Միշտ չէ, որ քամիները փչում են այնպես, ինչպես ցանկանում են նավերը:
ալ-Մութանաբբի
Արաբական խալիֆայության ստեղծումն ուղեկցվում էր նոր տարածքների նվաճմամբ: Արաբների կողմից նվաճված տարածքներում իսլամի տարածումն այդ տարածքների բնակչության համար հիմք էր ստեղծում խալիֆայության կառավարման համակարգում ներգրավվելու համար: Ժամանակի ընթացքում նրանք սկսում են մեծ դեր խաղալ խալիֆայության կյանքում: Արաբական տարրը խալիֆայության քաղաքական կյանքում գնալով մղվում էր երկրորդական պլան: Այս իրավիճակը հատկապես սուր բնույթ է ընդունում Աբասյանների օրոք1:
Ստեղծված իրավիճակում, երբ խալիֆայության ապագան մշուշոտ էր, հայտնվեց մի մարդ, որն անուղղակի կերպով առաջարկեց խալիֆայության հզորության վերականգնման իր տեսությունը: Դա Աբու Տայյիբ բին ալ-Հուսեյն ալ –Ջաուֆին էր, նույն ինքը պոետ ալ-Մութանաբբին:
Հասկանալ ալ-Մութանաբբիի առաջարկած գաղափարները առանց ծանոթ լինելու նրա կենսագրությանը անհնար է2: ալ-Մութանաբբիի աշխարհայացքի ձևավորման մեջ մեծ դեր ունեցավ այն միջավայրը, որտեղ նա ապրեց կյանքի վաղ տարիները: Խոսքը Քուֆա քաղաքի մասին է: Այս ժամանակաշրջանում խալիֆայության քաղաքներն էթնիկական առումով նման էին խայտաբղետ կտավի: Իսկ Քուֆան արաբական քաղաքների մեջ առանձնանում էր էթնիկական համեմատաբար միատարրությամբ և պահպանողական հայացքներով: Հետաքրքրական է, որ քաղաքի թաղամասերը կրում էին արաբական ցեղերի անվանումները: Սա վկայում է այն մասին, որ Քուֆայի արաբական բնակչության շրջանում դեռևս վառ էր ցեղային ինքնագիտակցությունը: ալ-Մութանաբբիի աշխարհայացքի ձևավորման մեջ իր հետքը թողեց նաև այն ժամանակահատվածը, որը նա անցկացրեց բեդվինների հետ: Չնայած, որ նա որոշակի հիասթափություն ապրեց, երբ գիտակցեց, որ բեդվինները որոշակի չափով հեռացել էին իրենց արմատներից:
ալ-Մութանաբբին ուներ հստակ քաղաքական դիրքորոշում: Նա Աբասյաններին էր համարում խալիֆայության անկման միակ պատասխանատուներ: Անգամ նրանց մասին ասել է.
« Ճիշտ չէ, որ Աբասը3 ժառանգ ունի, քանզի մարդը կապիկ չի ծնում»4:
Հայտնվելով Հալեպի էմիր Սայֆ ադ-Դաուլայի (944-967)5 արքունիքում` ալ-Մութանաբբին վերջնականապես ձևավորեց իր տեսությունը: Ըստ նրա` խալիֆայության հզորությունը կարող է վերականգնել միայն այն ղեկավարը, որն ունի մաքուր արաբական ծագում: Նա գտնում էր, որ ժողովրդի հզորությունը նրա ղեկավարի մեջ է: ալ-Մութանաբբիի տեսությունը հենվում էր երկու հիմնասյուներ վրա. արաբական էթնոսի և իսլամի: Նրա գաղափարների հիմքում ընկած էր արաբա-մուսուլմանական գերիշխանության մոդելը: Նա գտնում էր, որ միայն Հալեպի էմիր Սայֆ ադ-Դաուլան կարող է իրագործել իր գաղափարները: Իրականում Սայֆ ադ- Դաուլան ալ-Մութանաբբիի տեսության մեջ հանդես է գալիս, որպես իդեալական արաբ ղեկավարի հավաքական կերպար: Կարելի է միայն ենթադրել, թե ինչպես էր ալ-Մութանաբբին պատկերացնում գործնականում իր տեսության իրագործումը, քանի որ նա չի նշում դրա իրագործման ուղիները:
ալ-Մութանաբբիի տեսությունը, բավականին հեռու էր իրագործելի դառնալուց: Հաջորդիվ կբերվեն մի շարք փաստարկներ, որոնցով փորձ կարվի հիմնավորել այս կարծիքը:
Նախ պետք է ընդունել, որ այդ ժամանակաշրջանում արաբները խալիֆայությունում էթնիկ փոքրամասնություն էին կազմում: Ոչ արաբ, բայց մուսուլման պաշտոնյաների թիվը բավականին մեծ էր: Բնական է, որ նրանք ինքնակամ չէին հրաժարվի իրենց պաշտոններից, իսկ բռնի ուժով նրանց ստիպել կնշանակեր երկրում սկսել քաղաքացիական պատերազմ: Սա բավականին արկածախնդիր նախաձեռնություն կլիներ, ինչը Սայֆ ադ-Դաուլայից կպահանջեր հսկայական ֆինանսկան միջոցներ` որպիսիք նրա տրամադրության տակ չկային: Իսկ, եթե փորձ արվեր դրանք ստանալ հարկերի ավելացման միջոցով, առավել հավանական է, որ բնակչությունը նրա դեմ կտրամադրվեր: Չպետք է նաև մոռանալ, որ նմանատիպ «ներքին հեղափոխություններ» իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան հոգեբանական մթնոլորտ, որը, ցավոք սրտի, բացակայում էր խալիֆայությունում: Անգամ, եթե Սայֆ ադ-Դաուլային հաջողվեր հասնել խալիֆայությունում արաբական գերիշխանության հաստատմանը, միևնույն է նրա դեմ երկար ժամանակ կշարունակվեր ընդդիմադիր շարժում, որն, անկասկած, երկրում անկայուն իրավիճակ կստեղծեր, ինչն էլ իր հերթին կարագացներ խալիֆայության փլուզման գործընթացը: Նույնիսկ, եթե որոշակի ժամանակահատվածով հաջողվեր կայունացնել քաղաքական իրավիճակը, միևնույն է բռնի ուժով ստեղծված, էթնիկական բազմազանությամբ աչքի ընկնող պետությունը, ինչպիսին հանդիսանում էր խալիֆայությունը, դատապարտված էր կործանման: Նմանատիպ օրինակները պատմության մեջ շատ են:
Ինչ վերաբերում է իսլամին, ապա այս պարագայում այն չէր կարող լինել միավորող գործոն: Իսլամն իր ստեղծման առաջին իսկ օրվանից երբեք միասնական կրոն չի եղել: Եթե նույնիսկ վերցնենք միայն շիաներին և սունիներին, ապա կտեսնենք, որ նրանց մեջ անհաղթահարելի արմատական գաղափարական տարաձայնություններ կան: Հաշվի առնելով այդ տարաձայնությունները` անհնար է պատկերացնել նրանց միավորումը: Սակայն եկեք մի պահ անտեսենք իրականությունը և տեսականորեն պատկերացնենք, որ շիաները և սունիները միավորվում են միասնական գաղափարների շուրջ: Այս միավորումը հնարավոր է միայն երկու ճանապարհով: Առաջինը` շիաները ընդունում են սունիների առավելությունը, կամ` ընդհակառակը: Երկրորդ հնարավոր տարբերակը իսլամում բոլոր մուսուլմաններին միավորող մի նոր ուղղության ստեղծումն է: Հաշվի առնելով շիիզմի և սուննիզմի գաղափարական հիմքերը և անցած պատմական ուղին` այս երկու տարբերակներն էլ գրեթե անհնարին են:
Գուցե ալ-Մութանաբբին ինքն էլ գիտակցում էր իր տեսության անիրագործելի լինելը: Նրա արտահայտած որոշակի մտքերից կարելի է նմանատիպ ենթադրություններ անել: Օրինակ բանաստեղծություններից մեկում նա իրեն համեմատում է Ղուրանում հիշատակվող առասպելական Սալեհ մարգարեի հետ6:
Ինչպես տեսանք ալ-Մութանաբբին առաջարկեց վերականգնել խալիֆայության հզորությունը հենվելով արաբական էթնոսի և իսլամի վրա: Բայց բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նրա տեսությունը գործնական կիրառություն չէր կարող ունենալ:
1. Hitti. Ph. A history of the Arabs. London 1946 p. 301-306
2. Фильштинский И. М. История арабской литературы X – XVIII века, М., 1991, с. 26-86
3. Աբու ալ-Աբբաս` Աբասյան դինաստիայի հիմնադիր
4. Киктев М. С., Абу-т-Тайиб ал- Мутанабби (915-965) в средневековых арабских источниках. Литература Востока. 1965, с. 40-53.
5. Hitti Ph. նշվ. աշխ., p. 457
6. Ղուրան 7/71-77
Recent Comments