4.1. Չեխական հոգեբուժարանը և հոգեբուժության ապագան ընդհանրապես

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 11:23 pm July 30, 2011

Ինչպե՞ս հասնել հոգեբուժարան: Ֆորումի մասնակիցներն առավոտյան հավաքվելու են հյուրանոցի մուտքի մոտ, այնտեղից շարժվեն: Ես դրա կարիքը չունեմ. Պրահայում մեր առաջին տունը հենց հոգեբուժարանի մոտ է եղել՝ Բոհնիցե թաղամասում: Ասում են՝ խոնավություն եմ քաշել, դրա համար հոգեբույժ եմ դարձել: Ասում են՝ լավ է, որ գերեզմանոցի մոտ չենք ապրել:

Հիշում եմ՝ նոր էինք Պրահա տեղափոխվել, երբ հենց էդ նույն հոգեբուժարանում բաց դռների օր էր: Ընտանիքով գնացել էինք: Ամեն վայրկյան վախենում էի, որ ինչ-որ ծառի հետևից մի գիժ դուրս կգա, կհարձակվի: Բազմության մեջ փնտրում էի հոգեկան հիվանդների: Չգիտեի, որ տարիներ անց այդ նույն հիվանդների հետ փակ սենյակներում կաշխատեմ առանց մի կաթիլ անգամ վախենալու:

Մեր տուն հասնելու համար պետք էր մետրոյի կարմիր գծով մինչև վերջ գնալ, հետո ավտոբուս նստել: Համարը չէի հիշում: Հիմա արդեն Նադրաժի Հոլեշովիցեն էլ «մինչև վերջը չէր». մետրոն երկարել էր, ու Բոհնիցե գնացող ավտոբուսներն էլ ուրիշ կայարանից էին գնում, բայց դա չէր խանգարում, որ ֆորումի մասնակիցներից առաջինը ես հասնեմ հոգեբուժարան:

Սխալ չէի հիշում. իսկապես հսկայական տարածք է՝ կանաչ, անտառանման: Եվ սա նրանց հոգեբուժարանն է: Ասենք, Նորքն էլ պակաս չէ, բայց միայն բաժանմունք մտնելը հերիք է, որ միանգամից հիասթափություն ապրես: Պրահայում էդպես էլ չմտա, չիմացա ինչն ինչոց է, բայց հաստատ մեզնից լավ պիտի լիներ, իսկ, ասենք, Գերմանիայից վատ, որովհետև սլովակները գալիս են Չեխիա, չեխերը գնում են Գերմանիա, գերմանացիները՝ ԱՄՆ:

Լավ ուշացումով հավաքվեցինք հոգեբուժարանի դիվադլոյում՝ թատրոնում: Էս մի օրը հիմնականում պաստառներին էր նվիրված, թեման՝ հոգեբուժության օրդինատուրայի ապագան: Քանի որ առաջին անգամ էի մասնակցում ու քանի որ մենակ էի, ձեռնպահ մնացի պաստառ պատրաստելուց, չնայած լիքը գժոտ գաղափարներ ունեի:

Բայց մասնակիցները լավ գործ էին արել: Մի մասը լրիվ լրջին էր տվել. ծանրակշիռ հետազոտություններով, մշակված հարցաթերթիկներով, վիճակագրությունով:

Մյուսներն էլ ջրիկացել էին, տխուր ապագան հումորի վերածել: Կային նաև այնպիսիք, որոնք լուրջն ու կատակը համակցել էին: Օրինակ, Հունաստանի ներկայացուցիչները չոր թվեր ներկայացնելուց հետո բացեցին ոլորած մի թուղթ, որի վրա գրված էր. «Հունաստանի հոգեբուժության ապագան», պատկերված էին նրանց երկու ներկայացուցիչները:

Ռումինացիները որպես հոռետեսական ապագա որոշել էին, որ հոգեբուժությունը կբաժանվի նյարդաբանության և հոգեբանության միջև: Լատվիացի Նիկիտան էլ առաջարկել էր, որ ամեն պետության ներկայացուցիչ գրպանիկից վերցնի մարդուկ և վրան գրի իր երկրի հոգեբույժ-օրդինատորի ապագան:

Հետ չմնացի: Իմ մարդուկի վրա կարելի էր գտնել հետևյալ արտահայտությունները. USMLE, Եվրոպա, Ռուսաստան, այլ մասնագիտություններ:

