Հայաստանում ամառն ու ջերմությունը միշտ էլ ավելի շուտ են գալիս, քան հունիսն ու արձակուրդները: Փոխարենը հունիսը ոչ միայն պաշտոնապես ազդարարում է տարվա միգուցե ամենասիրված եղանակի գալուստը, այլ նաև հայերիս մեջ հաստատապես ամենասիրված ու հոգ տարված փոքրիկ մարդկանց` մանուկների ու նրանց պաշտպանության օրվա մասին: Հունիսի 1-ը UNICEF-
ի կողմից պաշտոնապես ճանաչվել է Երեխաների պաշտպանության միջազգային օր: Նշենք այդ օրը թե բնավ չհիշենք` հայի մեր տեսակ համար հասկանալի է, որ երեխաները պետք է պաշտպանված լինեն տարվա բոլոր 365 օրերի ընթացքում:
Երեխաներն ու ընտանիքը հավանաբար փոխադարձաբար իրար հետ կապված ամենապինդ համակարգերն են կյանքում: Նրանք ենթադրում են մեկը մյուսին առավել, քան ցանկացած այլ մի սոցիալական երևույթ: Հայկական իրականության մեջ, երեխաների խնամքն ու նրանց չափահաս տարիքի հասցնելը, պատասխանատու և կարգին հայ դաստիարակելը եղել ու պետք է լինի յուրաքանչյուր հայ ընտանիքի գոյության ամենակարևոր իմաստը:
Ընտանիքի ամրապնդումը, ծնողների միջև սերն ու փոխադարձ հարգանքն, իհարկե, երեխայի ապահով ու երջանիկ մանկության, նրա շարունակական զարգացման առավել կարևոր նախապայմաններն են: Սակայն կան նաև բազմաթիվ այլ հանգամանքներ, իրավիճակներ և երեխայի վարքի ցուցիչներ, որոնք հաճախակի թերագնահատվում են: Այս տեսակետից ապագա ու ներկա մայրերը, կարծում եմ, կհամաձայնվեն այն առաջնայնությունների հետ, որոնք թվարկելու եմ, քանի որ դիտարկումներս լինելու են ապագա հոր դիտարկումներ:
Եվ ուրեմն, երեխաների պաշտպանությունը միայն փորիկի, կշռի, շորիկի ու ջերմության մեջ չի կայանում: Գիտեմ, որ գիտեիք:
Շատ ավելի կարևոր է, որ երեխան մշտապես ապահովված լինի հոգեբանական ու դաստիարակչական ապահովվածությամբ՝ բնավորության առողջ ու շարունակական կերտման տեսակետից, միաժամանակ, հետաքրքրված կյանքով ու գիտելիքներով, համահունչ և հարիր սեփական սեռին ու տարիքին: Չէ որ այն ոգին ու կարծրատիպերը, որ առաջանում են մանուկ կամ պատանի հասակում, որպես կանոն չեն փոխվում կամ հազվադեպ ու դժվարությամբ են փոփոխվում հետագա կյանքում:
Հաճախ տեսնում ենք չափազանց ամաչկոտ երեխաներ, կամ չափազանց ինքնավստահ պատանիներ: Երեխաներ, որոնք վախկոտ են, կամ չունեն մտավոր ու ֆիզիկական զարգացման սլացիկ տեմպ կամ ցանկություն: Նման վարքն ու ցուցիչները կարող են ունենալ խորը ֆիզիոլոգիական պատճառներ, բայց հաճախ նաև խոսում են երեխայի մոտ զարգացող ցածր ինքնագնահատականի մասին: Եթե ամաչկոտ բալիկը, որը քաշվում է բոլորից ու ծնողի պոչն է դառնում, հասկանալի կերպով խոսում է այդ մասին, ապա չափազանց ինքնավստահ, բարձրախոս, ամենուր իրեն խցկող ու հաճախ տափակաբանող միջին տարիքի երեխաներն ու պատանիները նման վարքով փորձում են ծածկել ու ցույց չտալ սեփական անբավարարվածությունն ու մոլորվածությունը մի շարք առումներով: Ուստի բացատրական աշխատանքների կարիք կա նման երեխաների հետ, ընդ որում, հավասարը հավասարի հետ մակարդակում: Այս առումով, որքան շատ է երեխաների հետ ծնողների շփումն ու զբաղվածությունը, այդ թվում նաև հավասարություն ենթադրող զրույցների տեսքով, այնքան երեխան ավելի շուտ է ձևավորում սեփական վերլուծական միտքը, նախաձեռնողականությունը, անմիջականությունը և գիտելիքների նկատմամբ լայն հետաքրքրվածությունը:
Երբեք չի կարելի երեխաներին վերաբերվել չափից շատ… Ինչպես չափից ավելի խստությունը, այնպես էլ չափից շատ թողտվությունը երեխաների մոտ անխուսափելիորեն բերելու են վնասաբեր սովորությունների զարգացմանը:
Երեխայի կյանքի առաջին իսկ տարիներից նրա մոտ ձևավորվում են ծնողներին ու այլ մեծերին որպես օրինակ ընդունելու սովորությունը: Եթե սկզբնական ժամանակաշրջանում այս երևույթը չափազանց քաղցր ու ընտանեկան երևույթ է թվում բոլոր տեսակետներից, ապա տարիքի հետ այն կարող է փոխվել ու ստանալ անգամ անցանկալի երանգներ, երբ երեխաները սկսում են
ընդօրինակել ծնողների կամ այլ չափահասների սխալ վարվելակերպը, վնասակար սովորույթներն ու մտածելակերպը: Այնպես որ, ցանկության դեպքում, հանուն երեխաների, կարելի է ինքնազարգանալ ու կատարելագործվել անգամ հասուն տարիքում՝ թողնելով վնասակար սովորույթներն ու ընդունելով առողջ ֆիզիկական, հոգեբանական ու գաղափարախոսական մոտեգումներ: Եվ շատ կարևոր է, որ տարիքի հետ երեխաները ձևավորեն ու կատարելագործեն իրենց համար օրինակելի կերպարներին, լինեն դրանք հայտնի ու հաջողակ մարզիկներ, ավագ ընկերներ կամ ծանոթներ, թե գեղարվեստական կերպարներ: Ասեմ ավելին, օժանդակենք մենք նրանց այս հարցում, թե ոչ, նման կերպարները ձևավորվում են ինքնստինքյան, և շատ հաճախ, ծնողի նվազ մասնակցության ու միջամտության դեպքում, այդ կերպարները ձևավորվում են հանցագործների, անբանների, հիմարներ կամ աննպատակ թափառականների տեսքով:
Երեխաները մեր ապագան են. Ու եթե լիներ անմահություն կամ կյանքից հետո կյանք, ապա առաջին հերթին այն արտացոլվելու էր մեր զավակների միջոցով: Մեր իրականությունն ու առօրյան հաճախ դժվար է, հակասական, անգամ դաժան: Շատ կարևոր է գիտակցել, որ ներկա օրվա նկատմամբ պատասխանատվություն ենք կրում բոլորս, ու երբ խուսափում ենք մեր բաժին պատասխանատվությունից, հեռացնում այն մեզնից կամ փախչում դրանից, դա չի նշանակում, որ ազատվում ենք պատասխանատվությունից: Մեզնից հետո մեր պատասխանատվությունը կրելու են մեր զավակները քանի որ ոչինչ ու երբեք հենց այնպես չի անցնում: Մենք օրհնված ենք ունենալու զավակներ, ու պարտավորված պաշտպանելու նրանց ոչ թե ամեն կերպ, այլ այնպես, որ պատասխանատվությունն ու հետևանքները նույնպես ապահով ու բարի լինեն …
Արտակ Ոսկանյան, ԵԱԴ 15-րդ սերունդ

Recent Comments