Ինտելեկտուալները (պատմվածք)

Հավաքածու մրցույթում երկրորդ տեղ գրաված պատմվածքս` որոշ փոփոխություններով: Անկեղծ ասած, մի քիչ ամաչում եմ, որովհետև էնքան էլ արժանի հաղթանակ չէր` հաշվի առնելով մրցակիցներիս թույլ լինելը:

Ինտելեկտուալները

Մարիան ուշացած մտավ գրախանութ, որտեղ երկու շաբաթը մեկ ինտելեկտուալ մրցույթներ են կազմակերպվում: Այդ օրը համակուրսեցիներից ոչ ոք նրան ընկերակցելու ցանկություն չէր հայտնել, ու ստիպված էր մենակ գալ: Ստիպվա՞ծ էր: Այդ երեքշաբթիները նրա Բեռլինյան կյանքի ամենասպասված օրերն էին, ու եթե որևէ մեկը համարձակվեր հարցնել` ո՞նց չես ալարում մենակ գալ, Մարիան կարտասաներ նախօրոք պատրաստած պատասխանը. «Չեմ ուզում հերթական միայնակ երեկոն անցկացնել»:

Սեղանների շուրջ արդեն թիմերը ձևավորվել էին: Մոտեցավ խաղի կազմակերպիչ անգլուհի Բեքիին, որը դեռ նախորդ անգամվանից մի տեսակ համակրանքով էր լցվել Մարիայի հանդեպ և ուզում էր ամեն կերպ աջակցել նրա թիմին` հուշելով դժվար հարցերի պատասխանները:

- Կօգնե՞ք` որևէ թիմի միանամ,- շշնջաց:

Բեքին հերթով մոտեցավ բոլոր սեղաններին և հարցրեց.

- Խաղացողի կարիք ունե՞ք:

Չնայած երևում էր, որ շատ թիմեր ընդամենը երեք հոգուց էին բաղկացած, բոլորը քաղաքավարությամբ մերժում էին` նշելով, որ իրենց խմբի չորրորդ-հինգերորդ անդամներն ավելի ուշ են միանալու:

Բայց Բեքին հին գայլ էր ու գիտեր, թե ինչպես խնդիրը լուծել: Եվս մեկ անգամ աչքի անցկացրեց բոլոր սեղանները և նկատեց մեկը, որի շուրջը հավաքվածները նրան անծանոթ էին, իսկ դա նշանակում էր, որ առաջին անգամ էին այնտեղ:

- Ձեզ համար նոր խաղացող եմ բերել,- առարկություն չընդունող տոնով հայտարարեց և չորրորդ աթոռը մոտեցրեց սեղանին:

- Մարիա,- ներկայացավ թիմի անդամներին:

- Լիզ:

- Մայք:

- Դունյա:

- Որտեղի՞ց ես,- հարցրեց Լիզը:

- Հայ եմ:

- Աաա,- միաժամանակ արտաբերեցին Մայքն ու Լիզը: Մարիան արդեն այնքան էր ներկայացել տարբեր ազգերի, որ «աաա»-ի տոնայնությունից հասկանում էր, թե դիմացինն իր երկրի մասին ինչ գիտի: Մայքի ու Լիզի դեպքում դա նշանակում էր. «Մենք քո երկրի մասին երբևէ չենք լսել կամ էլ լսել ենք, բայց չենք հիշում: Ուղղակի չափից դուրս քաղաքավարի ենք, որ այդ մասին ասենք»:

- Մենք Իռլանդիայից ենք,- շարունակեց Լիզը` ցույց տալով իրեն ու Մայքին: Մարիան արդեն սովորել էր, որ այդ բոլոր «մենքերը» նշանակում են, որ զրուցակիցները կամ ամուսիններ են, կամ իրար հետ ապրող չամուսնացածներ: Դեռ կարճ ժամանակ առաջ ինքն իրեն հարց էր տալիս, թե տարբեր լեզուներում ինչի համար է բայը խոնարհվում նաև առաջին դեմք հոգնակի թվով, որովհետև այն գրեթե չի գործածվում: Հետո հասկացավ, որ դա նախատեսված է հատուկ նման դեպքերի համար, երբ այլ անձի հետ բնակվելու արդյունքում վերանում է Եսը, դառնում է մենք:

- Սիրում եմ ձեր մշակույթը,- ժպտաց Մարիան` քաղաքավարությամբ թաքցնելով, որ այդ «սիրում եմ»-ն իրականում նշանակում էր «գժվում եմ», որ իր կյանքի ամենամեծ երազանքներից մեկն Իռլանդիայում ապրելն էր: Իսկ Մայքն ու Լիզը նույն քաղաքավարի «Աաա»-ն արձակեցին` խոսակցությունը չշարունակելով:

- Ես Սերբիայից եմ,- ասաց Դունյան:

- Աաա,- այս անգամ Մարիայի հերթն էր, որ այս բացականչությունը նշանակում էր. «Ես ռուսերեն գիտեմ, հետևաբար սերբերեն մի քիչ հասկանում եմ, ու իմ ներկայությամբ թաքուն բաներ չես կարող խոսել»:

- Բայց երկար տարիներ Ավստրալիայում է սովորել,- շտապեց ավելացնել Լիզը` բացատրելով Դունյայի` առանց օտար առոգանության անգլերենը:

- Իսկ դու որտեղի՞ց ես,- հարցրեց Դունյան, որը չգիտես ինչպես բաց էր թողել խոսակցության այդ հատվածը:

- Հայ եմ:

- Աաա,- ու սա նշանակում էր. «Մենք էլ թուրքերին չենք սիրում»:

Սկսվեց հարցերի հաջորդ շարանը.

- Ի՞նչ ես անում Բեռլինում:

- Սովորում եմ,- ու որովհետև գիտեր հաջորդ հարցը, անմիջապես ավելացրեց,- լեզվաբանություն:

- Այսինքն դու շատ լեզուներ գիտես,- հիացած բացականչեց Մայքը:

- Հա, բայց դա կապ չունի իմ անցած լեզվաբանության հետ: Ի դեպ, ժամանակին իռլանդերեն էլ եմ փորձել: Չկարողացա, շատ դժվար էր:

- Իռլանդերե՞ն: Ինչու՞: Ավելի անիմաստ լեզու չե՞ս գտել:

- Ճիշտն ասած, ուզում էի մի լեզու սովորել, որով աշխարհում քչերն են խոսում:

- Գուցե ուելսերեն փորձեիր: Դա իռլանդերենի չափ մեռած չէ:

- Ասում ես ի՞նչ լեզուներ գիտես:

- Ռուսերեն, հոլանդերեն, անգլերեն, շվեդերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու արաբերեն :

- Մենք մենակ անգլերեն գիտենք,- նորից այդ մենքը,- քո երկրում մայրենի լեզուն ռուսերե՞նն է:

- Չէ, հայերենը, բայց հայերեն չգիտեմ:

- Մարդ ո՞նց կարող է իր մայրենի լեզուն չիմանալ,- միասին զարմացան Լիզն ու Մայքը:

Խաղը սկսվեց: Շատ հարմար թիմ էր կազմվել. կինոների մասին Լիզն ու Մայքն ամեն ինչ գիտեին, Դունյան նկարչության,  ճարտարապետության ու պատմության վարպետ էր, իսկ Մարիան երաժշտությունից ու գրականությունից էր գլուխ հանում: Թեև խաղի կեսից պարզ դարձավ, որ հաղթելու հնարավորություն չունեն, ամեն դեպքում վերջին տեղերում էլ չէին: Մայքը, Լիզն ու Մարիան պիտի որ պատասխանեին Իռլանդիային վերաբերող բոլոր հարցերին, իսկ դրանք քիչ չէին, քանի որ կազմակերպիչներից մեկն իռլանդուհի էր:

- Ե՞րբ է Իռլանդիայի անկախության օրը,- հնչեց հարցը:

Մայքն ու Լիզն իրար նայեցին:

- Մենք տենց բան ունե՞նք… երևի պիտի գրենք` նման բան չկա:

- Չէ, կա,- պնդեց Մարիան,- ուղղակի չեք տոնում: Ապրիլի 24-ին է:

- Ամոթ մեզ, չգիտեինք:

- Ես էլ չէի իմանա, եթե…

Մարիան չհասցրեց խոսքն ավարտել: Հնչեց հաջորդ հարցը:

Ընթացքում մի քիչ գրականություն.

- Ո՞ր գրքում են իրադարձությունները տեղի ունենում Դուբլինում, չնայած բազմաթիվ էջերին, քսանչորս ժամվա պատմություն է, իսկ գլխավոր հերոսի ազգանունը Բլում է:

- Սա մենք գիտենք… հեղինակն անգլիացի է,- հայտարարեց Լիզը:

- Հա, հա, Դիքենսը չէ՞ր,- հաստատեց Մայքը:

- Բայց… «Ուլիսեսը»,- գրեթե շշուկով ասաց Մարիան` վախենալով վիրավորել իռլանդացիներին:

- Հա, ճիշտ ես, «Ուլիսես»:

Ու պատասխանների թերթիկին գրեցին. «Ուլիսես», Դիքենս:

- Ջոյս,- փորձեց ուղղել Դունյան, որը նույնպես հարցի պատասխանը գիտեր,- Ջեյմս Ջոյս:

- Չէ, չէ, մենք վստահ ենք, որ Դիքենսն է:

-  Վերջին հարցը,- հայտարարեց խաղավարը,- ո՞ր նախկին սովետական պետությունն է վաղն իր անկախության քսան ամյակը տոնում:

-  Վաղն ամսի քսա՞նն է, թե՞ քսանմեկը,- հարցրեց Դունյան,- եթե քսանմեկն է, ուրեմն Բելիզի մասին հաստատ գիտեմ, բայց դա ի՞նչ նախկին սովետական պետություն: Համ էլ նրանցը քսանամյակ չէ: Մարիա, դու ի՞նչ կասես: Պիտի որ ավելի տեղյակ լինես:

- Գաղափար չունեմ: Նիդեռլանդներում եմ մեծացել,- արդարացավ Մարիան:

- Գրենք Ուկրաինա,- առաջարկեց Դունյան:

- Հա, հաստատ Ուկրաինան է, հիշեցի,- հաստատեց Մարիան:

Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին (պատմվածք)

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — @ 10:10 pm April 23, 2012

Էս պատմվածքը 2008-ի հունվարին եմ գրել: Չէի տեղադրում էստեղ, որովհետև կարծում էի` ախմախ գործ է: Գտնում եմ` ժամանակն է, որ սովորեմ իմ գործերը պաշտպանել:

