Հայկական կրթական համակարգի բացերից

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 2:55 am February 6, 2012

Թիմային աշխատանք ենք անում: Պիտի տվյալները վերլուծենք ու հոդված գրենք: Գրելը ստացվում է (նախաբանը համարյա վերջացրել ենք), վերլուծելը` չէ: Երեքիցս մենակ ես եմ վիճակագրություն անցել, բայց դա ոչինչ չի փոխում. ես էլ եմ չանցածի հաշիվ: Ու էնպես չի, որ չեմ սովորել: Սովորել եմ ու լավ էլ հիշում եմ անցածս, բայց…

Վիճակագրությունն անցել ենք առանց կոմպերի, սահմանումների ու բանաձևերի տեսքով: Լինում էր` ժամերով էջեր էինք մրոտում, որ որևէ բան հաշվենք: Մինչև հիմա էլ գիտեմ ոնց են տարբեր մեծություններ հաշվարկում, որ ասեն արա, ձեռքով կանեմ` առանց զանազան ծրագրերի օգնությանը դիմելու: Բայց ու՞մ է պետք:

Գիտելիքներս լրիվ տեսական են: Հիմա պիտի հասկանամ, թե որ թեստն է պետք կիրառել տվյալ դեպքում: Չի ստացվում: Ու թեկուզ մի քիչ փորփրելուց հետո SPSS-ից սկսում եմ գլուխ հանել, բայց չեմ հասկանում` մեր տվյալները վերլուծելու համար որ գործողությունն է ավելի նպատակահարմար: Ու հիմա ու՞մ են պետք իմ տեսական գիտելիքները, երբ գործնականում դրանք կիրառելի չեն, երբ ձեռքիս փոխարեն հազար տեսակի ծրագիր կարող է նույն հաշվարկներն անել, մենակ թե ասեմ` ինչ հաշվարկ:

Նաև էստեղ է, որ հայկական կրթական համակարգը կաղում է, շատ է կաղում:

Ժառանգները

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 5:31 am February 4, 2012

Գիշերը 11-ի սեանսն էր, բայց կինոթատրոնը լիքն էր, տոմսերն էլ լավ թանկ (նույնիսկ ուսանողական զեղչով): Բայց դե որոշել էինք դիտել էդ ֆիլմը, էսօր էլ լավ առիթ էր:

Նայում ես, «Օսկարի» գլխավոր հավակնորդներից է: Սպասելիքներդ մեծ են:  

Ֆիլմում մի բարեկեցիկ ընտանիքի մայր դժբախտ պատահարի հետևանքով կոմայի մեջ է ընկնում: Հոր (Ջորջ Քլունի) և երկու աղջիկների համար դժվար ժամանակներ են սկսվում: Հայրը չգիտի, թե ինչպես պետք է հոգ տանել աղջիկների մասին: Ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ հայրն իմանում է, որ կինն իրեն դավաճանել է: Մյուս կողմից, բժիշկն ասում է, որ կնոջը փրկելու հույս չկա: Սկսվում է հակասական զգացողությունների մի շարան մահամերձ կնոջ մահճի մոտ: Էլ չպատմեմ, թե հետո ինչ է լինում, նայեք…

Սիրուն կադրերը շատ էին: Հավայան կղզիների մասին էլ ահագին բան իմացանք: Բայց հանուն սիրունության ռեժիսորը լիքը անիմաստ կադրեր էր խցկել: Օրինակ, երբ հայրն ավագ դստերը հայտնում է, որ մայրը մեռնելու է, աղջիկն էդ պահին լողավազանում է լինում ու վշտից սուզվում է: Շատ սիրուն է, բայց մի տեսակ անիմաստ:

Հետո, որպես «Օսկարի» գլխավոր հավակնորդ եսիմ ինչ չէր: Հաստատ էս վերջերս ավելի լավ ֆիլմեր էլ եմ տեսել: Այնուամենայնիվ, գրեթե վստահ եմ, որ լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելու է: 

Ճապոնացիները հայերից են առաջացել

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 8:20 pm February 3, 2012

Էրեկ մի հոդված էի կարդում, էնքան հետաքրքիր էր: Հեղինակը ճապոնացի գիտնական Կոշիմա Տակայասուն էր: Զուգահեռներ էր տանում ճապոներենի ու հայերենի, ճապոնական ու հայկական մշակույթների միջև: Նշում էր, որ մի խումբ հայեր մ.թ.ա. առաջին դարում գնացել են Ճապոնիա, տուն-տեղ դրել, խառնվել տեղի բնիկներին: 

Ճապոներենն ու հայերենը շատ ընդհանրություններ ունեն: Դատեք ինքներդ.
ոտք – աշի (հայերեն քաշի բառից)
մազեր – կամի (ասում են` քամին որ մազերը խառնում էր, դրանից է առաջացել)
գոտկատեղ – կոշի (հայերեն կոշիկ բառից)
լուծ – գերի (այսինքն` երբ լուծ ես ընկնում, աղիներիդ գերին ես դառնում)
եղնիկ – շիկա (հայերեն շեկ բառից)

Էլի էդպիսի լիքը հետաքրքիր բաներ կային: Որ չալարեմ, լրիվ կդնեմ: Ես էլ հա ասում էի` մեզ ու ճապոնացիներին որտեղի՞ց էսքան ընդհանրություն:

Խրոնինգենյան ձյուն

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:57 pm

- Նայիր, նայիր,- բացականչում է Միրենը` ցույց տալով լիճը:
- Հա, տեսել եմ, սիրուն է: Բա որ աշնանը տեսնեիր,- պատասխանում եմ` լավ չհասկանալով, թե ինչ է ցույց տալիս: Հետո, երբ ուշադրությունս կենտրոնացնում եմ, նկատում եմ, որ լիճը սառած է, ու մարդիկ վրան սահում են: Միայն մի փոքրիկ հատված է, որ ջուրը բաց է մնացել: Այնտեղ բադերն են հարմարվել: Չգիտեմ` հատուկ նրանց համար էդ մասը հալացրե՞լ են, թե՞ բադերի տաքությունը ուղղակի չի սառցակալել: Բայց սիրուն էր ու հեքիաթային:

***
Գիշերը գլուխս բարձին դնելուց առաջ մտածեցի. ձյուն եմ ուզում: Անտրամաբանական է, որ ձյուն չկա: Ցրտից սրսրթում ենք, քաղաքում ինչը հասցրել, սառցկալել է, բայց արի ու տես ձյուն չկա: – 10 ջերմաստիճանում արև պայծառ շողում է, ու բոլորը զարմանում են` էս անձրևոտ Հոլանդիայից չէ:

Առավոտն աչքերս բացում եմ ու տեսնում ձյան մեջ թաղված քաղաքը: Ձյունը դեռ գալիս է: Առաջին իսկական ձյունն է քաղաքում: Ռիսկ չեմ անում հեծանիվ նստել: Քայլում եմ ձյան տակ: Հեծանվորդներ, այնուամենայնիվ, կան: Իսկ ես վայելում եմ ակնկալածս ձյունը: Չէ, պիտի չհասցնեմ կշտանալ, որովհետև մյուս ձմեռ էնքան ձյուն եմ տեսնելու, որ զզվելու եմ:

Ջրանցքներն էլ են սառել ու մնացել ձյան տակ: 


Էս գիշեր գլուխս բարձին դնելուց առաջ ի՞նչ երազանք պահեմ:

Հանելուկ

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 9:45 pm January 31, 2012

Պարզվում է` անքնությամբ տառապող միակ մարդը չեմ այս քաղաքում: Համակուրսեցիներիս մեծ մասն էլ է բողոքում, որ չի կարողանում քնել: 

Հարց. ամենահաճախն ինչի՞ց են արթնանում նրանք (ի դեպ, ես էլ մի երկու անգամ):

Պատասխան. Ճիշտ պատասխանեց [info]iparika-ն: Ճիշտ պատասխանն է` սեքսի ձայներ:
 

Ի՞նչ գիտեն մեր մասին

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:42 pm

Էսքան ժամանակ ինձ հա ֆրանսիացու կամ իսպանացու տեղ էին դնում: Բայց ամենաուժեղը կիրակի օրվանն էր: Երբ հետ էինք գալիս մեր անհավանական ճամփորդությունից, գնացքի մեր վագոնում մեզ հետ նստած էին հինգ հոլանդուհի խմած կանայք: Սանան, ինչպես միշտ, հետները զրույցի բռնվեց: Մանրից ես ու Սոֆին էլ միացանք: Սոֆիի ազգությունը հարցրին, իսկ իմը սենց էր.
- Դու էլ երևի Իսրայելի՞ց ես:
Կյանքում առաջին անգամ հրեայի տեղ էլ դրեցին: Պատասխանեցի, որ չէ, որ Հայաստանից եմ, որ դժվար` Հայաստանի մասին ինչ-որ բան իմանան: Իսկ հոլանդուհին, քանի որ բավականաչափ խմած էր քաղաքավարի չլինելու համար, պատասխանեց.
- Ո՞նց չգիտեմ: Օրինակ գիտեմ, որ դուք շատ աղքատ երկիր եք…

Բա…

Հոլանդիան մի օրում

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 5:24 am January 30, 2012

Երբեք չեմ մոռանա 2012-ի հունվարի 29-ը, որովհետև կյանքիս ամենայուրահատուկ օրերից էր: Եվ հիմա, մինչ փորձում եմ ցրտից քարացած ոտքերս տաքացնել անկողնում, դեռ հավատս չի գալիս, որ, այնուամենայնիվ, այդ ամենը մի օրում արեցինք:

Երկու համակուրսեցիներս և ես մի կողմ թողեցինք տոննաներով դասերը, կիրակի առավոտյան 9:46 նստեցինք դեպի Ամերսֆորտ գնացող գնացքը, ու այդտեղից ամեն ինչ սկսվեց:

1. Ամերսֆորտ
Հոլանդացիները խորհուրդ չեն տալիս այնտեղ գնալ: «Ձանձրալի է,- ասում էին,- ու տեսնելու բան չկա»: 

Ամերսֆորտի կայարանը Հոլանդիայի հյուսիսն ու հարավը, արևմուտքն ու արևելքն իրար է կապում, հետևաբար Խրոնինգենից որևէ տեղ գնալիս գրեթե միշտ այնտեղ եմ փոխում: Այդ բազմաթիվ ճամփորդություններից մեկն էր, երբ դեմքս գնացքի ապակուն հպած նկատեցի մի բան, որն անպայման ուզեցի մոտիկից տեսնել: Ու հոլանդացիների հորդորները չէին կարող խանգարել դրան:

Ինչպես հետո իմացա, այդ «բանը» կոչվում է Կոպելպոուրտ, քաղաքի դարպասն է: Եվ հենց այսօր էլ գնացքից իջնելուց անմիջապես հետո քայլեցինք ուղիղ դեպի այնտեղ:

Դատեք ինքներդ. մի՞թե չարժեր սա տեսնել:

Սա էլ ես եմ Կոպելպոուրտի հետևի կողմից.

2. Հաագա
Դեռ 2009-ից Հաագայով առանձնապես տպավորված չէի ու այնտեղ գնալու ցանկություն չունեի, բայց համակուրսեցիս` Սանան, շատ էր ուզում այնտեղ մի մզկիթ գնալ, ու չուզեցինք մերժել նրան: Մզկիթը փակ էր, բայց որոշեցինք ժամանակն օգտագործել կենտրոնում զբոսնելու համար: Կարծիքս դեպի դրականը փոխվեց Հաագայի մասին, բայց այն ամենևին էլ այսօր մեր տեսած ամենալավ քաղաքը չէր:
 

Հաագայի կենտրոնում սիրուն հին շենքեր էին ու դրանք հակադրվում էին կենտրոնական կայարանի մոտակայքում վեր խոյացող երկնաքերներին, որոնք առանց այդ էլ չափից դուրս ցուրտ օրը նույնիսկ ավելի սառն էին դարձնում:

3. Լայդեն
Վաղուց էի ուզում Լայդենում լինել, բայց չգիտեմ ինչու նախկինում երբեք չէր հաջողվում: Վերջապես ստացվեց:

Այստեղ արդեն մի հրաշալի գիդ ունեինք, որը մեզ պտտեցրեց քաղաքի բոլոր հետաքրքիր մասերով: 

Լայդենը ոնց որ հեքիաթից պոկված լիներ: Ամեն ինչ էնքան սիրուն էր, որ չէիր հավատում դրանց` իրական լինելուն:

Ու նաև պոետիկ էր. շենքերի պատերին տարբեր տեղերում պոեզիա էր: Բառիս բուն իմաստով: Լայդենը մի ուրիշ շունչ ուներ: Մի տեսակ ստեղծագործելու էր մղում: Էնպես, որ ուզում էի ամեն ինչ թողնել ու գրել: Հաստատ գիտեմ. եթե որոշեմ մի օր տրվել ստեղծագործելուն, կգնամ Լայդեն:

Սա էլ փոքրիկ հետգրություն Լայդենից.

4. Դելֆտ
Դելֆտ ուզում էի գնալ դեռ 2009-ից, երբ Ուտրեխտում ինձ հետ ամառային դպրոց անցնող հույն Ստելլան հիացած պատմեց քաղաքի հնության ու գեղեցկության մասին: Ու նորից. վերջապես ցանկությունս իրականանում է:

Երբ հասանք Դելֆտ, արդեն մութ էր: Անսովոր խաղաղ քաղաք էր: Հետևում բարձրահարկներ էին, ու թվում էր` հիասթափվելու ենք: Բայց չէ… շուտով մտանք կենտրոն, ու ամեն ինչ այլ էր: Ոնց որ մի երկու հարյուր տարով հետ գնայինք կամ էլ ինչ-որ մեկի երազում զբոսնեինք: Նայում էինք լույսերին, չէինք կշտանում: Ափսոս, որ մեր ապարատներն այդքան չնկարեցին:

5. Ուտրեխտ
Ուտրեխտն իմ գնացած այն քիչ քաղաքներից է, որը սիրում եմ, բայց չէի ուզի երկրորդ անգամ լինել (նախորդ այցելությանս մասին կարդացեք այս պիտակի տակ): Ամեն դեպքում, եղա:

Մութ Ուտրեխտը չէր տպավորվել, որովհետև գիշերները սովորաբար ինչ-որ ուրիշ քաղաքից էի վերադառնում ու վազում սենյակս` միանգամից քնելու: Հետո էն ժամանակ վախենում էի գիշերով փողոցներում թրև գալ:

Ինչպես արդեն նշել էի, ցուրտ էր: Իմ զգացած ամենացուրտ օրն էր Նիդեռլանդներում: Նախորդ անգամ, երբ Ուտրեխտում էի, շոգ էր: Իմ զգացած ամենաուժեղ շոգն էր Նիդեռլանդներում: Ու երբ քայլում էինք Ուտրեխտի փողոցներում, հիշեցի անտանելի շոգը, ու մարմինս սկսեց տաքանալ հենց միայն հիշողությունից:

Ուտրեխտը գիշերով հեքիաթային էր, բայց նաև մարդաշատ: Միայն բազմաթիվ ցուցափեղկերն էին հուշում, որ, այնուամենայնիվ, քսանմեկերորդ դարում ենք:

6. Խրոնինգեն
Կեսգիշերից քառորդ ժամ անց հասանք Խրոնինգեն: Ձյուն էր եկել: Առաջին անգամ այս ձմեռ:

Ու ես երջանիկ եմ, անտանելի երջանիկ այս ճամփորդությունից հետո: Եվ սա հերիք է, որ մինչև արձակուրդ դիմանամ:

Առաջին անսխալ ռեակցիան եռագույն գլխարկիս

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:08 am

Քանի ամիս է` ցրտին եռագույն գլխարկ եմ դնում: Ասում են` սիրուն է, ուրախ է, շատ հոլանդական է, որովհետև մեջը նարնջագույն կա, բայց ոչ ոք չի կռահում, որ դա Հայաստանի դրոշն է:

