Your Truth About Caucasus

Դպրոցից ու Վերջին զանգից. տասը տարի անց

Filed under: ձանձրալի՜ պատմություն,Մանկություն — Tags: — շուշան ավագյան @ 12:51 am May 25, 2013

Դպրոցը երևի իմ կյանքի ամենամղձավանջային հատվածն է եղել, որից ազատվելու միակ միջոցն ավարտելն էր: Երբ օրերն էի հաշվում, թե երբ պիտի Վերջին զանգ-քննություններ անցնեն-գնան, բոլորն ինձ ասում էին, թե տարիներ անց փոշմանելու եմ: Ուղիղ տասը տարի է անցել, բայց ամեն վայրկյան, երբ մտաբերում եմ դպրոցական կյանքս, միանգամից ուրախանում եմ, որ էդ ամենը հետևում է մնացել:

Երթուղայինում կիթառ նվագելիս

Երթուղայինում կիթառ նվագելիս

Էնպես չէր, որ իմ էդ ժամանակվա կյանքը զիբիլ էր: Չէ՛, մենակ դպրոցի հատվածը: Ես լիքը հետաքրքրություններ ունեի. նկարչության, բասկետբոլի ու կիթառի էի գնում, ռոք էի լսում, ճղած ջինսեր հագնում, բանդանա կապում, սենյակս պոստերներով զարդարում: Լիքը ընկերներ ունեի, որոնցից ոչ մեկը մեր դպրոցից չէր, իսկ շատերն ընդհանրապես մի քանի տարով մեծ էին ինձնից: Ու հենց էս ամենն ինձ տարբեր էր դարձնում: Չէի մերվում դպրոցի ընդհանուր մթնոլորտի հետ՝ ո՛չ դասատուների, ո՛չ էրեխեքի (որոշ բացառություններ չհաշված):

Իմ գլխավոր թշնամիները (օղորմածիկ) դասղեկս, որը նաև մեզ անգլերեն էր տալիս, ու հայերենի դասատուս էին (վերջինիս մասին մանրամասն այստեղ): Ինչքա՜ն են ինձ տնօրենի մոտ քարշ տվել վատ վարքիս համար, ինչքա՜ն են «երկուսներով» սպառնացել, բայց ոչ մի բան անել չէին կարողանում, որովհետև թարսի պես էդ երկու առարկաներից բավական ուժեղ էի: Ու երբ կատաղած ինչ ասես չէի ասում նրանց հասցեին, ուսմասվար-տնօրեն փորձում էին ինձ հանգստացնել՝ ասելով, որ ավարտելուց հետո նրանց կարոտով եմ հիշելու ու շնորհակալ եմ լինելու:

Տասը տարի է անցել, բայց դեռ շնորհակալ չեմ: Ինչի՞ համար: Որ ոչինչ չե՞ն սովորեցրել, որ իրենց դասերին ձանձրանու՞մ էի, որովհետև իրենց տվածից շատ գիտեի: Որ դպրոցական տարիներս դժոխքի վերածող գլխավոր մարդիկ իրե՞նք են եղել:

Հետո հիշում եմ նաև ֆիզկուլտի դասատուին: Մի գողական կնիկ էր, ամբողջ դասարանի սիրելին, բայց ես առանձնապես հետը գլուխ չէի դնում: Հիշում եմ, որովհետև Վերջին զանգի սցենար պետք էր առնել: Ես հայտարարեցի, որ ինքս կգրեմ, որ չարժե անիմաստ ստանդարտ բաների համար մի բան էլ փող տալ:

Էդպես ես ու մամաս նստեցինք, սկսեցինք Վերջին զանգի սցենար գրել: Մամաս հիշում էր իր սեփական ավարտական հանդեսը, որի սցենարն էլ էր ինքը գրել, վերարտադրում էր, մի քիչ հարմարացնում էինք մեր օրերին, գրում: Հետաքրքիր ու օրիգինալ տեքստ էր ստացվել, բայց չհասցրինք վերջացնել:

Մի օր մեր ֆիզկուլտի դասատուն հայտնվեց մեր դասարանում իբր օգնելու, որ Վերջին զանգ անենք: Ինձնից գոհ սցենարը տվեցի նրան: Կարդաց: Սկզբում ջղայնացավ, որ ոչ մի տեղ հաղորդավարներ չկան, որովհետև ըստ սցենարի ավարտող աշակերտը դպրոցի հետ երկխոսության մեջ էր մտնում, ու միասին զանազան բաներ էին հիշում: Հետո երբ հասավ կիսախոսակցական զրույցին, լրիվ ափերից դուրս եկավ, թե՝ սա բանի պետք չի: Իսկ եթե ֆիզկուլտի դասատուն ասում էր, ուրեմն էրեխեքի համար օրենք էր: Մեկ էլ էն եմ հիշում, որ լացելով դասարանից դուրս եկա:

Սցենարը վերջը գրվեց ուրիշ դպրոցների նախկին տարիների պատվիրված սցենարներից պատառիկներ հավաքելով, իրար կպցնելով: Մի խոսքով, նույն շաբլոն կառուցվածքը, նույն անկապ կատակները, ինչ բոլոր դպրոցներում կարելի է տեսնել: Սկզբում չէի ուզում մասնակցել, բայց կամաց-կամաց ինքս ինձ համոզեցի, որ գոնե բեմ բարձրանամ (քեֆին էդպես էլ չգնացի): Ըստ շաբլոն սցենարի, բոլոր դասատուների համար առանձին-առանձին անկապ տեքստեր էին կարդում ու ծաղիկ տալիս: Էդ անկապ տեքստերի գործն իր վրա վերցրեց մեր դասարանի մեծն բանաստեղծ Սյուզին: Ասացի, որ իմը ես կգրեմ:

Լինելով դասարանի գերազանցիկներից՝ ամեն դեպքում կարող էի ինքս ընտրել, թե որ դասատուի տեքստն ասեմ: Չգիտեմ ինչու, Հովհաննիսյանին՝ աստղագիտության դասատուին ընտրեցի, որը մեզ ցածր դասարաններում ֆիզիկա էլ էր տվել, ու էն ժամանակ հեչ չէի սիրում նրան, ուզում էի, որ մեր նախկին դասատուն՝ Սվազյանը վերադառնա: Չէ՛, ավելի շուտ գիտեմ… ինձ մի արարքով շատ ուժեղ հիացրել էր Հովհաննիսյանը: Մի օր երևի էդ պատմությունն առանձին կպատմեմ: Մի քանի այլ պատճառ էլ կար, որ հրաժարվեցի իմ ամենասիրելի դասատուների տեքստն ասելուց, բայց հիմա լավ չեմ հիշում:

Փորձի ժամանակ, երբ Հովհաննիսյանի մասն ասացի, էրեխեքից մի քանիսն ինձ մոտեցան, խնդրեցին, որ իրենց համար էլ տեքստ գրեմ. Սյուզիի գրած անկապ չափածո բաները դուրները չէին եկել: Նրանց թվում իմ սիրելի դասատուներն էին: Թաքուն ուրախացա, որովհետև ստացվեց այնպես, որ թեև ծաղիկներ տանողը ես չէի, բայց հենց իմ խոսքը հնչեց նրանց համար: Ու երևի էդպես էլ երբեք չիմացան դրա մասին:

Չեմ հիշում՝ դասղեկինն ով էր ասել, չի էլ հետաքրքրում, բայց հաստատ մի գլուխ կեղծ խոսք էր: Ոչ մեկս չէինք սիրում նրան: Ուղղակի ես մյուսներից շատ չէի սիրում: Հայերենի դասատուինն էլ Արմինեին էր բաժին ընկել Սյուզիի տափակ չափածոյով: Արմինեն էլ մեր դասարանի մեղմ ասած ամենալավ սովորողներից չէր, ու մեր հայերենի դասատուն ահագին վիրավորվել էր, որ իր տեքստն այդքան կարճ էր ու որ ես կամ Գայանեն (մեր մյուս գերազանցիկը) չէինք ասել:

Վերջին զանգից հետո քննությունները սկսվեցին: Քրտնելով, մեջտեղից ճղվելով, իսկ մինչ այդ նաև դպրոցի տնօրինության ու լիքը դասատուների դեմ կռիվ տալով կարողացա առանց կաշառքի-բանի մեդալով ավարտել: Հետո պիտի տնօրենը գլուխ գովեր, թե էդ տարի դպրոցում մեդալակիր է եղել: Մոռացել էր, թե ոնց էր մերոնց կանչում, համոզում, որ հրաժարվենք, մամայիս ստից ասում էր, թե պատմությունից վատ եմ, մաթեմն էլ ոչ թե «չորսի» ու «հինգի», այլ «երեքի» ու «չորսի» խնդիր է եղել: Էդ պատմությունների մեջ մեկ էլ նույն ֆիզկուլտի դասատուին եմ հիշում, որ ասում էր՝ հրաժարվի, թե չէ հանձնաժողով կգա դպրոց, դասարանցիներդ չեն կարողանա ավարտել: Լավ էր, չէ՞: Տասը տարի շարունակ էդ նույն դասարանցիները մի կերպ քարշ են եկել առանց մատը մատին խփելու, իսկ ես սովորել եմ, հետո էլ հանուն նրանց պիտի հրաժարվեի (մեդալի պատմությունն ավելի մանրամասն այստեղ):

Ու հիմա ավարտելուց տասը տարի անց նստած մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ պրծել եմ էդ դպրոցից: Մենակ թե կարոտում եմ Խոջոյանին, Յոլչյանին ու Սվազյանին: Կարծեմ նրանցից ոչ մեկն էլ մեր դպրոցում չի աշխատում. մեր ավարտելուց կարճ ժամանակ հետո երեքն էլ գնացին: Էրնե՜կ էս կողմերով անցնեին, իմանային, թե ինչքան շատ եմ սիրում նրանց ու թե ինչքան շնորհակալ եմ լինելու մինչև կյանքիս վերջ:

Իսկ էս թղթի կտորն աչքիս լույսի պես պահում եմ: Ամեն անգամ, երբ ինքնավստահությունս հավասարվում է զրոյի, երբ ուզում եմ ամեն ինչ թողնել ու կորչել-գնալ, կարդում եմ ու հիշում, որ դեռ պիտի կենսաբանության գաղտնիքները բացահայտեմ:

Կիսատ գարուն

Filed under: Գարուն,ձանձրալի՜ պատմություն,Նիդեռլանդներ — Tags: — շուշան ավագյան @ 1:35 am May 24, 2013

Ընդհանրապես, եղանակից բողոքելու սովորություն չունեմ: Ես սիրում էի Ֆինլանդիայի մութ ու թաց աշունը, հետո նաև ձյունն ու մինուս երեսունը, սիրում եմ հոլանդական երբեք չդադարող անձրևները, Երևանի այրող պլյուս քառասունը: Երբ անցյալ օգոստոսին Բեռլինում ցուրտ էր անում, ճիշտ է, նեղվում էի, բայց էնպես մեծ թեմա չէի սարքում, հարմարվել էի բոբիկ դուրս գալուն ու մրսելուն: Բայց ոնց որ եղանակն իմ համբերությունը փորձի, տեսնի՝ մինչև ե՞րբ չեմ դժգոհելու:

Երբ տաք Երևանից վերադարձա Նիդեռլանդներ ու տեսա, որ էստեղ դեռ ցուրտ է, ուրախացա. գարուն երկրորդ անգամ կտեսնեմ: Էդպես էլ եղավ, բայց ոնց որ այդ գարունը չավարտվեց, կիսատ մնաց, կորավ ինչ-որ տեղ: Երբ անձրևները սկսվեցին, էլի չդժգոհեցի. կա՛մ արագ կքշեմ, որ շատ չթրջվեմ, կա՛մ կվայելեմ անձրևը, եթե շուտով հագուստս փոխելու ճոխ հնարավորություն ունեմ: Ու երբ ամպերի հետևից արև դուրս եկավ, թեև բավական ցուրտ էր (հազիվ տասնմեկ-տասներկու աստիճան կլիներ), ահագին ուրախացա. թքած, որ մայիսին վայել ջերմաստիճան չէ:

Բայց ամեն ինչ չափուսահման ունի, իմ համբերությունն էլ հետը: Էսօր լա՜վ ցուրտ էր: Հագել էի էն շորերը, ինչ անցյալ հունվարին, բայց բավականաչափ տաք չէի: Դա հերիք չէ, գալիս եմ տուն, եղանակի տեսություն նայում: Էս գիշեր մինուս է լինելու, հետն էլ ձյուն է գալու: Էլ չեմ կարող լավատեսությունս պահել: Քիչ է մնում՝ թեզ-մեզ շպրտեմ մի կողմ, տոմս առնեմ, ցվրվեմ Իտալիա, մինչև տաքերը գան: Ուղղակի վախենամ՝ էս տարի էստեղ ամառ չլինի, թեզս էլ կիսատ մնա: Ու թող այլևս երբեք հոլանդացիները չհամարձակվեն ծաղրել Սկանդինավիայի, մասնավորապես Ֆինլանդիայի եղանակը: Էնտեղ գոնե տրամաբանություն կա, կանխատեսելիություն կա, էնտեղ երբեք մայիսը դեկտեմբերից ցուրտ չի լինում:

Բրամ Ստոկերի «Դրակուլան»

Filed under: Գրքեր,ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:38 am

Եթե չլիներ Կուրսերայի դասընթացը, ամենավատ երազում էլ այս գիրքը չէի բացի: Նույնիսկ այն փաստը, որ Ստոկերն իռլանդացի է, ինձ չմղեց «Դրակուլան» կարդալու: Հա՛, ես սարսափների սիրահար չեմ, թույլ նյարդեր ունեմ, ու նմանատիպ գրականությունը կարող է անքնության պատճառ դառնալ (իրականում էդպես էլ եղավ):

«Դրակուլան» շարադրված է իրար վրա հավաքած օրագրերի, հեռագրերի, նամակների ու այլ թղթերի տեսքով: Հետաքրքիր մոտեցում է թվում, բայց երբ ուսումնասիրում ես տվյալ ժամանակաշրջանի գրականությունը, նկատում ես, որ բավական տարածված երևույթ է եղել օրագրերով կամ նամակներով պատմություն պատմելը:

Սկիզբը վարպետորեն էր գրված: Դրակուլայի նկարագրությունն ու Ջոնաթանի տեսածները բառ առ բառ համապատասխանում էին վամպիրների մասին ունեցած մերօրյա պատկերացումներին, բայց դե զարմանալի չէ, որովհետև ասում են՝ հենց Ստոկերն է ժամանակակից վամպիրի կերպարը ներմուծել:

Բայց հենց իրադարձությունները տեղափոխվում են Անգլիա, համը լրիվ դուրս է գալիս: Նամակներից ու օրագրային գրառումներից արհեստականություն է փչում, հարցեր են առաջանում, որոնց պատասխաններն էդպես էլ հեղինակը չի տալիս (օրինակ՝ ինչու՞ Դրակուլան Ջոնաթանին ազատ արձակեց, հատկապես երբ նամակներ էր գրել տվել, որ արդեն ճամփին է):

Ընդհանուր առմամբ, գիրքը կարելի է բաժանել հալալ երկու կեսի: Առաջինում տարօրինակ բաներ են կատարվում, ու եթե վամպիրների մասին ընդհանուր գիտելիքները չլինեին, հաստատ չէիր իմանա՝ որը որից հետո է, իսկ երկրորդ կեսը նվիրված է վամպիրների դեմ պատերազմին, որը, բնականաբար, ավարտվում է բարու հաղթանակով:

Կուզեի գրքի արհեստականություններից մի քանիսի մասին խոսել: Նախ, կերպարները թղթից էին: Ինչքան էլ հեղինակը փորձել էր նրանց կլորացնել, մի տեսակ շատ արհեստական ու սարքովի էին ստացվել: Մասնավորապես, Լյուսին ու Մինան ոնց որ լրիվ նույն մարդը լինեին: Մի քիչ բժիշկ Սյուարդի կերպարն էր ստացված իր թերահավատությամբ, օրագրում միայն կարևոր փաստերն արձանագրելով, առանց դեսուդեն ընկնելու, բայց արի ու տես, որ վամպիրների գոյությանը հավատալուց հետո ինքն էլ սկսեց մայրամուտի սիրուն գույներ նկարագրել:

Արհեստական էին նաև կերպարների հարաբերությունները: Մակերեսային, խոտից: Նրանց քաջությունն ու միմյանց նկատմամբ վստահությունը հիմնավորված չէր: Կարծես հեղինակը խուսափել էր ավելորդ լարումից, բոլոր տեսակի սրությունները հարթել, հետո նոր կերպարներին գործի ուղարկել:

Բառապաշարն էր արհեստական: Իբր Վան Հելսինգը հոլանդացի էր, նրա տեքստերն ու բանավոր խոսքը սխալներով էր գրի առած, բայց արի ու տես, որ էդ սխալները սահմանափակվում էին բայերը չխոնարհելով: Չգիտեմ՝ երևի էն ժամանակներում լեզվաբանությունից մի քիչ պակաս գիտելիքներ ունեին, հոլանդերենն էլ մեր օրերինից մի քիչ տարբեր էր, բայց ամեն դեպքում որևէ մեկի լեզվակիր չլինելը բայերը չխոնարհելով ցույց տալը մի քիչ համոզիչ չէ:

Այնուամենայնիվ, վեպի հետաքրքիր լուծումներից էր, որ օրագրային գրառումները սկսում են իրար գլխի հավաքել իրադարձությունների ավարտից շատ առաջ: Հետաքրքիր բացահայտում էր նաև բժիշկ Սյուարդի աուդիո օրագիրը. փաստորեն էն ժամանակներում էլ նման բաներ կային:

Բացի վամպիրների սարսափից, հեղինակը կողքից բավական բացահայտ կերպով մեկ այլ թեմա է շոշափում, այն է՝ կնոջ ու տղամարդու դերը հասարակությունում: Ըստ էության, պայքարը սկսվում է հենց կնոջը (սկզբում Լյուսիին, հետո Մինային) պաշտպանելու ցանկությամբ, շեշտադրվում է տղամարդու հոգատարությունը: Մյուս կողմից, ցույց է տրվում, թե ինչպես գործը գլուխ չէր գա, եթե Մինան չլիներ: Մի քանի տեղ անելանելի դրությունից հենց ինքն է փրկում: Բացի դրանից, կինը ցույց է տրվում որպես մխիթարանք. տղամարդ հերոսները Մինայի մոտ առանձնանում ու արտասվում են: Հեղինակն ասում է, որ միայն կնոջ սիրտը կարող է տղամարդուն մխիթարել:

Գիրքը լի էր նաև այն ժամանակների գիտության նվաճումներով, մասնավորապես՝ հիպնոսով ու արյան փոխներարկմամբ: Իհարկե, հիպնոսն ինչ-որ տեղ կապվում էր տեղի ունեցող գերբնական երևույթների հետ, բայց այ արյան ներարկումը բավական ծիծաղելի էր, որովհետև առանց խումբ ստուգելու, առանց խորանալու մի քանի օր իրար հետևից տարբեր մարդկանց արյուն են ներարկում Լյուսիին, բայց արի ու տես, որ բավական թեթև է տանում:

Չնայած հոգեկան հիվանդ Ռենֆիլդի դեպքը մի քիչ անկապ էր, գրքի ընդհանուր պատմությունից դուրս, բայց գործին լրացուցիչ համուհոտ էր տալիս: Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե նրա հետ կապված բոլոր դրվագները հեղինակն առանձին պատմվածքի կամ վիպակի տեսքով հրապարակեր, որովհետև վամպիրային ընդհանուր ֆոնի վրա այն խամրում է, ու որոշ ժամանակ հետո նույնիսկ մոռանում ես նրա գոյության մասին: Բացի դրանից, Ռենֆիլդը ոչ մի կերպ չի օգնում ո՛չ վամպիրին բացահայտելիս, ո՛չ վնասազերծելիս: Այնուամենայնիվ, հետաքրքիր անդրադարձ էր տասնիններորդ դարի հոգեբուժությանը:

Ընդհանուր առմամբ, էսքան կարդալով, երևի ոչ մի գիրք էդքան լավ չի էդքան լավ չի արտացոլել տասնիններոդ դարի վերջի Եվրոպան, որքան «Դրակուլան»: Էնտեղ պարզորոշ տեսնում ես, թե գիտությունն ու բժշկությունն ուր են հասել, մարդկանց կրոնական հավատալիքները որտեղ են, կանայք ու տղամարդիկ ինչ հարաբերություններ ունեն, տրանսպորտի և հեռահաղորդակցության ինչ միջոցներ կան և այլն:

Մի քիչ խոխմ էր գրքի իրադարձությունների կապվածությունն իմ էս օրերի կյանքի հետ. նախ, որ պրոֆեսորը հոլանդացի էր, այն էլ՝ Ամստերդամից, երկրորդ, այն հատվածը, որտեղ Հարլեմից սխտոր են բերում Լյուսիի համար, կարդացի հենց այն օրը, երբ Հարլեմից վերադարձա Խրոնինգեն, իսկ էնտեղ, հավատացեք, ես բնավ հաճախ չեմ լինում (իրականում կյանքիս մեջ երկրորդ անգամն էր): Էլ չեմ ասում, որ երեկ հայտնաբերեցի, որ հետս ապրող ռումինացի աղջիկը հենց Տրանսիլվանիայից է՝ Դրակուլայի պալատից 30 կմ հեռավորության վրա:

Չնայած վամպիրների մասին ընդհանուր պատկերացումներին համապատասխանելուն (դագաղի մեջ քնել, խաչից վախենալ, սուր ժանիքներ, կարմիր աչքեր և այլն) ու մեր օրերի համատարած վամպիրասիրությանը, պիտի ասեմ, որ Դրակուլան իսկապես սարսափելի արարած էր, որի հետ չգիտեմ ով ոնց, բայց ես հեչ չէի ուզենա գործ ունենալ: Այնուամենայնիվ, երևի մի օր Տրանսիլվանիա կգնամ, որովհետև դատելով գրքի նկարագրություններից, պիտի որ շատ սիրուն տեղ լինի:

Կակաչներն անձրևի տակ

Կիրակին չեղավ. Սոֆյան պիտի Էմիլու Հարիսի համերգին գնար: Ճիշտ է՝ երկուշաբթի եղանակն այնքան լավը չէր լինելու, որքան կիրակի, բայց ամեն դեպքում առանց անձրևի ամպամածությունն ու պլյուս տասնինը բոլորովին վատ չէր այս երկրի համար: Եթե հաշվի առնենք, որ կակաչների սեզոնն արդեն վերջանում էր, հետաձգելն անիմաստ կլիներ:

Սոֆյան ինտերնետից քարտեզներ քաշեց, ու մենք պլանավորեցինք երկուշաբթի առավոտյան գնացքով մեկնել Լայդեն, որտեղից հեծանիվներով կգնանք Հարլեմ՝ ճանապարհին անցնելով կակաչների դաշտերով:

- 35 կմ: Շատ չէ: Կարող ենք հետ չգնալ, հենց Հարլեմից էլ գնացք նստել, տուն գալ: Ճամփին էլ եթե հոգնենք, հաճախ դադարներ կտանք:

Առավոտյան սուրճ եմ խմում, նայում պատուհանից դուրս անհուսալիորեն կուտակված ամպերին, որոնք ոչ մի տեղ գնալ չեն ուզում:

- Ի՜նչ հիանալի ամառային, արևոտ առավոտ է, չէ՞,- գրում է Սոֆյան:

Խրոնինգենը Լայդենից ահագին հեռու է, գուցե էնտեղ ամեն ինչ ավելի լավ է: Եղանակի տեսությունը նորից եմ ստուգում: Օրվա առաջին կեսին ամպամած-արև, տասնվեց աստիճան, երկրորդ կեսին՝ անձրև:

- Մենք արդեն Հարլեմ հասած կլինենք, երբ անձրևը սկսվի:

Լայդենում անձրև էր գալիս ու ցուրտ էր. տասնվեց աստիճանի բան չէր: Լավ է՝ սատանաներն ինձ հուշել էին, որ պլյուս տասից ցածրի կուրտկաս հետս վերցնեմ:

Մի կերպ մեզ գցում ենք տուրիստ ինֆո, որ լրացուցիչ քարտեզ վերցնենք: Էնտեղ չոր ու տաք է:

- Գնա՞նք մի տեղ սուրճ խմելու, մինչև անձրևը կտրվի:

Բայց այս երկրում անձրևը կտրվու՞մ է:

Դուրս ենք գալիս ու տեսնում, որ թեև մեր հեծանիվների նստատեղերը հասցրել են մի լավ թրջվել, բայց գոնե անձրևը թուլացել է: Ոչ մի րոպե սպասել, գնում ենք Հարլեմ:

Բայց Հարլեմ հասնելու համար առաջին կարևոր պայմանը Լայդենից դուրս գալն էր:

- Քաղաքից դուրս գալն ավելի դժվար է, քան մտնելը, որովհետև ոչ մի տեղ չկա դեպի դուրս ցույց տվող ցուցանակ:

Հետո պիտի նկատեինք, որ դա մեր ճամփորդության ամենալուրջ մարտահրավերն էր, որովհետև մոտ մեկ ժամ շարունակ քաղաքում անընդհատ պտտվում էինք, նույն տեղը գալիս միայն այն պատճառով, որ էլեկտրոնային քարտեզն ասում էր՝ աջ թեքվել առանց մանրամասնելու, որ պետք է պտույտ գործել ու կամրջի տակ մտնել:

Երբ վերջապես ճիշտ ուղու վրա էինք, սկսեցինք շուրջներս նայել: Լայդենում ջրանցքների վրա բացվող տներ կային, որոնց մոտ նավեր էին կանգնած: Հանգստություն էր գալիս էդ տներից:

- Տեսնես ովքե՞ր են էստեղ ապրում:

Քիչ անց քաղաքը մնաց հետևում, ու մտանք կանաչների մեջ: Կիսաանտառոտ ճանապարհ էր: Տեղ-տեղ ջրանցքների մոտով էինք անցնում: Մանր անձրև էր մաղում: Կարևորը՝ հեծանվային ուղու թվերին հավատարիմ մնանք, որ չկորենք:

- Նիդեռլանդներում կորել հնարավոր չէ,- նկատեց Սոֆյան,- հենց անծանոթ տեղում ես հայտնվում, մի երկու քայլ ես անում, ու անպայման մայրուղի, գնացքի կայարան կամ քաղաք ես գտնում:

Հենց անձրևն ուժեղանում է, թաքնվում ենք որևէ ծառի կամ կամրջի տակ, պայուսակներից որևէ բան հանում ու ծամում:

Բնակավայրերը չեն ավարտվում: Ամեն երկու-երեք կիլոմետրը մեկ տներ են հայտնվում: Անցնում ենք Սասենհայմ կոչվող գյուղով, որից անմիջապես հետո սկսվում է Լիսեն: Սասենհայմն ամայի էր, թվում էր՝ բնակիչները թողել-գնացել էին: Լիսեն ավելի աշխույժ էր ու պուպուշ:

Հենց Լիսե մտնելիս էր, որ կակաչներով լի ծաղկաման տեսանք, կամերայով պատրանք ստեղծեցինք, թե հսկայական դաշտում ենք. արդեն համոզվել էինք, որ մեզ շատ հետաքրքիր տեսարաններ չեն սպասվում, որովհետև սեզոնը վերջացել էր:

- Էստեղից Հարլեմ ճանապարհին են գտնվում կակաչների ամենասիրուն դաշտերը:

Մեր բախտը բերեց, որ դաշտերում դեռ մի երկու շարք կակաչ կար, բոլորը չէին կտրել: Հայտնվել էինք մի ուղիղ երկար տարածության մեջ, ձախ կողմում կակաչների դաշտերն էին, աջում՝ ջրանցքները: Անձրև էր գալիս:

- Իսկական հոլանդական վիճակ. հեծանիվ, կակաչ, ջրանցք, անձրև:

Երևի մոտ 6-7 կիլոմետր էր մնացել, որ Հարլեմ հասնենք, երբ անձրևն ուժեղացավ: Հեչ պետքներս չէր: Էլ չէինք ուզում դադար առնել: Ասենք, տարբերակ էլ չկար. անտառի մեջտեղում էինք:

Ու էդպես գնացինք առաջ, անցանք գեղեցիկ տների մոտով, որոնց դիմացի բակի խիստ կանաչ խոտը խիստ հավասար էր կտրված, ծաղիկները դեռ չէին թառամել, ու անգամ կակաչներ կային: Սլացանք անձրևի տակով՝ արհամարհելով այն, մոռանալով, որ մինչև ոսկորներս թրջվում ենք:

Հենց հասանք Հարլեմ, իջանք հեծանիվներից: Քայլելը դժվար էր. ոտքներս ոնց որ ժելեից լիներ: Անձրևը նույնիսկ ավելի էր ուժեղացել. դույլերով էր գալիս, բայց մենք թքած ունեինք: Առանց պատսպարվելու, առանց հովանոցի քայլում էինք փողոցի մեջտեղով՝ հեծանիվները մեզ հետ գլորելով: Փողոցներում սարքեր էին դրված, որոնք երաժշտություն էին արձակում: Հենց մեկի ձայնն այլևս չէր լսվում, նորն էր հայտնվում:

Ու դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր՝ 35 կմ հեծանիվ քշելուց հետո Հարլեմի փողոցներում անձրևի տակ քայլելը: Հա, ես կարող եմ երջանիկ լինել, երբ հույսս միայն ինձ վրա եմ դնում:

«Ալիսը հայելու աշխարհում» (Լյուիս Քերոլ)

Filed under: Գրքեր,ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 11:25 pm May 19, 2013

Լյուիս Քերոլը եթե կենդանի լիներ, հաստատ ճակատը կպաչեի էս գործի համար: Հաստատ պիտի ասեմ, որ «Հայելին» ինձ ավելի շատ դուր եկավ, քան «Հրաշքների աշխարհը»: Բացատրեմ՝ ինչու: Առաջինում սյուժետային գիծն ավելի հստակ էր. Ալիսն անցնում է հայելու մյուս կողմը, հայտնաբերում, որ շախմատի տախտակի վրա է, ուղևորվում դեպի ութերորդ վանդակ, որպեսզի թագուհի դառնա՝ ճանապարհին զանազան արարածների հանդիպելով:

«Հրաշքներում» էս հստակությունը չկար: Ճիշտ է՝ էնտեղ էլ խաղաթղթերն էին, բայց գործի ընթացքում խաղը, քայլերը չէին երևում: Գուցե կային, բայց չէի տեսնում:

Բացի շախմատից, էստեղ պատմությունը զարգանում էր նաև հայելային պատկերով. Ալիսը գտնում է բանաստեղծության հայելային տեքստ, ժամանակը հակառակ է ընթանում և այլն:

«Հայելու» հերոսներից մի քանիսը շատ ավելի հավեսինն էին, մասնավորապես՝ Համփթի Դամփթին (էդպես էլ չիմացա՝ հայերեն ոնց են թարգմանել նրա անունը) և շախմատի խաղաքարերը:

Կարծում եմ՝ էստեղ բառախաղերն էլ էին ավելի ստացված, անկապություններն էլ ավելի հասկանալի: Ուղեղս գերագույն հաճույք էր ստանում դրանցից յուրաքանչյուրը կարդալիս, ու անընդհատ ասում էի՝ այ դու ապրես:

Ու դուրս գալիս էր նաև, որ գեղարվեստական գրականությունն էսքան սիրուն խառնած էր ֆիզիկայի ու մաթեմատիկայի հետ:

Գրքի հայերեն թարգմանությունը կա: Չգիտեմ՝ որակն ինչպիսին է, բայց նման գիրք թարգմանելը շատ լուրջ մարտահրավեր է:

Մի փոքրիկ մեջբերում անեմ, թեև բառախաղային հատվածներից չեն:

"I'm sure MINE only works one way," Alice remarked, "I can't remember things before they happen." "It's a poor sort of memory that only works backwards," Queen remarked.

30 օր երաժշտության հետ. օր 30. իմ ամենասիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ

Filed under: 30 օր,Երաժշտական,ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 2:36 pm May 17, 2013

Էս մի երգին հենց սկզբից էի պատրաստվում: Մոտավոր հաշվարկել էի, թե 30-րդ օրը երբ է գալու, փորձում էի փորփրել, վերհիշել, թե կոնկրետ այս օրերին ինչ էի լսում անցյալ տարի: Բնականաբար, ամենալավ օգնությունը lastfm-ն է: Բացեցի համապատասխան շաբաթը: Այ քեզ բան. սրանից մի շաբաթ առաջ էլ, մի շաբաթ հետո էլ կային երգեր, որոնք մյուսներից շատ էի լսում, բայց կոնկրետ այս մեկը լրիվ դատարկ էր, բաց: Դա բնավ չի նշանակում, որ անցյալ մայիսի կեսերին ոչինչ չէի լսում. 2012-ի մայիսը նույնքան երաժշտական էր ինձ համար, որքան այս տարվանը: Ուղղակի կար մի շաբաթ, երբ ինձ տուն էի գցում դասից ու միանգամից youtube միացնում, որ լսեմ մի շատ կոնկրետ երգ՝ Լիլիթ Բլեյանի «Տրամադրությունը»:

Հ.Գ. Փաստորեն, այսօր ավարտվում է 30 օր երաժշտության հետ զբոսանքը: Շնորհակալություն բոլոր հետևողներին, քոմենթողներին ու իրենց սեփական բլոգներում մասնակցողներին: Շնորհակալություն Բային գաղափարի համար: Քանի որ ես շատ եմ ուզում, որ հայկական բլոգոսֆերան ակտիվանա, մոտ ժամանակներս նմանատիպ տեքստային տարբերակով խաղ կառաջարկեմ:

30 օր երաժշտության հետ. օր 29. երգ իմ մանկությունից

Կար ժամանակ, երբ չունեի սեփական երաժշտական ճաշակ ու լսում էի այն, ինչ ծնողներս: Կար ժամանակ, երբ առանձնապես երաժշտություն չէի սիրում ու ներվայնանում էի, երբ հեռուստատեսությամբ երաժշտական հաղորդումներ էին լինում (եթե, իհարկե, լույս լինում էր հեռուստացույց նայելու համար): Ու հենց էդ տարիքում էր, որ հավեսով լսում էի Ռուբեն Հախվերդյանի երգերը: Երբ մեծացա, ունեցա իմ սեփական ճաշակը, նա մնաց իմ սիրելի կատարողներից: Ու էս երգը, որ հիմա կդնեմ, մանկությունիցս եմ հետս բերել: Հիշում եմ՝ սիրում էի, երբ հեռուստացույցով ցույց էին տալիս տեսահոլովակը: Մի նիհար տղա էր, որը թղթե նավակը դնում էր գետի մեջ ու հետևից վազում: Ու մեկ էլ վերջին կադրն եմ հիշում, երբ իսկական մեծ նավ է հայտնվում: Ցավոք, youtube-ում չգտա տեսահոլովակը:

Իսկ ես մինչև հիմա սպասում եմ, որ նավակը նավ է դառնալու:

30 օր երաժշտության հետ. օր 28. երգ, որը մեղքի զգացողություն է առաջացնում

Առանց մեկնաբանության

Հոլանդացիների քարտամոլությունը

Էսքան երկրեերկիր պտտվել եմ, ոչ մի տեղ չեմ տեսել, որ ամեն ինչ էս աստիճանի էլեկտրոնայնացված լինի, ինչքան Նիդեռլանդներում:

Առաջին անգամ էս կողմերում հայտնվել եմ մոտ վեց տարի առաջ, երբ Ամստերդամի մի հիվանդանոցում պրակտիկա էի անցնում: Հենց սկզբից իմ նկարով մի քարտ ստացա, որը պիտի որպես բեջ վրաս կպցնեի, բայց բազմաթիվ այլ ֆունկցիաներ էլ էր կատարում. փակ դռներ էր բացում, լվացքատանը մաքուր խալաթ էր տալիս ու ամենակարևորը՝ ճաշի համար վճարում էր: Բայց վերջինիս համար պետք է ունենայիր մեկ այլ՝ բանկի քարտ, որպեսզի փող փոխանցեիր վրան: Ու ամենացավալին այն էր, որ հիվանդանոցի ճաշարանում միայն այդ բեջ-քարտով կարող էիր վճարել, կանխիկ դրամ չէին ընդունում: Մեկումեջ բժիշկները լիցքավորում էին քարտս կամ իմ փոխարեն վճարում, ես էլ կանխիկն իրենց էի տալիս:

Երկու տարի անց նորից եկա Նիդեռլանդներ: Պարզվեց՝ տրանսպորտի համար վճարման նոր համակարգ է ներմուծվում, այն է՝ առաջվա տոմսերի փոխարեն լինելու են քարտեր, որոնց վրա կարելի է փող դնել ու մտնել-դուրս գալուց անպայման ծնգացնել: Մոռանալու դեպքում տուգանվում ես: Էն ժամանակ էդ համակարգը նոր էր, ես էլ խիստ ժամանակավոր էի, կարելի էր առանց դրա ապրել: Ավելին՝ անցյալ տարի էլ առանց քարտի հանգիստ գոյատևեցի, բայց այս տարի արդեն, երբ գնացքի համար զեղչ էր պետք, ստիպված ես էլ քարտավորվեցի:

Նախանցյալ տարի, երբ նոր էի եկել էստեղ սովորելու, պարզվեց, որ քսերոքսի ու պրինտի համար հատուկ քարտեր են պետք, որոնք վաճառվում էին քոփիշոփերում: Սակայն շուտով այդ համակարգը վերացավ, ու պետք էր օնլայն լիցքավորել հաշիվդ, հետո այն կապել տրանսպորտիդ կամ չիպ պարունակող որևէ այլ քարտի: Իհարկե, տեսականորեն կարելի է առանց քարտի յոլա գնալ, բայց ամեն անգամ տպելիս ու քսերոքս անելիս էդ փոքր ապարատի վրա պիտի լոգին լինես, իսկ դա շատ անհարմար բան է: Այնուամենայնիվ, մինչև վերջերս որևէ քարտ չէի կապել հաշվիս, ամեն անգամ մի բան տպելիս լոգին-փասս հավաքում էի:

Էս մեր գրադարանի կաֆետերիայում սուրճի ապարատներ կան, որոնցից օգտվում ենք ժամը երեքից հետո, երբ կաֆետերիայի աշխատող մասը փակվում է: Բայց վերջերս շոկ ապրեցինք՝ հայտնաբերելով, որ մանրադրամի համար նախատեսված անցքերն անհետացել են, փոխարենը քարտի տեղ է հայտնվել: Ուսանողականը փորձեցինք, չեղավ: Վազեցի պրինտերների մոտ, տրանսպորտի քարտս կապեցի հաշվիս: Նորից փորձեցի ապարատը: Սուրճ տվեց: Ձևը գտանք:

Բայց պարզվում է՝ ես այն հազվագյուտ բախտավորներից էի, որ ձևը գիտեր, իսկ Սոֆյան ընդհանրապես տրանսպորտի քարտ չուներ, իմից էր օգտվում: Հաճախ է պատահում, որ ժամը երեքից հետո էնտեղ նստած սուրճ ենք խմում ու տեսնում ենք, թե քանի հոգի է գալիս, զարմանում, որ չի կարող սուրճ գնել, թողնում-գնում:

- Պատկերացնում եմ՝ ինչքան վնաս են կրում էս նոր համակարգի պատճառով,- անընդհատ ասում է Սոֆյան՝ առաջարկելով թաքնված տեսախցիկով նկարել բոլոր մոտեցողներին ու ճարահատյալ հեռացողներին:

Իհարկե, լինում են ֆայմովներ, որ մոտենում են մեզ, հարցնում, թե արդյոք քարտ ունենք: Ես էլ սիրով բոլորին տրամադրում եմ քարտս՝ դիմացը կանխիկ մանրադրամ վերցնելով:

- Բիզնես արա,- առաջարկում է Սոֆյան,- ամեն բաժակ սուրճի դիմաց լրացուցիչ կես եվրո ուզիր:

Հիմա հետս լիքը տարբեր քարտեր եմ ման տալիս: Մեկը բանկինն է, որով խանութներում վճարումներ եմ անում. էստեղ նույնիսկ մի եվրոյանոց առևտուր անելիս կարող ես քարտով վճարել: Մեկը սպորտային ակումբինն է. ամեն անգամ մտնելիս պետք է ծնգացնել: Երրորդը սուպերմարկետի բոնուս քարտն է, չորրորդը՝ ուսանողականս, որի բազմաթիվ ֆունկցիաներից մեկը նաև գրադարանում գիրք տալն է, հինգերորդը կացության իրավունքս, վեցերորդը՝ տրանսպորտի քարտը, որ ժամը երեքից հետո առանց սուրճի չմնամ:

30 օր երաժշտության հետ. օր 27. երգ, որը կուզենայի նվագել իմանալ

Filed under: 30 օր,Երաժշտական,ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 11:33 pm May 14, 2013

Ես հավատում եմ, որ մի օր այնքան հարուստ ու երջանիկ կլինեմ, որ ստիպված չեմ լինի սովորել ու աշխատել, որ ավելի շատ ազատ ժամանակ կունենամ ու վերջապես կհասնեմ հաճելի զբաղմունքների այն կետերին, որը վերջին տասը տարիների ընթացքում միշտ ցուցակից դուրս է թռել ժամանակի սղության պատճառով: Դրանցից մեկը կիթառ նվագելն է: Ես հավատում եմ, որ մի օր նորից կունենամ իմ սեփական կիթառը ու էս երգը կնվագեմ:
Հ.Գ. Բայց ասեք, որ քյառթու տեսահոլովակ ա :D

30 օր երաժշտության հետ. օր 26. երգ, որը կարող եմ նվագել

Filed under: 30 օր,Երաժշտական,ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:50 pm May 13, 2013

Ոնց որ քիչ մնաց, հը՞:

Եթե նվագելուց ենք խոսում, ջահել, շա՜տ ջահել ժամանակ ես կիթառ նվագել գիտեի, ու չնայած հիմնականում դասական էի նվագում, այնուամենայնիվ մի քանի երգ կար, որ ծնգացնել գիտեի: Դրանցից մեկը սա էր.

30 օր երաժշտության հետ. օր 25. երգ, որն ինձ ծիծաղեցնում է

Filed under: 30 օր,Երաժշտական,ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:49 pm May 12, 2013

Ծիծաղեցնել երևի խիստ է ասված, բայց որ էս երգը լսում եմ, հաստատ մի լավ ուրախանում եմ, տրամադրությունս բարձրանում է:

30 օր երաժշտության հետ. օր 24. երգ, որը կուզենայի թաղմանս հնչեր

Քանի որ թաղումը մարդու կենսագրության կարևորագույն իրադարձություններից է, թույլ տվեք՝ այս անգամ բացառություն անել ու մեկի փոխարեն երկու երգ տեղադրել: Երկրորդը որպես բոնուս:


Գրիմ եղբայրների հեքիաթները

Filed under: Գրքեր,ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 8:09 pm May 11, 2013

Ամբողջ գիրքը կարդալուց հետո հիմա արդեն կարող եմ ընդհանուր տպավորություններով կիսվել:

Չնայած փոքր ժամանակ արդեն մի անգամ կարդացել էի Գրիմ եղբայրների հեքիաթները, բայց մեծ հասակում, այն էլ դասի համար կարդալը լրիվ ուրիշ տպավորություն թողեց: Ասեմ, որ ընդհանուր տպավորությունս զարմանքն էր: Դրա համար մի քանի կետով կգրեմ, թե հատկապես ինչն ինձ զարմացրեց:

Հայտնի հեքիաթների տարբեր մեկնաբանությունները

Եթե ձեզ ասեմ՝ Մոխրոտը պատմեք, ի՞նչ կասեք: Հաստատ ձեզնից ոչ ոք բաց չի թողնի կախարդուհի մորաքրոջը (թե՞ ուրիշ ազգական էր, հիմա չեմ հիշում), կառք դարձած դդումը, կեսգիշերի զանգերն ու ամբողջ քաղաքով մեկ կոշիկի տիրոջը փնտրելը: Գրիմ եղբայրների մեկնաբանության մեջ ոչ մի էդպիսի բան չկար: Էստեղ ավելի շատ շեշտը դրված էր մահացած մոր գերեզմանի վրա, որի մոտ աճող ծառի թռչուններն էլ հենց Մոխրոտին սիրուն շոր տվեցին: Կառքի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա, այսինքն՝ չենք իմանում, թե ինչպես է հասնում պալատ: Էլ չեմ ասում, որ երեք անգամն էլ ինքնակամ է պալատից փախչում, ու վերջին անգամ արքայազնը կոշիկը բռնացնում է, Մոխրոտին հետևում, իմանում՝ որտեղ է ապրում, հաջորդ օրն ուղիղ նրանց տուն գնում: Ավելին՝ ոտքի բութ մատն ու կրունկը կտրած քույրերին էլ դեռ ձիով տանում է, բայց թռչունները երգում են, որ նրանք սուտի են, արքայազնը հետ է գնում:

Կարմիր գլխարկն էլ էր ահագին տարբեր: Էստեղ երկու գայլ կար: Երկրորդին Կարմիր գլխարկը չէր խաբվում, բայց հետևել, եկել, տատիկի տան մոտ նստել էր: Վերջը տատիկը սասիկու տաք ջրի մեջ վառեց էդ մի գայլին: Հետաքրքիր է, որ Շառլ Պերոյի Կարմիր գլխարկն էլ է տարբեր. էնտեղ էդպես էլ տատիկն ու Կարմիր գլխարկը մնում են գայլի փորի մեջ:

Բա Սպիտակաձյունի՜կը… պարզվում է՝ էստեղ խորթ մայրը երեք անգամ է խաբում, երկու անգամը թզուկներն են փրկում, իսկ վերջում ոչ թե արքայազնի համբույրից է ուշքի գալիս, այլ թափանցիկ դագաղը տեղափոխելիս ցնցվում է, կոկորդին կանգնած թունավոր խնձորը դուրս է թռնում, աղջիկն արթնանում է:

Գորտ արքայազնի մեջ գորտը փոխակերպվում է ոչ թե արքայադստեր համբույրի արդյունքում, այլ որովհետև վերջինս ջղայնությունից նրան շպրտում է պատին:

Մեկ էլ զարմացա, երբ իմացա, որ Բրեմենի խորհրդանիշը համարվող երաժիշտները երբեք Բրեմենում չեն եղել;

Հայկական հեքիաթների հետ նմանությունը

Ինձ համար գաղտնիք չեն հեքիաթների թափառող սյուժեները, ու ասենք Սևուկ ուլիկի տարբերակը յոթ ուլիկներով կարդալիս չզարմացա, բայց ինձ թվում էր՝ կան հեքիաթներ, որոնք շատ տիպիկ ազգային են, ոչ մի ազգ չունի դրանցից: Մեկն Անբան Հուռին է, մեկն էլ Կիկոսի մահը: Բայց արի ու տես, որ Գրիմ եղբայրների մոտ երկուսի նմանակն էլ գտա: Մեկը կոչվում էր Երեք մանողները, մյուսը՝ Խելացի Էլզան: Իհարկե, սյուժետային առումով գրիմյան տարբերակներն ավելի հարուստ էին, բայց պիտի ասեմ, որ Թումանյանի մեկնաբանությունը շատ ավելի համով է (կամ էլ գերմանական մշակույթը լավ չեմ հասկանում): Ավելին՝ նույն Խելացի Էլզայում չծնված երեխայի մահը սգալն ավելի շատ հետին պլան էր մղած, շեշտը դրված էր նման բան մտածող Էլզայի խելքի վրա, ու ամուսնանալուց հետո էլ Էլզան ուրիշ բաներ էլ է անում:

Ի դեպ, Խելացի Էլզայի երկրորդ մասը հիշեցնող սյուժե կա նաև Ֆրեդի ու Քեյթի մասին պատմող հեքիաթում, որտեղ Քեյթն էլի նույնքան դեբիլոտ է, որքան Էլզան: Բայց մյուս կողմից, այս հեքիաթը նաև Բարեկենդանին է նման: Հիմնական տարբերությունն այն է, որ ամուսինը՝ Ֆրեդը, այնուամենայնիվ, շարունակում է խելացի մնալ:

Կանայք

Չնչին բացառություններով բոլոր բարի ու չար հերոսները կանայք էին: Տղամարդիկ ոնց որ օգնող կերպարներ լինեին, կանանց կամակատարներ: Կային խորթ մայրեր, քույրեր, բարի ու սիրուն արքայադուստրեր, կախարդուհիներ, բայց տղամարդիկ հիմնականում Մոխրոտի հոր կամ ձկնորսի (Ձկնորսի կինը, Ոսկե ձկնիկի տարբերակն է) տիպի էին. անդեմ, չերևացող:

Պարզությունը

Բարու ու չարի հստակ սահմանազատման մասին խոսելիս միշտ ասում ենք՝ ինչպես հեքիաթում: Հա՛, նորություն չէր, որ բարին բարի էր, չարը՝ չար, որ հիմնականում բարին սիրուն էր, չարը՝ այլանդակ (որոշ բացառություններով): Բայց հետաքրքիր էր նկատել, թե ինչքան պարզ էր մնացած ամեն ինչ: Օրինակ, տղան տեսնում է աղջկան, առանց երկար-բարակ մտածելու ամուսնության առաջարկ է անում, աղջիկն էլ առանց չեմուչումի համաձայնում է:

Ընդհանուր գծեր

Հատկապես սա գուցե դասիս համար կարևոր լինի: Բազմաթիվ հեքիաթների ընդհանրություններից էր չար խորթ մոր առկայությունը՝ անկախ նրանից նա առանձին սեփական երեխաներ ուներ, թե ոչ: Դա հաստատ մի բան պիտի նշանակի: Հավանաբար էն օրերին հեչ հարգի չէր խորթ մայր ունենալը:

Մեկ էլ ամեն մի խնդիր, կախարդանք, դժբախտություն շատ կոնկրետ լուծում ուներ ու անպայման գտնվում էր մեկը, որը գիտեր այդ լուծումը: Ոչ մի հեքիաթ օդի մեջ չի վերջանում, ոչ ոք կախարդված չի մնում:

Դաժանություն

Առաջին անգամ հեքիաթների դաժանությանը հանդիպել եմ Շառլ Պերոյի Կապույտ մորուքը կարդալիս: Գրիմ եղբայրները չունեն Կապույտ մորուք, բայց մի երկու տեղ անտանելի դաժանության հանդիպեցի: Մեկը Հավատարիմ Հանսն էր, որտեղ թագավորն իր երկվորյակ տղաների գլուխները կտրում է, որպեսզի Հանսը քարից նորից մարդ դառնա: Մյուսը Նշենին էր, որտեղ խորթ մայրը տղային սնդուկում փակելիս սխալմամբ կտրում է գլուխը, թաշկինակով կպցնում մարմնին, իսկ հետո եփում, ամուսնուն կերակրում, աղջիկն էլ ոսկորները տանում, թաղում է: Դե Մոխրոտի մեջ էլ չեմ ասում, թե ինչպես է խորթ մայրը սեփական աղջիկների բութ մատն ու կրունկը կտրում, որպեսզի կոշիկը հագներով լինի:

Մի խոսքով, մնում է սպասել դասընթացի սկսվելուն և տեսնել, թե դասախոսն ինչ կառաջարկի հեքիաթների մասին: Ի դեպ, եթե հետաքրքրում է, դուք էլ կարող եք միանալ:

Older Posts »