Բազմաթիվ են հրապարկումներն այն մասին, թե որքանով է ուժեղանում ադրբեջանական բանակն ու թե Հայաստանն ինչ քայլերի է դիմում ի հակադրություն դրան, շատ լավ լուսաբանվում են ադրբեջանցի պատգամավորների ասածները, նրանց բյուջեի հաստատված չափն ու մինչ այդ տեղի ունեցած բյուջեական քննարկումները։ Ադրբեջանի տնտեսության վիճակը, քաղաքական դաշտը, դիվանագիտությունը, երբեմն գյուղատնտեսությունը հայկական մամուլում քննարկվում են ըստ արժանվույն։ Ինֆորմացիոն պատերազմների մասին շատ եմ լսել ու այդ պատերազմների արդյունքն էլ շատ եմ տեսել տարբեր բլոգերում ու ոչ մասնագիտական ֆորումներում։ Հատկապես շեշտում եմ ոչ մասնագիտական բառը, քանզի ասելիքս մասնագիտական, միջազգային ակադեմիական չափանիշներին հետամուտ ու տեղեկացված հասարակություն ստեղծելուն ու հետագայում այդ փորձի արդյունքը քաղելուն միտված հայկական ու ադրբեջանական փորձն եմ ցանկանում քննարկել։ Իհարկե հայկական փորձ ասելով խոսքիս առանցքն է կազմելու «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունն ու այդ կազմակերպության շրջանակներում գործող ԱՐՄԱԿԱԴ ցանցը։ Նշյալ ցանցը ստեղծվել է 2007թ. հունիսին, ակտիվ սկսել է գործել նույն թվականի հոկտեմբերից (սեպտեմբերին տարածվել է 5, հոկտեմբերին 74 հայտարարություն)։ Ինչպես հայտնի է սույն ցանցի ստեղծման հիմնական նպատակն էր ստեղծել գործուն տեղեկատվական համակարգ, որի միջոցով հայաստանցին կտեղեկանա դրսում առկա գիտակրթական ծրագրերի վերաբերյալ, իսկ դրսի գործընկերները հնարավորություն կստանան տեղեկանալ հայաստանյան գիտական անցուդարձին, ինչի միջոցով միջազգային գիտական ասպարեզում կբարձրանա ՀՀ միջազգային վարկանիշը, քանզի այն հանդես կգա որպես սեմինարների, կոնֆերանսների, մագիստրական ու ասպիրանտական ծրագրերի տեսքով գիտական արտադրանք տվող երկիր։ Հպարտությամբ կարելի է նշել, որ այս նպատակներին հաջողվել է հասնել։ Մինչ ԱՐՄԱԿԱԴ ցանցի ստեղծումը ՀՀ-ում գործում էր գիտական հայտարարությունների մենաշնորհին տիրապետող մի քանի հոգուց բաղկացած խումբ, ովքեր ստանալով հայտարարությունը, այն գաղտնի էին պահում մյուսներից, դիմում էին միայն իրենք և դառնում տվյալ երկրից առանց մրցակցության դիմած միակը ներկայացուցիչը։ ԱՐՄԱԿԱԴի գործունեությամբ ՀՀ-ն միջազգային ակադեմիական շրջանակներում այժմ ներկայանում է մրցակցության արդյունքում ընտրված մասնագետների տեսքով։ Երկու տարուց ավելի գործունեության ընթացքում ԱՐՄԱԿԱԴ ցանցում գրանցվել է ավելի քան 3000 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ամեն ամիս ցանցով տարածվում է հարյուրից ավելի հայտարարություն։
Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Ադրբեջանը։
