ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Հայ Առաքելական եկեղեցու կարեւորագույն տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը։ Ամբողջ աշխարհում Հայաստանյանց առաքելական եկեղեցու բոլոր տաճարներում այդ օրը հնչում են զանգերը: Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Մեր հոգիներն այսօր ցնծում են Սուրբ Ծննդյան ավետիսով եւ լի են օրհներգությամբ՝ ընդունելու խանձարուրով փաթաթված եւ մսուրի մեջ դրված մանկանը, որ ծնվեց Բեթղեհեմում։ Աստծո որդին է, որ մարմնացավ, խոստացյալ Փրկիչն է, որ աշխարհ եկավ։ Եկավ՝ փրկելու մեզ մեղքից, ազատելու չարի իշխանությունից», – Հայրապետական իր խոսքում, մեկնաբանելով Սուրբ Ծննդյան խորհուրդը, ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Կառավարության անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, գիտության եւ մշակույթի գործիչներ։
Առաքելական եկեղեցու կարեւորագույն այս տոնի առթիվ պատարագ են մատուցում նաեւ աշխարհով մեկ սփռված հայկական բոլոր առաքելական եկեղեցիները։
Ծննդյան տոնակատարությունների շարքում (ճրագալույցի Ս. Պատարագ, Ս. Ծննդյան Ս. Պատարագ, Ջրօրհնեքի արարողություն) կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները: Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

Recent Comments