Տեղանունների նույնանունությունը չի խոսում դրանց նույնականության մասին
Ūjān – տեղանուն Իրանի Թեհրան, Սավե, Ղազվին, Բիրջենդ շահրեստաններում և Հայաստանի Արագածոտնի մարզում։ Սակայն Իրանի և Հայաստանի «Ուջանների» նույնանունությունը չի խոսում դրանց նույնականության մասին։ Դրանք ծագումնաբանական ու իմաստային առումով միանգամայն տարբեր են։
Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Ուջանի մշտական բնակչությունը՝ 2758, իսկ առկա բնակչությունը 2510 հոգի է: Բնականունը վկայվել է Վժան, Ուժժան ձևերով և մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հիշատակվում է Հովհ. Դրաստխանակերտցու մոտ (10 –րդ դար): Հայերեն «Վժանը», ըստ երևույթին, հանգում է միջին իրանական Vēžān ձևին. հայերենում շեշտակիր դիրքում -ē- (հյ. –է–) դառնում է –ի– (հմմտ. սէր–սիրոյ), ինչի հետևանքով այն փոխակերպվել է Վիժան –ի, որն էլ ավելի ուշ՝ Վժան–ի։ Միջին իրանական (պարթևերեն կամ միջին մարական) vēž- ձևը < հին իրանական *waij- «թափել, հոսել» արմատից է, որից հայերենում ունենք նաև վիժել բառը։ Ժամանակակից Ուջանը «Վժան» ձևի զարգացման արդյունք է։ Տեղանունը, ըստ ամենայնի, կապված է տեղանքում «գահվիժող, ուժեղ թափվող ջրի» գոյության հետ։
Իսկ ինչպե՞ս է մեկնաբանվում Իրանի Ūjān տեղանունը։ Այս տեղանվան հիմքում ընկած է ūjā- «ծփի» բուսանունը, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ վերոնշված տեղանքներում այդ ծառատեսակը առատ է։




Recent Comments