Սույն թվականի հունիսի 28
-ից օգոստոսի 28-ը Արիա միջազգային համալսարանում կազմակերպվել էին ամառային դասընթացներ: Այս անգամ Արիան հյուրընկալել էր չորս փորձնակ հետազոտողի` Դանիել Ֆիտանտեին և Քրիստիան Գրացիանին (ԱՄՆ), Շի Յանգին (Չինաստան), Էրիկ Բուտենին (Ֆրանսիա): Նրանց հիմնական նպատակը լեզվական գիտելիքների, մասնավորապես, հայերենի և պարսկերենի, քրդերենի կատարելագործումն էր և որոշ տեսական հարցերի քննարկումը: Չնայած երևանյան տապին` թե´ դասախոսական կազմը և թե´ ուսանողներն այս ընթացքում ինտենսիվ աշխատեցին, վերջնական արդյունքներն էլ գոհացնող էին:
Նրանք նախապես ներկայացրել էին իրենց համար ցանկալի դասաժամերի կազմը, որի համապատասխան էլ կազմվել էին դասացուցակները: Ի դեպ, կազմակերպվել են բացառապես անհատական դասընթացներ: Լեզվի դասերի նման մատուցումը շատ ավելի նպատակային է:
Կարծում եմ, ավելորդ չէր լինի, թե ներկայացվեր ուսանողների շատ համառոտ բնութագրերը.
Շի Յանգն երկրորդ անգամ էր այցելում Հայաստան, նա հետաքրքրված էր հայ-իրանական գրական առնչություններով: Ներկայումս, նրա ուսումնասիրություների կենտրոնում Սայաթ-Նովան է: Իսկ ընդհանուր առմամբ, նկատելի էր, որ ցանկանում է ընդհանրական գիտելիքներ ունենալ Կովկասի ժողովուրդների և նրանց լեզուների վերաբերյալ:
Դանիել Ֆիտանտեն ևս երկրորդ անգամ էր Հայաստանում, զբաղվում էր հայերի ինքնության խնդիրներով: Տիրապետելով հայերենին` նպատակադրված էր խորացնել և ամրապնդել իր գիտելիքները:
Քրիստիան Գրացիանն առաջին անգամ էր Հայաստանում: Վերջինս դիտարկում էր իսլամական դատարանները: Արևելյան լեզուներից գիտեր արաբերեն, թուրքերեն, իսկ այստեղ ցանկանում էր սովորել պարսկերեն:
Մյուս ուսանողը` Էրիկ Բուտելը Փարիզից, ևս նախկինում երբեք չէր եղել Հայաստանում: Նախապես խնդրել էր իր բոլոր դասերը կազմակերպել բացառապես պարսկերենով:
Դասերը հետաքրքիր հունով ընթացան: Տարբեր միջադեպեր եղան այս երկու ամսում:
Մի օր դասերից հետո Դանիելն ու Յանգը դուրս եկան շենքից և չանցած մի քանի րոպե` շնչակտուր ներս մտան. «Դրսում մի ծիտ է սատկում` ճանապարհի վրա, հենց հիմա շտապ օգնություն զանգե´ք, թող գան, տանեն, բա մե՞ղք չի, ինչ անսի˜րտ եք»: Այսպես, երկար-բարակ խոսելուց հետո մի տոպրակ վերցրին ու գնացին ճնճղուկին «փրկելու»` նախապես մեզանից իմանալով անասնապահական բուժկենտրոնի հասցեն: Հաջորդ օրը, երբ հարցրինք, թե ինչ են արել ճնճղուկին, Դանիելն ասաց. «Տարանք բժշկի, այդ ժամանակ մի շուն էին վիրահատում, հետո բժիշկը դուրս եկավ և ասաց` «only cats and dogs, only cats and dogs », մենք էլ դուրս եկանք, հետո ճնճղուկը սատկեց. շա˜տ ափսոս, շա˜տ ափսոս…»:
Իսկ վերջին դասին, երբ Քրիստիանին հարցրի, թե Հայաստանից ինչ է հիշելու, ինչն ամենաշատը գերեց կամ զարմացրեց իրեն, ասաց. «Գիտե՞ս, շատ երկրներում եմ եղել, շատ մարդկանց հանդիպել, նրանք բոլորն իրար շատ նման էին, բայց հայերն այդպիսին չեն. նրանք տարբերվում են բոլորից»:
Ուսանողներին հրաժեշտ տալու օրը, երբ սեղանի շուրջ կիսվում էինք մեր խոհերով, բոլորիս շատ զարմացրեց Էրիկը, ով հրաժարվեց գինուց` ասելով, թե երբևէ չի խմել: Ի պատասխան նրա` բոլորս կատակով, թե. «Դու, որ երբեք չես խմել գինի, չես կարող ֆրանսիացի համարվել…»: Նա շատ էր հավանել հայկական ծիրանը ու պատրաստվում էր ծիրանի տնկիներ տանել` Ֆրանսիայում աճեցնելու: Այս անգամ էլ Հասմիկ Բիանջյանը, լսելով Էրիկի մտադրության մասին ասաց. «Իզուր ես տանում. այն ծիրանը, որը Հայաստանում ես կերել, չես ուտի էլ ո´չ մի երկրում, հակառակ դեպքում, ստիպված կլինես քեզ հետ Ֆրանսիա տանել Հայաստանի հողն ու ջուրը, արևը և, իհարկե, մարդկանց…»:
Recent Comments