Avis Azdagir

‹‹Էս էլ մեր անկախ Հայաստանը››

Filed under: Independent Armenia — Tags: — chokko @ 8:44 pm September 23, 2008

‹‹Էս էլ մեր անկախ Հայաստանը››

 

- Էս խի՞ սենց եղավ, Արմեն ջան: Ե՞րբ ա պրծնելու էս ամեն ինչը: Ե՞րբ ենք մի օր հանգիստ քնելու, տուն գնալու, մեր երեխեքին, կանանց տեսնելու: Դու չես հոգնե՞լ էս պատերազմից, կռիվներից, զոհերից…

- Գևո՛րգ, ախպե՛ր, դիմացի՛ր: Բան չմնաց: Մի քանի օրից էս կռիվն էլ կպրծնի, մենք էլ տուն կգնանք ու մի մեծ սեղանի շուրջ կնշենք մեր ազգի հաղթանակը: Ի՜նչ քեֆ ենք անելու: Մենակ թե, պիտի պրծցնենք            էս ամեն ինչը, մենք մեր երեխեքին կռիվ չպիտի ժառանգենք: Պիտի մեր անկախությունը պահենք, պիտի մեր երեխեքը անկախ երկրում ապրեն, մեծանան: Բայց մե՛նք պիտի վաստակենք մեր անկախությունը, Գևո՛րգ, ոչ թե մեզ ուրիշները նվիրեն կամ շպրտեն մեզ վրա ոչ մի բանի պետք չեկող անկախություն ու հետո երբ ուզեն, մեզնից խլեն այն: Մե՛նք պիտի հասնենք լիարժեք անկախության ու այն ժառանգենք մեր սերունդներին: Բա էսքան տղերք իզուր զոհվեցի՞ն , ախպե՛ր. Համոն, Հովոն, Սերոբը, Գագոն, Պուճուրը, Կյաժը, Դևը, Միսաքը, Ասկոլկան… ո՞ր մեկի անունը տամ: Ամեն մեկը իրանց ընտանիքի ճրագն էր: Պիտի հաղթենք, Գեվ ջան, ուրիշ տարբերակ չկա: Վե՛ր կաց, էդ ոչխար թուրքերը երևի էլի սովածացան, հաց են ուտում, ինչքան ժամանակ ա կրակոց չկա: Արի մենք էլ գնանք միանանք մեր ջոկատին, մի քիչ շունչ քաշենք:

1991 թ. սեպտեմբերի 15: Հայաստանի սահմանամերձ Սրաշեն գյուղը վաղ առավոտից ադրբեջանական ռազմական ուժերի թիրախն է դարձել: Հինգ ժամ անընդհատ թշնամին կատաղի կրակ էր բացել հայերի պաշտպանական դիրքերի վրա, հրետակոծում էին գյուղը, ավերակների վերածում տները: Զոհեր կան: Բայց մեր տղաները դիմանում են…առայժմ: Թիկունքից օգնություն չկա: Սրաշենի մոտակա անտառում 25 հոգուց բաղկացած ջոկատը հավաքվել է և որոշում է իր անելիքը.

- Հակո՛բ, վիրավորները ո՞նց են,- հետաքրքրվում է ջոկատի հրամանատար Կառլեն Ստեփանյանը, ով միակ պրոֆեսիոնալ զինվորն է ամբողջ ջոկատում, կռվել է նաև Աֆղանստանում:

- Վտանգ չկա, կապրեն,- պատասխանում է Հակոբը` ջոկատի բժիշկը. Երևանի բժշկական համալսարանն է ավարտել:  

- Տղե՛րք, բա Արմենն ու Գևորգն ու՞ր են,- շուրջը նայելով զինվորներին հարցրեց հրամանատարը:

- Մի կես ժամ առաջ մեզ հետ էին,- պատասխանեց Միրիկը,- բայց հետո իջան դեպի գետը, ասացին կարողա էնտեղից թուրքերը մտնեն գյուղ… Հե՜նա, եկան..սաղ սալամաթ են: Նենց էլ քայլում են, ոնց որ գնացել են Բաքուն գրավել, եկել:

- Լավ ա… փաստորեն ոչ մի զոհ չունենք, երկու հոգի վիրավոր են,- ասաց բժիշկը ու նայեց հրամանատարին, որը ժպտաց ու ասաց.

- Դե, տղերք, եկեք, հավաքվեք, մի կտոր բան ուտենք:

Այդ պահին սկսեց աղմկել ռացիան. ոչինչ չէր հասկացվում: Հոպարը, որի իսկական անունը Միշա էր, կարգավորեց ռացիայի հաճախականությունը: Գծի վրա մի ադրբեջանցի էր: Ազերին պահանջում է էրմենի մեկին` խոսել իր հետ: Առայժմ միայն հայհոյում էր:

- Տուր մի ինձ, տեսնեմ ինչ ա ասում էդ շիլ ընգածը,- նստած տեղից Հոպարին դիմեց ջոկատի ամենաավագ զինվորը` հիսունութամյա Ղարաբաղցին.

- Լսում եմ, խոսի՛ր,- ասաց ադրբեջաներեն:

- Էրմենի՛, ի՞նչ ես նապաստակի նման թաքնվել անտառում: Իմացի՛ր, շուտով կլինենք Սրաշենում, ձեր աղջիկները մերը կլինեն, քեզ էլ հենց էդ անտառում թաղելու եմ:

- Козел несчастный, мать твою…

- Սպասի՛ր, համբերի՛ր, քեզ մորթելու եմ:

- Դժվար գործ է:

- Տեղդ ասա՛:

- Արջի անտառում եմ, գիտե՞ս Արջի անտառը:

- Գիտեմ, աչքիս առաջ է, մեր տարածքներն են:

- Հետո՞:

-Հետո էն, որ դուք էս պատերազմում պարտվելու էք, թեկուզ ռուսները ձեզ են օգնում: Դուք բութ եք: Դուք գիտեք, թե որ անկախ եք, կարաք ում հետ ուզեք կռվեք: Դուք անկախ չեք, դուք ռուսների ճորտն եք ու միշտ էլ տենց եք մնալու: Ռուսները ձեզ օգնում են, բայց հետո, երբ, որ էս ամեն ինչը ավարտվի, ձեզ կովի նման կթելու են: Դուք ոչինչ չունեք. հաց չունեք, զենք չունեք, բենզին չունեք: Դուք ախր շաքար էլ չունեք: Եվ կարելի՞ է իմանալ, թե ուր եք գնում տենց դատարկ գրպաններով: Դեպի կործանու՞մ:

Ձեզ երբեք ոչ մի երկիր չի հարգի, որովհետև դուք ոչինչ չունեք, ձեզ միշտ օգտագործելու են ու դեն նետեն: Իսկ մենք, նավթ ունենք, հասկանու՞մ ես, սև ոսկի… չէ՜, դա քո խելքի բանը չի: Մենք մեր նավթը ոնց ուզենք, կօգտագործենք, զենք կառնենք ու կգանք ձեր վերջը կտանք:

- Հա, ճիշտ ես: Մենք ոչինչ չունենք: Բայց հաղթելու ենք, որովհետև դուք թույլ եք: Դուք զենք ունեք, բայց չգիտեք ինչպես օգտագործել:

- Էրմենի՛, գալիս եմ մոտդ, ի՞նչ բերեմ,- հարցրեց ազերին մի փոքր դադարից հետո:

- 20 լիտր բենզին, չմոռանա՛ս:

- Նայիր ժամացույցին: Մինչև տասը րոպե գալիս եմ: Կրկնում եմ, մինչև տասը րոպե:

Նայեցին ժամացույցին:  Սպասեցին: Ինչ-որ բան կռահեցին: Ուղիղ յոթ րոպե հետո անթիվ քանակությամբ հրթիռներ պայթեցին Արջի անտառի գլխին: Ծխի ու փոշու ամպը ծածկեց անտառը: Տիրեց լռություն:

Նորից ռադիոկապ հաստատվեց, ազերին էր.

- Հը՞, ո՞նց էր: Ճիշտ է՞ր:

- Լավ էր, բայց դեռ այստեղ եմ:

- Տեսա՞ք ինչ արեցին,- շորերից փոշին մաքրելով` ասաց հրամանատարը:

- Շատ ճարտար լեզու ուներ տնաշենը,- քմծիծաղելով ասաց Հոպարը:

- Բայց մի երկու ճիշտ բան էլ ասաց,- ատամները կրճտացնելով վրա բերեց Գևորգը: - Մենք կյանքում լիարժեք անկախ չենք լինի:

- Բայց մենք անկախության համար ե՞նք կռվում,- զարմացած հայացքով նայելով զինվորներին` հարցրեց Միրիկը: - Մենք սենց էլ անկախ ենք: Հիմա կռվում ենք, որ Ղարաբաղն էլ անկախ լինի:

- Տո՛ , ի՞նչն ես անկախ է,- զայրացավ Գևորգը,- ռուսը, հանկարծ ձեռքը գլխներիցս քաշի` կորած ենք: Էդ ա՞ մեր անկախությունը: Տենց անկախություն չի լինում: Շան որդի թուրքը ճիշտ էր ասում:

- Հա, բայց իրանք էլ չեն անկախ,- ասաց բժիշկը` կարծես թե ուրախացած: - Իրանք էլ Ամերիկայի ճորտն են:

- Իրանց պրոբլեմը քեզ չեն տվել,- վեր կացավ նստած տեղից հրամանատարը և դիմեց տղաներին: - Անկախ ենք, թե չէ` պիտի պաշտպանենք մեր հայրենիքը: Եկեք որոշենք տեսնենք ոնց ենք դիմադրում էս թուրքերին: Էդ թիկունքից խի՞ չեն օգնում է, չհասկացա: Հո քարով չենք կռվելու: Զենք ա պետք:

- Ասում են Երևանից բարձրաստիճան զինվորականների խումբ ա եկել: Բոլորով գնացել են եղնիկի միս ուտելու: Թիկունքում մարդ չկա,- ասաց Ղարաբաղցին: Վերջում հայհոյեց ինչ-որ մեկին:

Հանկարծ նորից սկսեց աղմկել ռացիան: Այս անգամ պատահականորեն միացել էր ռադիոն` Երևանի ռադիոն. ‹‹ Սիրելի երևանցիներ, սիրով հայտնում ենք, որ Երևան-Անթալիա չվերթի տոմսերը էժանացել են 10 %-ով››: Նորից խախտվեց ռադիոկապը…

- էս էլ ձեր անկախ Հայաստանի անկախ մայրաքաղաքը: Մեր վիճակին նայեք, իրանց հավեսին…և ինչի՞համար ենք կռվում: Որ գնան Անթալիա՞,- ձեռքը թափահարելով` հիասթափված ասաց Գևորգը և գնաց ջուր խմելու:

1991 թ. սեպտեմբերի 21:

Սրաշենում քանի օր է զինադադար է: Գյուղում իր գործունեությունն է շարունակում ‹‹Կովսական›› կոլեկտիվը: Մի քանի հարյուր կիլոգրամ պանիր է արտադրվել: Բայց արի ու տես, որ արտադրողն իրավունք չունի այն գնելու: Այսպես է որոշել կոլեկտիվի վարչությունը. դրված են առասպելական գներ, ուստի պանիրը գնեցին նոր Հաճնից ժամանած ադամանդագործները:

Կոլեկտիվի պանիր արտադրողները զարմացած են.

- Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ անկախ Հայաստան: Մենք արտադրում ենք, բայց ոչ կարող ենք գնել, ոչ էլ մեզ տալիս են,- ձեռները ծնկներին խփելով հարևան Նինային  պատմում է Մանյան:

- Հա, աղչի, Մանյա, ասիր անկախ Հայաստան, հիշեցի: Էսօր էն հանրաքվեն ա:

- Ի՞նչ հանրաքվե:

- Դե էն, որ պիտի ասենք ‹‹այո›› կամ ‹‹ոչ›› անկախությանը:

- Դե ախր անիմաստ չի՞ էս հանրաքվեն: Եղած, չեղած: Օգոստոսից հետո ԽՍՀՄ չկա: Էս ‹‹այո››-ն ու ‹‹ոչ››-ը ինչի՞ համար ա: Ասենք, թե ասացինք ‹‹ոչ››: Ո՞վ ա գալու մեզ պահի: Էլ ԽՍՀՄ չկա, եթիմ ենք մնացել, պիտի մենք մեր գլուխը պահենք: Պարզ չի՞, որ անկախ ենք լինելու: Բայց թե Էս անկախությունը ինչ ա տալու մեզ, Աստված գիտի:

- Դե առայժմ լավ բան չի տվել: Մենակ կռիվ ենք տեսել, զոհեր… ապրանքների գների բարձրացում: Կյանքը դժվարացել ա, ինչ անկախ ենք դարձել:

- Աղչի, ասում են հետո լավ ա լինելու: Դիմացիր:

- Վախենամ, թե էդ հետոն մինչև գա, ես արդեն մեռած լինեմ: Ես հեչ է, գոնե ծոռներս տեսնեն էդ լավը:

1993 թ. նոյեմբերի վերջ:

Ավարտվում է պատերազմը: Ազերիները հեռանում են հայկական տարածքներից: Հսկայական անմարդաբնակ տարածքներ են առաջանում նորանկախ Հայաստանի կազմում: Գալիս են նոր բնակիչներ: Գալիս են բեռնատարներով, բնակություն են հաստատում ՀՀ-ում: Սկսվում է նոր պատերազմ` հայերի մեջ. Թալան:

- Անկախ Հայաստանը իր հետ մի բարիք չբերեց: Սովետի ժամանակ բոլորս հավասար էինք: Նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ դեռ չէինք զգում անկախության համը, հավասար էինք: Թալանի ժամանակ բաժան-բաժան եղանք: Լավ ժամանակներ չեն գալիս: Ընդհանրապես, սխալ էր էս անկախությունը: Բայց էս թալանը մեր կյանքը ուղիղ մի տարի վեց ամիս երկարացնելու է,- իր հաշվարկներով մոլորված` փիլիսոփայում է դերձակ Աշոտը: Հետո մեղմացնում է,- Բա պիտի բերենք, որ ավերածն ու վառածը վերականգնենք: Ուրեմն` թալան չէ, տեղափոխություն է:

Հատվում են անտառներն ու այգիները, Սոսյաց անտառը հաշմանդամ է դառնում,  տապալվում են սրբազան ծառերը, սոսիների ճերմակ իրանները հայտնվում են հզոր բեռնատարների թափքերում… դեպի Երևան:

2005 թ.: Սրաշեն:

- էս էլ մեր անկախ Հայաստանը,- մահճակալում պառկած արցունքները սրբելով ասում է իննսուներեքամյա Մանյան: - Փաստորեն խեղճ Նինան ճիշտ էր գուշակել… լավը ոչ ինքը տեսավ, ոչ իրա երեխեքը, ոչ թոռները, ոչ էլ ծոռները: Երկու տղա ունեի: Մեկը պատերազմում զոհվեց, մյուսն էլ պատերազմից հետո գնաց Ռուսաստան, էնտեղ մահացավ: Թոռներս Ռուսաստանում են: Հարևաններս են ինձ պահում: Ասում էին լավ է լինելու: Բայց…ուր է, թե… պարզվեց, մի քանի հոգու համար էդ լավը եղավ, ոչ թե ամբողջ ժողովրդի: Դե ես էսօր կամ, վաղը չկամ: Ուղղակի կուզեմ, որ ամեն ինչ լավ լինի, էս ժողովուրդն էլ չի դիմանում:

 

Նյութում ներկայացված յուրաքանչյուր դրվագ իրականություն է: Որոշ հերոսների անուններ տարբեր պատճառներով փոփոխված են, հերոսների խոսքերը օգտագործված են առանց փոփոխությունների: