ԵՊՀ-ի նոր կայք

Filed under: Arevelk.info — Tags: — Sona Dilanyan @ 11:17 pm February 21, 2010

Երևի շատերդ կհամաձայնվեք, որ ԵՊՀ ներկայիս կայքը արդեն վաղուց լուրջ փոփոխությունների կարիք է զգում:  Օրերս ԵՊՀ կայքի Հարց/Պատասխան բաժնում այս հարցը բարձրացվել էր: Մեջբերում եմ կայքից`

Հարց.

Ե՞րբ է վերջապես ԵՊՀ կայքը պարունակելու օգտակար տեղեկություններ։ Շատ հաճելի կլիներ, որ հարցերն ու պատասխանները լինեին դասակարգված, եւ կոնկրետ թեմայի մասին տեղեկություններ ստանալու համար կայքի ընթերցողը (տվյալ դեպքում՝ ես) ստիպված չլիներ կարդալ բոլոր հարցերը։

Պատասխան.

ԵՊՀ Էլեկտրոնային լրատվամիջոցների բաժնի վարիչ Ռուբեն Աբրահամյան | E-mail: | 12.02.10

ԵՊՀ պաշտոնական կայքը ստեղծվել է 2006 թ-ին` այդ օրվա պահանջներից ելնելով: Բնականաբար անցյալ տարիների ընթացքում փոխվել են կայքի այցելուների ակնկալիքները կայքից, եւ այժմ իրականացվում են նոր կայքի ստեղծման աշխատանքները, որոնք կավարտվեն 2010 թ-ի վերջում: Նոր կայքը պարունակելու է առավել մանրամասն տեղեկատվություն ֆակուլտետների, ամբիոնների դասախոսների, նրանց գիտական աշխատանքների, լաբորատորիաներում եւ ամբիոններում կատարված գիտական հետազոտությունների, ինչպես նաեւ ուսումնական գործընթացի վերաբերյալ (դասացուցակ, կրեդիտների մասին տեղեկատվություն, մասնագիտություններ եւ մասնագիտացումներ): Եթե թվարկվածներում չեք տեսնում այն տեղեկությունը, որը հետաքրքրում է Ձեզ, ապա խնդրում ենք գրեք info@ysu.am էլեկտրոնային հասցեին Ձեր առաջարկությունները, թե ինչ կցանկանայիք գտնել մեր կայքում:
Մեջբերման ավարտ:

Եթե ստեղծվելիք կայքի հետ կապված ունեք դիտողություններ կամ հետաքրքիր առաջարկներ, կոչ եմ անում դրանք ներկայացնել ԵՊՀ ղեկավարության ուշադրությանը: Կարծում եմ`  ուսանողների, շրջանավարտների ու առհասարակ, բոլոր շահագրգիռ անձանց ներդրումը կարևոր է համալսարանի առջև ծառացած խնդիրների գնահատման ու լուծման համար:   Հուսանք, որ նոր կայքը մոտ ապագայում պատրաստ կլինի ու կծառայի իր  նպատակներին:

Բաղձալի էլ. փոստի հասցե

Filed under: Arevelk.info — Tags: — Sona Dilanyan @ 8:51 pm February 10, 2010

Այս տարի ընդունվել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ ու այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում մասամբ հասցրել եմ ծանոթանալ Մայր բուհի դրական ու բացասական կողմերին:

Արևելք.ինֆո բլոգում բազմիցս քննարկվել է  ԵՊՀ-ում ինֆորմացիայի պակասի, ու նույնիսկ ղեկավար մարմինների` գործից բոլորովին անտեղյակ լինելու խնդիրը: Թեման, որ պատրաստվում եմ արծարծել, իմ խորին համոզմամբ, ուղակիորեն կապված է այդ խնդրի հետ, ավելի´ն, հանդսանում է դրա «ենթախնդիրը»:

2009թ. Նոյեմբեր ամսին միանգամայն արդարացի ցանկություն հայտնեցի որպես ԵՊՀ ուսանող, որպես այս հաստատության ներկայացուցիչ, էլ. փոստի հասցե ունենալ ԵՊՀ պաշտոնական կայքի` www.ysu.am տիրույթում: Իրականում, չեի էլ պատկերացնում, որ իմ առջև նման դժվար իրագործելի նպատակ եմ դրել:

E-mailԱրդեն մի քանի ամիս ապարդյուն ջանքեր թափում այս ուղղությամբ: Բազմիցս գրել եմ info@ysu.am հասցեին, բայց, ցավոք սրտի ոչ մի անգամ պատասխան չեմ ստացել: Ոչ մի ինֆորմացիա չեմ գտել ո´չ ԵՊՀ կայքում, ո´չ էլ ուսանողի ուղեցույցում: Դիմել եմ ուսխորհրդի անդամներին, որոնք լրիվ անտեղյակ էին: Դիմել եմ ավելի բարձր կուրսերում սովորող ընկերներիս, որոնք ևս, գաղափար անգամ չունեին թե ՈՒՄ պետք է դիմել այդ հարցով:  Ծայրահեղ դեպքում կարող էի դիմել մեր դասախոսներից որևէ մեկին, ում արդեն հաջողվել է արժանանալ ԵՊՀ պաշտոնական հասցե ունենալու պատվին ու ամենայն հավանականությամբ կստանայի հարցիս պատասխանը: Բայց խնդիրը ինձնով չի սահմանափակվում. միակը չեմ,  ում համար ԵՊՀ պաշտոնական կայքի տիրույթում էլ. փոստի հասցե ստանալը  «բաղձանք է» դարձել: Ինչպես պարզեցի, կան ուսանողներ ովքեր արդեն 3-4 տարի սովորում են ԵՊՀ-ում, հաճախ են օգտագործում էլ. փոստ, բայց չունեն ysu.am տիրույթի հասցե, որովհետև չգիտեն թե ում դիմեն, կամ դիմել են, բայց ինչպես և ես,  պատասխան չեն ստացել, կամ էլ նոր էին բացահայտում, որ ԵՊՀ-ն իր ուսանողներին այդպիսի «հնարավորություն է ընձեռում»:

Բուհը ինքը պետք է շահագրգռված լինի իր ուսանողներին ժամանակակից պահանջներին համապատասխան ծառայություններով ապահովելու, ու կրթության մակարդակը բարձրացնելու մեջ:  Որքանով տեղյակ եմ, ժամանակին նմանատիպ հարցերով ղբաղվել է ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանը: Այժմ չգիտեմ թե ով է զբաղվում այս հարցերով, բայց տվյալ անձնավորությունը ակնհայտորեն շահագրգռված չէ անհրաժեշտ ինֆորմացիան ու ռեսուրսները ուսանողներին հասանելի դարձնելու գործում: Փոխարենը որոշ ուսանողներն իրենք են փորձում ինֆորմացիա «կորզել» բուհի ղեկավարությունից,  ինչը միշտ չէ, որ հեշտությամբ է տրվում:

Ինչևէ, վերջերս ինձ հուզող խնդրի լուծման առաջարկներ էր ներկայացրել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս պրն. Խաչիկ Գևորգյանը (նախագիծը մանրամասն շարադրված է այստեղ): Ճիշտն ասած, տեղյակ չեմ թե ինչ ճակատագրի է արժանացել այդ նախագիծը, բայց  այսօր համալսարանում դեկանատի անունից «ԵՊՀ ուսանողների տեղեկատվական մակարդակի բարձրաձում» վերնագիրը կրող թուղթ էին փոխանցել ուսանողներին, որտեղ պահանջվում էր լրացնել անուն, ազգանուն և էլ. փոստի հասցե: Չնայած որ կրկին անգամ ոչ մեկ տեղյակ չէր այդ խորհրդավոր թղթի ծագման ու նշանակության մասին (լուրեր էին պտտվում, թե էլ. փոստով մեզ ԵՊՀ-ի նորություններն են ուղարկելու :D ) իսկ ուսանողների մեծ մասի էլ. փոստի հասցեներն էլ  pupsik@mail.ru, kyanqik@yandex.ru կարգի էին, վերնագիրը, իհարկե, շատ խոստումնալից էր:  Հույս ունեմ, որ այս ծրագրում հաշվի են առնվել բոլոր ուսանողներին էլ. փոստի հասցե տրամադրելու` ժամանակին ներկայացված առաջարկները, ու միգուցե մոտ ապագայում ԵՊՀ ուսանողներից շատերը որևէ փաստաթուղթ կամ հայցադիմում լրացնելիս ծիծաղի առարկա չեն դառնա, այլ կներկայանան որպես երկրի գլխավոր կրթական ու գիտական հաստատության ներկայացուցիչ:

Մինչև կփորձեմ պարզել, թե իրականում ինչ է իր մեջ ներառում տեղեկատվական մակարդակի բարձրացման ծրագիրը,  ու կշարունակեմ գնալ դեպի բաղձալի էլ. փոստի հասցեն տանող ճանապարհով, եթե ինչ որ մեկը գիտի թե ով է պատասխանատու ուսանողներին պաշտոնական հասցեներ տրամադրելու համար, ում կարող եմ դիմել, խնդրում եմ լուսավորեք ինձ :D :    Կփորձեմ ինքս այդ  «փակ» ինֆորմացիան առավել հասանելի դարձնել ուսանողներին: Շնորհակալություն:

Հարգանքով,

Սոնա Դիլանյան

Արևելքի օրեր արևալագիտության ֆակուլտետում

Filed under: Arevelk.info — Tags: — Sona Dilanyan @ 8:23 pm January 11, 2010

Արևելագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը Սիրիայի, Եգիպտոսի ու Իրանի դեսպանատների հետ  համատեղ ծրագրում է ֆակուլտետում անցկացնել Արևելքի օրեր:  Միջոցառումը նախատեսվում է անցկացնել փետրվար-մարտ ամիսներին: Ողջունելի է այն փաստը, որ Արևելքի օրեր կազմակերպելու առաջարկով հանդես են եկել Արևալագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիները:  Նախաձեռնության հիմնական նպատակն է ներկայացնել Արևելքի մշակույթն ու սովորույթները: Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ ու քննարկումներ: Կլինեն բազմաթիվ հյուրեր ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ Հայաստանում օտարերկրյա դեսպանատներից ու միջազգային կազմակերպություններից:

Եթե ունեք հետաքրքիր առաջարկներ, սիրով կընդունենք դրանք:

Արևելագիտության ֆակուլտետի մասին

Filed under: Arevelk.info — Tags: — Sona Dilanyan @ 10:19 pm December 18, 2009

Faculty of Oriental Studies

Արեւելագիտության դասընթացները համալսարանում դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից: Արեւելագիտության առաջին դասախոսը գրականագետ եւ արեւելագետ Գեւորգ Ասատուրն էր, ով 1921 թ-ին աշխատանքի է հրավիրվում` որպես վրացերենի եւ Արեւելքի գրականության դասախոս: 1923 թ-ին Թավրիզից ԵՊՀ է հրավիրվում տաղանդավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Նա դասավանդում է բազմաթիվ առարկաներ, որոնց թվում` պարսկերեն, սանսկրիտ, պարսից լեզվի պատմություն եւ այլն:

1940 թ-ի սեպտեմբերից պրոֆեսոր Հ. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արեւելյան բանասիրության ամբիոն: Նույն թվականին բացվում է նաեւ Արեւելյան լեզուների եւ գրականության բաժինն իր երկու` իրանական եւ արաբական ճյուղերով:

Որպես առանձին կառույց` Արեւելագիտության ֆակուլտետը կազմավորվում է 1968 թ-ին: Ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է պրոֆեսոր Գեորգի Նալբանդյանը:

Նախնական շրջանում ֆակուլտետն ունեցել է մասնագիտական երկու ամբիոն` Արեւելյան բանասիրության եւ Արեւելքի պատմության: Ներկայումս Արեւելագիտության ֆակուլտետում գործում են Իրանագիտության, Արաբագիտության եւ Թուրքագիտության ամբիոնները: Արեւելագիտության ներկայիս պահանջներին համապատասխան` ֆակուլտետում ուսումնասիրվում են նաեւ հնդկերեն, աֆղաներեն, սանսկրիտ, բելուջերեն, քրդերեն եւ եբրայերեն:

Ներկայումս Արեւելագիտության ֆակուլտետում սովորում է 525 ուսանող: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արեւելագիտական նշանավոր կենտրոնների հետ եւ հաջողությամբ զարգացնում է գիտական շփումները Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների եւ առանձին գիտնականների հետ: Ամրապնդվում է նաեւ համագործակցությունը Մատենադարանի, Իրանագիտական կովկասյան կենտրոնի, «Իրան-Նամե» արեւելագիտական հանդեսի եւ արեւելագիտական այլ կենտրոնների հետ:

http://ysu.am/site/index.php?lang=3&page=3&p_num=&id=17

Armwebs.com Armwebs.com