Հայերի բռնի կրոնափոխությունը ցեղասպանության տարիներին. ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ
Հեղինակն իսլամ ընդունած հայ կնոջ հետ Արևմտյան Հայաստանում
Տարբեր ժամանակաշրջաններում Հայկական լեռնաշխարհ ներխուժած նվաճողները որդեգրել են տեղի բնիկ ժողովուրդների, այդ թվում և հայերի, ձուլման քաղաքականությունը, ինչի իրագործման հիմնական մեթոդներից է եղել բռնի կրոնափոխությունը կամ դավանափոխությունը: Չնայած թյուրքերից առաջ Հայաստանի տարբեր շրջաններ եղել են իսլամադավան արաբների տիրապետության տակ, սակայն բռնի իսլամացման գործընթացը լայն ծավալներ չի ընդգրկել, իսկ արևելագետ Ալեքսան Խաչատրյանը կարծում է, որ. “Արաբական տիրապետության ժամանակ (8-9դդ.) Հայաստանում հայերի մահմեդականացման դեպքերը այնքան քիչ են, որ կարելի է ասել, թե մահմեդականացման պրոցեսը նոր էր սկիզբ առնում[1]”:
Տարածաշրջան թյուրքական տարրի ներթափանցման ժամանակ և պետական միավորներ ստեղծելուց հետո բնիկ ոչ մուսուլման բնակչությունը կազմում էր մեծամասնություն, և նվաճողները խնդիր դրեցին ստեղծել իսլամադավան մեծամասնություն: Դրա համար անկյունաքարային քաղաքականություն դարձավ բնիկ ժողովուրդների բռնի իսլամացումը: Հայերի բռնի կրոնափոխության համար կիրառվել են բազմապիսի մեթոդներ. ինչպես մահվան սպառնալիք, այնպես էլ հարկային, իրավական կոշտ հալածանքի քաղաքականություն և այլն[2]:
Հայերի բռնի կրոնափոխությունը լայն թափ է ստացել հատկապես կոտորածների ժամանակ. օրինակ` 1894-96թթ. համիդյան ջարդերի ընթացքում բռնի իսլամացումներ են տեղի ունեցել տարբեր գավառներում: Մինչև այժմ էլ պահպանվում են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայերի կրոնափոխությանը և զարմանալի կերպով հենց կոտորածների ամենաբուռն շրջանում հայերը խմբերով կամ գյուղերով նամակ-խնդրագրեր են գրել “կամավոր” իսլամ ընդունելու մասին: Համիդյան կոտորածների ժամանակ բռնի կրոնափոխված հայերի թվաքանակի մասին դժվար է խոսել, սակայն մի քանի աղբյուրի համադրմամբ կարելի է ասել, որ դա կարող էր հասնել մի քանի տասնյակ հազարի: Հարկ է նշել, որ այդ հայերի մի մասն ավելի ուշ վերընդունեց քրիստոնեություն նաև օտարերկրյա դեսպանների ազդեցության տակ օսմանյան իշխանություններից կորզած թույլտվության շնորհիվ, բայց, այնուամենայնիվ, իսլամացվածների մի մասը մնաց հեռացված իր ազգային ակունքներից: Ի դեպ, բռնի իսլամացված հայերի քրիստոնեություն վերընդունելու երևույթն արդեն 1915թ. զգալիորեն ավելի թույլ էր արտահայտված, և լինում էին դեպքեր, երբ ցեղասպանության հուժկու ալիքից հետո արտաքուստ կրոնափոխված հայերի քրիստոնեություն վերընդունելն ավարտվում էր նրանց սպանությամբ[3]:
Ինչպես նշվեց, հայերի բռնի կրոնափոխությունը հատկապես մեծ ծավալներ էր ընդունում Օսմանյան կայսրությունում պարբերաբար տեղի ունեցող կոտորածների ընթացքում և բացառություն չէր նաև 1909թ. Ադանայի ջարդը, որի ժամանակ գլխավոր թիրախը կանայք և երեխաներն էին: Համադրելով մի շարք աղբյուրներ, այդ թվում և ժամանակի հայկական մամուլը, ակադեմիկոս Հրաչյա Սիմոնյանը վեր է հանում նաև կոտորածի բաղկացուցիչ մաս կազմող կրոնափոխության պատկերը և հանգում այն եզրակացության, որ կրոնափոխությունն անգամ հայ տղամարդկանց շատ դեպքերում չէր ազատում մահից: Որպես դրա ապացույց է ներկայացվում Քըրըքհանի օրինակը. “Կը ստիպեն ժողովուրդը որ թուրք ըլլայ. խեղճ հայերը կը հաւանին այս առաջարկին եւ սակայն իրենց դաւանափոխութիւնը օրինաւոր ըլլալու համար կը ստիպեն որ Մուսթաֆա փաշայի մզկիթը երթան. ժողովուրդը դարձեալ կը հաւանի, եւ երբ հազիւ քաղաքէն քիչ մը կը հեռանան, վայրագ խուժանը բոլոր էրիկ մարդիկը կը սպաննէ եւ կիներն ու աղջիկները իրենց մէջ կը բաժնէ”[4]:
Կարելի է ասել, որ նախորդող բոլոր կոտորածների ժամանակ փորձարկվեցին այն մեթոդները, որոնք հետագայում կիրառվեցին 1915-ի ցեղասպանության ընթացքում: Տարբեր աղբյուրներ փաստում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին ևս տեղի են ունեցել հայերի բռնի իսլամացման դեպքեր, որոնք, մեր կարծիքով, ունեցել են սիստեմավորված, ավելին` կանոնակարգված բնույթ: Բռնի կրոնափոխությունը, սակայն, չի եղել համընդհանուր, և ինչպես նշում են մի շարք օտարազգի մասնագետներ, “փրկություն” չի կարող համարվել: Մանրամասնենք. հայերի որոշ խմբերի պարտադրվում էր ոչ միայն ընդունել իսլամ, այլև ջնջել հայկական ինքնության հետ կապող ամեն ինչ` ներառյալ և անձնանունը, այդ “փրկվածները” շարունակում էին ապրել միայն որպես մուսուլմաններ, այլ ոչ թե որպես մուսուլման հայեր: Խոսելով Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի կրոնափոխության մասին՝ հետազոտող Մաթիաս Բժորնլունդը նշում է. “Միայն կրոնը չէր, որ պետք է պաշտոնապես փոխել դաժան և սիստեմատիկ ճնշումների ներքո: Այդ ճակատագրին պետք է արժանանային նաև հայոց լեզուն, մշակույթը, նույնիսկ վերապրողների անձնանունները թե՛ սեփական տներում, թե՛ կառավարության հովանու ներքո գտնվող որբանոցներում և թե՛ հասարակական ոլորտում` թողնելով միայն պարբերական թուրքացման պատրաստ կենսաբանական “հում նյութը”[5]:
Այսինքն՝ վերցվում էր միայն թուրք կամ քուրդ ազգը հարստացնելու համար նախատեսված “հում նյութը” և բռնի կրոնափոխությունը երբեք չէր կարող համարվել փրկություն, քանի որ այս դեպքում մարդը չէր ոչնչացվում ֆիզիկապես, սակայն որպես հայ այլևս հնարավորություն չուներ ապրելու:
Համադրելով տարբեր փաստեր՝ կարող ենք ասել, որ այսօրվա Թուրքիայի իսլամացված հայությունն առավելապես ձևավորվել է հետևյալ խմբերից.
ա. Հայոց ցեղասպանության ժամանակ՝ երբեմն միայն արտաքուստ, մուսուլմանություն ընդունած հայեր:
բ. Ցեղասպանության ժամանակ առևանգված, այնուհետև թուրքերի կամ քրդերի հետ ամուսնացած հայ կանայք և աղջիկներ:
գ. Ցեղասպանության ժամանակ մուսուլմանների կողմից բռնի որդեգրված հայ երեխաներ:
դ. Որոշ թվով հայեր, ովքեր ապաստան են գտել մուսուլման հարևանների կամ այլ մարդկանց մոտ:
ե. Սահմանափակ թվով հայ արհեստավորներ և բացառիկ մասնագետներ, որոնք իսլամացել են իշխանության իմացությամբ և կամքով:
Խոսելով Ցեղասպանության տարիներին հայերի իսլամացման մասին՝ թուրքական մի շարք աղբյուրներ շեշտում են, թե շատ հայեր նաև կամովին են իսլամ ընդունել, և պետությունն էլ արտոնել է դա: Սակայն հենց օսմանյան արխիվներում պահվող փաստաթղթերը գալիս են հերքելու այս թեզը: Այսպես, ցեղասպանության տարիներին հայերի “կամովին” մուսուլմանություն ընդունելու պատրաստակամությունը ոչ միշտ է միանշանակ հավանության արժանացել իշխանությունների կողմից: Օրինակ, Թուրքիայի կառավարության օսմանյան արխիվում պահպանվել են ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաների, առավելապես ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի՝ հայերի կրոնափոխությանը վերաբերող հրամանները և գրագրությունը, որոնցում նա աքսորի սկսվելուց կարճ ժամանակ անց պահանջում է հաշվի չառնել կրոնափոխությունը և նախապես որոշված վայրեր աքսորել նաև իսլամ ընդունած հայերին[6]: Օսմանյան պետությունը փորձել է գտնել իր համար առավել վստահելի տարբերակ հայերի կրոնափոխության պահանջների հետ կապված և Թալեաթի հրամանները, որոնք վերաբերում են իսլամացմանը, ցույց են տալիս, որ իշխանությունները եղել են ճանապարհի փնտրտուքի մեջ: Մի քանի իրար հակասող հրամաններից հետո, ի վերջո Ստամբուլից հրաման է ուղարկվել բոլոր նահանգներ, որ այսուհետ իսլամանալու թույլտվություն տալ միայն այն հայերին, որոնց հավանություն կտա Ստամբուլը, այսինքն՝ կենտրոնական իշխանությունները[7]: Սա կապված էր այն կասկածների հետ, որ հայերը համաձայնվում են կրոնափոխ լինել միայն շահադիտական, այն է` չաքսորվելու նպատակով: Արխիվներում հանդիպում է նաև մի հետաքրքիր փաստաթուղթ, համաձայն որի 1916թ. մարտի 8-ից սկսած կրոնափոխվելու իրավունք է տրվում միայն մուսուլմանների հետ ամուսնացած հայ կանանց[8]: Բացի այդ, պետությունն իր ուշադրության կենտրոնում է պահել բոլոր կրոնափոխ հայերին և շարունակ հաշվառումներ է արել: Մասնավորապես 1916թ. օգոստոսի 24-ին ամբողջ ար–ելյան շրջաններում անցկացվել է հայերի մարդահամար, որը նպատակ է ունեցել հստակեցնել իսլամացված հայերի թվային պատկերը[9]: 1917թ. սկզբին ևս կենտրոնական իշխանությունները պահանջել են մանրամասն տվյալներ հայերի վերաբերյալ[10]: Հարկ է շեշտել, որ կրոնափոխվելով հայերը չէին դադարում կասկածելի մնալ պետության համար և նրանց շարունակ հետևում էին, քննում նրանց շրջանում տեղի ունեցող գործընթացները և զեկուցում կենտրոնին: Այստեղ անհրաժեշտ ենք համարում մեջբերել մի դեպք, որը լավագույնս ապացուցում է վերոնշյալը: Այսպես, 1917թ. հունիս ամսին Էդիրնեի և Անկարայի նահանգներում բարձրանում է խնդիր այնտեղ մնացած և իսլամ ընդունած կաթոլիկ հայերին աքսորելու հետ կապված: Ինչպես պարզվում է, իսլամ ընդունած կաթոլիկ հայերի շրջանում պետությունը նկատել էր գաղտնի կերպով քրիստոնեական կաթոլիկ սովորույթների կատարելու դեպքեր, որն էլ հիմք է ծառայել նրանց աքսորելու համար[11]:
Ուշագրավ է նաև, որ 1915-16-17 թվականներին անցկացված գաղտնի մարդահամարներում իշխանությունները պահանջում էին հաշվառել բոլոր էթնիկ հայերին անկախ կրոնական պատկանելությունից և հատկապես նոր իսլամ ընդունածներին: Սա ևս պետության նրանց հանդեպ վստահություն չտածելու հետ էր կապված: 1918թ. գարնանը Ստամբուլից ծածկագիր նամակ է ուղարկվում գավառներ միայն կրոնափոխ հայերի շրջանում մարդահամար անցկացնելու մասին, որտեղ պահանջվում էր մանրամասն տվյալներ ներկայացնել նրանց անձնանունների (ըստ եր–ույթին հին և նոր), կրոնափոխության ժամանակի, ձևերի, պատճառների մասին, ինչպես նա– նշել նրանց պահվածքը իսլամ ընդունելուց հետո[12]: Այս վերջին կետը հստակ բխում է նրանց շրջանում գաղտնի քրիստոնեության շարունակման վտանգից:
Օսմանյան կայսրության քաղաքական վերնախավն անմիջականորեն ղեկավարել է հայերի բռնի կրոնափոխության գործընթացը, և ներքին գործերի նախարար Թալեաթի քարտուղար Ֆալիհ Ռըֆքըն հետագայում իր հուշերում այս մասին գրում է, որ երիտթուրքական կուսակցությունը ստեղծել էր հատուկ կոմիտե հայերի կրոնափոխության հետ կապված, որի նիստերից մի քանիսը տեղի է ունեցել իր տանը: Քննարկումներից մեկի ժամանակ արծարծվել է նաև կրոնափոխ հայերին հողատարածքներ տրամադրելու հարցը, որը մերժվել է[13]:
Հայերի կրոնափոխության գործում ամենակարևոր դերն ու գործառույթն ուներ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարությունը, որի ղեկավար Թալեաթն անընդհատ ուշադրության կենտրոնում է պահել իսլամացված հայերի խնդիրը: Այդ մասին են վկայում 1916թ. փետրվարի 22-ի նրա հրամանը, որը վերաբերում էր կրոնափոխ հայերին նոր և հատուկ փաստաթղթեր տրամադրելուն[14]: Հետագա տարիներին ևս Թալեաթն ամենայն մանրամասնությամբ տվյալներ էր պահանջում կրոնափոխների անունների, բնակության վայրերի և այլնի մասին[15]:
Հարկ է շեշտել, որ բռնի կրոնափոխման գործընթացն ազդել է նաև բազմաթիվ զրկանքների գնով մի կերպ աքսորի վերջնակետ` արաբական վիլայեթներ հասած հայերի վրա: Մասնավորապես արաբական մի շարք քաղաքներում և բնակավայրերում հաստատված հայերի նկատմամբ սկսվել է բռնի իսլամացման մի նոր ալիք, որի հետևանքով ևս հազարավոր հայեր են կրոնափոխ եղել: Ըստ այդ ամենը վերապրած և հենց ինքն էլ առժամանակ կրոնափոխված հայտնի գրող Երվանդ Օտյանի, օրեր շարունակ տեղական իշխանությունները, երիտթուրքական կուսակցության տեղական ղեկավարները ստիպել են հայերին փոխել կրոնը, եթե ցանկանում են ողջ մնալ և չաքսորվել անապատները, որը հավասարազոր էր մահվան: Աքսորը հաղթահարած և արաբական վիլայեթներում հաստատված հայերը սկզբնական շրջանում այս առաջարկը շատ կտրուկ մերժել են, սակայն սպառնալիքների և հալածանքների աճին զուգահեռ ստիպված տեղի են տվել և մեծ մասամբ արտաքուստ ընդունել իսլամ[16]:
Կան նաև փաստեր, որոնք ապացուցում են, որ կրոնափոխությունն անգամ հստակ երաշխիք չէր ողջ մնալու համար և օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո որպես հանցագործ դատարանի առաջ կանգնածներից մեկը` 1914-1916թթ. Սամսունի գավառապետ, իսկ 1916-1918 թթ. Սեբաստիայի նահանգապետ Սուլեյման Նեջմի բեյը, ըստ արխիվային փաստաթղթերի, նաև մեղադրվել է Սամսունի 300 կրոնափոխ հայերի սպանդը կազմակերպելու համար[17]:
Մի կարևոր նրբերանգի վրա ևս ցանկանում ենք կանգ առնել. Հայոց ցեղասպանությանը զուգահեռ, փաստորեն, տեղի է ունեցել բացահայտ ստրկավաճառություն: Ճիշտ է, օսմանյան կայսրությունը հարուստ էր ստրկավաճառության ավանդույթներով, սակայն 1909թ. արդեն ընդունվել էր օրենք ստրկավաճառությունն արգելելու մասին[18]: Մինչդեռ բազմաթիվ են փաստերը, որ աքսորի ճանապարհին տարագիր հայերին ուղեկցող պատասխանատուները, ոստիկանները որպես ստրուկներ վաճառում էին հայ կանանց, երեխաներին, որոնք ևս, բնական է, ենթարկվում էին բռնի իսլամացման: Օրինակ՝ Մարդինում գոյություն ունեցած կանանց և երեխաների շուկայի մասին է իր հուշերում պատմում ասորի հոգևորական Սիմոնը՝ նշելով. “Մարդինում 1915 թվականին էլ վաճառվում էին սպիտակ տղա և աղջիկ երեխաներ, ինչպես նաև կանայք, որոնք քրիստոնյա էին: Այդ վաճառքները միշտ կատարվում էին միայն մուսուլմանների համար”[19]:
Կրոնափոխ հայերի խնդրի չլուսաբանված էջերից է արդեն հանրապետական Թուրքիայում հայերի բռնի իսլամացմանն ուղղված պետական քաղաքականությունը, որի մասին առանձին դրվագներ երբեմն սպրդել են մամուլի էջերում: Սակայն մենք կցանկանայինք կոնկրետացնելով աշխարհագրությունը` ներկայացնել Սասունում անցյալ դարի կեսերին հայերի բեկորների հանդեպ կիրառված իսլամացման քաղաքականության որոշ դրվագներ: Ավելորդ չենք համարում նշել, որ այդ մասին փաստերն անձամբ ենք գրի առել հենց տեղում իրականացրած դաշտային-հետազոտական աշխատանքների ընթացքում:
Տարբեր աղբյուրներում հանդիպում են կցկտուր տվյալներ, որոնք վկայում են, որ Սասունում մնացել են ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված, այնպես էլ տարբեր ճանապարհներով փրկված քրիստոնեադավան հայեր: Հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը զուգորդվել է նաև հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմամբ (մշակութային ցեղասպանություն), և 1915-ից հետո պատմական Հայաստանի տարածքի կիսավեր կամ ամբողջովին ոչնչացված եկեղեցիներում ու վանքերում անհնար է եղել հայ հոգևորականների ներկայությունը: Այս պայմաններում Սասունի վերապրած քրիստոնյա հայերը կրոնական ծեսերի կատարման հարցում բախվել են լուրջ խոչընդոտների: Միամտություն կլինի կարծել, թե Ցեղասպանությանը հաջորդած տարիներին քրիստոնեությունը պահպանած սասունցիներին հայ հոգևորականով չապահովելը միայն Հայոց պատրիարքության “անտարբերություն”-ից է բխում: Պարզ է, որ պետական լուրջ հսկողությունը թույլ չի տվել հայ հոգևորականներին գալ պատմական Հայաստանի տարածքներ, իսկ հազվադեպ գաղտնի այցերին միշտ հետևել են ճնշումներ, բռնարարքներ:
Ահա այսպիսի պայմաններում գոյատևած քրիստոնեադավան սասունցիների կղզյակների հանդեպ արդեն 1950-ականներին սկսվում է իսլամացման ալիքը: 1950-ականների վերջին պետական տարբեր գերատեսչությունների կողմից հայերին իսլամ ընդունելու կոչ-պահանջ է ներկայացվել, որը, սակայն, հակազդեցություն է առաջացրել սասունցիների մի մասի շրջանում, որոնք մերժել են պարտադրված կրոնափոխությունը: Սակայն ճնշումները շարունակվել են, ընդ որում՝ դրանցում ընդգրկվել են նաև ուժային կառույցները: Այս ամենի հետևանքով քրիստոնյա հայերի մի մասը, գոնե արտաքուստ, տեղի է տվել և ընդունել իսլամ: Բռնի մեթոդներին զուգահեռ թուրքական պետությունը գործի է դրել նաև այլ միջոցներ, և առանց հոգևորականի հայկական գյուղեր հաճախ սկսել են այցելել մուսուլմանական իմամներ, շեյխեր, որոնք փորձել են համոզել տեղի բնակչությանը կամովին ընդունել իսլամ, որպեսզի հնարավոր լինի կատարել իրենց արարողությունները` հարսանիք, կնունք, թաղում և այլն: Այս մեթոդը նույնպես արդյունք է տվել, քանի որ հովվապետից զրկված հայերը ստիպված են եղել դիմել այդ քայլին: Սակայն ուշագրավ է, որ ըստ մեր զրուցակիցների, իրենց ազգակիցների կրոնափոխությունը միանշանակ չի ընդունվել շրջապատի հայերի կողմից, որոնք անթաքույց քննադատել են կրոնափոխներին: Երբեմն դա օգնել է իսլամացման դադարեցմանը կամ ծավալների նվազմանը: Շարունակվող հալածանքները ստիպել են Սասունի վերապրած հայերի մի մասին տեղափոխվել Ստամբուլ, մի մասն ընդունել է թուրքական պետության և ստեղծված վիճակի պարտադրած կրոնը, մի մասն էլ վերածվել է ծպտյալ քրիստոնյաների:
Տարբեր աղբյուրներ ապացուցում են, որ հանրապետական շրջանում հայերին պարտադրվել է կրոնափոխ լինել նաև հարկային անհավասար բեռից խուսափելու համար: Մասնավորապես 1942թ. ընդունված “Ունեցվածքի հարկ”[20]-ի մասին օրենքով նախատեսվում էր, որ հայերը պետք է վճարեին իրենց ունեցվածքը գերազանցող հարկեր, որը նշանակում էր լիակատար սննկացում: Եվ ահա հենց այս ժամանակաշրջանում արձանագրվել են հայերի կրոնափոխության դեպքեր[21], որոնք պարտադրվել են պետության և “օրենքների” կողմից:
Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխման դեպքեր են արձանագրվել նաև ավելի ուշ շրջանում, մասնավորապես հայտնի է 1983թ. Սասունի Աջար գյուղի ամբողջական իսլամացումը[22]:
Այս ամենը փաստում է, որ Թուրքիայի Հանրապետությունը շարունակել է Օսմանյան կայսրության որդեգրած բռնի իսլամացման քաղաքականությունը, որը, ի վերջո, տվել է իր արդյունքները, և այսօր պատմական Հայաստանի տարածքում` չհաշված առանձին կղզյակները, բացահայտ քրիստոնյա հայեր գրեթե չկան:
Այսօր էլ թուրքական մամուլում երբեմն հայտնվում են նյութեր, որոնք փաստում են, որ Թուրքիայի տարբեր գավառներում մնացած հատուկենտ քրիստոնյա հայերի նկատմամբ չի դադարել իսլամացման քաղաքականությունը, որին նպաստում են նաև հասարակության տարբեր շերտեր: Այսպես, թուրքական “Հյուրիեթ” թերթի հրապարակումներից մեկում նշվում է, որ Քասթամոնուի Քափաքլը գյուղի բնակիչ, 53-ամյա Ասատուրը 2004թ. իսլամ է ընդունել` վերցնելով Ահմեթ Քազերօղլու անուն-ազգանունը: Նման քայլի է դիմել նույն գյուղի մեկ այլ բնակիչ՝ 68-ամյա Նամըք Օզչելիքը[23]: Ցավոք, հայերի կրոնափոխության նորօրյա գործընթացներում նկատվում են նաև հայաստանցի հայեր, ինչը, սակայն ուսումնասիրության այլ թեմա է:
Ռուբեն Մելքոնյան
բանասիրական գիտությունների թեկնածու
[1] Խաչատրյան Ա., Հայերի մահմեդականացումը միջնադարյան Հայաստանում (8-15-րդ դդ.), Իրան-նամէ, Երևան, 1993, թիվ 1, էջ 26:
[2] Երեմեև Դ., Թուրքերի ծագումը, Երևան, 1975, էջ 139-143, 187-188; Кондакчян Р., Турция: внутреняя политика и ислам, Ереван, 1983, стр. 22-25.
[3] Ունգոր Ու., Կրոնափոխություն և փրկություն. Գոյատևման ռազմավարությունը Հայոց ցեղասպանության ընթացքում, Տեղեկագիր “Նորավանք” հիմնադրամի, Երևան, 2008, թիվ 22, էջ 107:
[4] Սիմոնյան Հ., նշված աշխ., էջ 337, մեջբերված է «Բիւզանդիոն»-ի 1909թ. ապրիլի 21-ի (մայիսի 4-ի) 3818 համարից։
[5] Matthias Bjornlund, “‘A fate worse than dying’ sexual violence during the Armenian genocide” (unpublished manuscript, 2006), p.18. մեջբերված, Ունգոր Ու., նշված հոդ., էջ 104:
[6] Dundar F., Modern Turkiyenin şifresi. İttihat ve Terakki’nin etnisite muhendisliği (1913-1918), İstanbul, 2008 (2-inci baskı), s. 301.
[7] Նույն տեղում, էջ 302:
[8] Նույն տեղում, էջ 303:
[9] Նույն տեղում, էջ 145:
[10] Նույն տեղում:
[11] Նույն տեղում, էջ 315:
[12] Նույն տեղում, էջ 323:
[13] Atay F., Zeytindağı, İstanbul, 1981, s.66.
[14] Ունգոր Ու., նշված հոդ., էջ 105։
[15] Նույն տեղում։
[16] Օտեան Ե., Անիծեալ տարիներ 1914-1919 (անձնական յիշատակներ), Երեւան, 2004, էջ 228-234։
[17] Jerjian G., Gercek Bizi Օzgur Kılacak, İstanbul, 2004, s. 104
[18] Тыркова А., Старая Турциа и младотурки, Петроград, 1916, стр. 138.
[19] Fr. Precheurs Hyac. Simon, 1915, Bir Papazın Gunluğu, İstanbul, 2008, s. 89.
[20] Այս մասին մանրամասն տե՛ս Մելքոնյան Ռ., “Ունեցվածքի հարկը” կամ տնտեսության “թուրքացման” քաղաքականությունը հանրապետական Թուրքիայում, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, Երևան, 2008, էջ 127-143:
[21] Ալիք, 09,12,1981, նույնը տե՛ս նաև Խանլարեան Կ., Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005թթ.), Անթիլիաս, 2009, էջ 74:
[22] Hofmann T., Armenians in Turkey today, Uppsala, (second edition), 2003, p. 18.
[23] Ermeni vatandaşlardan ’soykırım’ tepkisi, Hurriyet, 26,4,2009.




Recent Comments