- Ծնողներս դեմ են մեր ամուսնությանը: Բայց գիտե՞ք, ես սիրում եմ նրան, նա` ինձ: Խոստացել է, որ հավատարիմ կլինի: Ես միամիտ եմ. շատերի սուտ խոստումներին եմ հավատում, բայց սա այդ դեպքը չէ: Նա ուրիշ է, մյուսների նման չէ: Չի խոսում, չի գոռում, զգացմունքներիս հետ չի խաղում: Պարզապես սիրում է ինձ, ուրիշ ոչինչ…
- Ինչպե՞ս եք ծանոթացել:
- Նա շատ փոքրիկ էր, երբ հայտնվեց իմ սենյակում: Անօգնական էր: Չգիտեմ, թե ինչպես էր մտել: Ես սկսեցի խնամել նրան: Ոչինչ չէր ուտում, միայն խմում էր: Շուտով մեծացավ, գեղեցկացավ… Ոչ մի թթու խոսք չեմ լսել նրա բերանից:

Մերին զարմանալի աղջիկ էր: Եթե պատահական հայ տղամարդու բռնես ու խնդրես, որ նկարագրի կնոջ իր իդեալը, հաստատ Մերիի նման որևէ մեկը կստացվի. նա և’ գեղեցիկ էր, և’ արտակարգ խելք ուներ: Մերիի հետ կարելի էր զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Նաև համարձակ էր ու համառ. իր ուզածին հասնելու համար պատրաստ էր պայքարել մինչև վերջին վայրկյանը: Եվ ամենից շատ ազատություն էր սիրում (նայած` ով ինչ է հասկանում դրա տակ): Տղաները մեղվի պես բզզում էին նրա շուրջը, աղջիկները` նախանձում: 

- Մերին լքել է ընկերոջը,- սուրճի սեղանի շուրջ փսփսում էին աղջիկները:
- Ի՞նչ եք զարմանում: Չգիտե՞ք, որ նա այդպիսին է,- ավելացրեց մյուսը:
- Հա՛, նորություն չէ, որ փչացածի մեկն է:

- Մերի՛, ես քեզ այլևս չեմ սիրում, հասկանու՞մ ես:
- Տիգրա՛ն, բայց…
- Ոչ մի բայց… Այստեղ ավարտվում են մեր հարաբերությունները: Մնաս բարով:
- Ախր… Այսպես չի կարելի… Չեմ կարող:
- Դա իմ գործը չէ: Դու քո ճամփով գնա, ես` իմ:

Օրեր շարունակ Մերիի դեմքին ժպիտ չէր երևում. ծանր էր կորուստը: Նա համարձակվել էր սիրահարվել, նվիրվել, իսկ Տիգրանը մի օր հանկարծ որոշում է լքել: Բայց Մերին երբեք չէր հուսահատվում…

- Մերին հղի էր: Անհաջող աբորտի է գնացել, դրա համար էլ տեսքն այսպես վատացել է,- խոսում էին աղջիկները: 

- Մերի՛, մենք քսանմեկերորդ դարում ենք ապրում, իսկ հիմա երիտասարդներն ազատ են… Արի՛ մենք էլ փորձենք,- առաջարկեց Վարդանը:
- Գի՞ժ ես, ինչ է: Ես չեմ ուզում. դա իմ որոշումն է:
- Խոստանում եմ` կպաշտպանվեմ:
- Ո՛չ…
- Բայց եթե նույնիսկ հղիանաս, կամուսնանամ քեզ հետ:
- Ասում եմ` չէ…

- Վա՜յ, Վարդանն է գալիս: Ու՞ր է կեսդ,- հետաքրքրվեցին աղջիկները:
- Մերի՞ն… Այլևս կեսս չէ: Նման բաներ էլ չասեք, ամոթ է: Պարզեցի, որ փչացածի մեկն է. ում հետ պատահի, անկողին է մտնում:
- Բայց էս տղաներն ի՜նչ միամիտ են: Մենք դրա մասին վաղուց գիտեինք, ուղղակի ոչ ոք մեզ չէր հավատում:

- Մերի՛, ես քեզ սիրում եմ,- մի անգամ խոստովանեց Դավիթը:
- Ցավում եմ, բայց ես քեզ չեմ սիրում:

- Աղջիկնե՛ր, գիտե՞ք, թե ինչու է Մերին միշտ տղաներով շրջապատված,- պատմում էր Դավիթը,- նա բնավ էլ գեղեցիկ չէ. ամեն ինչ դնովի ու արհեստական է նրա վրա, էլ չեմ ասում, որ ինչ-որ տարօրինակ հմտությունների է տիրապետում, որոնցով հիպնոսացնում է տղաներին: Կարծեմ հինգ տարի դասընթացների է գնացել:

Ամբողջ կուրսն անարդարացի կերպով քննությունից կտրվել էր (մանրամասնությունների մեջ չխորանանք. դա մեր պատմության հետ բացարձակապես կապ չունի ): Մերին վստահ էր իր գիտելիքների վրա: Նա առանց երկար-բարակ մտածելու հանձնաժողով հավաքեց, քննությունն այդպես հանձնեց ու գերազանց ստացավ:
- Տեսնես` ո՞վ է Մերիի մեջքին կանգնած,- խորհում էին աղջիկները:
- Երևի ինչ-որ նախարար կամ պատգամավոր:
- Չէ՛, եթե սրա հախից կարողացավ գալ, նախագահից ցածր մարդ պետք է որ չլինի:
- Բա չգիտեի՞ր, որ նախագահի եղբոր աղջիկն է:
- Բայց համ էլ հանձնաժողովի նախագահի հետ քնել է:


- Մարկեսի «Հարյուր տարվա մենությունում»…
- Լսի՛ր, հազար եմ ասել. ինձ հետ գրքերից մի՛ խոսիր:
- Նարե՛կ, բայց ախր դա գլուխգործոց է: Դու պետք է անպայման կարդաս:
- Ես քեզնից հեռանում եմ: Չեմ կարող ունենալ մի ընկերուհի, որն այդքան տարված է գրքերով:

- Մերին կրծողի մեկն է,- հայտարարեց Նարեկը:
- Բա ի՞նչ էիր կարծում… Ամբողջ օրը դաս է անում: Օրերով տնից դուրս չի գալիս: Թե չէ նրան որտեղի՞ց խելք: Եթե մենք նրա չափ սովորեինք, վունդերկինդներ կլինեինք,- իրենք իրենց հանգստացնում էին աղջիկները:

- Ալո՛’, Մերիին կարելի՞ է:
- Նա տանը չէ: Կեսգիշերին կվերադառնա:

- Էրեխե՛ք, Մերիին երբ զանգում եմ, տանը չի լինում:
- Որ ասում եմ փչացածի մեկն է…

- Վա՜յ, չեք պատկերացնի` ինչ եմ տեսել: Երեկ Մերին աղջկա հետ էր համբուրվում… Լեզբի է դարձել,-առաջին ճշմարտությունը Մերիի մասին…
- Չէ հա՜, ում հետ պատահի, ինչ պատահի, կանի: Չգիտե՞ք դրան: Կեղտոտի մեկն է: Սպիդ էլ կունենա:

Բայց դա էլ երկար չտևեց: Եկե՛ք չխորանանք Մերիի ու նրա ընկերուհու հարաբերությունների մեջ. ինձ ոչինչ հայտնի չէ դրա մասին, իսկ գուշակություններ չեմ ուզում անել: Միայն կասեմ, որ շուտով դա էլ վերջացավ:
Մերին դարձել էր չխոսկան, տարօրինակ: Երբ որևէ բան էին հարցնում, չէր պատասխանում: Երբ մի քանի անգամ էին հարցնում, միանգամից պոռթկում էր, գոռգոռում: Աչքերի տակ փոսեր էին գոյացել. երևի չքնելուց էր: Մերին օրեցօր տգեղանում էր:
- Խելագարվել է,- երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին:

- Ինչու՞ ծնողներդ չեն ուզում, որ ամուսնանաս նրա հետ:
- Ինձ չեն հասկանում:
- Իսկ նրան կարո՞ղ եմ տեսնել:
- Ահա նա,- ասաց Մերին` ցույց տալով իր հետ բերած ծաղկամանի մեջ աճած փարթամ ծառը:
Բժիշկը դուրս եկավ իր առանձնասենյակից և մոտեցավ Մերիի մորը:
- Ցավում եմ, բայց Ձեր աղջիկը լուրջ հիվանդ է: Մենք չենք կարող նրան բուժել:

Բոլորն ինչ-որ բան են ուզում քեզնից, բոլորը մի կտոր Մերի են ուզում… Կանաչ հագած փարթամ ձորը… Արդեն հասել է բերքահավաքի համար: 
Ես ուզում եմ քեզ այստեղից տանել: Դու ծառդ գրկած կգաս: Ա՜խ, երբ մտածում եմ, թե ինչ արեցին քեզ: Մերի՛, լսու՞մ ես ինձ:
Մերի՛, լսու՞մ ես ինձ: Մերի՛, մի՛ վախեցիր: Մենք պարզապես արթնանում ենք, իսկ օգնությունը ճամփին է: Մերի՛, լսու՞մ ես ինձ: Նույնիսկ քամին է անունդ կանչում:*

*Թորի Ամոսի «Մերի» երգի հիման վրա

ԵՊԲՀ «առաջընթացը». 2. Սովետական ֆակուլտետների վերաբացումը

Բժշկականխարգելման և մանկաբուժական ֆակուլտետները փակվել են վաղուց` մինչև իմ ԵՊԲՀ ընդունվելը: Չգիտեմ` այն ժամանակվա ռեկտոր Վ.Պ. Հակոբյանն ինչ մտադրությամբ է նմանատիպ քայլի դիմել ու չգիտեմ ինչպես է անդրադարձել այդ պահին նշված ֆակուլտետներում սովորող ուսանողների վրա. ուսումնառության կեսից բժշկականխարգելման և մանկաբուժական ֆակուլտետները միացել են բուժականին` դառնալով ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Այնուամենանայնիվ, այդ ֆակուլտետները փակելը մեկ քայլ առաջ էր: 

Ամբողջ աշխարհում բժշկական ֆակուլտետները երեքն են` դեզագիտական, ստոմատոլոգիական և ընդհանուր բժշկության: Հենց սկզբից առանձին մասնագիտությունների ֆակուլտետներ չունենալը, կարծում եմ, բացատրվում է նրանով, որ ցանկացած բժիշկ պետք է հավասարապես տիրապետի բոլոր ուղղություններին և միայն կլինիկական օրդինատուրայում խորանա իր նեղ մասնագիտության մեջ, ոչ թե հենց սկզբից նեղ ուղղություններից սկսի:

ԵՊԲՀ-ում էլ համաճարակաբանների և մանկական զանազան մասնագիտությունների գործառույթն իր վրա վերցրեց կլինիկական օրդինատուրան` ուսանողական տարիներին սահմանափակվելով համաճարակաբանության և մանկաբուժական դասընթացներով: Թվում էր` աշխատող մեխանիզմ է. ամբողջ աշխարհում այդպես է: Բայց արի ու տես, որ ներկայիս ռեկտոր Դերենիկ Դումանյանը հայտարարում է, որ բժշկականխարգելման ֆակուլտետն արդեն բացվել է, իսկ մանկաբուժականը շուտով կբացվի: Ես միայն ենթադրում եմ, որ սա խնդրի հեշտ լուծում է:

Ֆակուլտետների փակման օրից ի վեր մասնագետների պակաս էր նկատվում. շրջանավարտները մանկաբուժություն և մանկական այլ մասնագիտություններ, համաճարակաբանություն ընտրելու փոխարեն վազում էին դեպի գինեկոլոգիա, պլաստիկ վիրաբուժություն, ռադիոլոգիա և այլն: Վերջին տարիներին հարցը որոշ չափով լուծում էր ստանում պակասող մասնագիտություններով անվճար տեղերի ավելացումը: Արդյունքում շրջանավարտների որոշ հոսք դեպի «ոչ պոպուլյար» մասնագիտություններ նկատվեց, բայց եթե չեմ սխալվում թափուր տեղեր, այնուամենայնիվ, մնում էին, ու շրջանավարտները շարունակում էին դեպի գինեկոլոգիա վազել:

Ուրեմն ի՞նչ անել: Պետությունը մասնագետների պահանջ ունի, բայց ոչ ոք չի ուզում այդ ուղղություններն ընտրել: Ինչու՞ ֆակուլտետները չվերաբացել և ուղղակի առաջին կուրսից մանկաբուժական կամ բժշկակականխարգելման ֆակուլտետ ընդունվածին հնարավորություն չտալ գինեկոլոգ դառնալ կամ դա անել դժվարություններ ստեղծելով (կարծեմ ժամանակին այդ ֆակուլտետների շրջանավարտները պետք է լրացուցիչ քննություններ հանձնեին, որպեսզի բուժֆակի օրդինատուրաները կարողանան անցնել):

Իհարկե, սա հարցի հեշտ ու հետադիմական լուծում է` վերադարձ Սովետից մնացած ժառանգությանը, միևնույն ժամանակ լրացուցիչ դժվարություն ստեղծող այն ուսանողի համար, որը կցանկանա Արևմուտքում ուսումը շարունակել կամ աշխատել (մինչև հիմա ամեն ինչ արվում էր, որ հեշտացվի տեղաշարժը):

Իսկ ո՞րն է հարցի դժվար, բայց ցանկալի լուծումը: Տվյալ դեպքում պետք է ավելի շատ դեպի Արևմուտք շարժվենք, բայց դա վախեցնում է կլինիկական օրդինատուրայի շնորհիվ մեծ-մեծ փողեր աշխատող ղեկավարությանը:  

Նախ, պետք է կլինիկական օրդինատուրայի տեղերը սահմանափակել: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ գինեկոլոգիայի ամբիոններից ոչ մեկը քառասուն-հիսուն կլինիկական օրդինատոր պահելու հնարավորություն չունի. նրանց մի մասն ուղղակի պիտի զբոսնի ու պատմագիր գրի, որ պարապ չմնա: Բայց ընդունում են բոլորին, որովհետև մեծ փողեր են բերում: Ի՞նչ կլիներ, եթե տեղերը սահմանափակ լինեին, ու ստեղծվեին, այսպես կոչված, waiting list-եր, ու եթե մեկն իսկականից ուզում է գինեկոլոգ դառնալ, թող մի քանի տարի սպասի, մինչև կլինիկաներից մեկում տեղ կազատվի:

Հետո, կլինիկական օրդինատուրայի ծրագրի մեջ կարելի է ընդգրկել Հայաստանի բոլոր հիվանդանոցները, ստեղծել մրցակցություն ու նաև վարձատրել կլինիկական օրդինատորներին (ինչպես ամբողջ աշխարհում), ոչ թե փող վերցնել: Այս դեպքում միանգամից մի քանի հարց կլուծվի. 1. կլինիկական օրդինատորը պարապ չի մնա, որովհետև վարձատրության դիմաց նրանից աշխատանք կպահանջեն, 2. աշխատելու արդյունքում կսովորի, 3. բոլոր շրջանավարտները գինեկոլոգ ու ռադիոլոգ չեն դառնա, հետևաբար հանուն մի քանի տարի չսպասելու կընտրեն նաև «ոչ պրիստիժնի» մանկաբուժությունը 4. մարզերում նույնպես մասնագետներ կլինեն:

Բայց չէ, սա շատ բարդ հարց է: Համալսարանը պատրաստ չէ օրդինատուրայի բերած միլիոններից ու կլինիկական օրդինատորների ձրի աշխատանքից հրաժարվել, գլխավոր բժիշկներն էլ պատրաստ չեն հիվանդանոցի եկամուտից երիտասարդ բժիշկների համար աշխատավարձ հատկացնել, իսկ ծույլ շրջանավարտներից շատերն էլ պատրաստ չեն աշխատել. փող կտան, կլինիկական օրդինատուրայի դիպլոմը կստանան: Դրա համար ընտրում ենք հեշտ ճանապարհ. ֆակուլտետները վերաբացում ենք:

Կակաչների փառատոնը Պոտսդամում

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — @ 10:24 pm April 21, 2012

Երևի իմ բախտից է, որ հենց Պոտսդամում հոլանդական թաղամաս կա ու հենց այնտեղ պիտի կակաչների փառատոն տեղի ունենար, որ վերջապես մի քիչ կտրվեմ գերմանական ձանձրալի իրականությունից:

Տոմսը գնում ես, դարպասն անցնում ու միանգամից այլ աշխարհում ես հայտնվում: Էստեղ մարդկանց դեմքերը սառը չեն, իսկ լեզուն ոչ թե ներվայնացնող է, այլ հարազատ: Էստեղ փայտե կոշիկներ կան, որոնց մի ժամանակ աչքդ այնքան սովոր էր: Մարդիկ ժպտում են, երբ նայում ես նրանց: 

- Ստրոուպվաֆել եմ ուզում: Կարծում ես` էստեղ կլինի՞,- հարցնում եմ Սանային:
- Հնարավոր չէ` չլինի: Հոլանդական ամեն ինչ կա:
Մեկ էլ հոտն առնում եմ: Հետևում եմ դրան ու կանգնում ստրոուպվաֆել պատրաստող պարոնի մոտ: Խոսում եմ անգլերեն: Գնում թարմ պատրաստված ավանդական հոլանդական վաֆլին: Գերմանիայի համար անսովոր վարժ անգլերեն է խոսում. հոլանդացի է: Շնորհակալությունս հոլանդերեն եմ հայտնում: Ժպտում է. «Խնդրեմ»:

Ամենուր կակաչներ են. սոխուկներ, չբացված կոկոններ, բացված ու փարթամ: 

Երգ-երաժշտություն: Տարազավոր տատիկ-պապիկները ժողովրդական պարեր են պարում: 

Սիրում եմ հոլանդական մշակույթը, հենց այն մեկը, որի բացակայությունից հոլանդացիները դժգոհում են:

Այս փառատոնն ինձ հուշում էր, որ էս ընթացքում հնարավորինս հաճախ պետք է Գերմանիայից բացակայեմ, որ ինձ լավ զգամ:

Հ.Գ. Տեսնես Երևանում մեր կակաչները ծաղկե՞լ են:

«Մենք պետք է խոսենք Քեվինի մասին» (Լայոնել Շրիվեր, գիրքը և թե ինչ կապ ուներ Քեվինի` հայ լինելը)

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — @ 10:31 pm April 19, 2012

Կյանքում մտքովս չէր անցնի ժամանակակից ամերիկացի կին գրողի ևս մեկ գիրք կարդալ, եթե, իհարկե, գրականությունից հասկացող որևէ մեկը խորհուրդ չտար: «Քեվինը» լրիվ ուրիշ դեպք է: Դեկտեմբերին ֆիլմը տեսա: Գերազանց ֆիլմով հիանալու փոխարեն ֆիքսվել էի այն հարցի վրա, թե ինչու է գլխավոր հերոսուհու` դպրոցում մասսայական սպանություն կատարած տղայի մոր, ազգանունը Խաչատուրյան: Արդյոք հեղինակն ինչ-որ բա՞ն է ուզեցել դրանով ասել, որը ֆիլմի սցենարիստը չի հասկացել ու պարզապես դուրս է թողել:

Սկզբում զանազան հոդվածներ կարդացի: Մի տեղ հեղինակը նշում էր, որ Ամերիկայում բոլորն ինչ-որ տեղից եկած են, հետևաբար իր հերոսուհին էլ պետք է «ինչ-որ տեղից եկած լիներ», ու ընտրեց հայ լինելը: Արդյոք իրեն փորձում էր արդարացնե՞լ հեղինակը` իսկական պատճառը թաքցնելու համար: Մի ուրիշ տեղ մի հայ գրել էր, որ Քեվինը Ցեղասպանության ստեղծած հրեշն է, ինչն անհեթեթ թվաց: Եթե հեղինակը, այնուամենայնիվ, պատահաբար չէր Քեվինի մորը հայ սարքել, ապա, իմ պատկերացմամբ, նրա ասելիքը միայն հետևյալն էր. «Տեսեք հայ մայրերն ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին»: 

Հասկացա, որ մինչև գիրքը չկարդամ, չեմ պարզի` ինչու հենց Խաչատուրյան:

Այսքան ուշ կարդալուս պատճառը միայն այն էր, որ գիրքը չէի ճարում. գրադարանում միշտ ձեռքի վրա էր, խանութներում էլ արդեն վաճառված էր լինում: Բա ինչ, հաջողված ֆիլմ կա դրա հիման վրա: 

«Քեվինը» նամակների հավաքածու է, որոնց հեղինակը Էվա Խաչատուրյանն է և գրում է իր ամուսնուն` Ֆրենքլինին: Նրանց որդին` Քեվինը, դպրոցում զանգվածային սպանություն է կատարել ու բանտում է: Էվան պատմում է Քեվինի ողջ կյանքը` սկսած հղիության պլանավորումը, մինչև սպանությունն ու երկու տարի բանտում անցկացնելը:

Գիրքը կարդալուց հետո պիտի ասեմ, որ հիմա արդեն հավատում եմ հեղինակին. իսկապես պատահական էր ընտրել Խաչատուրյան ազգանունը: Ճիշտ է` գրքում հայկական մշակույթի ու պատմության հետ կապված տարբեր նախադասություններ կային, բայց դրանք ոնց որ Վիքիից հանած կամ ինչ-որ մեկից թռուցիկ կերպով պարզած փաստեր լինեին:

Հեղինակը սկզբում Ցեղասպանություն բառը չի օգտագործում: Ամեն տեղ կոտորած, ջարդ ու նման այլ հոմանիշներ են: Վերջում երևի գլխի է ընկնում, որ ինչքան էլ ավելորդ զգուշավորություն ցուցաբերի, հայ գրական հերոսը հաստատ չէր խուսափի այդ բառն օգտագործելուց: Դրա համար վերջին էջերում մի քանի տեղ գրում է:

Նաև չգիտի, որ հայերը երբեք իրենք իրենց ուղղափառ չեն կոչում: Ամեն տեղ խոսվում էր Հայ ուղղափառ, ոչ թե առաքելական եկեղեցու մասին:

Հայերի մասին փաստերը շատ անկապ էր խցկում: Ոնց որ Վիքիի նախադասություններով նամակ կազմեր: Ասենք, Ջեք Գևորգյանի մասին են խոսում: Հերոսուհին բացատրում է, թե ով է Ջեք Գևորգյանը, չնայած երևում է, որ վերևում ներկայացված երկխոսության մեջ Ֆրենքլինը շատ լավ էլ գիտի նրա` ով լինելը: 

Գրքի միակ նախադասությունը, որը ստիպում է մտածել, որ, այնուամենայնիվ, Վիքիից բացի ուրիշ աղբյուր էլ է ունեցել հեղինակը, հետևյալն է. «Հայերը տառապելու տաղանդ ունեն»:

Այս ամենը պարզելուց հետո հասկացա, որ ֆիլմի ուժեղ կողմերից մեկն էլ այն է, որ Էվայի հայ լինելն արհամարհվել է, որովհետև դա բնավ էական չէր, ու էդ պատահական փաստերը ոչ թե զարդարում էին գիրքը, այլ ավելորդություններ էին:

Հիմա գրական ստեղծագործության մասին ընդհանրապես: Տեղ-տեղ ահագին թույլ էր: Իսկական ամերիկացի կնոջ նվվոց էր, որն իր երեխային չի սիրում (ու դա փոխադարձ է): Կարդալիս մտածում էի` էս հեղինակը հաստատ երեխա չունի, էս գրքով արդարանում է, թե ինչու չունի: Հետո իմացա, որ իսկապես էդպես է. նույնիսկ ինքն է խոստովանել: Տեղ-տեղ նույնիսկ ահավոր անբնական էր կամ ձգած` լիքը անհարկի մանր-մունր պատմություններով կամ վերլուծություններով:

Գրքի դրական կողմերից մեկն այն էր, որ հենց սկզբից էլ խոսվում էր Քեվինի կատարած սպանության մասին, ոչ թե խորհրդավորությամբ պատում մինչև վերջ: Այնուամենայնիվ, այնպես էր գրված, որ մտածում էիր` Ֆրենքլինից ամուսնալուծվել է, ու դրանով ֆիլմն ու գիրքը տարբերվում են իրարից: Բայց չէ… իրականում նույն լուծումն էր, ինչից մի քիչ հիասթափվեցի, բայց հետո հանգստացա, երբ տեսա, որ ճշմարտությունը բացահայտելուց հետո, այնուամենայնիվ, շարունակում է էնպիսի տոնով գրել, իբր Ֆրենքլինը կենդանի է:

Ստեղծագործության բարձրացրած հիմնական հարցը հետևյալն է. արդյոք Էվայի անտարբերությու՞նն էր պատճառը, որ Քեվինը մարդասպան դարձավ, թե՞ Քեվինը հենց բնածին հրեշ էր ու հենց իր ներսից էր, որ դեռ նորածին ժամանակ հրաժարվում էր մոր կուրծքը վերցնել: Ըստ էության, հեղինակն այդպես էլ պատասխան չի տալիս, հետևաբար անիմաստ է եզրակացություններ անել (ինչը սխալմամբ շատերը փորձում են անել):

Ամենաուժեղ կողմը, պիտի ասեմ, Քեվինի կերպարն էր: Շատ լավ էր ստեղծել ոչնչով չհետաքրքրվող, բոլորին դիտավորյալ վնասող, բայց ճարպկորեն անմեղ երևացող տղային: Սպանության տեսարանը շատ մանրամասն էր նկարագրել, անիմաստ էր, բայց կարծում եմ` բուն ձևը լավ էր մտածել:

Ընդհանուր առմամբ, գիրքը կգնահատեմ միջին: Սա այն եզակի դեպքերից է, որ ֆիլմը շատ ավելի լավն է:

Զոլյան-Աշոտյան հակամարտություն. սցենարի կրկնությու՞ն

Երբ Բրյուսովի ռեկտորի հեռացման մասին կարդացի, անմիջապես հիշեցի նմանատիպ մի պատմություն, որն անցյալ տարի էր տեղի ունեցել, բայց մի քիչ ուրիշ սցենարով ընթացավ, չնայած արդյունքը նույնն էր. ռեկտոր փոխվեց:

Հիշու՞մ եք, որ հանկարծ մամուլը հարձակվել էր Գոհար Քյալյանի վրա: Բանից անտեղյակ քաղաքացին, կարդալով այդ բոլոր հոդվածները, մտածում էր. «Թու, ինչ վատն ա էս Քյալյանը»: Մի կողմ ենք թողնում, որ նրա խոսքը բավական աղավաղված է ներկայացվել, մի կողմ ենք թողնում, որ Գոհար Քյալյանն ընդհանրապես խոսակցական լեզվով է շփվում ուսանողների հետ: Լինելով նույն համալսարանից, ինձ մոտ հարց էր ծագել` լրագրողներն ինչպե՞ս էին հայտնվել ռեկտորի հետ հանդիպմանը, որին սովորաբար հրավիրվում են միայն ուսանողներն ու դեկանատի ներկայացուցիչները: Ինչու՞ հանկարծ որոշեցին հենց այդ հանդիպումը լուսաբանել, երբ Քյալյանը տարին մի քանի անգամ տարբեր ֆակուլտետների և ուսանողների հետ հանդիպումներ ունենում էր, ու նախորդ հինգ տարիների ընթացքում ոչ մի անգամ որևէ լրագրող չհայտնվեց դահլիճում: 

Ինչ խոսք, ինչ-որ մեկը զանգել-կանչել էր, ընդ որում` տարբեր թերթերից: Ավելին` տարբեր ուսանողների հետ զրուցելուց հետո պարզեցի նաև, որ այդ հանդիպման ժամանակ ինչ-որ աղջիկներ ոտքի են կանգնում ու բավական հարձակողական տոնով հարցեր ուղղում` ոչ թե պատասխան ակնկալելով, այլ փորձելով ռեկտորին հունից հանել: 

Մի ամիս անց Քյալյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ, սակայն նորից չառաջադրվեց: Կհարցնեք` իսկ ինչու՞ ոչ, եթե համալսարանի ուսանողությունն ու դասախոսական կազմն այդքան սիրում էր նրան: Հարցի պատասխանը մինչև հիմա չունեմ, բայց կարող եմ ենթադրություն անել: Ռեկտորին ընտրում է համալսարանական խորհուրդը, որի նախագահը (գոնե էն ժամանակ, հիմա չգիտեմ) Աշոտյանն էր: ԵՊԲՀ ռեկտորի ընտրություններից առաջ նա հոգացել էր, որ խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի: Չգիտեմ` ում էր ընդգրկել նոր կազմում, ոչ էլ նրանց կուսակցական կողմնորոշումն եմ ստուգել, բայց ակնհայտ էր, որ նրանք նույն մարդիկ չէին, որոնք հինգ տարի առաջ գրեթե միաձայն ընտրել էին Քյալյանին:

Աշոտյանի ինչի՞ն էր պետք Քյալյանից ազատվել: 

Քյալյանի մտնելուց հետո ԵՊԲՀ-ն ապաքաղաքականացվել էր, ոչ մի կուսակցություն մուտք չուներ, ցանկացած տիպի քարոզարշավ արգելված էր: Դա ձե՞ռք էր տալիս Աշոտյանին և ընդհանրապես ՀՀԿ-ին, որը մի ժամանակ մեծ ազդեցություն ուներ ԵՊԲՀ-ում. ուսանողական խորհրդարանը, կարելի է ասել, ՀՀԿ-ին էր պատկանում (ուսանողական խորհրդարանի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ): 2007-ն ու 2008-ը ձեռքներից բաց թողեցին, բայց հո թույլ չէին տա՞, որ 2012-ին նույնը կրկնվեր: Դրա համար պետք էր Քյալյանին այնպիսի մեկով փոխարինել, որը գրկաբաց կընդունի հանրապետականներին, ու ուսանողական խորհրդարանը նորից կդառնա քարոզչամեքենա:

Էդպես էլ կա: Ճիշտ է` լսել եմ, որ պաստառներ գոնե փակցված չեն, բայց ուսանողական խորհրդարանի ուսանողների մեծ մասը հանրապետականներ են: Բա ոնց, ընտրությունների համար համեղ պատառ չէ՞: Ձեռքի հետ էլ հիմիկվանից Աշոտյանների հաջորդ սերունդն են մեծացնում:

Զոլյանի հեռացումն էլ նորից Աշոտյանի հետ հակամարտության արդյունք է, բայց այս անգամ ավելի բացահայտ, առանց հմտորեն կազմակերպված նախերգանքի: Կարդալով հայտնաբերված «խախտումների» մասին` երկու հարց է առաջանում մոտս. նախ, մի՞թե Զոլյանը միակ ռեկտորն է, որը խախտումներ է թույլ տալիս: Երկրորդ, արդյոք այդ ամենը համապատասխանու՞մ է ճշմարտությանը: Գաղտնիք չէ, որ հայկական բոլոր պետական բուհերը (մեկը շատ, մեկը քիչ) կոռումպացված են: Բայց բոլոր ռեկտորները չեն պատժվում, չէ՞: Ստացվում է, որ մեր երկրում ոչ թե որևէ հանցանքի համար են պատժվում, այլ ինչ-որ մեկի «չլսելու»: Մի անհանգստացեք, հենց որևէ ռեկտոր իրեն «խելոք չպահի», նրանից ազատվելու ձևն էլ կգտնեն:

Պարզ չէ, թե Աշոտյանը Զոլյանի հետ ինչ խնդիր ունի, բայց գիտեմ, որ Բրյուսովն ամենաքիչ կոռումպացված ու քաղաքականացված բուհերից է: Մի՞թե Զոլյանին պաշտոնից ազատում են, որպեսզի ապահովեն ՀՀԿ-ի ազատ մուտքը համալսարան:

Արդյոք երկու ռեկտորների պատմությունը նշանակում է, որ Հայաստանում գոնե կրթական համակարգում բոլորը կախված են ինչ-որ մեկի կամ ինչ-որ կուսակցության քմահաճույքներից:

Հայ տունը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — @ 12:32 am April 15, 2012

Գերմանիա ոտք դնելուս առաջին օրերից (դեռ սեպտեմբերին) հնարավոր ու անհնար կազմակերպություններից նամակներ եմ ստանում: Սովորաբար բացում եմ, գուգլաթարգմանում, բոլոր ծակուծուկերը ստուգում` վստահ լինելով, որ հայերեն ոչ մի բառ չկա, ուղարկում մեյլերիս աղբանոցը:

Երեկ էլ մի այդպիսի նամակ էի ստացել, բայց գերմաներեն տարբերակի տակ հայերենն էլ կար: Հրավիրում էին Բեռլինի Հայ տուն, որտեղ Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պիտի Հայաստանի արտաքին քաղաքականությունից խոսեր: Ու քանի որ նամակը հայերեն տարբերակ ուներ, որոշեցի անպայման գնալ:

Ժամեր անց ստանում եմ մեկ այլ նամակ, որը նույնպես հրավիրում էր Բեռլինի Հայ տուն, բայց Լևոն Շանթի երեկոյի: Երկու իրադարձություններն էլ այսօր պետք է տեղի ունենային: Մտածեցի` երևի սկզբում Լևոն Շանթն է, հետո` դեսպանի զրույցը: Ու քանի որ երկրորդ նամակում ոչ մի տեղ հայերեն որևէ բառ չգտա, որոշեցի այդ մեկը բաց թողնել, չնայած գրականությունն ինձ ավելի է հետաքրքրում, քան դիվանագիտությունը:

Միամիտ էր ուղեղս, որ երկու իրադարձությունները տեղավորեց նույն վայրում, իրարից հետո: Կարճ ժամանակ անց պիտի նկատեի, որ դրանք գրեթե նույն ժամին են (19:00 և 18:30), ու խառնված ուղեղս ևս մեկ անգամ պիտի կարդար երկու նամակները ու պարզեր, որ չնայած երկուսն էլ Հայ տուն են կոչվում, հասցեները տարբեր են: Էլի աչքերիս չհավատալով քարտեզի վրա փորփրեցի: Հա, նույն թաղամասում են, բայց իրարից բավականաչափ հեռու են, որ եզրակացնեմ, որ ամեն դեպքում տարբեր տներ են:

Հիշեցի, որ Բեռլինում երկու հայ համայնք կար: Բայց չգիտեի, որ նրանց միջոցառումները նույն օրը, նույն ժամին են կազմակերպվում: Ինադու՞ են անում:

Մի խոսքով, ճամփա ընկա դեպի այն մի Հայ տունը, որտեղ դեսպանի հետ հանդիպումն էր: Թարսի պես էսօր գնացքների հետ խնդիր կար: Ճամփի կեսից գնացքս կանգնեց ու հայտարարեց. «Էլ չեմ գնում, իջեք, տասը րոպե սպասեք հաջորդին»: Պանիկայի մեջ ընկա. ուրեմն կուշանամ (չնայած դա հազիվ հինգ-տասը րոպե էր լինելու, որովհետև զապասով էի դուրս եկել): Չգիտես ինչու, վստահ էի, որ գերմանահայությունը պիտի որ հարմարված լիներ երկրին, որտեղ ապրում է, սկսեր ժամանակին, ու ուշանալն ամոթ լիներ:

Կարծեմ յոթ անց տասի կողմերը ներս մտա: Դեռ չէր սկսվել: Ով նայում էր վրաս, բարևում էի ու ժպտում: Բարևիս չէին պատասխանում: Տեղ հասավ, որ հայերով եմ շրջապատված, չնայած հիմնականում գերմաներեն էի լսում, ավելի քիչ` հայերեն: Բոլորը խոսում, չաչանակում են, իսկ ես մի տեսակ դուրս եմ էդ ամեն ինչից:

Միջոցառումը սկսվեց քսան րոպե ուշացումով: Չնայած նամակում ասվել էր, որ գերմաներեն թարգմանություն է լինելու, ես դա լրիվ ուրիշ ձև էի պատկերացրել: Իմ երևակայության մեջ ամբողջ զրույցը լինելու է հայերեն, թարգմանվելու է գերմաներեն բոլոր նրանց համար, ովքեր հայերեն չեն հասկանում: Իրականում լրագրողը, որը, ի դեպ, ոնց հասկացա, լավ էլ հայերեն գիտեր, հարցերն ուղղում էր գերմաներեն, որոնք թարգմանվում էին հայերեն շշուկով` միայն դեսպանի համար, հետո դեսպանը հայերեն պատասխանում էր, հետո թարգմանիչը բոլորի համար գերմաներեն էր թարգմանում: Պիտի ասեմ, որ դեսպանն ահագին խելոք ու հավասարակշռված էր խոսում: Հաճելի էր նրան լսելը, բայց մեկ-մեկ չէի հասկանում` ինչ է ասում, որովհետև ուղղակի չգիտեի, թե ինչ հարցի է պատասխանում:

Չնայած միջոցառումը քսան րոպե ուշացումով էր սկսվել, մարդկանց հոսքը դեռ չէր դադարել. հա գալիս էին ու գալիս: Էլ չեմ ասում, որ շատերը մոռացել էին բջջայինների ձայնն անջատել, իսկ երբ զանգը հնչում էր, ոմանք դուրս էին գալիս պատասխանելու` թողնելով զանգն այնքան հնչի, մինչև դռանը կհասնեն: Ոմանք շշուկով զրուցում էին, ուրիշներն անընդհատ դուրս ու ներս էին անում (ինչպես հետո նկատեցի` գնում էին ծխելու կամ միջանցքում զրուցելու):

Էդպես հերիք չի շատ ժամանակ չէի հասկանում, թե դեսպանն ինչ հարցի է պատասխանում, դեռ մի բան էլ ուշադրությունս անընդհատ շեղվում էր: Ավելին` դրա պատճառով չէի կարողանում հարցերի առանցքային բառերը որսալ, հետևաբար մոտավորապես հասկանալ դրանք: Սկսեցի ահավոր ներվայնանալ: Սարսափելի օտար էր էդ միջավայրը, ավելի օտար, քան ամբողջ գերմանախոս Բեռլինը միասին վերցրած:

Վերցրի կուրտկաս ու պայուսակս, դուրս եկա Հայ տնից, եկա իմ տուն:

Զատիկը Հունգարիայում

Մենք կտրեցինք Բրանդենբուրգը, անցանք Սաքսոնիայով ու Բավարիայով, Ավստրիան արևմուտքից արևելք հատեցինք ու մտանք Հունգարիա, որտեղ սահմանին մոտ մի քաղաք կա, անունը` Գյոր:

Գրեթե ողջ ժամանակ քնած էի ու հազիվ էի նկատում, որ ավտոբուսը կանգնում է տարբեր քաղաքներում, մարդկանց հավաքում, ինչն անտանելի դարձավ այն ժամանակ, երբ ստիպված էի կողքիս դատարկ նստատեղը զիջել նոր բարձրացած աղջկան: Քնելն այսուհետ նույնքան հարմարավետ չէր լինելու: 


Լույսը բացվել էր արդեն, ու կարծեմ արդեն Ավստրիայում էինք, երբ ավտոբուսը կանգ առավ նախաճաշի համար: Դուրս եկա, ու տեսնեմ` դիմացս Վերներն է կանգնած: Էսպես սկսվեց ճամփորդությունը ծանոթ մարդկանց հանդիպելով:

Եվ հենց Ավստրիան էր, որ անչափ գեղեցիկ էր. հայացքս պատուհանից չէի կտրում: Լիքը կանաչ տարածություններ, տեղ-տեղ` ծառեր ու անտառներ, երբեմն` կարմրակտուր տներ լցված իրար գլխի: Ոնց որ հեքիաթ լիներ:

Սկզբում փոշմանում էի, որ որոշել եմ կոնֆերանսին մասնակցել: «Ի՞նչ եմ անում այստեղ»,- մտածում էի: Չգիտեի` ով եմ ես, որովհետև Գերմանիայի պատվիրակության կազմում էի, ազգությամբ` հայ, բայց Հոլանդիայի, կոնկրետ` ՀՈՍԹ-ի պատվիրակության նիստուկացին ավելի ծանոթ: Ներկայացնում էի մի երկիր, որի լեզուն անգամ չգիտեի, ու դա զարմացնում էր բոլոր գերմանացիներին, որոնցից շատերը պնդում են, որ գերմաներեն կոչվող լեզու չկա, դա արհեստական հասկացություն է, կան բազմաթիվ բարբառներ:

Գնում էի Զատիկին մենակ չմնալու ու գրկախառնությունների պակասը լրացնելու համար:

Գյորը միանգամից դուրս եկավ: Ծայրամասերը մաշված ու հին էին, չվերանորոգված, բայց գեղեցիկ: Բակերում հունգարացի տատիկները նստած զրուցում էին: Գյումրին հիշեցրեց:

Կենտրոնը սիրուն էր, հնությունը պահպանված, բայց վերանորոգված: Նման էր Պրահային: Լիքը կամուրջներ ուներ, որոնք միացնում էին Դանուբի երկու կողմերում գտնվող քաղաքը:

Իսկ դահլիճում անակնկալներ էին սպասվում: Սկզբում Կատկան ու Ռութան էին, որոնց վերջին անգամ չորս տարի առաջ Լոնդոնում եմ տեսել: Հետո Էդիթը, որը մոտեցավ, ժպտաց իր տաք իսպանական ժպիտով, գրկեց ու ասաց.
- Գիտեմ, որ քեզ գիտեմ, բայց չեմ հիշում` որտեղից:
- 2005 թվական, Ֆորմասիոն, Լեհաստան- ժպտում եմ:

Էլ չեմ խոսում, թե որքան հրաշալի էր ՀՈՍԹ-ի ժողովրդին տեսնելը: Կարոտս մի քիչ առա, որ տուն գնամ, էլ ավելի կարոտեմ:

Կամ` հայերը… Ավելի քան մեկ ամիս էր, ինչ հայ չէի տեսել, կարոտել էի հայերեն խոսելուն: Ու տարօրինակ էր դարձել կենդանի մարդկանց հետ հայերեն խոսելը: Ձայնս օտար էր հնչում ականջներումս: Ու ինչքա~ն ջերմություն կար էնտեղ:

Գրողների մեր խումբը… Բոլորը մեկը մեկից լավ էին գրում: Զարմանալիորեն: Վերջնականապես կոտրվեց այն համոզմունքս, որ հնարավոր չէ (լավ) ստեղծագործել քրիստոնեական թեմաներով:

Մի քանի օր անչափ երջանիկ էի: Հասցրի վերլուծել ու հասկանալ, որ մարդկանց հետ ընկերանալու համար անպայման պետք է ինչ-որ ընդհանրություններ ունենալ, ինչը բնավ չունեմ իմ համակուրսեցիներից շատերի հետ: Հասկացա, որ բոլոր մանր-մունր իրադարձությունները, դասավորվելով ժամանակի ճիշտ կետում ու հաջորդելով իրար  ուղղորդում են քեզ, որպեսզի հայտնվես ճիշտ տեղում: 

Հետո պիտի վերադառնայի Պոտսդամ, սակայն այս անգամ ուրիշ աչքերով նայելով այնտեղի կյանքիս: Այլևս չէի դժգոհում մենակությունից: Հասկանում էի, որ ես ավելին ունեմ, քան իմ համակուրսեցիներից շատերը, որ կատարյալ երջանկություն է, որ ճանաչում եմ Աբրահամին ու Ֆեյթին, Հելգային, որ պատահական չէր, որ հենց նրանց հետ ծանոթացա, ոչ թե այլ մարդկանց, այլապես երբեք չէր հաջողվի Զատիկի արձակուրդը Հունգարիայում անցկացնել, մի էսքան դրական էներգիա կուտակած վերադառնալ:

Համերգի տոմսը (պատմվածք)


Պլյուս-մինուս 10-15 տարի առաջ, Երևան

Քարը տրաքվի, մի տասնհինգ տարեկան կլինեմ: Չգիտեմ` պատմվածքի հեղինակն ինձ ինչ տարիք է տալիս, բայց բարիշեցինք դեռահասի վրա: Ռոք եմ լսում, բայց ռոքերներն ինձ պրիզնատ չեն գալիս, որովհետև երակ կտրելու հետ սեր չունեմ, մամայից թաքուն չեմ ծխում-խմում, իրենց բռփեջ բիձաներին էլ չեմ լսում: Ես 90-ականների ռոքեր եմ, բայց վզիս ու թևերիս ժինջիլներ չեմ գցում:

Մեր դասարանի աղջիկները Backstreet Boys են լսում, բայց ես տենց էլ չսիրեցի էդ նրբիկ հոգիներին: Ոչ էլ Լեոնարդո ԴիԿապրիոյին եմ սիրահարված, իսկ Նատլյա Օրեյրոյի լացակումած դեմքը ներվերիս վրա ազդում է: Աստված չանի, որ մաթեմիս okul defteri-ի վրա Ռիկի Մառծինը լինի: Բեղերն ու ակնոցները պատրաստ են: Շատ էլ որ մյուս աղջիկների սիրտը ճաքում է:

Հա բայց ես էլ եմ նորմալ դեռահաս, չէ՞: Հո սենյակիս պատերը տկլոր չէի թողելու: Դրա համար լիքը պոստերներ եմ կպցրել: Ճղած ջինս էլ եմ հագնում, շատ էլ որ հարևան Թաքուշ տատին ինձ տեսնելիս հա անիծում է, իսկ ռոքերները մեկ է պրիզնատ չեն գալիս: Հեսա ջինսիս վրա սիրածս երգերի բառերն եմ գրելու: Ռոքեր ձյաձյաներն ասում են, որ ճաշակս շատ նեղ է:

Ինը տարեկանից Ալանիս Մորիսեթով եմ տարված (ախ աղջիկ վախտերս): Էսպես սկսվեց. տեսա Ironic-ի կլիպը, դուրս էկավ: Էնքան դեբիլ էի, որ մտածեցի` ավտոյի մեջ գժվող չորս աղջկերքը խմբի տարբեր անդամներ են, ոչ թե տարբեր գույնի շորերով Ալանիս: Հա, ուրեմն Վերնիսաժում արծաթից վզնոց եմ պատվիրել ALANIS գրությամբ: Տենց մի նայեք, հիմա Ալանիսի մասին ամեն ինչ գիտեմ: Ծնվել է Օտտավայի Ռիվերսայդ հիվանդանոցում` երկվորյակ Ուեյդից տասներկու րոպե շուտ: Ամբողջ օրն իր երգերն եմ լսում, մեկ-մեկ` ռադիո, բայց ռադիոյով էլ Ալանիս եմ պատվիրում:

Ինձ շրջապատում փոքրիկ Ալանիս են ասում:

Պատմվածքի հեղինակն ինձ խնդրեց, որ Թորի Էյմոսի մասին էլ մի քիչ խոսեմ: Շատ չհասկացա` ինչին էր պետք: Ասեց` տասը տարի կանցնի, կիմանաս:

Բացի Ալանիսից պատահում է, որ Թորի Էյմոս էլ եմ լսում, բայց դե Ալանիսին չի հասնի: Թորիի մասին ռուսական ու չեխական ամսագրերը ոչ մի բան չեն գրում: Մեջտեղի էջերում պոկովի պոստեր չկա: Դրա համար պատերիս վրա ով ասես չկա, բայց Թորին` չէ:

Մոռացա ասել. նկարել էլ եմ սիրում, բայց Թորիին կյանքում չեմ նկարել ու մտքովս չի էլ անցնելու (հեղինակն ա տենց ասում, ես մեղք չունեմ): Կենսագրությունն անգիր չգիտեմ: Չի էլ հետաքրքրում: Մենակ մի տեղ կարդացել եմ, որ Ալանիսի սիրած երգչուհիներից է` JLP ալբոմի ներշնչանքը: Ո՞նց, ընթերցողը չգիտի՞ JLP-ն ինչ է: Լավ, մի ջղայնացի, ասում եմ. Jagged Little Pill:

Երկար ժամանակ Թորիի դիսկերը չունեի, որովհետև Երևանում չգիտեին` էդ ով է: Մի անգամ քաղաքի զապիսնոցներից մեկից From the Choirgirl Hotel-ի կասետն առա: Ուրախությունից պարում էի: Մի անգամ էլ պիրատսկի Best Of կպցրեցի: Բայց դե վերջերս արտասահմանից առաջին երեք ալբոմները բերել են: Շատ էլ որ արդեն ունեմ: Մեկ ա ասում են, որ առաջիկա տասը տարիների ընթացքում էդպես էլ չեմ սովորելու հիշել, թե որ երգը որ ալբոմից է:

Սիրում եմ կորել Թորիի տեքստերի մեջ: Պատահում է` կենտրոնանում եմ մի երգի վրա ու օրեր շարունակ փորձում հասկանալ, թե Թորին ինչ է ուզում ասել: Մեր օրերում դեռ ինտերնետ չկա տներում, որ արխային մտնեմ, ման գամ, մի քանի բացատրություն գտնեմ:

Մի ընկերուհի ունեմ, հետը նամակագրական կապ եմ պահում: Հա, Երևանում է ապրում, հեռախոսի համարն էլ ունեմ, բայց մեկ է իրար նամակներ ենք գրում: Ու էնքան երկար: Մի անգամ ռեկորդ եմ խփել` 20 հատ A4: Էդպես էջերով Թորիի երգերն ենք վերլուծում: 

"Look I'm standing naked before you
Don't you want more than my sex
I can scream as loud as your last one
But I can't claim innocense"

Ի տարբերություն Ալանիսի, Թորին իմ կուռքը չի (հեղինակն ասում է` էստեղ գրի «ստվերում է մնացել»), այլ երկրորդ սիրելի երգչուհին: Դրա համար մենակ երգերով իրեն գիտեմ: Ասում են` հետո որ սկսեմ շատ գրել, ամբողջ գիշեր Թորիին եմ լսելու, բայց երբեք չեմ խոստովանելու, որ Թորիին Ալանիսից շատ եմ սիրում:

Որ մի քիչ մեծանամ ու ավելի զբաղված լինեմ, նոր ալբոմների մասին մեկ-երկու տարի ուշացումով եմ իմանալու:
Բայց հենց Թորիի ազդեցությունից էր, որ Ալանիսի երկրպագուների ֆորումում գրանցվելիս առաջին անգամ օգտագործեցի strangelittlegirl մականունը, ու դա ինձ կպնելու է ամբողջ կյանքիս համար. մինչև էս պատմվածքի վերջը տարօրինակ փոքրիկ աղջիկն եմ լինելու:

Մի երևակայական կերպար եմ հորինել: Անունը դրել եմ Թորի: Նրա համար մի ամբողջ կենսագրություն եմ հորինել: Ներվայնացնում եմ (թյուրիմացաբար) ինձ սիրահարված ընկերներիցս մեկին: Գիտի թե էդ Թորին կա:
Հիմա կա ռադիո ու կամ ես` ամբողջ օրը դիջեյների նյարդերը սղոցող դեռահասս, բայց դեռ չեմ հասկանում, որ իմ վարքը ներվահան անող է: Ինձ գիտեն որպես Ալանիսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ: Ջղայնանալիս Թորի անունով եմ զանգում: Դեռ միամտաբար կարծում եմ, որ ձայնս չեն ճանաչի:

Մի քանի տարի հետո, երբ իմ սեփական բջջայինն ունենամ, ընկերուհիս մեսիջն էսպես կսկսի. «Թորի ջան…»: Իսկ երբ YouTube-ը մեջտեղ գա, Թորին կլինի միակ երգչուհին, որի համերգային տեսագրությունները ժամերով կնայեմ ու չեմ հոգնի, երբեմն էլ կերազեմ, որ մի օր կենդանի կտեսնեմ:

- Ո՞վ է քո սիրած կատարողը:
- Ալանիս Մորիսեթը:

3 ամիս կամ ավելի առաջ, Երևան

Արդեն մեծացել եմ:

Թորիի պաշտոնական լուրերն եմ ստանում: Աշնանը` նոր ալբոմ, որին կհետևի համերգային շրջագայությունը: Ինձ նույնիսկ թույլ եմ տալիս օրերն ու վայրերը նայել, որովհետև արդեն գիտեմ, որ սեպտեմբերին Գերմանիայում, իսկ հոկտեմբերից` Նիդեռլանդներում եմ լինելու:

Ամեհարմարն Ամստերդամն է: Մի քանի օր անց նոր նամակ. Ամստերդամում երկու համերգ է լինելու: Տոմսը դեռ չեմ գնում. Եվրոպայում կլինեմ, հանգիստ սրտով էդ հարցով կզբաղվեմ:

1 ամիս ու մի քիչ առաջ, Բեռլին

Համակուրսեցիներիս հետ սեղանի շուրջ նստած քննարկում ենք, թե ինչով ենք զբաղվելու հաջորդ ամսում:
- Ուզում եմ համերգ գնալ,- հայտարարում եմ:
- Ու՞մ,- հարցնում են:
- Թորի Էյմոսի:
Շատ ուշ եմ իմանում, որ նրանցից շատերն այդ անունն առաջին անգամ են լսում:
- Տոմսն ինչքա՞ն է,- հարցնում է գերմանացի համակուրսեցիս:
- 50 եվրո:
- Թանկ է: Ո՞վ է քո սիրած կատարողը:
- Ալանիս Մորիսեթը:

Այդ երեկո մտնում եմ ինտերնետ, փորձում տոմսը գնել: Հայկական կրեդիտ քարտս չի ընդունում, իսկ գերմանական քարտովս Նիդեռլանդներում հնարավոր չէ օնլայն բանկինգ անել: Որոշում եմ սպասել մինչև Նիդեռլանդներ կհասնեմ, հոլանդական հաշիվ կունենամ:

Ուղիղ 1 ամիս առաջ

Գերմանացիների ականջից հեռու, քաշել եմ Թորիի ամբողջական ալբոմը: Ընտիր բան է: Դասական ստեղծագործությունները վերամշակել, երգեր է սարքել: Էս ալբոմից չեմ պոկվում: Ոչ մի վայրկյան: Համերգին անպայման պիտի գնամ:

"You've left your ghost
Until tomorrow
And then he must be sent
To a strange address
In the Mediterranean"

- Ո՞վ է քո սիրած կատարողը:
- Ալանիս Մորիսեթը:

8 օր առաջ, Խրոնինգեն

Հոլանդական հաշվեհամարս նոր եմ բացել: Չէ, էսպես չեղավ: Մինչև քարտս ստանամ, մինչև գերմանականից փող փոխանցեմ, համերգի օրը կգա-կանցնի: Ուրիշ բան է պետք մտածել:

Կայքից իմանում եմ, որ համերգից ութ օր առաջ կարելի է հեռախոսով տոմսեր պատվիրել: Ըհը, իսկը օրն է: Բայց տոմսեր կարելի է փնտրել նաև տուրիստական գրասենյակներում և free record shop խանութներում:

Տուրիստական գրասենյակում ինձ ասում են, որ տոմսերը վերջացել են:
- Ո՞նց,- ջղայնանում եմ,- ախր կայքը ցույց էր տալիս, որ դեռ կա:
- Սովորաբար վերջին տոմսերը պահում են համերգի օրը տոմսարկղում վաճառելու համար: Փորձեք զանգահարել նրանց:

Դուրս եմ գալիս ու համարը հավաքում: Ավտոմատ ձայնը բարբաջում է, որ իմ հեռախոսից նման զանգեր կատարել չի կարելի: Գժվում եմ: Պետք է շտապ օպերատորի խանութ գտնել ու խնդրել, որ սարքեն: Կամ էլ free record shop-ում բախտս փորձել:

- Տոմսերը վաճառվել են,- նույն պատասխանն եմ ստանում երաժշտական խանութում:
- Ո՞նց,- էլի գժված եմ: Չէ, մի բան պետք է անել:
- Կառաջարկեմ Այնտհովեն գնալ. էնտեղ էլ համերգ կա:
- Հա, ուզում եմ,- պատասխանում եմ առանց մտածելու:

Վճարում եմ մոտ 60 եվրո, ու տոմսը ձեռքիս մեջ է: Բայց տրամս էն չի: Ախր ես Ամստերդամ էի պլանավորել: Ախր բարեկամուհուս հետ արդեն պայմանավորվել էի, որ չորս օրով իր մոտ եմ լինելու: Ախր գուցե հնարավոր լիներ Ամստերդամում տոմս ճարել: Իսկ եթե չլինե՞ր: Ինչքա՞ն էի գլխիս տալու, որ ժամանակին մարդավարի էս հարցով չեմ զբաղվել: Այնտհովեն գնալով ծախսերս էլ են շատանում: Իսկ թոշակս դեռ չկա: Վերջիվերջո, հասկանում եմ, որ Թորիին տեսնելու եմ ոչ թե ութ, այլ հինգ օրից, ու որ վերջապես տեսնելու եմ, ուրախանում եմ: Սոված կմնամ, բայց Թորիին տեսնելու կգնամ:

1 օր առաջ, Խրոնինգեն

Հեծանիվ քշել եմ սովորում: Անընդհատ ընկնում եմ: Բա որ վնասվա՞ծք ստանամ ու չկարողանա՞մ համերգ գնալ:
9 ժամ առաջ, Խրոնինգեն

Հոլանդերենի դասախոսը մեզ քաղաքն է ցույց տալիս: Եղանակը լավն է: Չեմ լսում նրան: Ուշք ու միտքս Այնտհովեն գնալն է: Համակուրսեցիներիս հրավիրում է իր տուն սուրճ խմելու, իսկ ես չեմ մնա. պիտի մեկնեմ:

6 ժամ առաջ, ճանապարհ

Հազիվ եմ հասցնում գնացքին: Եթե բաց թողնեի, էլի չէի ուշանա: Բայց դե անծանոթ քաղաք է: Լավ կլինի` շուտ հասնեմ:

3 ժամ առաջ, Այնտհովեն

Սոված եմ ու չիշիկ ունեմ: Մի սենդվիչ կայարանից ճարում եմ: Սրճարանում կապուչինո կխմեմ հանուն նրանց զուգարանից օգտվելու:

Կան խելառներ, որոնք օվկիանոս են կտրում Թորիի համերգի համար: Ես էլ նույնը կանեի, եթե էդքան փող ունենայի: Ուրիշների աչքերով մի խելառ էլ ես եմ, որովհետև հանուն Թորիին տեսնելու ծախսել եմ ամսական կրթաթոշակիս մեկ տասներորդը, երկրի ծայր հյուսիսից ճամփորդել հարավ, իսկ գիշերն Աստված գիտի որտեղ եմ մնալու (եթե Ամստերդամ չհասնեմ):

Երազանքիս իրականացմանը երկու ժամից էլ պակաս ժամանակ է մնացել: Մտաբերում եմ, որ Թորին միակ կատարողն է, որին նայել եմ ուզում, անվերջ նայել:

Ես նրա երգերից փախած տարօրինակ փոքրիկ աղջիկն եմ: Թորին գիտի՞, որ strange little girl-ն այսօր դահլիճում է լինելու:

"Strange little girl, where are you going?"

Գուգոն ինձ լավ խաբեց. դահլիճն ավելի մոտ էր, քան ցույց էր տվել, իսկ ես բնազդաբար հենց այդ կարճ ճանապարհն էի ընտրել:

Չեմ գտնում: Հանգիստ, դեռ երեք ժամ ունես: Հենց մնա մի ժամ, ճանապարհը կհարցնես:
Ուսումնասիրում եմ Այնտհովենը: Նկարում եմ օդից կախված թփերը: Մի մեծ ու սիրուն ավտոբուս խանգարում է: «Ինչ-որ Թորիի ավտոբուսը լինի»,- ծիծաղում եմ:

Մի քիչ էլ առաջ եմ գնում, տեսնում լիքը խելառ, բեղ-մորուսով ռոքերների, հիպիների, փանքերի ու լիքը նման անուններով կերպարների, որոնք կանգնած են Tickets & Info գրության տակ, գարեջուր են լակում: Նայում եմ կոլայի շշիս ու ժպտում: Չլինի՞ էս է դահլիճը: Մուտք չունի: Բայց երևի այ էս մարդիկ են գալու Թորիի համերգին ու տոմս են փնտրում: Ես իմն ունեմ:

Առաջ եմ շարժվում: Չէ, դահլիճը չկա: Փողոցում քարտեզ է պատահում: Պարզվում է` շատ եմ գնացել: Ախ դու խաբլան Գուգո: Հետ եմ քայլում: Նորից նույն սիրուն ավտոբուսը, կողքի շենքի վրա էլ գրություն. Backstage entrance: Ուրեմն իսկականից Թորիինն է: Շենքի մոտով անցել եմ առանց կռահելու, որ հենց այդտեղ է համերգը լինելու: Տեսնես` Թորին ներսու՞մ է: Նա ունենու՞մ է այն meet&greet կոչեցյալներից: Դա ինչպե՞ս է կատարվում, չգիտեմ: Ես էն խելառ ֆանատներից չեմ, որ երազում են իրենց կուռքին դիպչելու մասին: Ոչ էլ ինքնագիր է պետք. ստորագրություն է, էլի: Տեսնես` քանի՞ միլիոն հատ է Թորին դրանցից բաժանել: Ոչ էլ մեռնում եմ հետը նկարվելու համար: Ուղղակի կուզեի կանգնել նրա առաջ ու ասել.

- Բարև, ես տարօրինակ փոքրիկ աղջիկն եմ: Այ տենց:

1 ժամ առաջ, Այնտհովեն

Համերգին սպասելու ժամերն ավելի դանդաղ են անցնում, քան գնացքում անցկացրած երեք ժամը:

Կես ժամ առաջ, Այնտհովեն

Տոմսս երեք անգամ թանկ վաճառեցի փռչոտ ռոքերներից մեկին և մեկնեցի Ամստերդամ:

Մենք

Մենք` հայերս, բանավիճել չգիտենք: Մենք ունենք կարծիք, որը մեզ համար բացարձակ ճշմարտություն է: Եթե ինչ-որ մեկն ունի ուրիշ կարծիք, կանենք ամեն ինչ, որ փոխենք այն: Բայց նա էլ մեզ նման պինդ է ու կանի ամեն ինչ, որ հրաժարվենք մեր կարծիքից: Ու այդ «ամեն ինչն» իսկապես ամեն ինչ է` սկսած անձնական վիրավորանքներից, վերջացրած ծեծկռտուքով ու դատի տալով:

Մեզ չեն սովորեցրել, որ բանավիճելիս չի կարելի գոռալ: Մեզ չեն սովորեցրել, որ դիմացինի տարիքը, ծագումնաբանությունը կամ նրա կյանքին վերաբերող այլ մանրուքներ հիշելն իրականում փաստարկների բացակայության նշան է: Մեզ չեն սովորեցրել, որ «Իմ կարծիքով» սկսվող նախադասությունները ոչ թե անվստահության, այլ քաղաքավարության, դիմացինի` ուրիշ կարծիք ունենալու իրավունքը հարգելու նշան է: Մեզ չեն սովորեցրել, դրա համար էսքան բռի ենք, լաչառ, բանավեճը մեզ մոտ կռիվ է, կարծիքը` պնդում, հիմնավորումները` հայհոյանքներ:

Ու դրա համար տեղում դոփում ենք: Անընդհատ: Համոզված ենք, որ մեզնից խելոքը չկա:

Երկրի ժամը Բեռլինում

Հաշվի առնելով, որ Գերմանիան ուժեղ բնապահպանական երկիր է` մտածում էի, որ էստեղ Երկրի ժամը հատուկ իրադարձություն պիտի լինի: Ինտերնետը փորփրեցի, զանազան վիդեոներ գտա, որտեղ ցուցադրվում էր, թե այդ ժամին ինչպես են Բեռլինի լույսերը հանգում: Սկսվում է Բրանդենբուրգյան դարպասից, տարածվում շրջակայքում: Էդ ընթացքում շուրջը լիքը մոմեր են վառվում:

Ոգևորվեցի ու որոշեցի այս տարի անպայման այնտեղ լինել: Համակուրսեցիներիս հավաքեցի, գնացինք:

Բրանդենբուրգյան դարպասի մոտ լիքը մարդ էր հավաքվել: Ձեռքներին գնդաձև ջահեր էին: Չնայած պայուսակիս մեջ վեց հատ մոմ կար (համենայնդեպս), որոշեցինք մենք էլ մասնակից դառնալ ու վերցնել գնդաձև ջահերից: Դարպասը դեռ լուսավորված էր: Դիմացը մոմերով երկրագունդն էր պատկերված:

Ուղիղ 20:30 Բրանդենբուրգյան դարպասի լույսերը հանգեցին: Հայտարարվեց, որ այդ պահին Էյֆելյան աշտարակն ու Բիգ Բենը նույնպես մթնում են:

Իսկ Բեռլինում շատ բան չէր փոխվել. շրջակայքում ամեն ինչ լուսավոր էր, ու մեր (երկրա)գնդերը ոչնչով չէին առանձնանում: Երբ ավելի ուշադիր նայեցինք, նկատեցինք, որ փողոցի լույսերից միայն ամեն երկրորդն է անջատված: Իսկ կողքի թանկանոց հյուրանոցի հեչ պետքը չէր, որ Երկրի ժամն է: Ոչ մեկի պետքն էլ չէր, բացի Բրանդենբուրգյան դարպասից ու այնտեղ հավաքված մի քանի հարյուր մարդկանցից: 

Երբ տուն եկա, իմացա, որ Երևանի բոլոր փողոցների լույսերն անջատել են: Այն նույն Երևանի, որի ղեկավարությունը հեռու է բնապահպանություն կոչվող գաղափարից, որտեղ դեռ ցերեկը Մաշտոցի այգու պատմությունները շարունակվում էին:

Փոստարկղս

Ամեն օր տնից առաջին անգամ դուրս գալիս, եթե դա առավոտյան շատ շուտ չէ, փոստարկղս ստուգելը հատուկ արարողություն է: Օր չի լինում, որ սպամից չխեղդվի: Արդեն սովորել եմ. գրկում եմ ամբողջ աղբը, հետ գնում միջանցք, լցնում սպամարկղը, որն ամեն օր խնամքով ինչ-որ մեկը դատարկում է: 

Երբեմն նամակներ են լինում բանկից: Դրանք սովորաբար երկար ծրարներով են, հաստ: Բացում ես, մեջը լիքը ոչ պետքական ինֆորմացիա անհասկանալի լեզվով: Բայց պատահում է նաև, որ փոստարկղումս բացիկ եմ գտնում: Իսկույն կռահում եմ. Քիրսթենին Գերմանիայի որևէ քաղաքից աշխատանքի համար հարցազրույցի են կանչել, իսկ նա պարտաճանաչ կերպով ինձ բացիկ է ուղարկում: Դրանք դասավորում եմ պահարանիս դարակներից մեկում, ու ամեն անցնող մտածում է` ինձ որտեղի՞ց Գերմանիայի էսքան տարբեր քաղաքների բացիկներ: Իսկ Քիրսթենն իր հաջորդ նամակում պիտի բացատրի, որ հերթական հարցազրույցից հետո մերժեցին, բայց դրա լավն կողմն այն է, որ իր երկրի տարբեր քաղաքներ տեսնելու հնարավորություն է ստանում:

Մեր օրերում նամակներ գրողներ տան: «Փոստատան աշխատողը զարմացավ, երբ տեսավ, որ նամակ եմ ուղարկում… ուղղակի նամակ»,- պատմեց Քիրսթենը հանդիպման ժամանակ:

Կամ էլ փաթեթ եմ գտնում Անայից` իմ վաղեմի նամակագրական ընկերոջից: Անհիշելի ժամանակներից իրար գրում ենք: Հետո պատահաբար հայտնաբերում, որ երկուսս էլ նույն օրն ենք ծնվել` մի տարվա տարբերությամբ: Շփվում ենք իրար հետ ոնց որ հազար տարվա ընկերներ: Ու վերջերս էլ Զատիկի առթիվ շոկոլադե նապաստակ էր ուղարկել: Հուլիսին գալու է Բեռլին: Հանդիպելու ենք: Մեր շփման ութ-ինը տարիների ընթացքում առաջին անգամ:

Եվ ես ուրախ եմ, որ էլեկտրոնային էս դարում դեռ ձեռագիր նամակներ գրողներ կան: Գնամ, Քիրսթենի վերջին նամակին դեռ չեմ պատասխանել:

Ամեն ինչ լուսավորված է (ֆիլմը)

Այն, որը գիրքը դժվար էկրանավորվող էր, հենց սկզբից էլ գիտեի: Այնուամենայնիվ, թրեյլերն ահագին հուսադրող էր, որովհետև այնտեղ տեսա ճիշտ նույն Սաշային, որը գրքում էր նկարագրված, և Ջոնաթանին, որն իմ պատկերացրածից հեռու չէր: Իսկ ֆիլմից մի մեղեդի մինչև այն դիտելն էր ուշադրությունս գրավել. մի երկու օր առավոտից երեկո լսում էի:

Բայց ցավով պիտի նշեմ, որ այսքանով ավարտվում են ֆիլմի դրական կողմերը: Հա, դժվար է երեք զուգահեռ պատմություններն էկրանավորել: Դրա համար հասկանում եմ միայն մեկի ընտրությունը: Բայց մնացածը չեմ հասկանում: Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր տեքստն ավելի ազդեցիկ լինել, քան պատկերը: Չեմ հասկանում, թե ինչու են պատմության մեխը ֆիլմից հանել, դուրս շպրտել: Հա, էլի ցույց են տալիս, որ պապիկն ինչ-որ ապրումներ ունի, որ Համաշխարհայինի ու հրեաների ջարդի հետ ինչ-որ կապ ունեցել է, բայց ցույց չեն տալիս` ինչ: Իսկ գրքում հենց դա է գլխավորը, հենց դա է ուղեղդ խառնում իրար, որ չես հասկանում` որն է ճիշտը, հենց դա է, որ խանգարում է վերջին քսան էջը կարդալ, որովհետև միտքդ կենտրոնացած է դրա վրա (թե ինչը, գիրքը կարդացեք, իմացեք): 

Անգամ հերոսների ապրումները տեքստով ավելի լավ ես ընկալում, քան նրանց տեսնելով: Հեղինակը մանրակրկիտ աշխատանք է տարել, ամեն մի բառն ընտրել է, անգամ որոշ տեղերում բառերն իրար կպցրել էր, կետադրությունը` բաց թողել: Ու հենց էդ տեքստն էր մուրճով հարվածում ուղեղիդ: Իսկ ֆիլմում մենակ պատկերներ էին, անկապ, ոչինչ չասող, ոչ համոզիչ պատկերներ: Էլ չեմ ասում, որ Ավգուստինային բռնեցին, զոռով տատիկի քույրը սարքեցին, մինչդեռ գրքում նա այդպես էլ չի գտնվում, այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ պատահեց նրան: Ու դա կարևոր էլ չի լինում: 

Իմ անձնական խորհուրդն է գիրքը կարդալ. այն հաստատ ավելի խորն է: Համենայնդեպս, ֆիլմի թրեյլերը նայեք:

Էս էլ ինձ դուր եկած երաժշտությունը

Ամեն ինչ լուսավորված է (Ջոնաթան Սաֆրան Ֆոեր)

Գիրքը նվեր էր եղբորիցս: Նոր տարվա առթիվ: Հետս բերեցի: Վերջերս կարդացի, պրծա:

Երբ նոր էի սկսել, լեզուն տարօրինակ թվաց: Ինչ-որ անսովոր անգլերեն էր, անսովոր բառերով: Կարճ ժամանակ անց հասկացա, որ հատուկ է այդպես արված. գրքի հերոսներից մեկը` Սաշան, ուկրաինացի է, որը համալսարանում անգլերեն է սովորում և թարգմանիչ է աշխատում ԱՄՆ-ից ժամանած հրեա Ջոնաթանի համար: Հետո հասկացա նաև, որ պատմությունը երեք գծով է ընթանում. Ջոնաթանի, Սաշայի, նրա կույր պապիկի և տեսնող քածի ճամփորդությունը Ուկրաինայում, որը գրված է Սաշայի տեսանկյունից, Սաշայի նամակները Ջոնաթանին ճամփորդությունից հետո և Ջոնաթանի ընտանիքի պատմությունը գրված գրական անգլերենով (ու ահավոր շատ հիշեցնելով Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»):

Սաշայի մասն էնքան համով էր: Ուներ իրեն հատուկ բառապաշարը: Բառարաններից հանած հոմանիշներ էին, որոնք հաճախ սխալ կոնտեքստում էր օգտագործում: Սաշայի բառերից ու արտահայտություններից մի քանի հատ առանձնացրել եմ. to spleen – զայրացնել, toil – աշխատել, dub – անվանել, loiter – սպասել, to manufacture Z's – քնել, currency – փող, not-truths – ստեր, to take without asking – գողանալ: Դեռ տեղ-տեղ էլ բայերը սխալ էր խոնարհում:

Ջոնաթանի ճամփորդության նպատակը Հոլոքոսթի ժամանակ իր պապիկին փրկած ընտանիքից Ավգուստին անունով աղջկան գտնելն էր: Հենց էդ ճամփորդության ընթացքում բացահայտվում է որոշակի ճշմարտություն: Ու էստեղ սկսվում է սահմռկեցուցիչ տեսարաններ, անելանելի իրավիճակներ, որտեղ չես կարող ասել` որ քայլն էր ճիշտ, չես կարող դատել, չես կարող գնահատական տալ:

Էդ էջերից հետո դեռ մի քսան էջ շարունակվում էր գիրքը: Դեռ պիտի Ջոնաթանի պատմության մեջ էլ հասնեինք Երկրորդ համաշխարհայինին, բայց էլ կենտրոնանալ չի լինում, անընդհատ միտքդ հետ է գնում:

Չնայած կոտորածների մասին բաց տեսարաններով պատմություններ չեմ սիրում, բայց էս գիրքը շատ դուրս եկավ, որովհետև հեղինակը մեծ վարպետությամբ էր դրանք ներկայացրել` տեղադրելով ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: Իսկ մոգական ռեալիզմով հատվածներն էլ ահագին սիրուն էին ստացվել: Հետաքրքիր էր, թե ոնց էդ ամեն ինչը բերեց, Հոլոքոսթի հետ կապեց:

Ասում են` հեղինակին մեղադրում են հետևյալ արտահայտության համար. «Ուկրաինացիները հրեաներին գրեթե այնքան վատ են վերաբերվել, որքան նացիստները»: Ասում են` իրականությունն աղավաղում է: Սակայն երբ ամբողջ գիրքը կարդում ես, հասկանում ես, թե այդ մի նախադասությունով ինչ նկատի ուներ, ու որ «վատ վերաբերվելը» հաճախ ընտրություն է եղել որպես «չարյաց փոքրագույն», ընտրություն սեփական ընտանիքի և հրեայի կյանքի միջև:  

Ֆիլմն էլ կա: Պիտի անպայման նայեմ: 

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com