Your Truth About Caucasus

Պարսկաստան<Իրան<Իրանի Իսլամական Հանրապետություն

Filed under: Arevelk.info — Tags: — vahe.arakelyan @ 12:43 pm January 21, 2010

Մինչև 1935թ-ը այսօրվա Իրանն Արևմուտքում անվանվում էր «Պարսկաստան», չնայած իրանցիները Սասանյանների ժամանակաշրջանից ի վեր իրենց երկիրն անվանում էին Իրան, այսինքն` արիացիների երկիր: 1935 թ. մարտի 21-ին Ռեզա շահ Փահլավին վճիռ կայացրեց պաշտոնական գրագրություններում կիրառել «Իրան» անվանումը` դիմելով օտարերկրացի լիազորներին: Իսկ 1952թ. ՄԱԿ-ին ուղղված պարսկական կառավարության դիմումի համաձայն Պարսկաստանը պաշտոնապես է վերանվանվել «Իրան»: Նշանավոր իրանագետ Յարշաթերի կարծիքով «Persia»-ի անվանափոխության նախաձեռնողը եղել է Նացիստական Գերմանիան: Ըստ Յարշաթերի, Գերմանիայում Իրանի դեսպանը որոշ գերմանացիների հորդորով դիմել է պարսկական կառավարությանը` օտար լեզուներում ընդունված «Persia» և «Persian» անվանումները համապատասխանաբար «Իրան» և «իրանցի» անվանումներով փոխարինելու առաջարկով, որը և ընդունվել է պարսկական կառավարության կողմից: 1950-ական թվականներին բելուջ մի ելուզակ պատանդ էր վերցրել մի քանի ամերիկացի զբոսաշրջիկների, իսկ Նյու-Յորքում հրատարակվող թերթերից մեկը գլխատառերով գրել էր. «Persian police is chasiing Iranian outlaws» (Պարսկական ոստիկանությունը հետապնդում է իրանցի չարագործներին):

Պարսիկ գիտնականների առարկությունների ազդեցությամբ Մոհամմադ Ռեզա շահը 1959 թ. հայտարարեց և’ Պարսկաստան և’ Իրան անվանումների փոխարինաբար օգտագործման մասին, մինչև որ 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո այն վերանվանվեց «Իրանի Իսլամական Հանրապետություն»:

Հայերեն ու պարսկերեն բառերի ու բառարմատների իմաստային զարգացման ընդհանուր օրինաչափությունները

Filed under: Arevelk.info — Tags: — vahe.arakelyan @ 5:58 pm January 20, 2010

Հայտնի է, որ լեզվական փոխազդեցություններն աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ` մերթ արտահայտելով բառամթերքի փոխառությունները և մերթ մեկ ժողովրդի լեզվամտածողության չմիջնորդավորված կամ անուղղակի ներազդեցությունը մեկ այլ ժողովրդի լեզվամտածողության վրա, ինչն առավելապես բնորոշ է միևնույն աշխարհագրական տարածքում բնակվող ժողովուրդներին և միևնույն լեզվաընտանիքին պատկանող լեզուներին: Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների հետ հայ ժողովրդի շփումները ևս մեծ ազդեցություն են թողել լեզվամտածողության վրա: Այդ ազդեցությունների սկիզբը գալիս է հայ ժողովրդի կազմավորման շրջանից, հայ ժողովրդի պատմական կյանքի հենց արշալույսից, երբ մեր ժողովուրդն այլևայլ հարաբերությունների մեջ մտավ հարևան ու ցեղակից ժողովուրդների հետ: 

Եվ ահա, հայերեն և պարսկերեն լեզուների ընդհանրությունների մասին խոսելիս, մինչ այժմ հիմնականում անդրադարձ է եղել ծագումնաբանական խնդիրներին, փոխազդեցություններին ու բառաֆոնդի ընդհանրություններին և գրեթե չեն մատնանշվել երկու դրացի ժողովուրդների համար միանգամայն բնական համարվող այլ արտահայտչամիջոցի` լեզվամտածողության ընդհանրությունները:

Հետազոտության արդյունքում ստորև ներկայացնում եմ հայերենի ու պարսկերենի մի քանի բառեր, որոնք, շատ հաճախ չունենալով ծագումնաբանական ընդհանրություններ, օժտված են մտածողության միևնույն տրամաբանությամբ և ունեն իմաստի լայնացման կամ զարգացման հետևանքով արտահայտված զուգահեռ նշանակություններ: 

 Հանգցնել > հանգուցանել

 Առանձնացնենք հանգչել  բայի երկու տարբեր` մեռնել և կրակը մարել  իմաստները: Գրեթե կասկած չի հարուցում, որ բառի նախնական իմաստը եղել է մեռնել, մեռցնել: Իսկ իմաստի զարգացումը և դրա նոր իմաստավորումն անշուշտ կապված է նախնադարյան մարդու մոտ կրակն արժեվորելու հետ: Պարսկերենում كشتن /սպանել/ բառի երկրորդ /միգուցե նախնական/ իմաստը տրամաբանորեն կապված է հայերեն «կրակը հանգցնել, մարել» բառիմաստների հետ:  Երկու օրինակ.

                                                              شمع را بايد ازاين خانه برون بردن و كشتن

                                                      /تا كه همسايه  نداند كه تو در خانة مائي    /سعدي  

 Մոմը պետք է այս տանից դուրս հանել ու հանգցնել /սպանել/,

Որպեսզի հարևանը չիմանա, որ դու մեր տանն ես:

 آتش را كشته با خاكستر بازي مي كند                                                                                                        

Կրակը հանգցրել /սպանել/, մոխրի հետ է խաղում:

  Բարկ 

 Հայերեն բարկանալ և զայրանալ բայերը, ինչպես գիտենք, կազմված են համապատասխանաբար բարկ /ջերմություն/ և այր /այրվել/ արմատներից: Նույն իմաստն արտահայտող պարսկերեն تفته شدن բառի բայահիմքում ընկած է  تفت /ջերմություն/ արմատը:

 Եզր

 Տերմինի համար հայերենում օգտագործվում է եզր բառը, որը միևնույն ժամանակ նշանակում է ափ: Նույնպիսի իմաստային երանգավորում ունի տերմին և ափ նշանակություններով պարսկերեն کرانه  բառը:

   Չոր

 Հայերեն  չոր բառին միևնույն ժամանակ հականիշ են առաջին հայացքից միմյանց հետ իմաստային որևէ կապ չունեցող թաց և փափուկ բառերը: Նույնը պարսկերենում` خشک  բառը հակադրվում է خیس և نرم  ածականներին:

 Ներկայացված ցանկն իհարկե այսքանով չի սահմանափակվում: 


Սպասված

Filed under: Arevelk.info — Tags: — vahe.arakelyan @ 12:15 pm January 12, 2010

Հարգելի ընկերներ,

Մեզ համար առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել մեր գիտելիքները, կարծիքները փոխանակելու Արևելագիտության, ինչու չէ` նաև Արևելքում տեղի ունեցող անցուդարձերի վերաբերյալ այստեղ: Կարծիքս այն է, որ, սովորելով Արևելագիտության ‎ֆակուլտետում, հնարավոր է միաժամանակ կամ միգուցե ավարտելուց հետո ուսումնասիրել և յուրացնել նաև այլ մասնագիտություններ, իսկ սովորելով ցանկացած այլ ‎ֆակուլտետում` Արևելագիտությունը յուրացնելը բարդ է: Պատճառներից գլխավորը կարծում եմ այն է, որ այն խորությամբ ուսումնասիրելու համար պետք է տեսնել Արևելքը, ապրել, սովորել Արևելքում և առհասարակ կապված լինել նրա հետ: Հրաշալի կլիներ, եթե ապագա բոլոր արևելագետներն անխտիր նախ ձգտեին, ապա հնարավորություն ունենային լինել համապատասխան արևելյան երկրում: Իսկ որպեսզի հետաքրքրություն առաջանա, օրինակ, իրանագիտության նկատմամբ, բավական է կարդալ պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրանագիտության հիմնադիր Ֆիրդուսիի «Շահնամե» պոեմը, որն իր գլուխգործոցում փորձել է առավելագույնս արտացոլել պարսկական մշակույթը, գրականությունը, արվեստն ու պատմությունը: Արևելագիտությունն ուսումնասիրելու ձգտումը մյուս կողմից կապված է նրա հետ, որ Հայաստանի պատմությունն  ու մշակութային արժեքների կերտման ընթացքը դարեր ի վեր միաձուլված է եղել Արևելքի ժողովուրդների պատմամշակութային կյանքին, ինչն անգամ իր անջնջելի հետքն է թողել թե’ լեզվական առանձին տարրերի, թե’ ոճական արտահայտությունների և այլ արտահայտչաձևերի վրա: Իսկ արևելագիտական այդ և այլ ուղղություններում դեռևս բազմաթիվ ուսումնասիրություններ ունենք անելու:

 Շնորհակալություն,

 ԵՊՀ Արևելագիտության ‎ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասպիրանտ, դասախոս

 Վահե Առաքելյան