Գերագույն իշխանության մասին վաղ մահմեդական պատկերացումները

Filed under: Arevelk.info — Tags: — nver.davtyan @ 12:05 am January 22, 2010

7Վաղ միջնադարյան մահմեդական համայնքի համար իշխանության բնույթի հարցը քննարկման և բանավեճի առարկա չեր:  Իշխանությունն ընդհանրապես պատկանում էր Ալլահին, իսկ երկրային իշխանությունը համարվում էր Նրա պարգևն ու պատգամը մարդկանց: Երկրային իշխանության խնդիրներն ու նպատակները սահմանափակ էին` հետևել, որպեսզի հովիվ-ղեկավարի հպատակները` մարդիկ, ապրեին «աստվածային օրենքի» համաձայն, որը մատուցված էր Ղուրանով և սուննայով:

Իշխանության աշխարհիկ և հոգևոր թևերի տարանջատման մասին խոսք չկար: Այն ամենը, ինչ կատարվում էր աշխարհում, սկսած մեծ իրադարձություններից մինչև կենցաղային մանրուքները, ստանում էին կրոնական իմաստավորում և այդ իսկ պատճառով հարաբերակցվում էին հոգևոր ոլորտի հետ: Սակայն իսլամը իշխանության տեսքով համապատասխանում էր նաև քաղաքական պահանջներին: Այն միշտ էլ լուծել է իշխանություն-կրոն փոխհարաբերության խնդիրը, թեկուզ ոչ միշտ բացահայտ և նկատելի:

Իշխանության բնույթի և նրա կրոնական իմաստավորման հարցը քննարկվում էր աստվածաբանների, օրենսգետների, փիլիսոփաների աշխատություններում: Փիլիսոփայական երկերը քաղաքականության հարցում զգալիորեն կրում էին իրենց վրա անտիկ փիլիսոփայական պատկերացումների ազդեցությունը և բավական հեռու էին մահմեդական աշխարհի հասարակական կյանքի ռեալ իրականությունից: Աստվածաբանները, օրենսգետները մանրակրկիտ կերպով քննարկում էին կառավարիչների և հպատակների պարտականնություններին ու իրավունքներին վերաբերող հարցերը, սակայն իշխանության բնույթը նրանց համար մնում էր ակնհայտ ու անքննելի. երկրային իշխանությունն ուներ երկնային ծագում :

Երկրի վրա ամբողջ իշխանությունը վստահվում և հանձնվում էր մարդկանց միջից Ալլահի կողմից ընտրված որևէ մեկին, որին հնազանդվելը նույնն էր, ինչ «աստվածային սուրբ օրենքին» ենթարկվելը: Ալլահը միակն է ու բացարձակը, այդ պատճառով էլ անբաժանելի և միասնական է իշխանությունը և չի կարող ստորաբաժանվել տարատեսակների ու կարգերի: Մուհամմադ մարգարեի կենդանության ու կառավարման շրջանում այդ սկզբունքը զգալի չափով իրագործվում էր: Մուհամմադ մարգարեն` որպես Ալլահի կողմից ընտրված առաքյալ, ՙկատարում՚ էր Աստծո կամքը և հանուն մահմեդականների իր ձեռքում կենտրոնացրեց իշխանության հնարավոր ձևերն ու ‎ֆունկցիաները:

Այս երևույթն արդեն պարզորոշ կերպով սկսեց նկատվել մարգարեի քարոզչության մեդինական շրջանում, որտեղ Մուհամմադ մարգարեին հաջողվեց իրականում իրեն դրսևորել որպես տաղանդավոր քաղաքական-կրոնական գործիչ, որպես անհաշտ Աուս և Հազրաջ ցեղերի հաշտարար, Մեդինայի փաստացի իրավական արբիտր, լիիրավ առաջնորդ: Միևնույն ժամանակ, լինելով և՛ կրոնական, և՛ քաղաքական առաջնորդ, համաշխարհային երրորդ կրոնի հիմնադիրը լայն հնարավորություն ստացավ անհրաժեշտության դեպքում կրոնը և քաղաքականությունը ծառայեցնել մեկը մյուսին: Գրեթե բոլոր քաղաքական քայլերը ստանում էին կրոնական հիմնավորում, իսկ քաղաքականությունը ծառայում էր որպես կրոնի տարածման միջոց:

Երկրային իշխանության մասին վաղ իսլամական պատկերացումներն այնքան էլ չէին տարբերվում Մերձավոր և Միջին Արևելքի հնագույն քաղաքակրթությունների տեր այլ ժողովուրդների պատկերացումներից, քանի որ վերջիններիս վաղուց ի վեր հայտնի և կիրառելի էր երկրային իշխանության` երկնայինի ներկայությունն ու մարմնավորումը կամ աստվածային իշխանության կամքը կատարողը լինելու գաղափարը: Հարուստ մշակույթ և քաղաքակրթություն, պետական իշխանության ձևավորման փորձ ունեցող ժողովուրդների հետ սերտ շփումներով էին պայմանավորված այն ազդեցությունները, որոնց ենթարկվում էր իսլամը իր ձևավորման շրջանում: Իշխանության աստվածային բնույթի մասին պատկերացումների վառ արտահայտությունն էր Աքեմենյան Պարսկաստանի պետական գաղափարախոսությունը, որի վկայություններից մեկն էլ Դարեհ 1-ինի Բեհիսթունյան  արձանագրությունն է :

Այսպիով, ուսումնասիրելով մարգարեի ձեռքում կենտրոնացած իշխանության բնույթը, տեսնում ենք, որ այն մարմնավորում էր գրեթե սկզբունքորեն տարբեր պատկերացումներ:

Դրանցից մեկն ընդունված է անվանել «սրբազան», ըստ որի` մարդ-անհատը, կանգնած լինելով պետության, հասարակության, մարդկանց խմբի գլուխ, ոչ միայն կատարում է Աստծո կամքը, այլ նաև գտնվում է նրա հետ անմիջական կապի մեջ, նրա և մարդկանց միջև միջնորդի դեր է կատարում, այդ իսկ պատճառով նրա խոսքը և կարգադրությունները սուրբ են: Հատկապես այս հայեցակարգն է դրված Մուհամմադի առաքելության, նրա` որպես մարգարե – նաբի և առաքեալ-ռասուլ լինելու գաղափարի հիմքում: Դրա հետ է կապված նաև սուննայի նկատմամբ մահմեդականների վերաբերմունքը` որպես մարգարեի վարքի, նրա արտահայտած ասույթների օրինակ: Սուննան որպես Ալլահի պատգամների և կամքի մասին գիտելիքի աղբյուր, նրանց համար գրեթե հավասարվում էր Ղուրանին, քանի որ նույնպես սրբագործված էր Ալլահի և նրա մարգարեի միջև եղած կապով:

Մահմեդականների ավանդական պատկերացումների համաձայն` հատկապես Ալլահի հետ մարգարեի ուղիղ կապն  ու Ալլահի օգնությունը նպաստեց Մուհամմադ մարգարեի հաղթանակին Հեջազում, իսկ այնուհետև ողջ Արաբիայում՝ նրա  իշխանության հաստատմանը: Սակայն վերլուծելով Մ. մարգարեի քաղաքական գործունեությունը, թե ինչպես է նա իրականացնել իր իշխանությունը, կյանքի կոչել նոր, սակայն ավանդույթից ամբողջովին չկտրված կառավարման ձևեր` մենք տեսնում ենք իշխանության բնույթին վերաբերող մեկ այլ պատկերացում, որը հայտնի է ՙհամայնական՚ անվամբ: Համաձայն դրա` աստվածային կամքը դրսևորվում է համայնքի / տոհմի կամ ցեղի/ միջոցով և արդեն վերջինս է լիազորում որևէ մեկին կամ մի քանիսին իրականացնելու այդ կամքը, իրացնելու իր վրա իշխանությունը:

Նման հասկացության արմատները հասնում են մինչև տոհմացեղային հասարակության ավանդույթներ, որտեղ իշխանությունը բաժանված էր տարբեր անձանց միջև, որոնք ծառայում էին հանուն համայնքի կամ ցեղի ընդհանուր բարօրության: Առաջնորդը, կախի-գուշակը, հռետորը, միջնորդ դատավորը և մյուսները նախաիսլամական արաբիայի հասարակության մեջ իշխանության կրողներ էին:  Մուհամմադ մարգարեն այդ ‎ֆունկցիաների մեծ մասը կենտրոնացրեց իր ձեռքում, մասամբ նաև դրանց հետ կապված հեղինակությունը: Սակայն նրա այդ ձեռնարկումներն ընկալվում և հայտարարվում էին որպես Ալլահի կամքի կատարում, Նրա իշխանության դրսևորում: Այսպիով, իշխանության վերաբերյալ ՙհամայնական՚ պատկերացման ընկալումը նպաստեց մարգարեի հաջողությանը, ինչը հաստատում են Ղուրանում տեղ գտած համապատասխան այաները: Առաջին մահմեդականները պարզ կերպով ընդունում էին Մ. մարգարեի մեջ այդ երկու կողմերը` և՛ նրա սովորական մարդկային ծագումը, և՛ մարգարեությունն ու Ալլահի կողմից ընտրված լինելը:

Մ. մարգարեի ձեռքում կենտրոնացած իշխանության բնույթը, այսպիսով, ամբողջովին համապատասխանում էր Իսլամի սահմանած սկզբունքին, որը չէր առանձնացնում քաղաքակնությունը կրոնից, աշխարհը չէր բաժանում աշխարհիկի և հոգևորի: Հոգևորի և աշխարհիկի միաձուլումը Իսլամի հիմնական սկզբունքներից և արմատական պատկերացումներից մեկն է: Ղուրանում բազմիցս հանդիպում և հաստատվում է Ալլահի ամենակարողության և անսահման իշխանության մասին իսլամական դոկտրինայի գլխավոր թեզերից մեկը` Բարձրյալի և Նրա իշխանության անբաժանելիությունը: Ալլահի անսահման իշխանությանը և դրա անքակտելիությանը վերաբերող ղուրանական պատկերացումներում և ձևակերպումներում տեղ գտած դրույթներն ընկած են մահմեդական աստվածաբանության, քաղաքական տեսության ու պրակտիկայի հիմքում` մարմնավորելով հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միասնականության մասին հասկացությունը:

Այս ընդհանուր պատկերացումը բխում է միաստվածության էությունից և կարող է տարբեր կերպ ընկալվել ու մեկնաբավնվել: Մ. մարգարեի` որպես «Ալլահի առաքյալի» և «ումմայի առաջնորդի» գործունեությունն ընկալվում էր որպես միասնական և տարանջատման ոչ ենթակա:  Խիստ կարևոր է նկատի ունենալ նաև այն, որ Մ. մարգարեն միևնույն ժամանակ «աստվածային իշխանության» օբյեկտ էր, քանի որ համաձայն իսլամի, իշխանության և աստվածային օրենքի աղբյուրն Ալլահն էր:

Ղուրանում, որտեղ բազմիցս խոսվում է Ալլահի իշխանության անսահմանության և ամբողջականության մասին, օգտագործվում են այնպիսի տերմիններ, որոնք իրենց արտահայտած իմաստով ցույց են տալիս ինչպես Ալլահի, այնպես էլ Մ. մարգարեի միասնական իշխանության մեջ իշխանության տարբեր տեսակների միավորված լինելը, որոնք կազմում են ցանկացած աստվածապետության ողնաշարը: Ալլահին, նրա առաքյալին և պաշտոնատար անձանց /ուլու-լ-ամր/, պետք է անվերապահորեն ենթարկվեին հավատացյալներըգ «Ո՜վ դուք, որ անվերապահ հավատացիք, ենթարկվեք Ալլահին, ենթարկվեք առաքյալին և ձեր միջից նրան, ով իշխանության տերն է» :

1. Սուլթան` /«իշխանություն», «զորություն»/ արտաքին իշխանություն, տիրապետություն, որի ծագումն արտաքին աշխարհի հետ է կապվում: Սա այն իշխանությունն էր, որն ունեին կամ ցանկանում էին ունենալ օտարերկրյա տիրակալներն Արաբիայում:

2. Մուլքը նշանակում էր սեփական ունեցվածքի տնօրինման միջոցով անսահմանափակ իշխանություն /այդ թվում և թագավորական/: Այդպես էին տեղական կառավարում արաբական մեծ ու փոքր թագավորներն ու իշխանությունները:

3. Հոքմ` իշխանության և վստահության արժանացածի «հրահանգ» կամ «կարգադրություն», «սահմանում», որոշում ընդունող, դատավճիռ կայացնող, վեճը հարթող, որը նման է դատական իշխանությանը: Այդպես էր կոչվում միջցեղային արբիտր – հաքեմների իշխանությունը:

4. Ի վերջո` ամր, որը նշանակում է ուղղակի կարգադրություն, տնօրինություն, հրաման` ցույց տալով կոնկրետ կատարվելիք գործողության վերաբերյալ հրաման արձակելու իրավասությամբ օժտված իշխանություն: Այդպես էին իրենց կարգադրություններն ու հրամաններն արձակում ցեղային և ռազմական առաջնորդները:

 Սակայն այս իշխանության մարմինների և նրանց մասին պատկերացումների ակունքները ամբողջությամբ չէ, որ սկիզբ են առնում նախաիսլամական արաբական հասարակությունից: Ինչպես հայտնի է, դրանց մի մասը խորթ  էր տոհմացեղային հասարակական կյանքով ապրող բեդվին արաբներին:

Արաբիայի հին հասարակության մեջ ինքնավար տոհմային խմբում գերագույն իշխանությունը պատկանում էր տոհմակիցների ողջ կոլեկտիվին, որի կամքը իշխանական իրավունքի աղբյուր էր հանդիսանում: Կոլեկտիվի կողմից նրա անդամներից մեկին նման իշխանությամբ օժտելը կրում էր ժամանակավոր բնույթ և դիտարկվում էր որպես նրան որոշակի ‎ֆունկցիա կատարելու լիազորության շնորհում: Նման լիազորությամբ օժտված անձի կարգադրություններին ենթարկվելը կրում էր կամավոր բնույթ, սակայն միևնույն ժամանակ նաև պարտադիր, քանի որ դրանք բխում էին  տոհմային խմբի շահերից ու արտահայտում էին նրա կամքը: Այս կամ այն ‎ֆունկցիան որևէ մեկին տրամադրելը կատարվում էր տոհմային խմբի բոլոր իրավազոր անդամների կամ նրա ներկայացուցիչների խորհրդի ընտրության միջոցով, որը և արտահայտում էր թեկնածուի հեղինակության և անձնական հատկանիշների նկատմամբ վստահությունը:

Ինչպես հայտնի է, ինքնակալական կառավարումը անհամատեղելի էր տոհմա-ցեղային հասարակության սոցիալական գաղափարախոսությանը և կառուցվածքին : Բազմաթիվ հին աղբյուրներում տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ հեթանոս արաբների համար անթույլատրելի և ՙզազրելի՚ է եղել իրենցից որևէ մեկի թագավորելը մյուսների վրա` հպարտանալով նրանով, որ բացի իրենց շեյխի և ցեղային խորհրդի իշխանությունից չեն ճանաչել այլ իշխանություն: Այնուամենայնիվ «թագավորի» և «թագավորական իշխանության» կառույցները նախաիսլամական Արաբիայի ցեղերին բավական հայտնի են եղել ոչ միայն այլ ժողովուրդների մասին ունեցած տեղեկություններից, այլև իրենց հարևանությամբ ապրող Հյուսիսային և Հարավային Արաբիայի ցեղերի կյանքից: 6-7-րդ դդ Արաբիայի քոչվոր, նստակյաց ցեղերի միջավայրում գոյություն ունեցող միանձնյա գերագույն իշխանության մասին պատկերացումները նույնպես նպաստում էին ժամանակ առ ժամանակ, թեկուզ և կարճատև կյանք ունեցող, բայց ծագումով զուտ արաբական ռազմաքաղաքական և վաղ պետական կազմավորումների առաջացմանը, որոնք կառավարվում էին միանձնյա կառավարիչների կողմից / Քինդ, Նաբաթեա, Քեդար, Պալմիր, Հասանյանների և Լահմիդների թագավորություններ/:

Նախաիսլամական բանահյուսական  հուշարձաններն այնտեղ գոյություն ունեցող հասարակության և նրա կյանքի կազմակերպման ու ղեկավարման ձևերը նկարագրում են «մուլք» տերմինի միջոցով, իսկ այն անձին, որն իրականացնում էր կառավարումը, անվանում էին մալեք: Այս հասկացությունները նախաիսլամական բանահյսուսական հուշարձաններում արտահայտում են բացասական իմաստ` որպես հարկադրանքի և ֆիզիկական ճնշման միջոցով մյուսների վրա իշխանության իրականացում:

Սակայն այլ է թագավոր-մալեքի նկատմամբ վերաբերմունքը Հյուսիսային և Հյուսիսարևելյան Արաբիայի այն բանաստեղծների մոտ, որոնք բարյացակամ էին տրամադրված Լահմիդների , Հասանյանների և Քինդի իշխանական տների նկատմամբ: Նրանց ստեղծագործություններում առկա են ցեղային փոքրիկ թագավոր-առաջնորդների, ինչպես նաև «իսկական» կառավարիչների և թագավորական իշխանությանը նվիրված ներբողներ, որոնք տոհմային հասարակության ակնհայտ անկման պայմաններում իրավակարգի և սոցիալական կայունության  միակ հուսալի երաշխիք էին ընկալվում:

VI-VIIդդ սահմանագծում ռաիս, սայյիդ /նախաիսլամական Արաբիայում ցեղային ազնվականության ներկայացուցիչ, ցեղի առաջնորդ/ տերմինների փոխարեն հանդիպում է մալեք ձևը, այս անգամ արդեն ժառանգական ցեղային առաջնորդ իմաստով, որը նույնացվում էր թագավորի հետ: Աստիճանաբար որոշակի կլանների կողմից սեփականացվում և ժառանգական բնույթ է ստանում առանցքային սոցիալական ‎ֆունկցիաների կատարումը: Այս գործընթացը սահմանափակեց տոհմային խմբի գերիշխանությունը  հօգուտ տոհմի առանձին ընտանիքների` նեղացնելով տոհմային խմբի բացարձակ գերիշխանության ոլորտը:

Սակայն այս գործընթացն իր բնական հետագա զարգացումը չստացավ, քանի որ համաձայն իսլամի` հասարակության կառավարման համար սոցիալական ‎ֆունկցիաների կատարումը Աստծո կամքի և հրամանի կատարումն  էր: Եվ քանի որ մարդկային գոյն ուներ կրոնական իմաստավորում, ապա մարդկային հասարակության գերագույն ղեկավարն իր գործունեությամբ ներկայացնում էր Աստծո կամքը, որը հաղորդվում էր Ղուրանի միջոցով:

Կարևոր է նշել, որ «ճշմարիտ» իշխանությունը Ղուրանում նկարագրվում է ոչ այնքան որպես անձի գործունեություն, որքան մարդկանց հնազանդում Աստծո կամքին` որպես նրանց պատգամված վարքի կանոնների հետևում: Հնազանդությունը ներկայացվում է որպես կրոնական պարտականություն, որպես ծիսական կարգ, արտաքին կամքին հնազանդվելը չուներ անձնավորված բնույթ, այլ ստացել էր կրոնական իմաստավորում, քանի որ նշանակում էր ենթարկվել Աստծո բացարձակ իշխանությանը: Գերագույն իշխանության և իրավունքի միակ աղբյուրը նրանում Ալլահն էր:

Այսպիսով, մահմեդական պետությունը ստեղծվեց` հանրային գիտակցության մեջ ներմուծելով տիեզերական արտաքին ուժին հնազանդվելու գաղափարը:

Հավատացյալների համայնքի՝ ումմայի  ղեկավար Մ. մարգարեի գործունեության առանցքն այն էր, որ հոգ տաներ հավատացյալների կողմից Աստծո կամքի ճիշտ կատարման, աստվածային օրենքով սահմանված թույլատրելիի խրախուսման  և  անթույլատրելիի  արգելման մասին:

Այսպիսով, Մ. մարգարեն` որպես ումմայի առաջնորդ, ղեկավարելով այն, անձնական կամք չէր կատարում, որը կարող էր բխել որևէ կլանի շահերից, այլ այնպիսի սոցիալական ֆունկցիա էր իրականացնում, որն անհրաժեշտ էր համայնքի կողմից Աստծո կամքի կատարման համար:

Մ. մարգարեն մերժել է իր համար «մելիք» տիտղոսը: Համաձայն Ղուրանի` թագավորական իշխանությունը անօրինության և բռնության մարմնացում էր, և, որպես մալեքի անձնական կամքի կատարում, հակասում էր աստվածային աշխարհակարգին, իսկ թագավորական իշխանության հիմնումը համարվում էր անարդարություն, քանի որ Աստծո կամքի և իշխանության փոխարեն ստեղծվում էր անձնական իշխանություն: Սակայն ապագա գերագույն իշխանության կրողն ու իրականացնողը` Մ. մարգարեն, իրեն համարում էր միայն Ալլահի գերագույն իշխանությունը ներկայացնող:

Այնուամենայնիվ, որպես Ալլահի կամքի փոխանցող և մարդկանց կողմից դրա կատարման երաշխավոր, Մ. մարգարեն  իր անձի մեջ միավորեց իրականում իշխանության բոլոր ֆունկցիաները` դառնալով ումմայի միանձնյա հոգևոր և աշխարհիկ կառավարիչը:  Նրան էր պատկանում ողջ գերագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը: Նրա և իր հետևորդների կողմից նրա անձնական կամքը և գործողություններն ընկալվում էին որպես Աստծո ներշնչանք և մարմնավորում էին Աստծո կամքն ու վերաբերմունքը հանդեպ մարդկանց:

Քանի դեռ շարունակվում էին Մ. մարգարեի հայտնությունները, ումմայի ղեկավարումը կրում էր աստվածային բնույթ, և վաղ մահմեդական համայնքի աստվածապետական կառուցվածքի յուրահատկությունը պայմանավորված էր Մ. մարգարեի  կարգավիճակով` որպես աստվածային սրբազան պատգամը մարդկանց փոխանցելու համար Ալլահի կողմից ընտրված անձ: Մ. մարգարեի մահվամբ ավարտվեց Աստծո անմիջական միջամտությունը մարդկանց կյանքին: Այսուհետ վերջիններիս մնում էր ինքնուրույնաբար գնալ այն ուղիով, որը սահմանվել էր աստվածային պատվիրաններով: «Ճշմարիտ» աստվածապետության փուլն ավարտվեց: Այդպիսին է մահմեդական համայնքի այսպես կոչված սուննիական մասի դիրքորոշումը, որն էապես տարվում է շիա մահմեդականների՝ «սրբազան» իշխանության մասին պատկերացումներից  և  որին կանդրադառնանք հետագայում:

Armwebs.com Armwebs.com