Ադրբեջանի գիտակրթական համակարգը մինչ հայկական «Լույս» հիմնադրամի հետ կապված քննարկումները կարծես երբեք չէր դարձել քննարկման առարկա։ Նշյալ քննարկումներում հատկապես շեշտվում էր, որ Ադրբեջանը յուրաքանչյուր տարի արտասահմանյան ԲՈՒՀեր է գործուղում հազարից ավելի ուսանողներ։ Տվյալ ծրագիրը Ադրբեջանում կարծես սկսվել էր երեք թե չորս տարի առաջ։ Ի պատիվ մեզ, վերջապես ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ այժմ արտերկրի առաջնակարգ ԲՈՒՀերում սովորում են գրեթե հիսուն հայազգի ուսանողներ։ Ադրբեջանական նմանատիպ կազմակերպության անունը չգիտեմ, բայց հետևում եմ ԱՐՄԱԿԱԴի ադրբեջանական օրինակ հանդիսացող EDUCATION_ABROAD_AZERBAIJAN ցանցի գործունեությանը։ Նշյալ ցանցը ստեղծվել է 2006թ. սեպտեմբերին ու հենց այդ առաջին ամսում ցանցով տարածվել է 65 հայտարարություն։ 2009 թվականի ընթացքում ադրբեջանական այս ցանցով ոչ մի ամիս 60-ից ավելի հայտարարություն չի տարածվել։ Ընդ որում հարևանների ցանցով տարածված ամենամսյա հայտարարությունների մեկ երրորդը ԱՐՄԱԿԱԴ ցանցով տարածված հայտարարություններն են եղել և տարածվել են այն բանից հետո միայն երբ դրանք սփռվել են ԱՐՄԱԿԱԴով։ ԱՐՄԱԿԱԴից մեկ տարի առաջ ստեղծված այս ցանցում 2009թ. նոյեմբերի 26-ի դրությամբ գրանցված է 2339 հոգի։ Ադրբեջանական այս ցանցով են տարածվում նաև արտասահմանյան տարբեր գիտակրթական հաստատություններում սովորած ու վերապատրաստում անցած Ադրբեջանի քաղաքացիների կողմից Ադրբեջանի Հանրապետությունում տարբեր տեղեկատվական ու գիտակրթական դասընթացների վերաբերյալ հայտարարությունները։ Այս առումով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող նմանատիպ միջոցառումներին։ Ցայսօր Հայաստանում նման միջոցառումներ կազմակերպելով ու այն հանրության ուշադրության առարկա դարձնելով հայտնի է եղել CRRC կազմակերպությունը, որն ամենաքիչը ամիսը մեկ անգամ կազմակերպում է հայ և այլազգի գիտնականների տեղեկատվական ու մասնագիտական հանդիպումներ, քննարկումներ ու դասախոսություններ։ ԱՐՄԱԿԱԴ դասախոսությունների շարքը վերջին վեց ամիսների ընթացքում կազմակերպել է տասնհինգից ավելի տեղեկատվական ու գիտական դասախոսություններ։ Վերջերս նմանատիպ տեղեկատվական դասախոսություններով է հանդես գալիս նաև «Լույս» հիմնադրամը։ Պետք է նշել, որ այս տիպի դասախոսությունների ու հանդիպումների հաջողությունը առաջին հերթին պայմանավորված է դրանց անվճար լինելով ու այդ միջոցառումների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնելով։ Ադրբեջանական ցանցով են տարածվում նաև ադրբեջանական գիտական ու կրթական տեղեկատվական կայքէջերի վերաբերյալ հայտարարությունները, ինչպես՝ http://www.resurs.az/, http://www.telebe.az և այլն։ Իսկ ԱՐՄԱԿԱԴը մինչ օրս չունի գրասենյակ, չունի հավուր պատշաճի գործող կայքէջ, գործել է բացարձակապես առանց որևէ ֆինանսական օժանդակության, իսկ վարչապետին գրված նամակները մնացել են անպատասխան։
Կարևոր է գիտակցել, որ մեր պետության ու ազգի հաջողությունը գալիք տարիներում միայն ու միայն կախված է լինելու արտասահմանյան լավագույն ԲՈՒՀերում սովորած ու վերապատրաստված բարձրակարգ մասնագետներից ու նրանց խոսքն է լսելի լինելու միջազգային ասպարեզում, քանզի այդ խոսքը լսողները հավանաբար կլինեն նրանց համակուրսեցիներն ու ընկերները։




Recent Comments