1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով գծվեց ներկայիս հայ-թուրքական սահմանը և Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին. Հայաստանի տարածքը գրեթե կիսով չափ կրճատվեց: Այս պայմանագրերը կնքվեցին մի իրավիճակում, երբ Անդրկովկասում բոլշևիկա-քեմալական համագործակցության արդյունքում կործանվեց Հայաստանի Հանրապետությունը և նրա տարածքը բաժանվեց ՌՍՖՍՀ-ի ու Թուրքիայի միջև:
Հայաստանի սահմանների ճակատագիրը նախ որոշվեց 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության ու ՌՍՖՍՀ-ի միջև կնքված «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագրով: Պայմանագրի 1-ին հոդվածը արդեն ջնջում է առանց այդ էլ տերությունների կողմից չվավերացված Սևրի պայմանագիրը (Հայաստանը վավերացրել էր) և գծում Հայաստանի հետ ներկայիս սահմանները. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որևէ միջազգային ակտ: Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանայն դեպուտատների Պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին: Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը»:
Պայմանագրի 3-րդ հոդվածով որոշվում է Նախիջևանի ճակատագիրը: Թուրքիան և Ռուսաստանն առանց Հայաստանի մասնակցության և համաձայնության որոշում են հանձնել Նախիջևանը Ադրբեջանի խնամակալությանը` Հայաստանին ներգրավելով ընդամենը սահմանների վերջնական ճշգրտման գործընթացի մեջ. «Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության (դրույթը բացահայտորեն ուղղված է Հայաստանի դեմ): Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող արևելքում Արաքսի հնահունի և Արևմուտքում Դաղնա– Վելի-դաղ – Բագարզիք – Քյոմուրլու-դաղ լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու-դաղ սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում»:
Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը բացահայտորեն, իրավաբանորեն ամրագրում է այս, ինչպես նաև հետագայում կնքված Կարսի պայմանագրի` Հայաստանի համար պարտադրված լինելը. «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»:
1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց բարեկամության պայմանագիր մի կողմից Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի ու Վրացական ԽՍՀ-ի, մյուս կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև` ՌՍՖԽՀ-ի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը ըստ էության Մոսկվայի պայմանագրի դրույթների ու կետերի հաստատումն էր արդեն անդրկովկասյան հանրապետությունների ֆորմալ մասնակցությամբ: Պայմանագրի 1-ին և 2-րդ հոդվածով չեղյալ
են համարվում Սևրի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը: Հենց նույն 1-ին հոդվածում իրավաբանորեն կրկին ամրագրվում է Մոսկվայի պայմանագրի պարտադրված լինելը. «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները վերացված և ուժից զուրկ են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տերիտորիայի կազմի մեջ մտնող տերիտորիայում առաջներում իրենց սուվերեն իրավունքները կենսագործող պետությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տերիտորիաներին, վերացված և ուժից զուրկ են համարվում նաև երրորդ տերությունների կողմից կնքված և Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը: Համարվում է որոշված,որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին»: Հոդված 2-ի համաձայն
Հայաստանը ըստ էության հրաժարվում է Սևրի պայմանագրից. «Պայմանավորվող կողմերը համաձայնվում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները համաձայնվում են չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող Ազգային կառավարության կողմից…»:
Պայմանագրի 3-րդ հոդվածը թերևս կարելի է համարել զավեշտալի (Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որևէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված), որովհետև նախկինում կապիտուլյացիաների ռեժիմից անդրկովկասյան 3 հանրապետություններն չեն էլ օգտվել, պարզապես այդ պետությունները գոյություն էլ չունեին, կամ քաղաքական ի՞նչ կշիռ պետք է ունենային,
որ Թուրքիայի հետ կնքեին նմանատիպ պայմանագրեր, սա պարզապես Մոսկվայի պայմանագրի 7-րդ հոդվածի մեխանիկական կրկնությունն է: 5-րդ հոդվածով վերջնականապես ամրագրվեց Նախիջևանի կարգավիճակը. «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»:
Կարսի պայմանագրի 15-րդ հոդվածը բավականին ուշագրավ է. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից»: Այս հոդվածը այդքան էլ հստակ ձևակերպված չէ, սակայն կարելի է եզրակացնել, որ այն ուղղված էր թե՛ 1915թ. ցեղասպանության, թե՛ 1920թ. աշնանը թուրքական արշավի հետևանքով մոտ 150-200 հազ.
հայ խաղաղ բնակչության ոչնչացման պատասխանատվությունից խուսափելուն:
Ե՛վ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերի կետերի մեծ մասը ներկայումս չեն գործում. սույն պայմանագրերի միակ ու ծանր իրավաքաղաքական հետևանքը եղավ Հայաստանի տարածքների կորուստը և ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը ցավոք հաստատվեց նաև 1923թ. Լոզանի պայմանագրով: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էին, քանի որ նախ կնքվել էին այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու սուբյեկտների միջև և այդ պայմանգրերով որոշվել էր երրորդ պետության` Հայաստանի սահմանները: Միջազգային իրավունքի տեսակետից
այս պայմանագրերը ենթակա են վիճարկման ու անվավեր են, սակայն թե ինչքանով է դա իրական ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում և ինչ հնարավոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, դժվար է ասել:
Մոսկվայի և Կարսի պայմանագրերի տեքստերը պրոֆեսոր Ջ. Կիրակոսյանի «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) /Երևան, 1972/¦ գրքից:
Recent Comments