Երկու խոսք արևմտյան քրդագետների ու եզդիագետների որոշ համոզմունքների մասին
Արևմուտքում միշտ էլ եղել են ու կան փայլուն արևելագետներ: Նրանց ջանքերի շնորհիվ է, որ ողջ աշխարհում հայտնի են դառնում արևելքի՝ մինչ այդ աշխարհին անհայտ երևույթները: Հաճախ արևմուտքի գիտնականների ուսումնասիրություններն ու նրանց ուսումնասիրությունների մեթոդն է շատերի համար դառնում չափանիշ և բանալի դեպի արևելագիտություն: Հայտնի են եզդիներին ուսումնասիրող որոշ եվրոպական ու ամերիկյան գիտնականներ (օրինակ՝ Philip Kreyenbroek, John S. Guest), որոնց ուսումնասիրություններն ու աշխատանքները, իրենց թերություններով հանդերձ, կարևոր տեղ են գրավում գիտության մեջ ու արժանի են հարգանքի:
Չեմ պատրաստվում թվարկել, թե եզդիների ուսումնասիրությամբ զբաղվող արևմտյան որ հեղինակների գործերն եմ կարդացել, սակայն կարող եմ ասել, որ արևմտյան հեղինակների հիմնական մասը (օրինակ՝ Mehrdad R. Izady, Amir Hassanpour և այլն) իրենց ուսումնասիրություններում զարգացնում է այն գաղափարը, որ, իբր, եզդիները իսլամ չընդունած քրդերն են, որոնց կրոնը ծագում է հին իրանցիների կրոնից՝ զրադաշտականությունից, ոմանք էլ պնդում են, որ մարերը քրդերի նախնիներն են, Մարաստանը, ըստ էության, «հին Քրդստանն» է, մարական մշակույթը՝ «հին քրդական մշակույթ», եզդիներն էլ այդ քրդերից առանձնացած մի խումբ, որի մոտ դեռ շարունակվում են պահպանվել «սատանայի պաշտամունքի» հետ միախառնված «հին քրրդերի հեթանոսական հավատալիքները…»: Հարկ եմ համարում նշել, որ համաձայն չեմ նման անհեթեթ կարծիքների հետ ու չեմ ընդունում այդ «գիտնականների» առաջարկած մի շարք դրույթներ: Գուցե նման ուսումնասիրողները որոշ մարդկանց համար հեղինակություններ են, բայց նման «հեղինակությունների» գրած գրքերը կարդալիս խորհուրդ կտայի առանձնապես հավատ չտածել այդ հեղինակների ռոմանտիկ պատկերացումների նկատմամբ: Այդ հեղինակներից շատերը քրդամետ են ու առաջ են տանում քրդական ազգայնական շրջանների գաղափարները: Լինելով գիտնական՝ իրենց գործերով նրանք ծառայում են քրդերի ազգային ու քաղաքական շահերին… (դա, իհարկե, զարմանալի չէ: Օրինակ՝ թուրքագիտությամբ զբաղվող շատ արևմտյան հեղինակներ էլ թուրքամետ են, և այդ թուրքամետությունն ու կողմնակալությունն իրենք կարող են արտահայտել, օրինակ, այն դեպքերում, երբ գործը հասնում է հայ-թուրքական հարաբերություններին կամ ցեղասպանության խնդրին…): Արևմտյան որոշ արևելագետներ սխալմամբ եզդիագիտությունն ու քրդագիտությունը խառնում են իրար ու այդ երկու առանձին համալիր գիտությունները ընկալում որպես մի ամբողջականություն: Անհրաժեշտ է հիշել նաև, որ, զբաղվելով եզդիների կրոնով ու մշակույթով, այդ գիտնականների մեծ մասը չի տիրապետում այդ ժողովրդի լեզվին, ուսումնասիրությունների համար դաշտային աշխատանքներ կատարելու ժամանակ մշտապես թարգմանչի կարիք ունի, գաղափար չունի եզդիական կրոնական տերմինաբանությունից ու չգիտի, թե ինչ ծագում ունեն եզդիական կրոնական տերմինները (դրանք ունեն հիմնականում սուֆիական և ոչ թե նախաիսլամական ծագում):
Բարեբախտաբար, ունեցել եմ և ունեմ եզդիների կրոնն ու մշակույթը ուսումնասիրող այնպիսի ուսուցիչներ, որոնց աշակերտելով և որոնց հետ շփվելով՝ կարելի է հասկանալ, թե որքան անկաշառ ու անկողմնակալ պետք է լինի իսկական գիտնականը, և որոնք շատ ավելի գիտակ են ու պատրաստված, քան Ձեր նշած «եվրոպական» շատ-շատ հեղինակներ: Եվ որպեսզի չմոլորվեք քաղաքականացված մի շարք հեղինակների գրած գրքերի անճշտությունների մեջ, խորհուրդ կտայի սկզբի համար կարդալ «Քրդագիտության հիմնադրույթներ» հոդվածը (Գ. Ասատրյան, «Քրդագիտության հիմնադրույթներ», Իրան-նամե, թիվ 18-19, 1996 [2-3], էջ 3-6), որը լույս է սփռում մի շարք կնճռոտ խնդիրների վրա: Վստահ եմ, որ այն, ի վերջո, կբացի շատերի աչքերը:
Այլ թեմաների մասին, ինչպես խոստացել եմ, կխոսեմ իմ հաջորդ հոդվածներում, որոնք կարող եք կարդալ arevelk.info-ում: Առայժմ, կհանդիպենք arevelk.info-ում:
Recent Comments