Your Truth About Caucasus

“Քարոզչության Անատոմիա” երեկոյան դպրոց

Filed under: Arevelk.info — Tags: — annapambukhchyan @ 12:30 pm September 14, 2010

“Ժառանգ” ՀԿ-ն հերթական անգամ կազմակերպել է “Քարոզչության Անատոմիա” երեկոյան դպրոցը: Ինքս 2008-թվին համանուն ամառային դպրոցի եմ մասնակցել: Խորհուրդ եմ տալիս դիմել: Մի շարք հետաքրքիր բաներ կիմանաք: Կարծում եմ արևելագետի համար առավել ակտուալ թեմաներ են շոշափվելու: Մանրամասներն էլ հետևյալ լինկով.

http://zharang.org/?p=189

Բուշեհրի ատոմակայան

Filed under: Arevelk.info — Tags: — annapambukhchyan @ 12:08 am August 25, 2010

Օգոստոսի 21-ին` անցյալ շաբաթ օրը Բուշեհրի ատոմակայանը վերջապես սկսեց գործել: Անկեղծ ասած, ես ուրախ եմ :)

Ուրախանալու 2 հիմնական պատճառ եմ առաջարկում: Առաջինն այն է, որ վերջապես իրանական և ոչ միայն իրանական մամուլը ստիպված կլինի այլ քննարկելու նյութ գտնել, իսկ երկրորդը` այն, որ այլևս չեմ նյարդայնանա հայկական մամուլում առանց հ-ի գրվող “Բուշեր”-ից:

Նախորոք ներում եմ հայցում համաշխարհային նշանակություն ունեցող նման իրադարձությանը հումորով մոտենալուս համար: Հույս ունեմ, որ հատկապես շատ չեն նեղվի այն անձիք, ովքեր վերջին օրերին տառապում էին “մենք այլևս միակը չենք տարածաշրջանում” հիվանդությամբ: Առաջարկում եմ շատ չտխրել ու փորձել ձերբազատվել միակության կոմպլեքսից, համ էլ միգուցե միակը չենք, բայց առաջինն ենք… ;)

Ձոն արևելա-ռոմանական սպորտաձևերին

Filed under: Arevelk.info — Tags: — annapambukhchyan @ 12:27 am March 19, 2010

PICT0619Արդեն վաղուց ողջ աշխարհին հայտնի է, որ արևելյան ժողովուրդները հանգիստ բնավորություն ունեն, ուշանում են, սիրում են առավոտյան քնել, իսկ մենք` հայերս, եթե նկատել եք, մի այլ առանձնահատկություն ունենք. չենք սիրում սպորտով զնաղվել: ԵՊՀ-ի ղեկավարությունն էլ բնականաբար երկար մտորելուց հետո գիտակցեց, որ հայ արևելագետները էլ ավելի սպորտատյաց կլինեն (մի կողմից ազգությունը, մյուս կողմից էլ մասնագիտությունը կրկնակի ազդեցություն են թողնում` բարենպաստ պայմաններ ստեղծելով արևելագետների օրգանիզմում սպորտատյացության զարգացման համար), և, բնականաբար, որոշեց միջոցներ ձեռնարկել: Երկարատև և թեժ խորհրդատվություններից հետո որոշվեց, որ անհրաժեշտ է նախ և առաջ պայմաններ ստեղծել ուսանողների համար: Քանի որ շենքում ազատ դահլիճ չկար (սկզբում դիտարկվում էր Ֆիրդուսու անվան դահլիճը վերափոխել մարզադահլիճի, բայց կենտրոնական մասնաշենքի լուսավոր ուղեղներից մեկը հիշեց, որ Ֆիրդուսին մեծ բանաստեղծ է եղել, և ճիշտ չի լինի նրա անունով մարզադահլիճ հիմնել: Բացի այդ էլ, ոչ ոք չկարողացավ հիշել, թե ինչ սպորտաձևով էր զբաղվել Ֆիրդուսին, և այդ տարբերակը դուրս մղվեց հետագա քննարկումների շրջանակից), որոշվեց մարզաձողեր տեղադրել առաջին հարկի միջանցքում: Դա բավականին խելացի որոշում էր, քանի որ հեռու գնալ պետք չէր, միանգամից առաջին հարկում կարելի էր օգտվել այդ հարմարություններից, թե չէ մեկ էլ 2-3 հարկ պետք էր լինելու բարձրանալ…

Մի խոսքով ԵՊՀ-ի անհայտ, սակայն` խելացի, բարերարների ջանքերով արևելագետներն էլ մարզվելու համար համապատասխան պայմանների արժանացան:

Իսկ վերջում` հռետորիկ հարց :) Մի՞թե ես սխալ եմ հասկացել նկարում պատկերված ձողերի նշանակությունը: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հաշվի առնել, որ դրանք բոլորովին էլ չեն արգելում ամեն տեսակի օտար-անծանոթ դասախանգարիչ անձանց ներթափանցմանը :)

Խախտելով ավանդույթները

Filed under: Arevelk.info — Tags: — annapambukhchyan @ 12:34 am February 13, 2010

PICT0617PICT0618PICT0616Պետք չի վախենալ :) :

Այս լուսանկարները բոլորովին էլ երկրորդ համաշխարհային պատերազմի համակենտրոնացման ճամբարներին չեն նվիրված: Վստահ եմ, որ նկարներին նայելուց հետո առաջին միտքն այն էր, որ նորից բողոքելու եմ :) : Այդուհանդերձ, այս անգամ խախտում եմ ավանդույթներն ու դրական նորությունների անդրադառնում :D

Արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքը նորոգում են: Եվ չնայած, ինչպես հայտնում են Արևելագիտության ֆակուլտետի միջանցքներում թափառող շշուկները, վերանորոգումը սկսել են վերևից, այսինքն Ռոմանոյից, նույնիսկ այդ հանգամանքը (ի դեպ, սա առաջին դեպքը չի խտրականության :) ))) չի խամրեցնում այն ուրախությունը, որ վերջապես նորմալ վերանորոգված շենքում ենք դաս անելու, իսկ ավելի ճիշտ անելու եք :) :  Չնայած, եթե արագ վերանորոգեն, հնարավոր է, որ մեր սերունդն էլ ականատես լինի մաքուր, գեղեցիկ ու վերանորոգված Արևելագիտության մասնաշենքի:

Երկար-բարակ չեմ գրելու: Պարզապես ուզում էի նշել, որ վերջապես ուրախ նորություններ էլ կան մեր ֆակուլտետում: Շնորհավորում եմ!!!

Ուսանողները գիրք չեն կարդում

Filed under: Arevelk.info — Tags: — annapambukhchyan @ 5:03 pm February 10, 2010

Բազմիցս լսել եմ այս նախադասությունը, թե դասախոսներից, թե պարզապես ծանոթներից, և թե անգամ ուսանողներից: Իրականում կարծում եմ, որ կարդացողը միշտ էլ կարդում է: Սակայն գիրք կարդալն էլ այնքան հեշտ չի: Ավելի ճիշտ հեշտ չի գտնել այն գիրքը, որն ուզում ես կարդալ: Հիմա ձեր գլխում ծագած առաջին միտքը գրադարաններին է վերաբերում, երևի: Ուրեմն եկեք անդրադառնանք գրադարաններին:

Մինչև վերջերս ինձ անընդհատ տանջում էր մի հարց` ինչու ԵՊՀ գրադարանի քարտարանում կան ինձ անհրաժեշտ գրքերը, սակայն ես դրանք ինչքան էլ պատվիրում եմ, միևնույնն է հիմնականում մերժում եմ ստանում: Վերջերս ստացա հարցիս պատասխանը: Ինչպես ՀՀ գրեթե բոլոր բնագավառներում, ԵՊՀ գրադարանում էլ գործում է հանրահայտ ԽԾԲ սկզբունքը: Պարզվում է, որ եթե ԵՊՀ-ի կենտրոնական շենքի ամենաստորին հարկում, փոշու ու կեղտի մեջ, այսինքն` գրապահոցում ԽԾԲ ունենաս, ցանկացած գիրք էլ կստանաս, և անգամ կարևոր չի գրադարանի տոմս ունես թե չէ: Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ Աստված էդ բարիքից (ԽԾԲ-ից, թե չէ տոմս ունեմ :) ) չի տվել:

Հանուն գիտելիք ձեռք բերելու, սակայն, պետք էր առաջ շարժվել, և ես գնացի Ազգային գրադարան: Կարծում եմ մագիստրանտներին ու ասպիրանտներին բախտ է վիճակվել լինել Ազգային գրադարանի նախկին ընդհանուր ընթերցասրահում: Մի ամիս այնտեղ գնալ-գալուց հետո սեղանների պատճառով մաշկային հիվանդությունն անխուսափելի էր, և բնականաբար նորից բախտս չբերեց, ստիպված էի գնալ բժշկի: Սակայն հանուն գիտության ես պատրաստ էի անգամ առողջությունս զոհել, բայց էստեղ էլի բախտս չբերեց: Ազգային գրադարանում վերանորոգում սկսվեց, և ընթերցասրահը տեղափոխվեց ինչ-որ փոքրիկ մի սենյակ, որտեղ գրեթե  երբեք ոչ միայն նստելու տեղ չկա, այլ նաև` շնչելու օդ (չմտածեք թե ես հոռետես եմ, բոլորովին` սկզբում շատ էի ուրախացել, որ ընդհանուր ընթերցասրահը վերջապես կվերանորոգեն, սակայն վերանորոգումը ամիսներ շարունակ ձգձգվեց, վերջին անգամ ամիս ու կես առաջ եմ գնացել, դեռ չէին վերջացրել: Եթե չեմ սխալվում, աշխատանքները սկսվեցին անցած տարի ձմռանը, երևի «եվրոռեմոնտ» են անում :) ):

Շարունակեմ գիտելիք ձեռք բերելու ուղիների մասին ոդիսականս: Կարճ ասած, հասա Գիտությունների Ակադեմիայի գրադարան, որի սպասարկման որակից ու ընթերցասրահներից երբեք չեմ բողոքել, սակայն ցավոք ամեն անգամ գիրք պատվիրելիս տառապում եմ, որովհետև գրադարանավարուհիները բարձրաձայն քննարկում են իրենց հարևանուհիների ու բարեկամուհիների չգիտես-ինչ դատապարտելի արարքները, ու եթե անգամ ամենավերջին նստարանի վրա ես տեղավորվում, միևնույնն է լսում ես նույն վաթսունն անց գրադարանավարուհու սիրելի նախադասությունը` «Էս երկիրը երկիր չի», իսկ մարտի մեկի հայտնի դեպքերից հետո նա բարձրաձայն աղաղակում էր. «Տեղնա էս խոզ ժողովրդին, պետքա իրար կոտորեին»: Մի խոսքով, բարեբախտաբար ամեն մի վաթսունամյա կնոջից օրինակ վերցնելու սովորություն չունեմ:

Եվ քանի որ խոսքը գնաց գրադարանավարուհիներից մի քանի հետաքրքիր դեպք պատմեմ.

  1. ԵՊՀ գրադարանավարուհին, ձեռքում բռնած Կամյուի «Ժանտախտը» աղաղակում է ամբողջ ընթերցասրահով մեկ էս Կաֆկայի «Ժանտախտն» ով էր պատվիրել? :)
  2. Ազգային գրադարանում Հերոդոտոս եմ պատվիրում, գրադարանավարուհին ուշադիր, լուրջ ու խորաթափանց դեմքի արտահայտությամբ զննում է պատվիրաթերթիկը ու ասում. «Իսկ հեղինակի ազգանունը ինչու չեք գրել» :)
  3. Էլի Հանրայինի գրադարանավարուհիներից` գրքից էջ է պոկված, ասում եմ չկա, մի ժամ կռվում են, որ ես եմ պոկել, երևի ֆոկուսնիկ էի, աննկատ ու արագ պոկում, կտրում, կիսում էի հենց իրենց աչքի առաջ: Բաժնի վարիչի մոտ հրավիրվելուց հետո խոսում եմ նրա հետ: Ներողություն խնդրելուց հետո բաչնի վարիչը, որն ի դեպ քաղաքավարի ու բարեհամբույր կին էր, խնդրում է, որ եթե հանկարծ գտնեմ այդ գրքից (պարսկերենի քերականությանը վերաբերող գիրք էր), պոկված էջերը պատճենեմ, բերեմ իրենց մոտ, քանի որ գիրքը մի օրինակից էր, և գրադարանավարուհիները խնդիրներ կունենան: Հաջորդ շաբաթ գտնում եմ գիրքը, պատճենում այդ էջերը, տանում, տալիս գրադարանավարուհուն, որը, շնորհակալություն հայտնելու փոխարեն, զայրացած հրամայում է. «Ինչու առանձին, առանձին էջերով չեք պատճենել, այլ կողք կողքի, նորից կանեք, կբերեք»: Բնականաբար գիրքը մնաց առանց այդ չարաբաստիկ էջերի :)

Վերջացնելով ոդիսականս ուզում եմ նշել, որ գրածովս բոլորովին էլ կոչ չեմ անում գրադարաններից հեռու մնալ, այլ հակառակը` խորհուրդ եմ տալիս կարդալ, կարդալ և էլի կարդալ, որովհետև կան նաև բավականին նորմալ գրադարաններ ու գրադարանավարներ, ինչպես օրինակ Ամերկյան Համալսարանինը, կամ էլ Իսահակյանի անվան գրադարանը, որոնց հետ կապված «զվարճալի» դեպքեր բարեբախտաբար ինձ հետ չեն պատահել և ինշալլահ :) չեն էլ պատահի: (more…)

Ռուս-իրանական հարաբերությունները վերջին շրջանում սրվել են

Filed under: Arevelk.info — Tags: — annapambukhchyan @ 10:20 pm January 29, 2010

Flag-Pins-Russia-IranՎերջերս խիստ սրվել են ռուս իրանական

հարաբերությունները: Իրանում կարծես գնալով ավելի և ավելի է նվազում
վստահությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ Իրանի դժգոհության հիմնական պատճառը Բուշեհրում կառուցվող ատոմակայանի ավարտման ժամկետների հերթական հետաձգումն է: Հարկ է նշել, որ Իրանը ատոմակայանի կառուցման պայմանագիր է կնքել «Ռոսատոմստրոյ» կազմակերպության հետ 15 տարի առաջ, ընդ որում` նախքան այդ Բուշեհրի ատոմակայանում աշխատանքներ էին տարել նաև գերմանացիները: Այս վերջին հանգամանքը թե՜ Իրանը և թե՜ Ռուսաստանը օգտագործում են իրենց օգտին: Իրանական կողմը պնդում է, որ դա պետք է հեշտացներ և հետևաբար` արագացներ, ատոմակայանի կառուցումը, իսկ ռուսական կողմն էլ իր հերթին փորձում է ապացուցել, որ նախքան աշխատանքներ սկսելը անհրաժեշտ էր քանդել գերմանացիների կառուցածը, ինչը ավելի է երկարացնում աշխատանքը:

Ատոմակայանի ավարտման ժամկետի վերջին երկարացման շուրջ աղմուկ բարձրացավ անցած տարվա վերջում, երբ ռուսական կողմը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով չի կարողանա ավարտել ատոմակայանը նաև 2010 թվականին, սակայն 2010 թ. հունվարին ռուսական իշխանությունները հայտարարեցին, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա առաջին կեսին:

Այդուհանդերձ, ռուսական կողմի այդ քայլը այնքան էլ չմեղմեց Ռուսաստանի հանդեպ Իրանում տիրող դժգոհությունը, որովհետև Ռուսաստանը կարծես Իրանի հանդեպ կիրառում է կարկանդակի և մտրակի մեթոդը. մի կողմից խոստանում է ավարտել ատոմակայանը, իսկ մյուս կողմից էլ հայտարարում, որ Իրանը սխալ է կատարում` հրաժարվելով Մեծ յոթնյակի վերջին առաջարկությոունից, ըստ որի Իրանից կիսահարստացված ուրանը պետք է տեղափոխվեր Ֆրանսիա և ՌԴ հարստացվելու և ապա հետ ուղարկվելու համար: Հիշեցնեմ, որ Իրանը այդ առաջարկությանը ուղղակիորեն չէր պատասխանել, սակայն նախագահ Ահմադի Նեժադը դեկտեմբերին հայտարարել էր, որ Իրանում կկառուցվեն ուրանի ևս քսան հարստացման կենտրոններ: Ինչևէ, միանգամայն ակնհայտ է, որ Իրանի ատոմակայանի կառուցումը զորեղ լծակ է դարձել Ռուսաստանի ձեռքում, և մնում է հուսալ, որ հայկական ատոմակայանը նմանատիպ ճակատագրի չի արժանա, և մենք էլ չենք հայտնվի էլ ավելի կախյալ վիճակում:

No Money!

Filed under: Arevelk.info — Tags: — annapambukhchyan @ 8:11 pm January 11, 2010

Հարցը, որին պատրաստվում եմ անդրադառնալ միայն մեր ֆակուլտետին չի վերաբերում: Այն ավելի շուտ համահամալսարանական խնդիր է:1

Վերջին երկու տարիների ընթացքում ամեն անգամ, երբ մոտենում են քննությունները, ամբողջ կուրսով սպասում ենք, որ կրկին ինչ-որ սխալմունք կլինի: 2008 թվականին ընդունվեցինք կրեդիտային համակարգով մագիստրատուրա, և սկսվեց խառնաշփոթը (այսպես օրինակ` դու որպես կամընտրական առարկա ընտրում ես երկու առաջարկվող առարկաներից մեկը, իսկ վերջում, երբ քննությունների ցուցակը որպես «դատավճիռ» փակցնում են պատին, պարզվում է, որ սեպտեմբերին կամընտրական եղած առարկաներից մեկը, բոլորովին էլ կամընտրական չէր, այլ պարտադիր, իսկ դու «անհեռատեսորեն» ընտրել ես մյուսը): Բոլոր խնդիրների պատճառը, բնականաբար, ինչպես միշտ ինֆորմացիայի պակասն է: Այսօր, ինչպես երկու տարի առաջ ուսանողների ձեռքի տակ չկա տեղեկատու, որն սպառիչ պատասխաններ կտար մեր հարցերին (իսկ ավելի ճիշտ կրեդիտային համակարգի տեղեկատու կա, ուղղակի այն չգիտես ինչու նախատեսված չէ ուսանողի համար): Ամբիոնին հատկացված օրինակն ինձ անցած տարի բախտ վիճակվեց ոչ միայն տեսնել, այլ նաև արևելագիտության բաժինը պատճենահանել , բայց, միևնույնն է, կան մի շարք հարցեր, որոնց պատասխանը արևելագիտության հատվածում գտնել հնարավոր չէ: Այդ հարցերի պատասխանը ոչ դեկանատում գիտեն և ոչ էլ ամբիոնում, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ ոչ ոք չի կարող անգիր հիշել մեր ֆակուլտետի երեք բաժինների 1-6-րդ կուրսերի դասացուցակներն ու ուսումնական պլանները, հատկապես եթե հաշվի առնենք, որ ամեն կուրս 3-4 բլոկի է ստորաբաժանվում (ես մեր բլոկինն եմ դժվարությամբ հիշում, թեև հիշողության հետ խնդիրներ կարծես թե չունեմ): Միակ հույսը փաստորեն տեղակետուն է, որն ուսանողների թվով հրատարակելու համար, ինչպես դեռևս 2008 թվականին պատասխանում էր ռեկտորատը, ԵՊՀ-ն բավարար գումարներ չունի: Սակայն բարեբախտաբար 21-րդ դարում կան բազմաթիվ այլ միջոցներ, ինչպես օրինակ սկաները (աղոտ հույս կա, որ ԵՊՀ-ում հաստատ գոնե մի հատ կգտնվի), որի օգնությամբ այդ չարաբաստիկ տեղեկատուն կարելի էր թվայնացնել, CD-ների վրա պատճենել ու ամեն կուրսին գոնե մի օրինակ տալ, իսկ եթե CD-ի փող էլ չկա, ապա ԵՊՀ-ն ունի ինտերնետ կայք, որում բոլորովին անվճար կարելի է տեղադրել այդ չարաբաստիկ տեղեկատուն` դրանով իսկ փրկելով մի շարք ուսանողների կրեդիտային համակարգի պատճառով ամեն ուսումնական տարվա վերջում ավելորդ խնդիրներից: