
Այստեղ փորձ կարվի քննարկել և բնորոշել տրված տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի արևելագիտական սահմանումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևելագիտություն եզրն ինքնին շատ լայն և ընդարձակ է բովանդակային առումով, պետք է նշել, որ այստեղ կբերվեն միայն մի քանի դրույթներ: Նախ և առաջ. ի՞նչ է նշանակում տարածաշրջանի արևելագիտական սահմանում, և որ ավելի կարևոր է. ի՞նչ է արևելագիտությունն ընդհանրապես:
Հարկ է նշել, որ մինչ այսօր արևելագիտություն հասկացության ընդհանուր ընդունված տեսություն դեռևս գոյություն չունի, սակայն այս սահմանման անհրաժեշտութունն զգացվում է դեռևս վաղուց: Ռուս արևելագետ, լեզվաբան Վ.Բ. Կասևիչն ընդհանրապես գտնում է, որ արևելագիտության այս սահմանման բացակայությունը կարող է նշանակել, որ արևելագիտությունն ընդամենը մի շարք դիսցիպլինների միավորում է, որոնք միտված են ուսումնասիրելու կոնկրետ տարածաշրջան` այդ կերպ վերածվելով տարածաշրջանագիտության մի մասնիկի[1]: Արևելագիտությունը, որպես Եվրոպայում առաջացած գիտություն, ընդունված է ձևակերպել որպես դիսցիպլինների ամբողջություն, որոնք ուսումնասիրում են արևելքի երկրների պատմությունը, հոգևոր և նյութական մշակույթները, տնտեսությունը, կրոնը, գրականությունը, լեզուները և այլն: Որպես հիմք ընդունելով այն, որ աշխատանքը նախատեսված է քննարկել Մերձավոր Արևելյան տարածաշրջանի շրջանակներում, հարկ է, այնուամենայնիվ, նշել, որ արևելագիտություն սահմանումն ինքնին շատ լայն է և աշխարհագրորեն իր մեջ ընդգրկում է ոչ միայն Մերձավոր ու Միջին Արևելքները, իսկ հաճախ նաև Հյուսիսային Աֆրիկան, այլև նաև Չինաստանը, Հնդկաստանը և այլն[2]:
Ավելին, պետք է նշել, որ Մերձավոր Արևելքն իրենից ներկայացնում է Հին Աշխարհի մի մասը, որին հատուկ են հին ավանդույթները, քաղաքակրթական ավանդական շփումները և այլն: Հետևաբար անհնար է սահմանել Մերձավոր Արևելքի էությունը, մասնավորապես արևելագիտական տեսանկյունից նայելով, առանց հասկանալու և որպես ուսումնասիրության հիմք ընդունելու ավանդույթը: Այնուամենայնիվ, հարկ է չմոռանալ, որ մեզ հայտնի ավանդույթ եզրն էապես տարբերվում է քննարկվող տարածաշրջանի դեպքում` Մերձավոր Արևելքի կրոնական և մշակութային, հասարակական-քաղաքական, սոցիալական-տնտեսական խիստ տարբեր շփումների և որ ամենակարևորն է՝ բացարձակապես տարբեր արժեքային համակարգի առանձնահատկությունների հետևանքով: Ավանդույթ ասելով` այստեղ ենթադրվում է արաբա-մուսուլմանական ավանդույթը, որի հիմքի վրա, ինչպես նաև արտաքին` եվրոպական ավանդույթների հիմքի վրա էլ ստեղծվում է արևելագիտական պրոդուկտը: Արաբա-մուսուլմանական ավանդույթի կամ մշակույթի մեծապես տարբերվող առանձնահատկությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, պատմական զարգացումների տրադիցիոնալիստական բնույթ կրելն է: Սրանում, իհարկե, մեծ դեր է խաղում նաև տարածաշրջանում ամենատարածված կրոնը` իսլամը, իր սեփական արժեքային համակարգով:
Խիստ կարևոր է քննարկել նաև արևելագիտության` տրված տարածաշրջանը ուսումնասիրելու ավանդույթների մոտեցումների տարբերության մասին: Այն է. գոյություն ունեցող «արտաքին» և «ներքին» ուսումնասիրական ավանդույթները: Մասնավորապես, «արտաքին» ուսումնասիրական ավանդույթի տակ պետք է հասկանալ հենց արևելագիտությունը` որպես գիտություն: Որոշ հետազոտողներ գտնում են, որ ակադեմիական արևելագիտությունը, այսինքն արևելագիտությունը, որպես գիտություն, առաջացել է դեռևս 17-րդ դարում: Սրան նպաստել են վերածնված հետքրքրությունը իսլամի նկատմամբ, ճանապարհորդությունների և ուսումնասիրությունների նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև գիտության և կրթության նկատմամբ ժամանակակից մոտեցումների անհրաժեշտության հրատապությունը[3]:
Առաջին և ամենատպավորիչ հակասություններն ու քննադատություններն արևելագիտություն եզրը և դրա բովանդակային ու քիչ թե շատ նաև աշխարհագրական էությունը սահմանելու հարցում ծավալվեցին, երբ 1978թ. ազգությամբ պաղեստինցի, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Սաիդը տպագրեց իր «Արևելագիտություն»[4] աշխատությունը: Էդվարդ Սաիդն իր հայտնի աշխատության մեջ արևելագիտությունը քննարկում էր երեք տեսանկյուններից՝ որպես ակադեմիական գիտական ճյուղ, մտածելաոճ և կորպորատիվ հաստատություն (ինստիտուտ)[5]: Ընդ որում, նա քննադատության էր ենթարկում եվրոպական արևելագիտությունը (հիմնականում ֆրանսիական և անգլիական), հետևաբար նաև շատ հայտնի արևելագետների աշխատություններ: Նա էր նաև, ով առաջին անգամ արևելագիտությանը (օրիենտալիզմ) հակադրեց արևմտագիտություն (օքսիդենտալիզմ)[6] հասկացությունը` սրանով ևս տեղիք տալով շատ քննադատությունների: Սաիդը գտնում էր նաև, որ «Արևելք»-ը միայն այն է, ինչ գոյություն ունի որոշ արևմտյան ժողովուրդների աչքերում, իսկ արևելագիտությունը դարձել է մի «արևելյան միֆ», որը հորինել և գնահատում են արևմտյան ժողովուրդները, ովքեր քիչ փաստացի գիտելիքներ ունեն արևելքի ու Երրորդ աշխարհի մասին:
Ամփոփելով` պետք է նշել, որ Մերձավոր Արևելքի ժողովուրդների քաղաքական, սոցիալական և մշակութային գործունեություններն ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները ինչպես տարածաշրջանի ներսում քննարկելու դեպքում, այնպես էլ Մերձավոր Արևելքն արտաքին աշխարհի հետ համեմատելիս: Հետևաբար, քննարկվող տարածաշրջանի արևելագիտական սահմանումը բնորոշելիս, պետք է հաշվի առնել ինչպես վերոնշյալ հանգամանքը, այնպես էլ այն, որ արևելագիտության, որպես գիտության, բովանդակային սահմաններն ինքնին դեռևս հստակեցված չեն:
[1] В.Б. Касевич,
Востоковедение как наука, Материалы научно-методической конференции “Востоковедное образование в университетах России” (Москва, 29-31 мая 2000 г)
[2] Այստեղ պետք է նշել, որ ոչ միայն արևելագիտությունը որպես գիտություն, այլև ավելի լայն` արևելք եզրը, չունեն հստակ աշխարհագրական սահմանազատում: Հետևաբար արևելք ասելով` կարելի է հասկանալ Ասիան և Մերձավոր Արևելքն ընդգրկող տարածաշրջանը, Հեռավոր Արևելքը և այլն: Ռուսական արևելագիտության համար արևելքը հարավն է` ընդգրկելով Ճապոնիան, Չինաստանը, նույնիսկ Ինդոնեզիան և այլ երկրներ:
[3] Marina Tolmacheva,
The Medieval Arabic Geographers and the Beginnings of Modern Orientalism, International Journal of Middle East Studies, Vol. 27, No. 2 (May, 1995), p. 141
[4] Edward Said,
Orientalism, London: Penguin, 2003
[5] Mahmut Mutman ,
Under the Sign of Orientalism: The West vs. Islam, Cultural Critique, No. 23 (Winter, 1992-1993), University of Minnesota Press, pp. 165-197
[6] Այս մասին ավելի մանրամասն տե՜ս Wang Ning,
Orientalism versus Occidentalism?, New Literary History, Vol. 28, No. 1, Cultural Studies: China and the West (Winter, 1997), pp. 57-67
Recent Comments