Ցավալի փաստ

Filed under: Arevelk.info — Tags: — ani.berberyan @ 4:19 pm February 1, 2010

Ես  ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողուհի եմ և ցանկանում եմ անդրադառնալ մի ցավոտ թեմայի, որը վստահ եմ` հուզում է մեր ամբիոնի ուսանողներից շատերին:  Ուրեմն,  մեր ուսանողները չորս տարի անցնում են արաբերեն, այն էլ “գրական արաբերեն”, այն հույսով, որ ավարտելուց հետո    կդառնան մասնագետ, կկարողանան ազատ շփվել արաբերեն լեզվով, էլ չեմ խոսում թարգմանիչ աշխատելու մասին: Երկրորդ կուրսում արդեն ուսանողների մոտ նկատվում է տարակուսանք, թե արդյո՞ք մենք ճիշտ ենք ընտրել մեր մասնագիտությունը, ի՞նչ ենք անելու արաբերենով, այն դեպքում, երբ ընդունվելուց նրանց երևի ասում էին. “բալի՛կ ջան,  արաբերենը լավ լեզու է, քսաներեքից  ավելի արաբական երկիր կա, մեր կապերը շատ լավ են, հա՜, և ամենատարածվածը,  կգնաս Դուբայ, քո գործը կբացես, բիզնես կանես… դե արաբերենն ել քեզ պլյուսա էդ դեպքում”: Բայց ահա գալիս է հիասթափության պահը, երբ երկու տարի ուսումնասիրելով լեզուն, միացնում ես արաբական հեռուստաալիք և հազիվ մի երկու բառ հասկանաս թե չէ, էլ չեմ ասում,  որ արաբների հետ մի երկու բառ խոսում են ու անցնում են անգլերենի: Համամիտ եմ, արաբերենը բարդ լեզու է, բայց մի՞թե հնարավոր չէ չորս տարիների ընթացքում այնպես կազմակերպել ուսումնական ծրագիրը, որ գոնե չորրորդ կուրսում մարդիկ կարողանան  ազատ շփվել: Ուսանողների միակ հույսը դառնում է Սիրիան ու Եգիպտոսը, էն էլ շատ երեխեք հնարավորություն չունեն գնալու. պատճառը կապ սահմանափակ տեղերն են, կամ էլ համապատասխան միջոցներ չունենալը: Ես ինքս գիտեմ ուսանողների, ովքեր ունենալով բարձր առաջադիմություն, կամ հրաժարվել են մեր մոտի մագիստրատուրայում շարունակել իրենց ուսումը էն պատճառաբանությամբ, որ “մեկա արաբերեն չենք սովորում կարգին”, իսկ շատերն էլ ուղղակի պետպատվերով սովորելու պատճառով ափսոսում են չշարունակել ու ստիպված սովորում են, որ հանկարծ էդ տեղը չկորցնեն: Սա մի ցավալի փաստ, հիմա  երկրորդը: Բոլորիս հայտնի է, որ ինչքան արաբական երկիր, էնքան արաբերենի բարբառներ, խոսվածքներ և այլն: Ամբիոնում կան հրավիրված դասախոսներ Եգիպտոսից, կան նաև հայազգի դասախոսներ, ովքեր տիրապետում են Սիրիայի, Իրաքի բարբառներին, որ շատ ուզենան կարող են գտնել մեկին, ով լավ տիրապետում է Եգիպտոսի բարբառին, դե  էլ չեմ ասում, որ եգիպտացի դասախոսին արգելում են դասին բարբառով խոսել, միայն գրական արաբերենով, նույնիսկ էդ դեպքում ուսանողները մեկ է լիարժեք չեն հասկանում դասախոսին, դասախոսն էլ երևի հազիվ է ուսանողներին հասկանում, ու եթե մտնեք լսարան էդ դասերին,  կտեսնեք,  որ դասին ընդամենը մի երկու հոգի է ներկա. “է, ասում են, մեկա չենք հասկանում, էլ ինչի գնանք դասի….” Մի՞թե հնարավոր չէ գոնե շաբաթական երկու ժամ հատկացնել, որպեսզի ուսանողները ծանոթանան արաբերենի բարբառներից գոնե մեկին, չէ որ հենց էդ ուսանողին եթե բախտ վիճակվի գնալու արաբական երկիր, ի՞նչ լեզվով պիտի շփվի արաբների հետ: Գաղտնիք չէ, որ արաբական երկրներում բարբառն ու գրական արաբերենը այնքան են հեռացել միմյանցից, որ կարելի է ասել դարձել  են առանձին լեզուներ: Օրինակ, Եգիպտոսի բարբառը սովորելու համար հրատարակվել են առանձին դասագրքեր, որտեղ բացատրվում է բարբառի քերականությունը, լեզվի հնչյունները, արտասանության ձևերը և այլն: Հերիք չի ուսանողը չորս տարի վարձ է մուծում, որ արաբերեն սովորի, հիմա էլ գնալով Եգիպտոս`պիտի գնա բարբառի գրքեր առնի, էլ չեմ ասում առանձին դասընթացների գնա հատուկ բարբառ սովորելու համար: Այս ամենից խուսափելու համար մի՞թե հնարավոր չէ վերանայել ուսումնական ծրագիրը, անիմաստ առարկաների տեղը ուսանողներին ծանոթացնել արաբերենի բարբառների հետ, որպեսզի մարդիկ արաբական երկրներում մոտավորապես վեց ամիս չհարմարվեն լեզվին, չէ՞ որ այդպիսի ծրագրերը հիմնականում նախատեսված են նրա համար, որ ուսանողները կարողանան զբաղվել իրենց ընտրած թեմայի ուսումնասիրությամբ, նյութեր հավաքեն, օգտվեն արաբական երկների գրադարաններից, այնինչ ստացվում է, որ ուղղակի մի ութ ամիս արաբերեն են սովորում: Գոնե էս ամենից հետո կարողանանք միասին լուծել այս խնդիրը, առաջարկել մեթոդներ և այլն…

