Your Truth About Caucasus

Հասկանալի տերմիններ

Filed under: emcl,Գերմանիա,ձանձրալի՜ պատմություն — Tags: — Բյուրակն. ճամփորդում է @ 10:57 pm August 22, 2012

Մոտ երկու ժամ գնացքներում անցկացրինք: Հետո նստեցինք ավտոբուս, որն ի ուրախություն մեզ, երկու հարկանի էր, բայց վերև չբարձրացանք, որովհետև ընդամենը չորս րոպե էինք գնալու: Հետո քայլեցինք անտառի միջով, որտեղ առանձնատներ կային:
- Կուզեի էստեղ ապրել,- ասում եմ:
- Ֆինլանդիայում էսպիսի տեղում ես ապրելու:
Ու թաց փայտի ուժեղ հոտ էր գալիս: Ուզում էիր անընդհատ խորը շունչ քաշել, որ ավելի լավ կլանես հոտը:

Անտառից դուրս եկանք, մի քիչ էլ քայլեցինք ու հասանք վերականգնողական կենտրոն, որտեղ գլխուղեղային զանազան խանգարումներով մարդիկ են ապրում: Լսարանը հեշտությամբ գտանք, որովհետև մեր ծրագրի անունը կրող գրություն կար: Էնտեղ սպասում էր նյարդաբանության դասախոսը՝ սուրճով ու քաղցրավենիքով:

Դասը սկսվեց ծանոթությամբ: Հերթով կարդում էր բոլորիս անունները, բոլորիս ողջունում մեր մայրենի լեզուներով (որովհետև նախապես պատրաստվել էր), հարցնում նախկին ուսման և ապագա պլանների մասին: Հասավ ինձ: Հասկացա մինչև անունս կարդալը, որովհետև դժվարանում էր արտաբերել: Բայց երբ, այնուամենայնիվ, կարողացավ ճիշտ-սխալ մի բան կարդալ, ձեռք բարձրացրեցի ու ասացի, որ ես եմ՝ սպասելով, որ հայերեն որևէ բան կասի: Չասաց: Նույնիսկ չհարցրեց, թե «բարև» ոնց կլինի հայերեն, ինչպես արեց ուրդուի ու սերբերենի դեպքում: Ներկայացա: Ասացի, որ բժիշկ եմ՝ մասնագիտությամբ հոգեբույժ, որ ծրագիրը վերջացնելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան ու հոգեբույժ աշխատել:

«Միայն թե չհարցնի, թե ինչու եմ այս ծրագիրն ընտրել»,- մտածեցի, որովհետև վաղուց արդեն ինքս էլ պատասխանը չգիտեի ու հոգնել էի խաբելուց, նախապես պատրաստած սիրուն նախադասությունները հրամցնելուց: 

Չհարցրեց:
- Քեզ համար ձանձրալի կլինի այս դասը,- ասաց,- բոլորը կրկնություն է:
Իսկ ես տխրեցի, որովհետև վերջին հույսս հենց այս առարկան էր, ու նույնիսկ թաքուն երազում էի, որ դասից հետո կմոտենամ նրան ու կխնդրեմ թեզիս ղեկավարը լինի: 

Սկզբում ձանձրալի էր. պատմում էր իրենց կենտրոնի մասին: Աչքի տակով «Ուլիսեսն» էի կարդում, ականջի պոչով լսում: Հետո անցավ նյարդային հիվանդություններին: Օգտագործում էր տերմիններ, շատ տերմիններ, բարդ տերմիններ, բժշկական տերմիններ, որոնք բոլորն ինձ ծանոթ էին: Ու մտածում էի՝ խեղճ համակուրսեցիներս, որ հիմա բան չեն հասկանում: Ու մտածում էի՝ այ էդպես, բա որ ես լեզվաբանություն չեմ հասկանում, լա՞վ է:

Բայց բոլոր տերմիններն ինձ համար կրկնություն էին: Ինձ պետք չէր բացատրել, թե ինչ է սուբարախնոիդալ արյունազեղումը: Հանտինգտոնի հիվանդության մասին առաջին անգամ չէի լսում: Հակադոֆամինային դեղերի կողմնակի ազդեցություններն էլ աչքովս էի տեսել: Բայց հաճելի էր վերջապես ականջիս սովոր բառեր լսելը: Ու հենց էդ պահին հասկացա, որ իմ ութ տարվա ուսումը ջուրը չեմ գցի: Ու երազեցի, որ էս մի տարին շուտ անցնի, որ վերադառնամ Հայաստան ու աշխատեմ իմ հին հոգեկան հիվանդների հետ: