«Իսլա՞մ, թե մահմեդականություն». մի քանի խորհուրդ ուսանողներին
Սիրելի ուսանողներ,
Ստորև ցանկանում են ձեզ մի քանի խորհուրդ տալ՝ որպես իսլամագետ և որպես դասախոս, երկու եզրերի գործածության մասին, և մի խորհուրդ էլ՝ գիտական բանավեճ ու գիտական պնդումներ անելու մասին։
1. Առաջին և ամենակարևոր խորհուրդս. երբ պնդում եք, որ մի բան սխալ է, պետք է դա բացատրեք, եթե, իհարկե, ցանկանում եք, որ ձեր պնդումը գիտական լինի։ Այսպես, ասել, «սա սխալ է», կամ «սա ճիշտ է» առանց պարզաբանելու ձեր տեղեկության աղբյուրը կամ ձեր ասածի տրամաբանությունը, հնչում է ոչ գիտական և լսողին կամ ընթերցողին որևէ բանում չի համոզում, լինի դա գիտական քննարկում թե դասախոսություն։
Որինակ՝ եթե մեկն ինձ ասի, որ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ. 800 թվականին, ես նրան չեմ ասի՝ «սխալ ես», այլ կբացեմ Եղիշեի պատմությունը (հաստատ չեմ հիշում, ճշգրիտ թիվը այնտեղ գրվա՞ծ է, թե ոչ, բայց՝ օրինակի համար եմ ասում), ու ցույց կտամ, որ ըստ ժամանակակից հեղինակ Եղիշեի, այն տեղի է ունեցել 451 թվին։ Եթե գիրքը չունեմ ձեռքիս տակ, գոնե կասեմ, որ այնտեղ է այդպես գրված։
2. Երկրորդ՝ գիտական եզրաբանությունը պայմանական երևույթ է, այսինքն՝ մի եզր ոչ թե «ճիշտ» կամ «սխալ» է, այլ «ընդունված» կամ «չընդունված»։ Այն է, կարելի է ասել, որ այս կամ այն եզրը ընդունված է տվյալ գիտական շրջանակներում կամ չի ընդունված։ Նույնը վերաբերում է, օրինակ՝ տառադարձմանը։ Չկա արաբերենից հայերեն «ճիշտ» կամ «սխալ» տառադարձման եղանակ, կա եղանակ, որ ավելի նպատակահարմար է կամ, որ ավելի մոտիկ է արաբերենի հնչողությանը։ Օրինակ՝ նույն արևմտյան իսլամագիտության մեջ ընդունված են մոտ երեք տառադարձման եղանակ՝ արաբերենից՝ անգլերեն, գերմաներեն, ևն։ Դրանցից ոչ մեկը սխալ կամ ճիշտ չեն, ուղղակի որոշներն ավելի ընդունված են, որոշները՝ ոչ։ Ի դեպ, տարբեր հեղինակներ հաճախ գործածում են տարբեր սիստեմներ, ու ոչ ոք ոչ ոքի չի ասում՝ «սխալ ես»։
Այսինքն՝ եթե մի եզր կամ տառադարձման եղանակ պակաս տարածված է քան մյուսը, դա միևնույն է «սխալ» չի կարելի համարել, քանի որ, ինչպես արդեն ասացի, տերմինաբանությունը զուտ պայմանական երևույթ է։ Եթե, օրինակ, բոլոր հայերս կամ գիտնականներս որոշենք «իսլամ» բառի փոխարեն գործածել, օրինակ՝ «Մուհամմադի կրոն» եզրը, այն կլինի, այսպես ասած՝ «ճիշտ»։
Իհարկե, կան նախընտրելի և ոչ նախընտրելի եզրեր, այնսինքն՝ եզրեր, որոնք գործածելը ավելի կամ պակաս նպատակահարմար է։ Որո՞նք են դրա չափանիշները։
ա. Եթե եզրը հաճախ գործածական է, և եթե տվյալ գիտաճյուղի բոլոր կամ շատ ներկայացուցիչներ այն գործածում են իրենց գրավոր և բանավոր լեզվում, ապա այն գործածելը նպատակահարմար է։
բ. Եթե եզրի գիտական իմսատն առավել մոտիկ է դրա սկզբնական՝ բառացի իմաստին։ Օրինակ՝ (բերեմ օրինակ անատոմիայից), քանի որ ծնկի վրայի կլորիկ ոսկորը նման է բաժակի, այն անվանում են «բաժակիկ»։ Սակայն, եթե բոլոր ատանոմիայի մասնագետները որոշեն այն անվանել, օրինակ՝ «գդալիկ», դա սխալ չի լինի, քանի որ, կրկնում եմ, եզրը ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆ Է, և այն կբավարարի ա. կետին։
գ. Եթե եզրը՝ արտահայտելով մեկ այլ մշակույթում ու լեզվում ընդունված հասկացություն, ուղղակիորեն տառադարձումն է այդ լազվում գործածվող բառի։ Օրինակ՝ «ալավի» եզրը արաբերեն «’alawi» (Ալի–ական) բառի ուղղակի տառադարձումն է, առաց այն թարգմանելու։ Թարգմանելիս՝ այն կլիներ «Ալիական», կամ նման մի բան։ Հիմա, սրանցից ո՞րն է նպատակահարմար (կրկնում եմ՝ ոչ «ճիշտ»)։ Այն, որն ընդունված է։ Եթե որոշենք գործածել «Ալիական» եզրը, այն սկզբում գուցե մեզ թվա տարորինակ ու ոչ բարեհունչ։ Սակայն դարձյալ, եթե այն բավականաչափ երկար գործածվի ու ընդունվի, այն էլ կդառնա նպատակահարմար։
Հիմա, տեսնելու համար, թե «մահմեդական» ու «մուսուլման» եզրերը հայերենի համար որքանով են ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ (և ոչ սխալ!), նայենք, արդյո՞ք դրանք բավարարում են երեք պայմաններին։
Մահմեդականություն
ա. կետին այս եզրը լիովին բավարարում է, քանզի լայնորեն ընդունված ու տարածված է հայերենում, թե՛ մասնագիտական գրականության մեջ և թե՛ մամուլում (ի դեպ, եթե նկատել եք, հայերենով բուն իսլամագիտական գրականություն չափազանց քիչ կա, քանզի մասնագետները շատ քիչ են, ու նախկինում էլ քիչ են եղել, միայն մի քանի հոգի)։
բ. կետին այն բավարարում է միայն մասնակիորեն, քանզի ենթադրում է, որ իսլամը Մուհամմադ մարգարեի կրոնն է, ինչը ճիշտ է միայն մասամբ, որովհետև այս կրոնի հետևորդները հետևում են նրա ստեղծած ուսմունքին և ոչ թե պաշտում են իրեն։
Իսլամ
ա. կետին այս եզրը համապատասխանում է, թերևս, նույնքանով, քանզի նույնքան գործածական է թե՛ գիտական գրականությունում, թե՛ մամուլում։
բ. կետին այն չի համապատասխանում, քանզի հայերեն ոչ մի բան չի նշանակում։
գ. կետին այն լիովին համապատասխանում է, քանզի արաբերեն “islam” բառի տառադարձումն է։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Թե՛ «մահմեդականություն», թե՛ «իսլամ» եզրերը գործածելը նպատակահարմար է։ Դրանցից մեկը կամ մյուսը կարող են ոմանց համար լինել գերադասելի, կախված այն բանից, թե դրանք գործածողը ինչ չափանիշներ ունի՝ եզրի կիրառելի լինելու համար։ Եթե չափանիշը՝ բնօրինակին մոտիկ լինելն է, ապա կգործածի «իսլամ» բառը, եթե չափանիշը հայեցի հնչողություն ուննենալն է, ապա «մահմեդական»ը ավելի հարմար է, քանզի հայերեն նշանակություն ունի։
Եւ ուրեմն, ո՛չ «իսլամ», և ո՛չ էլ «մահմեդականություն» եզրերը սխալ չեն։ Հանգիստ խղճով կարող եք գործածել երկուսն էլ։
(Ասածս չի նշանակում, որ դուք չեք կարող ունենալ նախապատվություն։ Եթե համարում եք, որ որևէ եզր ավելի հարմար է գործածել քան մյուսը, փորձեք բացատրել ձեր գործընկերներին, որ, ըստ ձեզ, դա ավելի մոտ է բնօրինակին, կամ, օրինակ՝ ավելի հայեցի է, կամ՝ ավելի ընդունված։)
Հարգանքներով՝
Մուշեղ Ասատրյան
Recent Comments