Էսօր Հաագայից Լայդեն գնալու ճանապարհին մեկ էլ մի փոքրիկ աղջիկ հոլանդերեն հարցրեց, թե արդյոք դա Հայաստանի դրոշն է: 
- Հա,- պատասխանեցի:
Հետի մեծահասակն ինչ-որ բան ասաց, որ չհասկացա: Խնդրեցի անգլերեն ասել:
- Ինքը հայ է,- ցույց տվեց երեխային,- ավելի ճիշտ, նրա հայրն է հայ:

Ժպտացի: Չիմացա` ինչ պատասխանեմ: Ուղղակի շրջվեցի դեպի փոքրիկը ու հարցրի.
- Հայերեն խոսու՞մ ես:
- Հա, խոսում եմ,- պատասխանեց:

Ժպտում էր: Աչքերը փայլում էին:

Ժամանակավորություն կամ ոնց ուզում եք, անունը դրեք

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 5:47 am January 28, 2012

«Մնաց ընդամենը մեկ ամիս»,- մտածում եմ: Հաջորդ միտքս է. «Դեռ մի ամբողջ ամիս կա»: Ու չգիտեմ` ուզու՞մ եմ, որ ժամանակն արագ թռնի, թե ոչ: Մի կողմից, սիրում եմ կյանքս Խրոնինգենում: Մյուս կողմից, առջևում լիքը լավ բաներ են սպասվում. փետրվարի վերջին Մաստրիխտ, հետո մի քանի օրով Բելգիա, որից հետո վերադարձ Բեռլին, որի համը մնացել է բերանումս դեռ սեպտեմբերից:

Իսկ ընկերներիցս շատերն արդեն կամաց-կամաց հեռանում են: Տխուր է, երբ գալիս ես մի քաղաք, կյանքդ ստեղծում այնտեղ ու հասկանում, որ դա խիստ կարճատև է: Չես հասցնում մարդկանց հետ կապվել: Չես ուզում: Բայց շփումներ փնտրում ես: Ստեղծում ես հսկայական շրջապատ: Ու համակուրսեցիներս անվերջ զարմանում են, թե ոնց եմ քաղաքի կեսին ճանաչում, թե ինչու եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում ընկերներ ունեմ: Ես էլ եմ զարմանում, բայց ափսոսում, որ էդ հարաբերությունների մեծ մասը խորություն չունի: Ուրիշ տարբերակ էլ չունեմ. ոչ մի տեղ հավերժ չեմ: Բացարձակապես ոչ մի: Անգամ Հայաստանում: 

Ամեն դեպքում, հույս ունեմ, որ կգա մի օր, երբ կմտնեմ մի քաղաք ու կորոշեմ այնտեղ անցկացնել կյանքիս մնացած մասը:

Խրոնինգենյան գիշեր

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 5:13 am

Գիշերվա ժամը երկուսի համար Խրոնինգենի փողոցներն անսովոր մարդաշատ էին, իսկ ավելի ճիշտ` ես էի անսովոր ուշ մնացել դրսում: Խրոնինգենի սառած փողոցներում հարբած ջահելները թրև էին գալիս, ու ես, ողջ երեկոյի ընթացքում ոչ մի կաթիլ ալկոհոլ խմած չլինելով, չէի հասկանում նրանց: 

Գիշերվա ժամը երկուսին Խրոնինգենի փողոցներն անսովոր սառած էին: Վախենում էի` հանկարծ հեծանիվս չսահի, ընկնեմ: Ու սառը քամին խառնվում էր մազերիս, բարի քնացնող տոթից հետո հաճելի թարմություն հաղորդում: Գիշերային Խրոնինգենում մարմինս սառում էր:

Գիշերային աղմկոտ Խրոնինգենի վերևում աստղազարդ երկինքն է: Ու նայում եմ վերև` հասկանալով, որ վաղուց աստղեր չեմ տեսել, որովհետև քաղաքը միշտ ամպերի տակ է եղել: Պարզ երկինքը նվեր է Խրոնինգենի համար: Իսկ ես լսում եմ. «Ծիածանից այն կողմ…»:

Գիշերային Խրոնինգենի փողոցներում մեքենաներ չկան: Մարդիկ օրորվում ու երգում են, մեկ-մեկ` պարում, հայհոյում: Երբեմն-երբեմն միայն հեծանվորդներ են անցնում:

Գիշերային ջահելական Խրոնինգենում Հեմինգուեյներ ու Ֆիցջերալդներ չկան: Այստեղ ամեն ինչ պարզ ու հասարակ է, որովհետև բոլորն արթուն են: 

Եվ շուտով մտնում եմ հանրակացարանի հետնաբակ, որտեղ հեծանիվները կամաց-կամաց պակասում են, որովհետև մարդիկ գնում են: Գիշերային Խրոնինգենում ոմանք վերջին անգամ են զվարճանում: 

Հոլանդական երգ

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 9:05 pm January 27, 2012

Առաջին հոլանդական երգը, որ իսկապես դուրս եկավ: Երևի թեման էլ կապ ունի…

Հայերենին ամենամոտ լեզուն

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:57 pm

Կլինիկական աֆազիալոգիայի դասախոսը հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելու համար որոշեց, որ զույգերով պիտի աշխատենք: Դրա համար իրար կցեց բոլոր նրանց, ովքեր նույն մայրենի լեզուն կամ գոնե մոտ լեզու ունեն: Օրինակ, երկու չինացիները, երկու հոլանդացիները, պորտուգալացին ու բրազիլացին: Ուզում էր բասկին ու կատալոնացուն իրար կցեր, ինձ էլ ռուսին, բայց մենք պնդեցինք, որ մեր լեզուները շատ տարբեր են, որ մենակ կաշխատենք:

Արդյունքում բասկն անընդհատ ինձ էր դիմում հարցերով, ու մենք իրար լավ հասկանում էինք:

Էնքան ձեռ առանք հայ-բասկական բազմադարյա հարաբերությունները, որ գլխներիս եկավ: Որ նմանություններ կան (ոչ միայն բառային, այլև քերականական), կասկածից դուրս է, բայց թե որտեղից, ոնց, ինչու, չեմ կարող պատասխանել:

Պսևդոգիտնականներին կառաջարկեի բոլորին հայ սարքելուց առաջ փորձել գիտական մեթոդներով պարզել, թե այդ ինչ նմանություն է ու որտեղից է:

Սառած հյուրս

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 3:22 am

Իջնում եմ խոհանոց: Ճամփին Անյային` վերևիս հարևանին եմ տեսնում:
- Զգույշ, ձեր խոհանոցում կատու կա,- ասում է:
Իսկ ես ուրախանում եմ:

Մտնեմ խոհանոց, տեսնեմ հարևանի շեկոտ մեծ ու փափլիկ փիսոն մռութն աթոռների ոտքերին քսելով ման է գալիս ու երջանիկ մռռում: Կա-չկա ցրտից է փախել-ներս է մտել, հիմա էլ տաքությունը վայելում է. էս քանի օրը Խրոնինգենում ահավոր ցուրտ է: Պատկերացնու՞մ եք, զրոյից ցածր:

Գրկում եմ փիսոյին. փափլիկ, մռռան, տաքուկ: Բաց եմ թողնում գետնին, թավալվում է: Էս էլ ինքը.

Երգ Հայաստանի համար

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 1:33 am January 23, 2012

Կիրակի երեկոյան հեծանիվով սլանում եմ դեպի տուն: Ձկան շուկայով անցնելիս մտածեցի Հայաստանի մասին ու որոշեցի, որ էս երգը նվիրում եմ նրան:

Love, hold my hand 
Help me see with the dawn 
That those that have left 
Are not gone 
But they carry on 
As stars looking down 
As nature's sons 
And daughters of the heavens 
You will not ever be forgotten by me 
In the procession of the mighty stars 
Your name is sung and tattooed now on my heart 
Here I will carry, carry, carry you 

Forever 

You have touched my life 
So that now 
Cathedrals of sound are singing, are singing 
The waves have come to walk with you 
To where you will live in the land of you, 
Land of you 
You will not ever be forgotten by me 
In the procession of the mighty stars 
Your name is sung and tattooed now on my heart 
Here I will carry, carry, carry you 
Here I will carry, carry, carry you 

Forever.

Հ.Գ. Մի քիչ սենտիմենտալ ստացվեց, բայց դե….

Older Posts »

Armwebs.com Armwebs.com