Սուրաթ ուլ-հադիդ

Filed under: Arevelk.info — Tags: — ani.berberyan @ 7:00 pm January 27, 2010

Սուրաթ ուլ-հադիդը դասվում է մեդինայական շրջանի սուրաների շարքին: Մեդինայում արդեն փոխվել էր մուսուլմանական համայնքի` ումմայի ապրելակերպը: Հետևաբար արդեն տարբերություն կարելի է նկատել Ղուրանի ոճում և կառուցվածքում: Սուրաներում արդեն նկատելի է սոցիալական տարրի առկայությունը, նկարագրվում են երկնային կյանքի մանրամասներ: Մուհամմադ Մարգարեն արդեն շատերի կողմից ընդունվել էր որպես Ալլահի կողմից ուղարկված Մարգարե, այդ իսկ պատճառով զգալի չափով շոշափելի են դառնում համայնքի ղեկավարման կարգերի առկայությունը: Այս ամենի հետ զուգահեռ մեդինայական շրջանի սուրաները իրենց կառուցվածքով ավելի երկար են և գեղարվեստական, բայց ունեն ազդեցիկ ռիթմ:
Մինչ սուրայի բովանդակությանը անցնելը կարևոր եմ համարում ներկայացնել հադիդ բառի բացատրությունը և սուրայի շրջանակներում վերջինիս կիրառությունը:
Հադիդ նշանակում է երկաթ: Երկաթը ուժի և հուսալիության խորհրդանիշ է: Եվ այս կյանքի իրական արժանիքները, որոնք են համեստությունը և գթասրտությունը, կախված են հենց այս խորհրդանիշի առկայությունից: Երկաթը ամենատարածված մետաղն է: Նրանից պատրաստում են պողպատ, իսկ երկաթից ու պողպատից պատրաստում են պատերազմական զենքերը` թուրը, նիզակը, հրացանը և այլն: Երկաթը այստեղ հանդես է գալիս ուժի, հզորության և կարգապահության խորհրդանիշ, ինչպես նաև պատժամիջոց օրենքի խախտման դեպքում:

Սուրայի I –VII այաթներում փառաբանվում է Ալլահին, նրա իմաստությունն ու հզորությունը, կյանքի և մահվան նկատմամբ նրա լիակատար իշխանությունը: Ալլահի ստեղծածը բացահայտ է տիեզերքում, որի մեջ մտնում են երկրի և երկնքի բնությունը և մարդիկ, սակայն Ալլահը թաքնված է լավ գործերի հոգիներում: Նշվում են իրար հակասող երևույթներ, մեջբերում եմ այաթը. “Նա առաջինն է և վերջինը, թաքնվածը և բացահայտը”: Սրանք մատնանշում են մարդկային էության հարաբերական հատկանիշները: Ալլահը ոչ միայն ամբողջ տիեզերքի լիակատար տերն է, այլ նաև վերացական աշխարհի` մտքերի և իրերի տերն ու տիրակալն է, և այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ վերջիվերջո վերադառնալու է նրան: Ալլահի մասին գիտելիքը ներթափանցում է բոլորի սրտերը:
Այն մարդիկ, ովքեր Ալլահի գծած ճանապարհով են շարժվում, մեծ պարգևի կարժանանան, և այդ պարգևը պետք է ենթադրել, որ դրախտն է (ջաննա): Երբ ուժը, հարստությունը փոխանցվում է մարդկանց, ապա նրանք մի շարք պարտականություններ են ձեռք բերում: Նրանք պետք է լինեն գթասիրտ, որը հավատի և երախտագիտության վկայություն է: Իսկ իրենց կատարած սխրանքների համար նրանք մեծ պարգև կստանան արդեն հանդերձյալ կյանքում:
Այնուհետև Ալլահը դիմում է քուֆֆարներին (անհավատներ) և մատնանշում է այն համաձայնագիրը, որը նրանք կնքել են Մարգարեի հետ: “Համաձայնագիր” բառի տակ կարելի է հասկանալ հետևյալը. երբ մարդ հավատում է և սկսում է ծառայել Աստծուն, կարծես յուրօրինակ համաձայնագիր է կնքում նրա հետ: Սա հնարավոր է կապել Աքքաբայի երկու համաձայնագրերի և Հուդայբիայի համաձայնագրի հետ: Բոլոր այն հավատացյալները, ովքեր կռվում և պայքարում են Ալլահի համար, արժանի են բարձր պարգևների, սակայն ավելի բարձր աստիճանին են կանգնած նրանք, ովքեր մինչև Մեքքայի գրավումը հավատացել են, և իրենց հավատի համար ենթարկվել են բազմաթիվ հալածանքների: Ղուրանում բազմիցս նշվում է, որ այն մարդկանց աջ ձեռքի կոզքով, ովքեր հավատում են, լույս է անցնելու: Երեսպաշտները (մունաֆիկուն ) ևս ցանկանում են վերցնել այդ լույսից, սակայն հավատացյալները մերժում են նրանց: Այստեղ զուգահեռներ կարելի է տեսնել աստվածաշնչյան “տաս կույսերի առակի” հետ, երբ կույսերից հինգի մոտ վերջացել էր ճրագի յուղը, և երբ նրանք խնդրեցին մյուս կույսերից, մերժում ստացան: Այսինքն ամեն մարդ ունի իր լույսը, և այն չի կարելի տալ ուրիշներին: Լույսը վաստակում են, այլ ոչ թե առնում: Եվ հետևաբար այն ամենամեծ հաղթանակն է այս կյանքում: Սուրայում այնուհետև խոսվում է այն մասին, որ հավատացյալների և անհավատների միջև պատնեշ է դրվում, սակայն այդ պատնեշը դեռևս ունի գաղտնի դուռ: Այստեղից կարելի է հասկանալ, որ նրանց միջև կապը ամբողջովին չի կտրվում: Սուրայում խոսվում է սատանայի (շայտան) մասին, որը մարդկանց ստիպեց մոռանալ Աստծո ողորմածությունը, ստիպեց կասկածել իսլամի մաքրության մեջ, և այդ մարդիկ սկսեցին հավատալ, որ Աստծո դատավճիռը նրանց չի վերաբերելու: Եվ այդ մարդկանց վերջնական ապաստանը կրակն է (նառ):
Հրեաներին և նուսեյրիներին սուրբ գիրք է իջեցվել, և դա ավելի վաղ է եղել, քան Ղուրանի իջեցումը, սակայն նրանք մոռացել են և չեն հիշում իրենց Աստծուն, այդ պատճառով Ղուրանում նրանք ևս անվանվում են անհավատներ (ֆասիկուն):
Սուրայում մի քանի անգամ ասվում է, որ այն հավատացյալներն, ովքեր վճարեն Աստծուն, կրկնակի պարգև կստանան, ինչպես նաև Աստծո մոտ նրանք են վկայություն տալու ստախոսների դեմ: Այս ստախոսները կրակի ընկերներն են դառնալու (ասհաբ ալ-ջահիմ):
Աստծո բարեգթությունը, ինչպես անձրևը, անվճար է և բոլորի համար է: Սակայն մարդիկ այն տարբեր ձևերով են օգտագործում: Լավ մարդիկ վերցնում են հոգևոր հարստությունը և պահում են այն: Կան մարդիկ, ովքեր սիրում են անցողիկ բաներ, ինչպիսին են կանաչ ծառերը և խոտերը, սակայն սրանք չեն կարող սնունդ լինել նրանց համար: Նրանք շուտով չորանում են և մանր կտորների բաժանվում, ինչպես մյուս աշխարհիկ հաճույքները: Աստծուն հավատացողը չի նախանձում ուրիշի ունեցվածքը, չի պարծենում իր ունեցվածով, այլ այն կիսում է ուրիշների հետ, քանի որ դրանք իր սեփական արժանիքները չեն, այլ Աստծո պարգևն է: Սուրայում խոսվում է հրեշտակների կողմից ուղարկված մարգարեների մասին, և որ նրանց հետ ուղարկվել է նաև սուրբ գիրքը և արդարությունը: Արդարությունը այստեղ նշվում է “միզան” (կշեռք) բառով, այսինքն այն օրը, երբ կշեռքի վրա կդրվեն մարդկանց լավ և վատ արարքները: Դա կլինի յոում ուլ-ֆասլը: Քսանհինգերորդ այաթում նշվում է “հադիդ” բառը` նշելով, որ հավատին օգնելու են պատերազմական զենքերը և մարգարեները: Փաստորեն այստեղ բացահայտ խոսվում է այն մասին, որ հավատի տարածման համար թույլատրվում է օգտագործել զենք: Նոյից և Աբրահամից ձևավորվեց մարգարեության գիծը, չորս գրքերը, որոնք են Թորան, Աստվածաշունչը, Սաղմոսները և Ղուրանը: Նրանց հետևորդների մի մասը շարժվում է ճշմարիտ ուղիով, սակայն նրանց շարքերում ևս կան ընդդիմադիրներ և անհավատներ: Այնուհետև խոսվում է Մարիամի որդու` Հիսուսի մասին, և որ նրա հետ ուղարկվել է Աստվածաշունչը: Աստված նրանց ստեղծել է կարեկցող, գթասիրտ, բայց ոչ վանական: Թեև Հիսուսի հետևորդների մի մասը ևս անհավատ է, այնուամենայնիվ, նրանց Աստված պարգևներ կշնորհի: Պետք է նշել, որ իսլամի ծագման նախաշեմին քրիստոնեական եկեղեցին կաշառված էր, այլասերված: Սաստիկ վիճաբանությունները և մտավոր պայքարը հող հանդիսացան, որպեսղի ծնվեն մի շարք աղանդներ:
Ղուրանը հորդորում է մարդկանց հավատել Աստծո երկու մարգարեներին` Հիսուսին և Մուհամմադին, և այդ դեպքում Աստված կրկնակի բարեսիրտ կլինի նրանց նկատմամբ: Կրկնակի ասելով` այստեղ խոսքը գնում է անցյալի և ապագայի մասին: Այս տողերը ուղված են գրության մարդկանց (ահլ ուլ-քիթաբ) : Երբ առաջացավ իսլամը, մարդիկ այն ընդունեցին որպես նախորդ հայտնությունների լրացում և ընդունեցին Մուհամմադ Մարգարեին: Այդժամ մարեց Քրիստոսի լույսը, և այս նոր լույսը իսլամն է: Աստված ներում կշնորհի քրիստոնյաներին, և նրանց կդասի մուսուլմաններին հավասար:
Վերջին այաթում նշվում և նախազգուշացվում է, որ այս աշխարհում ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ Աստծո վրա, և նա է որոշում, թե ում շնորհի իր ողորմածությունը:

Armwebs.com Armwebs.com