Այս բլոգի մասին

Filed under: Arevelk.info — Tags: — khachikgevorgyan @ 7:38 pm January 8, 2010

Հարգելի ուսանողներ ու դասախոսներ, արևելագետներ ու ոչ արևելեգատներ։ Ուրախ եմ, որ շնորհիվ «Նեոմեդիա» նախագծի ու «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիաիայի» գործում է www.arevelk.info բլոգը։ Սույն բլոգն ունի մի քանի նպատակ։ Փորձեմ շարադրել դրանցից յուրաքանչյուրը։
1. Իսլամական ավանդույթում իր տեսակի մեջ եզակի մի հիմնադրույթ կա, որն արաբերենով կոչվում է «الأمر بالمعروف والنهي عن المنك», իսկ պարսկերենով՝ «امر به معروف و نهی از منکر»։ Անգլերեն այս հիմնադրույթը թարգմանվում է որպես «Commanding Right and Forbidding Wrong», իսկ հայերեն այն հավանաբար կթարգմանվի որպես «բարու (լավի) խրախուսում ու չարի (վատի) կանխարգելում»։ Այս բլոգը նպատակ ունի քննարկել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բոլոր լավ ու վատ կողմերը։ Պետք է խրախուսվեն բոլոր լավ ու ճիշտ նախաձեռնությունները և քննադատվեն սխալներն ու թերացումները։
2. «Արևելագիտությունն ապրելակերպ է»։ Շատ արևելագետներ կփաստեն սա, ոմանք էլ կհակադրվեն։ Բայց դե ընդունված խոսք է, ասում ենք։ Սակայն առաջին հերթին չպետք է մոռանալ, որ «արևելագիտությունը գիտություն է»։ Հետևաբար այս բլոգի նպատակներից է ընթերցողին ներկայացնել արևելագիտությունը որպես գիտություն, արևելագիտության ձեռքբերումները, նոր պարբերականներն ու գրքերը։ Յուրաքանչյուր ուսանող ու դասախոս կարող է այստեղ գրել իր գիտական հետաքրքրությունների մասին և արծարծել արևելագիտական թեմաներ։
3. «Ex oriente lux» մեկ այլ՝ արևելագիտության հետ կապ ունեցող, արևելագետների կողմից սիրված ասույթ է, որ նշանակում է «Արևելքից է լույսը»։ Այս բլոգի նպատակներից է նաև արծածել մերձավոր արևելյան, իսլամական երկրների պատմությունը, գրականությունը, քաղաքական իրավիճակը, ազգագրությունը և այլն։
4. Վերադառնալով երկրորդ կետին ու փաստելով, որ «Արևելագիտությունն ապրելակերպ է», պետք է նաև եզրակացնել, որ արևելագետներն ունեն պատմելու բան սեփական կյանքից, որ ֆակուլտետում կա անցուդարձ, հետաքրքիր դեպքեր ու պատահարներ, որոնց մասին կարելի է գրել այստեղ։

Դեռ այսքանը։

Հարգանքով,
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս
Խաչիկ Գևորգյան

Armwebs.com Armwebs.com