Avis Azdagir

Անկախություն միայն թղթի վրա…

Filed under: Independent Armenia — Tags: — Arman Mikaelyan @ 11:41 pm September 24, 2008

 Անկախություն միայն թղթի վրա…

“Անկախություն միայն թղթի վրա…”. այսպես եմ բնորոշում մեր հանրապետության անկախությունը: Ցավալի է, որ մեր պետությունն այնքան հզոր չէ, որպեսզի կարողանա բացարձակ անկախություն ձեռք բերել: Սա մեծ պետությունների քաղաքականություն է . փոքր պետություններին, ինչպիսին Հայաստանն է, պահել իրենցից կախվածության մեջ: Այս կախումը թույլ չի տալիս կայացնել ցանկալի պետական որոշում այս կամ այն հարցի շուրջ:

Հայերիս համար կա Ռուսաստան, կա Ղարաբաղյան հիմնախնդիր, կա հարևան երկրների կողմից շրջափակում…

Այս և նմանատիպ այլ խնդիրների առկայության պարագայում մեր երկիրը ստիպված է կայացնել ռուսամետ որոշումներ: Ռուսաստանը հզոր երկիր է և մեծ դեր է խաղում մեր տարածաշրջանում առաջացած կոնֆլիկտների լուծման հարցում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից Ռուսաստանին բարեհաճ որոշումներ կայացնելը, կապված օրինակ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հետ, դառնում է պարզապես տրամաբանական և նույնիսկ անխուսափելի: Չէ? որ ունենք այնպիսի հարևան, ինչպիսին Ադրբեջանն է և նրան ամեն վայրկյան օգնելու պատրաստ Ադրբեջանի խորթ մայր համարվող Թուրքիան: Փաստորեն ստացվում է այնպես, որ մենք` հայերս, պետք է մի բան էլ ուրախ լինենք, որ Ռուսաստանի պես հզոր երկրից որոշակի կախում ունենք: Կախված լինել որևէ մի երկրից այդքան էլ մեծ չարիք չէ. աշխարհի բանն է այդպիսին. “Եթե ուժեղ չես, կախված ես ուժեղից”: Սա պարզ տրամաբանություն է: Ստացվում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր երկիրը կարող է կախված լինել Եվրոպայից, եթե իհարկե, վերջինս միասնական է մի հարցի շուրջ:

Վերադառնալով Հայաստանին` արդեն ուրախությամբ նշում եմ`” Անկախություն թղթի վրա, սակայն, այնուամենայնիվ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ”: