր: Այս բռնի մեթոդների կողքին կային նաև «կիսաբռնի» մեթոդներ: Այսինքն նպաստավոր պայմններ էին ստեղծում որպեսզի քրիստոնյան կամովին, ինքնստինքյան կամ տարիների ընթացքում, առանց իր իսկ նկատելու, իսլամանա, ձուլվի: Այսպիսի մեթոդ կարելի է համարել նաև ֆութուվվաթական համակարգը: Որի միջոցով տեղի էր ունենում դանդաղ ասիմիլյացիա:

Ֆութուվվաթի ծագումն ու նշանակությունը

Ֆութուվվաթ բառը ծագում է արաբական ֆաթա (فتى ) բառից, որը թարգմանաբար նշանակում է երիտասարդ, քաջ, արի այսինքն՝ ֆութուվվաթն էլ նշանակում է արիություն, քաջություն: Օմար Սուխրավերդին ֆութուվվաթին նվիրված երկու տրակտատ ունի: Իր աշխատություններից մեկի մեջ այս մասին գրում է, որ ֆաթա բառը նշանակում է երիտասարդություն, սակայան այս դեպքում խոսքը ոչ թե ֆիզիկական տարիքի, այլ հոգևոր երիտասարդության մասին է: Ֆութուվվաթը իսլամական էզոտերիզմի սոցիալական ռեալիզմի կապի միջոց է: Ֆութուվվաթի համակարգը նմանություններ ունի արևմտյան երկրներում լայն տարածում ստացած ասպետության և արհեստակցական ընկերութունների գաղափարների հետ: Ըստ մի շարք հեղինակների նկարագրությունների՝ ֆութուվվաթի գաղափարը ծագում է սուֆիզմից, որը հետագայում վերածվել է արհեստակցական կազմակերպությունների: Գրեթե բոլոր մասնագետները նշում են, որ սուֆիական համայնքները սերտ կապեր են ունեցել քաղաքի արհեստակցական միությունների հետ, այդ թվում՝ արհեստավորների գաղտնի կազմակերպությունների՝ ֆութուվվաթների հետ: Սակայն մինչ օրս էլ հայտնի չէ թե ինչում և ինչպես էր արտահայտվում այդ կապը: Գրյունեբաումը գրում է, որ ֆութուվվաթը(ասպետություն) ավելի ու ավելի էր լայնացնում իր կապերի շրջանակը սուֆիզմի հետ, և բացի այդ էլ այդ կապը երկակի էր:[1] Իսկ ինչ վերաբերում է ֆութուվվաթին, ապա անհերքելի փաստ է, որ այն գոյութուն է ունեցել 12-րդ դարում, սակայն նրա՝ ավելի վաղ գոյության մասին դեռևս տվյալներ չեն հայտնաբերվել: Մի շարք ուսումնասիրողներ կարծում են, որ միստիցիզմի եղբայրությունների ստեղծման հարցում մեծ դեր են խաղացել մուսուլմանական արհեստակացակն մությունները, որոնք կարծես իրենց կառուցվածքով նմանություններ ունեին եվրոպական արհեստավորական համքարությունների հետ: Սուֆիական համայնքների, եղբայրությունների և արհեստավորական-վաճառականական միությունների միջև սերտ կապը սուֆիների համար ստեղծում էր սոցիալական ամուր հենարան: Միևնույն ժամանակ սուֆիները ինրենց հերթին իրենց մեծ աջակցությունն ու օգնությունն էին ցուցաբերում այդ արհեստավորներին և վաճառականներին:[2]

Սուֆիզմի ակունքներից դուրս եկած ֆութուվվաթի կոնցեպցիան փորձում էր «սրբագործել» մասնագիտական գործունեությունը, արհեստը վերածել կրոնական ծիսակարգի: Ֆութուվվաթին անդամակցվելու պրոցեսը իրենից ներկայացնում է ծիսական արարողությունների մի ամբողջություն: Կար ֆութուվվաթին անադամագրվելու ծիսակարգերի երեք տարբերակ. կարող էին այդ եղբայրություն մտնել երդման, թրի ընդունման (ինչպես դա արվում էր ասպեստների մոտ) կամ էլ ծիսկան բաժակից ըմպելու արարողությանների միջոցով, որոնցից մեկը ընտրում էր հենց ինքը թեկնածուն:

Կապ և ժառանգորդություն է նկատվում նաև ֆութուվվաթական արհեստակցական միությունների և շիիզմի միջև: Խալիֆ ան-Նասիրը, ով հովանավորում էր շիիզմը և իսմաիլիզմը, փորձեց ստեղծել ասպետական ֆութուվվաթ, ինչը կմիավորեր իսլամի տարբեր ճյուղերից ստեղծված եղբայրություններն ու համայնքները, որի շնորհիվ կարծում էր, որ կկարողանար իրագործել պանիսլամիստական նախագիծը: Այդ ժամանակ մեծ մուրշիդ (սուֆիական ղեկավար, ուսուցիչ, օրդենի առաջնորդ) Աբու Հաֆս աս-Սուխրավերդին գտնվում էր սուլթանի բարձր հովանավորության տակ, և հենց նրան հանձնարարվեց «արիստոկրատ», «պալատական» ֆութուվվաթի ստեղծումը: Բայց կազմակերպութունների միայն արիստոկրատական ծագումը չէր, որ ֆութուվվաթը մոտեցնում էր արևմտյան ասպետական օրդենների հետ: Այդ նմանության մասին վկայում են ֆութուվվաթում առկա հոգևոր տարրերը և նրա բարոյագիտական օրենքները: Ցավոք սրտի՝ մոնղոլական արշավանքներն խափանեցին խալիֆ ան-Նասիրի ծրագրերը:

 

 


[1] Г. Э. фон Грюнебаум. Классический ислам. 600-1258

[2] Дж. С. Тримингэм/ Пер. Азы Стажиской. «Суфийские ордены в исламе»

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com