Իրանն իմ աչքերով
Ողջույն սիրելի ընթերցող: Կփորձեմ շատ համառոտ ներկայացնել իմ տպավորությունները ԻԻՀ մասին: Թերևս տեղյակ կլինեք, որ Իրանի Մշակույթի կենտրոնն ամեն տարի տարբեր ծրագրեր է կազմակերպում, որի միջոցով շատ ուսանողներ հնարավորություն են ունենում գնալ Իրան: Նախապես ասեմ, որ ծրագրերի հիմնական նպատակը լեզվի կատարելագործումը և իրանական մշակույթին առավել մոտիկից ծանոթանալն է: Ընդհանրապես կան մեկամսյա և եռամսյա կուրսեր, վերջինս նախատեսված է ասպիրանտների համար: Այս տարի եռամսյա կուրսեր չեն կազմակերպվել, հիշյալ ծրագրի ժամկետը նվազեցված էր (45 օր): Ինքս մասնակցել եմ հենց այս ծրագրին: Նախ ասեմ, թե ինչպես կարելի է մասնակցել. ամեն տարի ամռանը կամ տարվա սկզբին հարկավոր է դիմել Մշակույթի կենտրոն, ներկայացնել անձնագիր և մեկ նկար: Իրենք ձեզ կտան բլանկ, որում անձնական տվյալներից զատ հարկավոր է գրել նաև թեզի կամ դիպլոմային աշխատանքի թեման, ինչպես նաև ձեր հոդվածների վերնագրերը, եթե, իհարկե, տպագրված հոդվածներ ունեք: Իսկ բլանկի վերջում, նախապես ձեզ զգուշացվում է. : Սա շատ կարևոր է, որովհետև ինքս էլ բազմիցս դիմել եմ, բայց անընդհատ մերժում էին: Այս անգամ բախտն որոշել էր ժպտալ:
Ընդհանուր առմամբ ծրագիրն ինձ բավական դուր եկավ: Երևանից գնացել եմ նոյեմբերի 27-ին ավտոբուսով. մոտավորապես 22 ժամում հասել եմ Թեհրան, իհարկե, ասեմ, որ սա հաստատված ժամ չէ. շատ դեպքերում սահմանում շատ են պահում, օրինակ վերադառնալիս 28 ժամում են հասել: Հայաստանից ինձանից բացի ևս երկու հոգի էին մասնակցում, Հայկ Նազարյանը և Գոհար Միքայելյանը: Մեզանից բացի ծրագրին մասնակցում էին երկու պակիստանցի, մի քենիացի ու չինացի: Մենք մնում էինք Թեհրանի հյուսիս-արևմուտքում` Վելենջակում` Շահիդ Բեհեշթի համալսարանի հանրակացարանում: Տեղին է նշել, որ սա Իրանի հնագույն համալսարաններից է, իր նշանակությամբ Թեհրանի համալսարանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Համալսարանը և հանրակացարանը շատ մոտ էին, ընդ որում, կային հատուկ ուսանողական ավտոբուսներ, որոնցով հանրակացարանում բնակվող ուսանողները հանգիստ կարողանում էին գնալ համալսարան: Ասեմ, որ հանրակացարանի պայմանները բավական լավն էին, այստեղ` համակարգիչների սրահում տարբեր մարդկանց հետ էինք ծանոթանում. մի անգամ քուրդ ամուսինների հետ ծանոթացանք, որոնց հետ մի քանի ժամ բանավիճել եմ ու փորձել բացատրել, թե ինչ է նշանակում տերմինը, թե ինչ պետք է հասկանալ և ասելով:
Ասեմ, որ առանձին լեզվի դասեր չկային. յուրաքանչյուրս ուներ իր ղեկավարը և աշխատում էր իր թեմայի վրա: Սկզբում շատ էի անհանգստանում, որ հատուկ դասեր չկան, բայց հետո հասկացա, որ այդ էլ իր դրական կողմերն ունի, առաջին հերթին ժամանակի առումով: Թվում է` 45 օրը շատ է, բայց այդպես չէ. սկզբի, երևի թե, մեկ ամիսը հիմնականում կենտրոնացված էի թեմայիս վրա, այդ ընթացքում փորձել եմ հնարավորինս շատ աղբյուներ հավաքել: Մեզ հնարավորություն էին տվել Շահիդ Բեհեշթիի համալսարանի գրադարանից օգտվել, հարկ եղած դեպքում պատճենել, ընդ որում, յուրաքանչյուրս կարող էր 500 էջ անվճար պատճենել: Ի լրումն սրա` ծրագիրը մեզ հնարավորություն էր տվել օգտվել Թեհրանի համալսարանի գրադարանից: Ամեն անգամ իրենց գրադարանները գնալուց հետո, մեծագույն ցավ էի ապրում ու շատ էի տխրում, որովհետև պայմանները չափազանց լավն էին, էլ չեմ ասում ծով գրականության մասին: Իսկ ամենակարևորն իրենց Ազգային գրադարանն էր, ասեմ, որ սրտիս մի մասը թողել եմ հենց այստեղ. հսկայական մեծության գրադարան, փոքրիկ ավազաններ, հիանալի կանաչ, լույսեր, էլ չասեմ սրահների մաքրության, լռության ու լուսավորության մասին… Գրքերն էլ ամբողջովին թվայնացված էին, ցանկացած գիրք հնարավոր էր պատվիրել և 15-20 րոպեի ընթացքում սրահից ստանալ, չգիտեմ, մենք երբ կհասնենք այս մակարդակին…Ասեմ, որ այստեղ ծանոթացանք Ազգային գրադարանի միջազգային վարչության պետի` Համեդ Յարիի հետ, որի օգնությամբ Ազգային գրադարանի անդամ եմ դարձել, ընդ որում, գրադարանի տոմսով կարող եմ օգտվել 2 տարի, հետագայում հնարավոր է երկարացնել: Գրադարանից հետո մի քանի օր խելքի չէի գալիս. մեզ մոտ գրքից օգտվելու, գրքին նշանակություն տալու կուլտուրան, ցավոք, բացակայում է…
Չմոռանամ ասել, որ Թեհրանում եղած ժամանակ եղանք նաև հայկական դեսպանատանը, հանդիպեցինք բոլորիս կողմից շատ սիրելի մեր դեսպանին` հարգարժան Գրիգոր Առաքելյանին: Այդ օրերին եղանք նաև Արարատում: Հասցրեցինք օգտվել նաև իրենց մետրոյից, որը բավական գեղեցիկ էր, ընդ որում, կայաններն հիմնականում անվանված էին բանաստեղծների անուններով: Մի օր որոշեցինք գնալ Շահր-է Ռեյ` գնումների, քանի որ կենտրոնից շատ հեռու էր, մետրոյով գնացինք, պետք է նշեմ, որ այդ օրը մետրոն, ի զարմանս մեզ, անվճար էր: Պատճառը Էնղելաբ փողոցում կազմակերպված ցույցն էր. մարդկանց հսկայական ամբոխը շարժվում էր Էնղելաբ…
Թեհրանում եղած շրջանը համընկավ մոհարրամ ամսի հետ: Մի անգամ մեր պակիստանցի ընկերներն որոշեցին դուրս գալ փողոց ու նկարել փողոցով անցնող ողբացող խմբին: Արդյունքում, մեր բռնել և որպես որոշել էին տանել ոստիկանության բաժին, որպեսզի տեսնեն, թե առհասարակ ինչ են նկարել: Երկար խոսակցություններից ու լաց ու կոծից հետո մեր պատասխանատուն համոզեց, որ իրենք պարզապես ուսանողներ են ու հետաքրքրության համար են նկարել…
Նոր տարին էլ Թեհրանում դիմավորեցինք, ճիշտն ասած նախապես զանգահարել էինք թերթի խմբագրություն, որ Նոր տարուն միանանք հայերին: Բայց այդպես էլ ոչ մի տեղ չգնացինք, մեր սենյակում դիմավորեցինք, բայց շատ լավ անցավ. ուրախ տրամադրություն, իրանական քաղցրավենիքներ, Պակիստանից բերված կաթով թեյ, հայկական պար… Իսկ ամենակարևորը լավ տրամադրվածությունն էր. բոլոր բացասական լիցքերը, տխուր մտքերը մի գեղեցիկ տուփի մեջ էի փաթեթավորել ու որպես նվեր` թողել 2009 թվականին:
Հունվարի 5-ին մեր պաշտպանությունն էր, ասել էին, թե պետք է մոտ 20 րոպե ելույթ ունենանք, ներկայացնենք մեր թեման: Պետք է ասեմ, որ բավական հաջող անցավ պաշտպանությունը: Վերջում մեզ դիպլոմ ու որոշ նվերներ տվեցին:
Հաջորդ օրը մեզ տարան Քաշան, Սպահան, Ղոմ: Հատկապես, այս վերջին շրջագայությունները շատ լավ անցան, ճիշտ է, այդ օրերին շատ քիչ էինք քնում, բայց ամեն ինչ այնքան լավ էր անցնում, որ ընդհանրապես հոգնածություն չէինք զգում: Մինչ Քաշան գնալն եղանք Էմամ Խոմեյնու դամբարանում: Քաշանի ճանապարհին եղանք մի փոքր, բայց շատ գեղեցիկ քաղաքում` Նիասարում, որը ժամանակին գյուղ է եղել, հետո վերածվել քաղաքի, եղանք նաև Աբիանե գյուղում, որը չափազանց հետաքրքիր էր. նախ ամբողջ գյուղի տները կարմիր քարերից ու փայտերից էին կառուցված, ապա գյուղը ցանկացած կողմից ելք ուներ. մեզ ասացին, որ գյուղը մտածված են այդպես կառուցել, որ օտար մարդիկ չկորեն: Պետք է ասեմ, որ բոլոր տների դռների վրա երկու տեսակ թակիչ կար, տղամարդկանց ու կանանց համար. մենք սկզբում բավական զարմացանք այդ երևույթի վրա, ինքներս էլ թակեցինք ու նկատեցինք, որ տղամարդկանց թակիչներն ավելի ուժեղ ձայն ունեն: Այս կերպ տան բնակիչները հասկանում են, թե դուռը ծեծողը տղամարդ է, թե` կին:
Մի խոսքով, երեկոյան, ի վերջո, հասանք Սպահան. Սիոսեփոլը լողում էր լույսի ծովում. այդ պատկերն անդարձ գամվել է հիշողությանս մեջ… շատ գեղեցիկ էր, շատ տպավորիչ… Սպահանը շատ հավանեցի` կարծես ամբողջ Արևելքն ամփոփված է այս քաղաքում… Գիշերեցինք Սպահանի համալսարանի հյուրանոցում: Հաջորդ օրը շրջեցինք Սպահանում, եղանք նաև հայկական եկեղեցում: Սպահանից հետո շարժվեցինք Ղոմ, որտեղ եղանք Էմամ Ռեզայի քրոջ` Մասումեի դամբարանում, որն էլ իր փայլով ու ճոխությամբ ամբողջականացրեց բոլոր տպավորությունները: Կանայք, խելագարի նման լացելով ու ողբալով, մտնում էին ներս, մենք էլ ստիպված եղանք այստեղ չադրա հագնել, քանի որ միայն գլխաշորով թույլ չէին տալիս ներս մտնել:
Երեկոյան շատ ուշ Թեհրան հասանք ու առավոտյան ճամփա ընկանք: Հիմա կմտածեք` Իրանում ամեն ինչ կատարյալ էր, ու ոչ մի դժգոհելու առիթ չկար… Իհարկե, այդպես չէ, բայց զուտ կենցաղային մակարդակի խնդիրները ցանկացած տեղում էլ կան: Պարզապես կարծում եմ, որ երևույթներին հարկավոր է այլ հայացքով նայել. հարկավոր է ամենուր փնտրել ու տեսնել ամենալավը, վերցնել այն ինչ օգտակար է մասնագետի համար ու շարժվել առաջ` հոգու խորքում պահելով լավագույն հիշողությունները….
Recent Comments