Վերջը Խորվաթիան հաղթեց: Բացի նրանից, որ ուժեղ հումորով էին պատրաստել, նաև դերասանական վարպետություն ցուցաբերեցին այն ներկայացնելիս: Ես ինքս նրանց օգտին եմ քվեարկել:

Մշակութային շոկի մասին

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 1:28 pm

Երեկվա թրեյնինգից հետո վախերս ու անհանգստություններս կրկնապատկվեցին: Ճիշտ է՝ բավական օգտակար ու հետաքրքիր էր թրեյնինգը, նույնիսկ էնքան հավես էր, որ չէի ուզում ավարտվեր (իսկ ինձ մոտ հազվադեպ է լինում, որ ինչ-որ բան չուզենամ ավարտվի), բայց հիմա տագնապած եմ ու մտածում եմ՝ ոնց եմ հաղթահարելու սպասվելիք դժվարությունները:

Եթե հաշվի առնենք հարուստ միջազգային փորձս, պիտի որ այնքան էլ չվախենայի: Ավելին՝ թե´ գերմանացիների, թե´ հոլանդացիների հետ նախկինում բոլ-բոլ գործ ունեցել եմ. երկու երկրներում էլ մեկական ամսով հիվանդանոցում պրակտիկա եմ անցել ու գիտեմ ումից ինչ սպասել: Էլ չեմ ասում, որ լիքը գերմանացի ու հոլանդացի ընկերներ ունեմ, որոնց հետ մտերմությունս տարիների հնություն ունի:

Ինքս ինձ հարց եմ տալիս. նախկինում երբևէ մշակութային շոկ (սահմանումը և փուլերը այստեղ) ապրե՞լ եմ: Ասենք, բավականաչափ երկար չեմ եղել օտար մշակույթի մեջ, որ հասցնեմ մեղրամսի շրջանից դուրս գալ: Մենակ հիշում եմ Իսպանիան, երբ առաջին երկու օրերին իսկապես մշակութային շոկի նման մի բան ապրել եմ, որի հիմնական պատճառը լեզուն էր, ու ինձ համար անակնկալ էր, որ Սևիլյայի բնակիչների մեծ մասն անգլերեն չգիտի: Բայց դա արագ հաղթահարվեց, երբ բոլոր տոմսային հարցերս լուծեցի ու սկսեցի մյուս ուսանողների հետ շրջել:

Մենակ Չեխիայում եմ համեմատաբար երկար մնացել ու ոչ մի մշակութային շոկ չեմ ունեցել: Երևի փոքր եմ եղել, դրանից: Բայց նույնիսկ դպրոցում, որտեղ դասերն անգլերեն էին, իսկ ես լեզուն չգիտեի, ոչ մի վայրկյան վատ չեմ զգացել: Հակառակը՝ վերադառնալիս հետադարձ մշակութային շոկ եմ ունեցել՝ մեկ-երկու տարի (գուցե մինչև հիմա) չկարողանալով հարմարվել մեր իրականությանը:

Հիմա շատ եմ վախենում: Առաջին անգամ է, որ լրիվ ինքնուրույն էսքան երկար ժամանակով մեկնում եմ: Նախորդ ճամփորդություններս բացի կարճատևությունից, տարբերվել են նաև նրանով, որ շատ բաներ նախապես կազմակերպված են եղել կամ ուղղակի կարիք չի եղել դրանց մասին մտածելու (օրինակ՝ կացության թույլտվություն ստանալու):

Մտածում եմ՝ գուցե էսքան ինֆորմացված լինելս կօգնի, որ ավելի շուտ հարմարվեմ: Գուցե մշակութային շոկ որպես այդպիսին ընդհանրապես չունենամ, չգիտեմ: Մի տեսակ ներքուստ զգում եմ, որ հայերի հետ շփումը կօգնի:

Չբռնե՞մ, արտագաղթեմ ԿՄ-ից

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:08 am

Էս վերջին օրերին ԿՄ-ի վիճակն արդեն համբերությանս բաժակը լցրեց: Ախր ինչքա՞ն կարելի ա տանջվել մի քռչոտ գրառում անելու համար: Մտածեցի՝ փասափուսաս հավաքեմ, գնամ մյուս բլոգս, էն էլ էս ԿՄ-ն էնքան ա հաբգրել, որ չի էլ թողնում փասափուսաս հավաքեմ: Հիմա սենց երկու քարի արանքում լռվել եմ: Ախր հեչ չեմ ուզում ԿՄ-ն, շատ էլ որ 8 տարվա հնություն ունի: Ի՞նչ անեմ:

Armwebs.com Armwebs.com