Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և նաքշբանդիա սուֆիական տարիկաթի փոխհարաբերությունների շուրջ
Անահիտ Քարտաշյան
Անուշիկ Մարտիրոսյան
«Հոգևոր առաքելությունն իրագործելու համար պետք է քաղաքական իշխանություն ունենալ»:
Ուբայդալլահ Ահրար (1400-1490)
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (Adalet ve Kalkınma Partisi) (այսուհետ` ԱԶԿ) և տարբեր սուֆիական տարիկաթների[1] կապը մշտապես քաղաքական շահարկումների առարկա է եղել: 2009 թվականի նոյեմբերի 16-17-ին թուրքական մի շարք թերթերում և ինտերնետային կայքէջերում հայտնվեցին տարբեր վերնագրերով, սակայն նույն բովանդակությամբ հոդվածներ, որտեղ թվարկված էին պետական և քաղաքական այն գործիչների անունները, որոնք պատկանում են այս կամ այն սուֆիական տարիկաթին[2]: Պետք է նշել, որ թուրքական մամուլը ժամանակ առ ժամանակ անդրադարձել է այս հարցին` այն որակելով որպես հեռացում Քեմալ Աթաթուրքի որդեգրած լաիցիզմի սկզբունքներից: Որքան որ տարօրինակ է` կուսակցությունը երբևէ հակառակ պնդումներով հանդես չի եկել: Միայն վերջերս մամուլում լույս տեսան այն ընդդիմադիր թերթերի և կայքէջերի անունները, որոնք զբաղվում են կառավարության սև PR-ով[3]:
Այնուհանդերձ, հեռացե՞լ է արդյոք «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իսլամական արմատներից, հիմնավորվա՞ծ են արդյոք այն պնդումները, թե կուսակցության գործունեությունը հակասում է լաիցիզմի սկզբունքներին, որքանո՞վ են սուֆիական տարիկաթները` մասնավորապես նաքշբանդիա տարիկաթն, ազդում այս կուսակցության վարած քաղաքականության վրա:
Սուֆիզմն իսլամի շրջանակներում միստիկ, կրոնա-փիլիսոփայական աշխարհայացք է, որի հիմնական գաղափարը հոգևոր կատարելության հասնելն է, բացարձակի հետ միաձուլումը: Այդ շփումը կամ միաձուլումը տեղի է ունենում էքստազի կամ ներքին լուսավորման միջոցով, որը տրվում է միայն նրանց, ովքեր սիրով են գնում դեպի Աստված[4]:
Ըստ Տրիմինգեմի` սուֆիզմը զարգացման 3 շրջան է անցել: Սուֆիզմի սկզբնական փուլը Տրիմինգեմն անվանում է «սեփական հավատի արտահայտման բնական երևույթ… որպես հակակշիռ օրինականացված, հասարակայնացված կրոնի»: Երկրորդ փուլը` XII դարը, տարիկաթների ձևավորման ժամանակաշրջանն է, որոնց հիմքում ընկած է «առաջնորդ-աշակերտ» կապը, իսկ արդեն XV դարից սկսած թաիֆաների առաջացումը սուֆիզմի զարգացման վերջին փուլն էր: Այնուհանդերձ, Տրիմինգեմը կարծում է, որ թաիֆաների (կրոնական համայնք) առաջացումը հանգեցրեց սուֆիզմի անկմանը, միստիցիզմի հետ նմանությանը: Դրանից հետո սուֆիզմը կորցրեց իր ինքնատիպությունը և ի վերջո վերածվեց ժառանգաբար փոխանցվող հոգևոր իշխանության[5]:
XII-XIV դդ. ձևավորվեցին 12 հիմնական (ուսուլ) «մայր» տարիկաթներ, որոնք էլ հետագայում հիմք հանդիսացան և՛ նոր միստիկ փիլիսոփայական դպրոցների ստեղծման, և՛ սուֆիզմի տարածման համար: Այդ «մայր» տարիկաթներն են` ռիֆաիա, յասավիա, շազիլիա, սուհրավարդիա, չիշտիա, կուբրավիա, քադիրիա, բադավիա, մաուլավիա, բեքթաշիա, խալվատիա և նաքշբանդիա[6]:
Նաքշբանդիականությունը ձևավորվել է 14-րդ դարի վերջերին Կենտրոնական Ասիայում՝ Թուրքեստանում, և անվանվել հիմնադրի` Բահա ադ-Դին Նաքշբանդիի անունով: 15-րդ դարից սկսած նաքշբանդիականությունը դարձավ ամենատարածված հոգևոր միաբանությունը` քադիրիայից հետո: Իր գաղափարախոսությամբ այն խիստ սուննիական է: Նաքշբանդիականության ծագումնաբանությունը մի կողմից հանգում է Աբու Բաքրին, իսկ մյուս կողմից` Ալիին և այն կոչվում է սիլսիլա ազ-զահաբ (ոսկե շղթա)[7]:
Օսմանյան կայսրությունում տարածված էր նաքշբանդիականության միջինասիական ճյուղը, որը ստամբուլյան մեդրեսեներում տարածում գտավ մոլլա Աբդուլլահ Սիմավիի քարոզների միջոցով: Նաքշբանդիականության աշխարհայացքը ձևավորվել է միջինասիական երկու միստիկ ուղղությունների` «չափավոր քաղաքային», որն իր արտացոլումն է գտել Աբդ ալ-Խալիկ ալ-Գիջդուվանիի ուսմունքում, և «քոչվոր թյուրքական» (Ահմադ ալ-Յասավի), որը թյուրքական ժողովուրդների շամանական հավատալիքների տարրեր էր պահպանել: Նաքշբանդիների միստիկ «ճանապարհը» բաղկացած է տասը կանգառներից` մակամներից: Այս տարիկաթի ծիսակարգի հիմնական բաղադրիչը լուռ զիքրն է (խաֆի)[8]` Աստծո անվան հիշատակումը մտքում (սրտում): Լուռ զիքրի հիմքում ընկած է շնչառությունը պահելու` շնչելու և արտաշնչելու հերթականության ռիթմը` պահպանելով մարմնի պարտադիր դիրքը (նստել խաչած ոտքերով): Խմբակային զիքրը կատարվում է շեյխի ղեկավարությամբ շաբաթական մեկ անգամ ուշ երեկոյան` հինգերորդ աղոթքից հետո[9]:
Նաքշբանդիա տարիկաթը տարբեր արտացոլումներով դրսևորվել է Թուրքիայի պատմության, մշակույթի, տնտեսության, քաղաքականության և այլ ոլորտներում: Չնայած սուֆիական այլ տարիկաթների նման այս տարիկաթը ևս ենթարկվել է պետության կողմից պարտադրված աշխարհիկացման ճնշումներին[10], սակայն կարողացել է պահպանել իր գոյությունը: Հակառակ ճնշումներին` տարիկաթների մեծ մասը հետզհետե դուրս են եկել միայն կրոնական միություն լինելու շրջանակից` վերածվելով ոչ պաշտոնապես միմյանց հետ մրցող, կրոնական հենքի վրա կրթական և մշակութային գործունեություն իրականացնող միությունների:
Նաքշբանդիա տարիկաթը վերջին տարիներին հետզհետե հզորացող աշխարհիկ հուզումների պատճառով ներքին փոփոխություններ է կրել: Տարիկաթը որոշակի չափով աշխարհիկացվել է, կրոնական տեսակետները վերաձևակերպվել են` ըստ նյութական հետաքրքրությունների:
Նաքշբանդիա տարիկաթի` մասնավորապես Հալիդիե թեքեի օրինակով Հաքան Յավուզի ուսումնասիրությունը հանգեցնում է երեք մոտեցման. առաջինը այն է, որ նաքշբանդիան քաղաքականության ոլորտում սուֆիական տարիկաթներից ամենաակտիվն է և իրականում Թուրքիայում բոլոր հիմնական արդի իսլամական սոցիալ-քաղաքական շարժումների համար յուրատեսակ մոդել է: Երկրորդ` տարիկաթը Թուրքիայում քաղաքականության և կրոնի միջև սոցիալական փոխներգործությունը հասկանալու ամենակիրառելի եզրն է, և վերջապես նաքշբանդիա տարիկաթը պետության և երեք փոխներգործուն ձևերի (բախում, ներգրավում և համաձայնություն) այս օրինակով մեծ դեր է խաղացել Թուրքիայում իսլամական անհատականության զարգացման գործում[11]:
Նաքշբանդիա տարիկաթը յուրատեսակ կամրջի դեր է կատարում Օսմանյան ժամանակաշրջանի և ժամանակակից իսլամական սոցիալ-քաղաքական դրսևորումների միջև: Այս տարիկաթն ընկալումների փոփոխման, սոցիալական նորմերի անցումներն իրականացնելու գործում հզոր սոցիալական և կրոնական ցանց է ձևավորել:
Թեև 1925 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 677 օրենքով սուֆիական միաբանությունների գործունեությունը երկրում արգելվեց, նաքշբանդիան դարձավ ընդհատակում գործող ամենաազդեցիկ միաբանություններից մեկը: 1952 թվականին վերջինիս առաջնորդ Աբդուլազիզ Բեքինեի մահից հետո նոր ղեկավար ընտրվեց Ստամբուլի Ֆաթիհի շրջանի Իսքենդերփաշա մզկիթի իմամ Մեհմեդ Զահիդ Քոթքուն (1897-1980թթ.): Նրա անմիջական նախաձեռնությամբ ու հոգևոր առաջնորդությամբ երկրի քաղաքական թատերաբեմ մուտք գործեցին այնպիսի առանցքային դեմքեր, ինչպիսիք էին Թուրգութ և Քորքուդ Օզալները, Նեջմեթին Էրբաքանը, Ֆեհիմ Ադաքը, Հասան Աքսայը, Ռեջայի Քութանը, Ջևաթ Այհանը, Թեմել Քարամոլլաօղլուն, Հիլմի Գյուլլերը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ուրիշներ: Քոթքուն համարվում է նաև «Ազգային տեսակետ» (Milli Görüş)[12] հայեցակարգի հիմնադիրը, ինչը 1960-1990-ական թթ. ընթացքում երկրում քաղաքական իսլամի հիմնադրման ու վերելքի համար ծառայեց որպես առանցքային գաղափարախոսություն[13]:
Նաքշբանդիա տարիկաթը Թուրքիայի սոցիալ-քաղաքական կյանքում ազդեցիկ ուժ դարձավ 1960 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: 1961 թվականի սահմանադրությունն որոշակի ազատություն շնորհեց տարբեր կազմակերպություններին, այդ թվում և սուֆիական տարիկաթներին, թեև նրանց գործունեությունը չօրինականացվեց:
1991 թվականի քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը չեղյալ հայտարարվեց, որի հետևանքով սույն միաբանությունների գործունեությունը զգալիորեն դյուրացավ: 1995 թվականի ընտրությունների նախօրեին Թանսու Չիլլերը նրանց անուղղակի համագործակցության կոչ արեց: Սուֆիական տարիկաթները սկսեցին բացահայտորեն ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և սոցիալ-մշակութային գործընթացներին, թեև 1925 թվականի օրենքը տակավին ուժի մեջ էր: Վ. Տեր-Մաթևոսյանի կարծիքով‚ տարիկաթների նպատակը գործող աշխարհիկ պետական համակարգին գաղափարական այլընտրանքի ստեղծումն էր: Այդ իսկ նպատակով մեծ թվով քեմալականների համար տարիկաթների գործունեությունն առավել վտանգավոր էր, քան կուսակցությունների ակտիվությունը[14]:
Այս պայմաններում կրոնական ուժերը կարողացան ստեղծել իրենց կուսակցությունները: «Ազգային կարգի կուսակցությունը» (Milli Nizam Partisi) Նեջմեթթին Էրբաքանի գլխավորությամբ ստեղծված առաջին կրոնական կուսակցություններից էր, որի հիմքում ընկած էր նաքշբանդիա-նուրջու[15]-քադիրիա տարիկաթների կոալիցիոն համաձայնությունը: Կուսակցությունն ուներ երեք պատգամավոր` Նեջմեթթին Էրբաքան (նաքշբանդի), Հուսամեթթին Աքմումջու և Հուսեին Աբբաս (նուրջու)[16]:
Թուրքիայի ռազմական ուժերը նպաստեցին երկրում քաղաքական իսլամի արմատականացմանը: Աջակողմյան և ձախակողմյան ուժերի հակամարտությունը 1970-ական թվականների վերջին երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր հասցրել: 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կոմունիստական, նացիոնալիստական և ձախակողմյան ուժերի գաղափարախոսությանը հակակշիռ ստեղծելու նպատակով բանակը քայլեր ձեռնարկեց, որպեսզի ուժեղացնի իսլամի դերը երկրում: Բանակի ճնշման արդյունքում կրոնը պարտադիր ուսուցման առարկա դարձավ կրթական բոլոր հաստատություններում: Իրականում, բանակը նպատակադրվել էր Թուրքիայում հաստատել «Իսլամացում վերևից» պետական կառավարման համակարգ: Այս նոր թուրք-իսլամական սինթեզը պետք է թուրք հասարակությանը զերծ պահեր ռադիկալ-ձախակողմյան գաղափարների ազդեցությունից, ոչ թուրքական շրջաններում փոքրացներ Պակիստանի և Արաբական երկրների իսլամական գաղափարների ազդեցությունը. բացի այդ զինվորականությունն այն փորձում էր օգտագործել իբրև իրանական իսլամական ռադիկալիզմին հակակշիռ [17]:
Իսլամի նկատմամբ պետության վարած հանդուրժողական քաղաքականության արդյունքը «աշխարհիկ հասարակության իսլամացումը» և միևնույն ժամանակ «իսլամի ազգայնականացումն» էր: Նախ, 1982 թվականի սահմանադրությամբ կրոնի ուսուցումը պարտադիր դարձավ պետական դպրոցներում: 1983-1987 թթ. իմամ հաթիբ[18] դպրոցների թիվն աճեց 59 %-ով` 374-ից հասնելով 604-ի, իսկ դիմորդների թիվը միջին և բարձրագույն դպրոցներում 220991-ից հասավ 511502-ի: Իմամ հաթիբ դպրոցները բացառիկ նշանակություն ունեին «պետության և հասարակության իսլամացման» գործում[19]:
Օզալի տարիների` իմամ հաթիբ դպրոցների թվի աճը շարունակվեց նաև հետագայում: «Իսլամի քարոզիչների» թիվն անընդհատ աճում է. վերջիններս իրենց ուսուցումը ստանում են 74 356 մզկիթներում, Ղուրանի ուսուցման 40000 դասընթացներում և 609 իմամ հաթիբ դպրոցներում: Այս հաստատությունների շրջանավարտների թիվը գերազանցել է 511 հազարը, ինչը 8 անգամ ավելի է, քան անհրաժեշտ է ողջ Թուրքիայում մուսուլմանական ծիսակարգերն անցկացնելու համար: 2001 թվականի դրությամբ կրոնական գործերի կառավարման ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 424 մլն. ԱՄՆ դոլար: Թուրքիայի ծայրահեղական ուղղություններին մեծ բարոյական և նյութական աջակցություն են շարունակում ցուցաբերել 501 կրոնական հիմնադրամ, 19 համաթուրքական և ավելի քան 7 հազար տեղական թերթ, 110 ամսագիր, ռադիոյի 51 կայան, 20 հեռուստաալիք, մոտ 1000 ձեռնարկություն և 30 կրոնական հոսանք, ինչը հաստատում է Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարների այն եզրահանգումը, թե «քաղաքական իսլամը, որը հենվում է 17 մլն. մոլեռանդ հավատացյալների վրա, շարունակում է մնալ հանրապետական, աշխարհիկ սկզբունքներով առաջնորդվող պետության թիվ մեկ սպառնալիքը»[20]:
Էրդողանի ղեկավարած կուսակցությունը շարունակում է աջակցել իմամ հաթիբ կրոնական դպրոցներին` նրանց շրջանավարտներին ընդգրկելով պետական տարբեր ձեռնարկությունների և կառավարության կազմի մեջ[21]: 2004 թվականի գարնանը կառավարությունը քննարկման ներկայացրեց մի օրինագիծ, որով առաջարկում էր հնարավորություն տալ այս դպրոցների շրջանավարտներին սովորելու համալսարանի այլ ֆակուլտետներում (մինչ այդ նրանք կարող էին իրենց ուսումը շարունակել միայն աստվածաբանական ֆակուլտետում): Այս նախաձեռնությունն, իհարկե, առաջ բերեց աշխարհիկ հասարակության դժգոհությունը: Մտավախությունը այն էր, որ ԱԶԿ-ի այս քայլերը ի վերջո կհանգեցնեն աշխարհիկ-կրոնական հավասարակշռության խախտմանը:
Քաղաքական իսլամը պետական կառավարման համակարգում խոր արմատներ գցեց 1990-ական թվականներին: 1994 թվականի մարտին տեղական ընտրություններում «Բարօրություն» կուսակցությունը (Refah Partisi) (այսուհետ` ԲԿ) ստացավ ձայների 19 տոկոսը` 28 ընտրատարածքներում, այդ թվում նաև Ստամբուլում և Անկարայում` հաղթելով քաղաքապետի ընտրություններում: 1995 թվականի ընտրություններում ԲԿ-ն ստացավ ձայների 21.6%-ը և կոալիցիա կազմեց Դեմիրելի[22] աջակողմյան «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ (Doğru Yol Partisi), իսկ Էրբաքանը դարձավ վարչապետ: Այսպիսով` հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկիրը կառավարում էին իսլամական կուսակցությունները, որոնք, փաստորեն, ներկայացնում էին նաքշբանդիա տարիկաթը[23]:
2001 թվականին, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ փակվեց «Առաքինություն» կուսակցությունը (Fazilet Partisi) (այսուհետ ԱԿ)[24], Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ ստեղծվեց «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի անդամներն Ազգային Մեծ Ժողովում զբաղեցրեցին ԱԿ 51 պատգամավորների տեղերը[25]: ԱԿ կուսակցության ազդեցիկ անդամները` Աբդուլլահ Գյուլ, Բյուլենթ Արինչ, Ջեմիլ Չիչեք, Աբդուլքադիր Աքսու, Ալի Ջոշքուն, միացան Էրդողանին: Նրանց ջանքերը` ԱԶԿ-ն ներկայացնել որպես ավանդապաշտների հին և չհաջողված ռազմավարության այլընտրանք, ապարդյուն չանցան. 2002 թվականի նոյեմբերի ընտրություններում ԱԶԿ-ն հավաքեց ձայների 34% -ը[26]:
Ինչպես նշում է Ռ. Սաֆրաստյանը, կուսակցության հաղթանակի պատճառների շարքում կարելի է առանձնացնել երեք հիմնական գործոն` ա) քաղաքական վերնախավի հանդեպ ժողովրդի ունեցած դժգոհությունը, երկրում բ) խոր արմատներ ունեցող կառուցվածքային ճգնաժամը և գ) քաղաքական վերնախավում խարդավանքների աննախադեպ չափերը[27]:
Սկզբնական շրջանում Արևմուտքը ԱԶԿ-ն դիտարկում էր որպես «ֆունդամենտալիստական» կուսակցություն: 2002 թվականի ընտրություններից հետո նույն Արևմուտքը ԱԶԿ-ն որակեց` որպես «իսլամիստական կամ իսլամական» կուսակցություն, իսկ հետագայում, երբ ԱԶԿ-ն բռնեց Եվրամիությանն անդամագրվելու ճանապարհը` «իսլամական արմատներով» կուսակցություն[28]:
Ի պատասխան այս բոլոր բնորոշումների` Էրդողանը ԱԶԿ-ն փորձեց ներկայացնել եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության օրինակով: «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաներից մեկը նշում է, որ քննարկման հարց չէ, որ իսլամը ազդում է քաղաքականության վրա, այլ կարևոր է այն, թե ինչպես է այն ազդում: Ըստ նրա` իսլամի ժողովրդավարական (լիբերալ) մեկնաբանությունը կարող է քաղաքականության վրա ազդել միայն ժողովրդավարական ճանապարհով[29]:
Հատկանշական է, որ ԱԶԿ-ի մշակած այս կոնցեպցիան այսօր «ժողովրդավարական նախաձեռնություն» (Demokratik açɪlɪm) փաթեթի տեսքով օրակարգային է Թուրքիայում: Եթե ուշադրություն դարձնենք վերջին շրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան փորձում է դառնալ տարածաշրջանային որոշիչ նշանակություն ունեցող տերություն և որպես միավորիչ գործոն օգտագործում է իսլամը:
Թուրքիայի այս քաղաքականությունը սովորաբար արևմտյան վերլուծաբանների կողմից բնորոշվում է` որպես չափավոր իսլամիստական` «զրո խնդիր հարևանների հետ»: Դ. Հովհաննիսյանը նշում է, որ սա փորձ է վերականգնելու հզոր կայսրության կարգավիճակը: Վերջերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատեց վերոնշյալ տեսակետը` հայտարարելով, որ այս դարաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը օսմանյան ժամանակաշրջանի Բալկանների վերելքն է` որպես համաշխարհային քաղաքականության կենտրոն` շեշտելով, որ Թուրքիան պատասխանատու է այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համար[30]:
Էրդողանի ձևավորած նոր կառավարությունը, որը բաղկացած էր 23 նախարարություններից, հետաքրքիր կառուցվածք ուներ. կառավարության կազմում մարդիկ էին, ովքեր «Ազգային տեսակետի» մասնագետներ էին, մարդիկ, ովքեր ներկայացնում էին տարբեր կրոնական ուղղություններ և շարժումներ: Սա թուրքական քաղաքական իսլամի պատմության մեջ նշանակալից երևույթ էր այն առումով, որ նախորդ տարիներին նման կոալիցիա հնարավոր չէր կազմել: Կառավարության անդամներից 15-ը նաքշբանդիա տարիկաթի Իսքենդերփաշա[31] թեքքեի հետևորդ էին, ովքեր սերտորեն կապված էին նաև «Ազգային տեսակետի» հետ, երկուսը` նաքշբանդիա տարիկաթի, երկուսը` Ֆեթուլլահ Գյուլենի նուրջու շարժման, երկուսը` Նոր Ասիա (Yeni Asya)[32] նուրջու խմբի և չորս անդամներ էլ տարբեր կրոնական ուղղությունների հետևորդներ էին[33]:
«Այդընլըք» ամսագրի (Aydınlık dergisi) կատարած ուսումնասիրության հաձաձայն` այսօրվա Թուրքիայի կառավարության 25 նախարարներից 19-ը կապված են տարբեր սուֆիական տարիկաթների հետ: Ավելին‚ կառավարության անդամների 52%-ը նաքշբանդիա տարիկաթի Իսքենդերփաշա միաբանության հետևորդ է` այդ թվում նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ 16%-ը` նուրջու է[34]:
Պատմաբան Սոներ Յալչընը գրում է. «Նախ և առաջ արձանագրենք` Արդարություն և Զարգացում կուսակցության «քաղաքական լեզվի»` Ազգային իսլամիզմի հիմքում նաքշբանդի շեյխ Ահմեդ Զիյաուդդին Էֆենդին է` նաքշբանդիական Գյումուշհանէվի թեքքեի հիմնադիրը»[35]: Յալչընը շարունակում է. «Թեքքեն, հանձին Աբդուլլահ Գյուլի, երկրորդ նախագահը տվեց. առաջինը Թուրգութ Օզալն էր: Թեքքեի շատ մյուրիդների հասարակությունը ճանաչում է որպես քաղաքական գործիչների` Նեջմեթթին Էրբաքան, Քորքութ Օզալ, Ռեջաի Քութան, Քեմալ Ուբաքըթան, Հյուսնյու Դողան, Հաքայ Աքսայ, Էրդեմ Բեյազիթ, Թեմել Քարամանօղլու, Բահրի Զենգին, Քահրաման Էմմիօղլու, Յահյա Օղուզ, Ջևաթ Այհան, պրոֆ. Ջևաթ Աքշիթ, պրոֆ. Օսման Չաթաքլը, պրոֆ. Օրհան Օքյայ և այլն: Թվարկածից ելնելով` հանգիստ կարելի է ասել, որ վերջին 25 տարիներին, չնչին բացառություններով, Թուրքիան ղեկավարում է Գյումուշհանևի թեքքեն»[36]:
Ինչպես վերևում նշվեց, ԱԶԿ-նաքշբանդի տարիկաթ կապը մշտապես եղել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ, որտեղ հայտնում են, որ քաղաքական, կուսակցական այս կամ այն գործիչը մասնակցել է կամ նաքշբանդի շեյխի թաղման արարողությանը, կամ էլ կազմակերպված ճաշկերույթին. «նաքշիբենդիների տարածաշրջանի առաջնորդ և Էրենքյոյի համայնքի անդամ 34-րդ շեյխ հաջի Ալի Ռիզա Էլ-Բեզզեզի աշակերտ Ալի Օզթայլանի թաղման արարողությանը ներկա էին ԱԶԿ-ի Բալըքեսիրի պատգամավորներ Էդիփ Ուղուրը, Իսմաիլ Օզգունը, Բուրսայի պատգամավոր Ալթան Քարափաշաօղլուն, Բալըքեսիրի նահանգապետ Սելահեթթին Հաթիփօղլուն, Բալըքեսիրի անվտանգության տնօրեն Ջոշքուն Հայալը, Իզմիրի նահանգապետի օգնական Իսմաիլ Գյուրսոյը, նախկին քաղաքական գործիչներից Հուսամեդդին Ջինդորուքը: Համդի Օզթալյանը նշեց, որ վախճանված հայրը` Ալի Օզթալյանը, լավ հարաբերությունների մեջ է եղել 8-րդ հանգուցյալ նախագահ Մերհում Թուրգութ Օզալի, 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի և արգելված Բարօրրություն կուսակցության առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանի և վարչապետ Ռ. Թ. Էրդողանի հետ»[37]:
«Էրգենեքոնի հետաքննության շրջանակներում կատարված խուզարկությունների ժամանակ բանակի` թոշակի անցած գեներալներ Շեներ Էրույգուրից և Ահմեդ Հուրշիթ Թոլոնից վերցված թվայնացված տվյալների մեջ ի հայտ եկան լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ ԱԶԿ-ի պատգամավորները մասնակցել են նաքշբանդի տարիկաթի շեյխի կազմակերպած ռամադանի մեկնարկը խորհրդանշող ճաշի սեղանի շուրջ տեղի ունեցած ժողովին: Ըստ այդ նյութերի` ժողովը տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 18-ին: Ժողովը կազմակերպել էր նաքշբանդի տարիկաթի Ադըյամանի Մենզիլի խմբի շեյխերից Ֆեյզեթթին Էրոլը Քեչիորենի իլչեի Փուրսաքլար քաղաքի Քասրի Շիրին մզկիթի կողքին գտնվող թեքքեում: Ճաշին մասնակցել են ԱԶԿ-ի Ադըյամանի պատգամավոր Հուսրև Քութլուն, Աֆյոնի պատգամավոր Ահմեդ Քոջան, Դիարբեքիրի պատգամավոր Մ. Իհսան Արսլանը[38], Քոջաելիի պատգամավոր Մուզաֆեր Բաշթոփչուն, Շանլըուրֆայի պատգամավոր Մահմուդ Քափլանը, Վանի պատգամավոր Մալիքի Էժդեր Արվասը, Սիիրտի պատգամավոր Օներ Գյուլեշիլը, Թուրքական Բնակարանաշինության ղեկավար խորհրդի նախագահ Յըլմազ Օդաբաշը և ևս 30-35 հոգի: Ըստ տեղեկության` Շեյխ Էրոլը ճաշը ԱԶԿ-ի համար էր կազմակերպել, սակայն կուսակցականների մեծ մասը զբաղվածության պատճառով չեն կարողացել մասնակցել ճաշին»[39]:
Իհարկե, չբացառելով այն հանգամանքը, որ կուսակցականները նաքշբանդիա տարիկաթի անդամ են, այս պարբերական հանդիպումները, ճաշկերույթները կարելի է մեկնաբանել նաև որպես ընտրաձայներ գրավելու, կամ որպես վարկանիշը բարձրացնելու միջոց. չէ՞ որ նաքշբանդիա տարիկաթը, առհասարակ սուֆիները, մեծ հեղինակություն են վայելում Թուրքիայում: Դ. Հովհաննիսյանը նշում է, որ ըստ Ֆ. Բադերխանի` սուֆիական տարիկաթների ընտրազանգվածը հաշվվում է ավելի քան 5 միլիոն մարդ: Եթե հաշվի առնենք բնակչության ավանդական բարեհամբույր վերաբերմունքը սուֆիների նկատմամբ, ապա այդ թիվը անհրաժեշտ է կրկնապատկել[40]:
Վերջին շրջանում Թուրքիայում բավական մեծ աղմուկ բարձրացրեց լրագրող Հիլմի Յավուզի այն պնդումը, թե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նաքշբանդիական նախագիծ է: Ըստ նրա` Թուրգութ Օզալի «Մայր հայրենիք» (Anavatan Partisi) կուսակցությունն ու ԱԶԿ-ն իրենց գաղափարախոսությամբ և կառուցվածքով լիովին տարբերվում են մյուս կուսակցություններից: Թուրգութ Օզալը, նաքշբանդիական նստարանից անցնելով կառավարական աթոռին, կոմպրոմիսային քայլ կատարեց. նա պետության կարևոր պտուղներից օգտվելու հնարավորություն տվեց նաև նրանց, որոնց աշխարհայացքները տարբեր էին: Այս նույն մեթոդով Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի ռիսկային քայլ կատարեց. նա կառավարության անդամ դարձրեց նրանց, ովքեր կիսում էին իր տեսակետները[41]:
Թեև ԱԶԿ-ն քաղաքական դաշտ մտավ Էրբաքանի «Ազգային տեսակետի» օժանդակությամբ, սակայն ԱԶԿ-ի ղեկավարներն ամեն կերպ փորձում են ներկայացնել մի կուսակցություն, որը չի հակասում լաիցիզմի սկզբունքներին, որի ղեկավարությունը տիեզերական մուսուլմանական ինքնության նոր և դինամիկ դեմքն է, որը մուսուլմանական «սարդոստայնը» գնահատում է որպես քաղաքական մոբիլիզացիայի գործիք: Կուսակցության գաղափարախոս Յալչըն Աքդողանը ժխտում է կուսակցության և քաղաքական իսլամի կապը, կուսակցությունից օտարում «մուսուլմանական ժողովրդավարական կուսակցություն» պիտակը[42]: Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներն այս առումով ավելի խոսուն են: Այսպես` 1994 թվականի նոյեմբերի 21-ին, երբ նա Ստամբուլի քաղաքապետն էր, ելույթի ժամանակ հայտարարել է. «Շնորհակալ եմ Ալլահին, ես շարիաթի պաշտպանն եմ» հետո իրեն բնորոշել` որպես «Ստամբուլի իմամ»[43]:
1997 թվականին ԱՄՆ-ում հայտարարել է. «կամ լաիկ եղիր, կամ մուսուլման, երկուսը համատեղելի չեն… ժողովրդավարությունը նպատակ է, թե՞ միջոց. ժողովրդավարությունը երբեք նպատակ չի կարող լինել, իսկ միջոց կարող է լինել միայն գիտական տեսանկյունից»[44]:
2003 թվականի մայիսին Մալազիա կատարած այցելության ժամանակ այնտեղ լույս տեսնող «News Straits Times» թերթին տված հարցազրույցում «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ և երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Թուրքիան, որ մոդեռն իսլամի երկիր է, քաղաքակրթությունների համար օրինակ կարող է ծառայել»[45]:
2005 թվականի դեկտեմբերին Նոր Զելանդիա և Ավստրալիա կատարած այցելություններից հետո Անկարա վերադառնալով` Էսենբողա օդանավակայանում հայտարարել է. «…կրոնը ցեմենտ է և այս պահին այն մեզ միավորող ամենակարևոր տարրն է: Տարիներ ի վեր այդպես է եղել…»[46]:
ԱԶԿ-ի կառավարման առաջին 5 տարիներից հետո քննարկումներ սկսվեցին այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք կուսակցությունը նոր սինթեզ է Թուրքիայի քաղաքական կյանքում, ի՞նչ դեր ունի այսօր իսլամը երկրում և որքանով է այն ազդում երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա: Իհսան Դաղըն պնդում է, որ կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան իսլամական սոցիալ-մշակութային կոնսերվատիզմի պերիֆերիա: Նա նշում է, որ կուսակցությունը կարելի է դիտարկել որպես հետիսլամական շարժում, որն իսլամի հետ կապը պահպանում է սոցիալական ոլորտում, սակայն խզում այդ կապը` որպես քաղաքական ծրագիր[47]:
Ակնհայտ է, որ ԱԶԿ-ի բնորոշումները տարբեր են, հաճախ նույնիսկ իրարամերժ, սակայն եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ ԱԶԿ-իսլամ փոխներգործություն և փոխկապակցվածություն թեմայով ծավալված քննարկումների ընդհանուր գիծը ԱԶԿ-նաքշբանդիա տարիկաթ կապն է: Այս հարցը տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցներով գտել է իր արձագանքը. գերմանական «Die Welt» թերթի 2006 թվականի հոկտեմբերի 27-ի համարում լույս տեսած հոդվածներից մեկում հոդվածագիրը, մեջբերելով Թուրքիայում հայտնի Մերձավոր Արևելքի մասնագետ Ֆաիք Բուլութի գրքից, գրում է. «Ըստ Բուլութի հաշվարկների` խորհրդարանի պատգամավորներից 135-ը նաքշբանդիական են: Նրանցից 86-ը ԱԶԿ-ի անդամներ են, իսկ մյուսները այլ կուսակցությունների ներկայացուցիչներ են»[48]:
2007 թվականի հուլիսի 17-ին «Vatan» թերթում լույս տեսած հոդվածում ներկայացվեց մի ցուցակ, որում նշված էին կառավարության այն անդամների անունները, որոնք պատկանում էին սուֆիական տարիկաթներին[49]:
2008 թվականին Էրգենեքոնի դատավարության ընթացքում ի հայտ եկան ԱԶԿ-ի անդամների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գաղտնի թղթապանակներ, որոնք հաստատում էին նաքշբանդիա տարիկաթի հետ վերջիններիս կապը[50]:
2009 թվականի նոյեմբերի 16-17-ին թուրքական մի շարք թերթերում և ինտերնետային կայք-էջերում հայտնվեցին տարբեր վերնագրերով, սակայն նույն բովանդակությամբ հոդվածներ, որոնք կրկին վերաբերում էին սուֆիական տարիկաթների ներկայացուցիչներ հանդիսացող կառավարության անդամներին:
Ամփոփելով ուսումնասիրությունը կարելի է եզրակացնել‚ որ նաքշբանդիական տարիկաթի քաղաքական ուղղվածությունը միջնադարից սկսած մեծ դեր է կատարել օսմանյան, ապա՝ թուրքական քաղաքականության ձևավորման հարցում: Կրոնը, առհասարակ, հզոր զենք է եղել իշխող շրջանակների համար հասարակությանը կառավարելու գործում: Թուրքիայի պատմության ընթացքում այս երևույթը բազմիցս դրսևորվել է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էլ բացառություն չէ. կուսակցությունն իսլամը ճկուն կերպով օգտագործում է անջատողական շարժումների դեմ: Հզոր հենարան ունենալով նաքշբանդիա սուֆիական տարիկաթը` ԱԶԿ-ն «չափավոր իսլամի» քողի ներքո երկիրը տանում է իսլամականացման ճանապարհով: Թերևս այս պարագայում արդիականությունը չի կորցրել 15-րդ դարում տարիկաթն իր քաղաքական և սոցիալական զարգացման գագաթնակետին հասցրած հոջա Ուբայդալլահ Ահրարի արտահայտությունը. «Հոգևոր առաքելությունն իրագործելու համար պետք է քաղաքական իշխանություն ունենալ»:
Ժամանակակից Թուրքիայի նաքշբանդիա տարիկաթին հարող քաղաքական էլիտայի ներկայացուցիչների ցուցակ
| Ահմեդ Դավութօղլու. | Մարմարայի համալսարանում ուսանելու տարիներից սերտ հարաբերություններ է ունեցել Աբդուլլահ Գյուլի հետ, իսկ կուսակցության` իշխանության անցնելուց հետո աշխատել է որպես վարչապետի գլխավոր խորհրդական: Այժմ զբաղեցնում է Արտաքին գործերի նախարարի պաշտոնը: |
| Ալի Բաբաջան. | Քորքութ Օզալի աշակերտներից է և Իսքենդերփաշա միաբանության անդամ: Նա ԱԶԿ-ի շրջանակներում հայտնի է որպես «Էրդողանի արքայազն» կամ որպես ԱԶԿ-ի դերվիշ: 1968 թվականին, Հաթիջե Բաբաջանը, ով չնայած արգելքին` դասի էր հաճախում գլխաշորով, իսլամի պատմության դոկտոր Բահրրիյե Ուչոքի և Մուստաֆա Դեմիրսյոզի հետ միասին հեռացվել է աստվածաբանական ֆակուլտետից: Հաթիջե Բաբաջանն Ալի Բաբաջանի հորաքույրն էր, նա առաջինն էր, որ համալսարանում նախաձեռնեց գլխաշոր կրելու շարժումը: Ներկայումս զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի և պետնախարարի պաշտոնները: |
| Էգեմեն Բաղըշ. | Լինելով թուրք-ամերիկյան հաստատությունների ֆեդերացիայի նախագահ` Էգեմեն Բաղըշը Էրդողանի համար հարաբերություններ է հարթել: 32 տարեկան է, կյանքի մեծ մասն անց է կացրել Միացյալ Նահանգներում: Ներկայումս զբաղեցնում է Էրդողանի արտաքին գործերով խորհրդականի պաշտոնը և հանդիսանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի թուրքական խմբի անդամ‚ Եվրամիության հետ ինտեգրման հարցերով հիմնական բանակցող: |
| Ջյունեդ Զափթուն. | 1989 թվականից Ամերիկայում ներկայացնում է Էրդողանի ԹՈՒԻՍԱԴ կազմակերպությունը: Դեռևս քաղաքապետ լինելու տարիներից շատ մտերիմ է Էրդողանի հետ: Ներկայումս Azizler holding-ի‚ Balsu Gıda, BİM Şirketler կազմակերպությունների տնօրենն է և 500-ից ավելի խանութների ցանցի սեփականատեր: |
| Օմեր Չելիք. | Անատոլիայի պատգամավոր, ծագումով Դիարբեքիրից, վարչապետի արտաքին գործերով` հատկատես Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական: |
| Նաբի Ավջը. | Եղել է «Զաման» թերթի գլխավոր խնբագիրն ու նաև լրագրող: Վարչապետի գլխավոր խորհրդականն է: |
| Յալչըն Աքդողան. | 2003 թվականից ի վեր Էրդողանի քաղաքական խորհրդականն է‚ իսկ այժմ նաև վարչապետի խորհրդական: |
| Ահմեդ Թեզջան. | 2004 թվականի մարտից վարչապետի մամլո խոսնակն է: |
| Մյուջահիթ Ասլան. | Վարչապետ Էրդողանի խորհրդականն է, ԱԶԿ-ի Դիարբեքիրի պատգամավոր Մեհմեդ Իհսան Ասլանի որդին է: Կուսակցության մեջ լիազորված է Էրդողանի անունից ոչ մեծ կարևորություն ունեցող փաստաթղթեր ստորագրել: |
| Ռեջեփ Աքդաղ. | Նաքշբանդիա տարիկաթի Իսքենդերփաշա թեքքեի անդամ է: Այժմ զբաղեցնում է Առողջապահության նախարարի պաշտոնը: |
| Բինալ Յըլդըրըմ. | Նաքշբանդի տարիկաթի Իսքենդերփաշա միաբանության ներկայացուցիչ է: Ստամբուլի Ծովային ավտոբուսների ղեկավար խորհրդի նախկին նախագահ: Այժմ զբաղեցնում է Տրանսպորտի նախարարի պաշտոնը: |
| Սամի Գյուչլու. | Նաքշբանդիա տարիկաթի Իսքենդերփաշա թեքքեի անդամ է: Գյուլի մտերիմ ընկերն է, Սաքարիայի համալսարանի դասախոս: Այժմ զբաղեցնում է Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: |
| Հուսեին Չելիք. | Նուրջու տարիկաթի «Նոր Ասիա» ճյուղի ներկայացուցիչ է: Այժմ զբաղեցնում է Մշակույթի նախարարի պաշտոնը: |
[1] Տարիկաթ տերմինն առաջացել է դեռևս 9-րդ դարում և ենթադրել տարբեր բարոյահոգեբանական մեթոդներ, որոնց օգնությամբ սուֆին կարող էր հասնել իր վերջնական նպատակին, այն է` անէանալ աստծո մեջ: Աստծուն միաձուլվելու գերագույն միստիկական վիճակը կոչվում էր հալ: Տարիկաթը բաղկացած էր 7 կանգառներից, որոնք կրում էին մակամ անվանումը: Այդ մակամներից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում էր տվյալ փուլին հատուկ հոգեկան վիճակ (Бертельс Е. Э., Происхождение суфизма и зарождение суфийской литературы, http://farhang-alshia.narod.ru/karbin/suf7.html ) (12.10.2009):
[2] Պետական և քաղաքական գործիչների ցուցակի մասին ավելի մանրամասն տես. http://www.evrensel.net, http://www.iyibilgi.com, http://www.yenisafak.com.tr, http://www.adanamedya.com, http://www.tevhidhaber.com
http://209.85.135.132/search?q=cache:cz2POisX10sJ:home.arcor.de/sinansahin/dede_docs/012004/hukumetkadrotarkat.htm+MEHMET+AL%C4%B0+%C5%9EAH%C4%B0N%E2%80%99+ve+naksibendi&cd=1&hl=en&ct=clnk&client=firefox-a (20.12.2009):
[3] http://www.vakithaber.com, http://www.bugun.com.tr, http://www.yenisafak.com.tr
[4] Тримингэм Дж. С., Суфийские ордены в исламе, с. 1, http://www.koob.ru/books/islam/sufiyskie ordeni v islame.zip (12.10.2009):
[5] Тримингэм Дж. С., նշվ. աշխ., էջ 2, 70-71:
[6] Ислам, Энциклопедический словарь, М. 1991, стр. 224.
[7] Սիլսիլան (նշանակում է «շղթա») միստիկ ուղու «հոգևոր հաջորդականության շղթան», անխախտ ծագումնաբանական հոգևոր հաղորդիչների հատուկ համակարգն է իրեն յուրահատուկ ուսուցմամբ (ֆիզիկական և միստիկ վարժությունների նորմերով), պրակտիկայի առանձնահատկություններով (գլխավորապես զիքր), ծիսակարգով, ինչպես նաև համապատասխան կյանքի ձևով: Նաքշբանդիների մոտ շղթայի առաջին մասը (մինչև հիմնադիրը) կոչվում է սիլսիլաթ ատ-տարբիիա (դաստիարակության շղթա), իսկ երկրորդը` սիլսիլաթ ազ-զահաբ (ոսկե շղթա) (մինչև Մուհամեդը), իսկ նրանց օղակները` շույուխ ատ-տարբիիա (դաստիարակության ուսուցիչներ) (Ислам, Энциклопедический словарь, стр. 209):
[8] Զիքրը (բառացի հիշատակում) հոգևոր վարժություն է, որի նպատակն է զգալ Աստծո գոյությունը սեփական եսի մեջ: Այն Աստծո անվան ռիթմիկ հիշատակումն է (թեոմնեմիա) հոգևոր կենտրոնացման հասնելու համար: Գոյություն ունի զիքրի մի քանի տեսակ` զիքր ալ-ավքաթ` ամենօրյա հաստատված հիշատակում, զիքր ջահրի կամ ջալի` բարձրաձայն հիշատակում, զիքր ալ-հադրա` խմբակային աղոթք, զիքր խաֆի` անձայն աղոթք (Тримингэм Дж. С., նշվ. աշխ., էջ 220):
[9] Ислам, Энциклопедический словарь, նշվ աշխ, էջ 188:
[10]Չնայած սահմանափակումներին` 1924-1938 թթ. ընթացքում Քեմալ Աթաթուրքի` աշխարհիկ պետություն ստեղծելու քաղաքականության դեմ 18 ապստամբություն է բարձրացվել, որոնց մեծ մասը կազմակերպել է նաքշբանդիա տարիկաթը: Այդ ապստամբություններից հատկանշական են Շեյխ Սաիդի (1925 թ.) և Մենեմենե (1930 թ.) ապստամբությունները (M.Hakan Yavuz, Modernleşen müslümanlar: Nurcular, Nakşiler, Milli Gőrüş ve AK Parti, Istanbul, 2005, s.189):
[11] M. Hakan Yavuz, Modernleşen müslümanlar: Nurcular, Nakşiler, Milli Gőrüş ve AK Parti, Istanbul, 2005, s. 181:
[12] «Ազգային տեսակետը» Եվրոպայում` գլխավորապես Գերմանիայում, թուրք էմիգրանտների կազմակերպություն է, որի հիմնադիրները Բարօրություն կուսակցության հիմնադիր անդամներն են: Պաշտոնապես հայտնի է որպես «Եվրոպայի ազգային տեսակետի կազմակերպություն» (The National Vision Organization of Europe, Avrupa Milli Görüş Teşkilatı), որը վերանվանվել է «Իսլամական հասարակության ազգային տեսակետի կազմակերպության» (The National View Association of Muslim Community, İslam Toplumu Milli Görüş Teşkilatı). այն Գերմանիայում ամենամեծ մուսուլմանական կազմակերպությունն է: Երկու նպատակ է հետապնդում` զերծ պահել թուրք էմիգրանտներին արևմտյան քաղաքական և մշակութային ազդեցություններից, Թուրքիայում ստեղծել իսլամական պետություն, որի հիմքում ընկած կլինի շարիաթը: «Ազգային տեսակետ»-ի հիմքում ընկած են հինգ սյուներ` երկրի ներքին խաղաղություն, պետություն-ազգ միասնություն, «Մեծ Թուրքիայի» վերածնունդ, հոգևոր և տնտեսական վերելք (A. Birol, O. Mark, The Milli Görüş (The National Vision [View]), web.pdx.edu/~noordijk/Noordijk/…fils/THE%20 MILLI%20GORUS.doc) (19.02.2010):.
[13] Վ. Տեր-Մաթևոսյան, Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում, Երևան, 2008, էջ 40:
[14] Վ. Տեր-Մաթևոսյան, նշվ. աշխ., էջ 106:
[15] Նուրջուն (nurculuk կամ nur cemaatɪ) հայտնի շարժում է, որը հիմնադրվել է Բեդիուզաման Սաիդ Նուրսիի (1876-1960) կողմից: Այս շարժումն ուներ բավականին ազդեցիկ գաղափարական ակունքներ` հիմնված Սաիդ Նուրսիի հանրահայտ «Լույսի ուղերձ» (رساله نور) աշխատության վրա, որը Ղուրանի մեկնաբանությունն էր` բաղկացած 6000 էջից: Նուրսիի մահից հետո նրա ղեկավարած շարժման մեջ առաջ եկան տարբեր ուղղություններ, որոնց հիմքում ընկած էին Նուրսիի հրատարակած «Լույսի ուղերձի» տարբեր մեկնաբանությունները: Այս հոսանքի ճյուղավորումների մասին թվերը տարբեր են: Օքսֆորդի հանրագիտարանում նշվում է միայն 2 խմբերի գոյության մասին` Նոր Ասիա և Ֆեթիհջի (Վ. Տեր-Մաթևոսյան, նշվ. աշխ., էջ 110):
[16] http://arama.hurriyet.com.tr/arsivnews.aspx?id=9069979 (15.12.2009)
[17] Angel Rabasa, F. Stephan Larrabee, The Rise of political Islam in Turkey, RAND NATIONAL DEFENSE RESEARCH INSTITUTE, 2008, p. 37.
[18] Առաջին կրոնական իմամ հաթիբ դպրոցները (արաբ. իմամ խատիբ) պետության կողմից բացվեցին 1951 թվականին 7 քաղաքներում, իսկ 1954-1955 թթ. դրանց թիվը հասավ 16-ի: Չնայած սկզբնական շրջանում դրանք պետության վերահսկողության տակ էին: 1980-ական թթ. իմամ հաթիբ դպրոցների թիվը հասավ 249-ի (Soon-Yong Pak, Articulating the Boundary between Secularism and Islamism: The Imam-Hatip Schools of Turkey, Anthropology and Education Quarterly, Vol. 35, http://www3.interscience.wiley.com/journal/120129747/abstract?CRETRY=1&SRETRY=0) (15.12.2009):
[19] S. Karasipahi, Comparing Islamic Resurgence Movements in Turkey and Iran, The Middle East Journal, Vol. 63, N. 1, 2009, p. 97 (http://muse.uq.edu.au/journals/the_middle_east_journal/v063/63.1.karasipahi.html) (20.11.2009).
[20] С. Задонский, О влиянии руководства вооруженных сил Турции на политический процесс страны (http://www.iimes.ru/rus/search.html).(20.11.2009).
[21] Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իմամ հաթիբ դպրոցի շրջանավարտ է (http://www.ikhwanweb.com/print.php?id=14415 ) (15.12.2009):
[22]Պետք է նշել, որ ոչ միայն Թ. Օզալը, այլև Ս. Դեմիրելը և Թուրքիայի այլ «աշխարհիկ» քաղաքական գործիչներ պատկանել են նաքշբանդիա սուֆիական տարիկաթին: Հրեա հեղինակ Է. Քարմոնան Իսրայելում լույս տեսնող «Meria» ամսագրի 1998 թվականի հունվարյան համարում նշում է, որ ականատես է եղել, թե ինչպես 1996 թվականի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին Ստամբուլի Ֆեներ թաղամասում, որը հայտնի է որպես նաքշբանդիների բնակատեղի, Էրբաքանի պատկերով ցուցապաստառների կողքին եղել են նաև Դեմիրելի պատկերով կրոնական բովանդակությամբ պաստառներ (Игорь Мурадян, Политический ислам в Турции, http://analitika.at.ua/) (11.11.2009):
[23]A. Birol, O. Mark, նշվ.աշխ.:
[24]«Առաքինություն» կուսակցությունը քաղաքական դաշտում գործում էր 1998 թվականից սկսած: Այն «Ազգային տեսակետի» հերթական կուսակցություններից էր: ԱԿ-ն արժանացավ Էրբաքանի ղեկավարած մյուս կուսակցությունների ճակատագրին: Սահմանադրական դատարանի 2001 թ. հունիսի որոշմամբ արգելվեց կուսակցության հետագա գործունեությունը:
[25] Այն փաստը, որ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկված Էրդողանը դարձավ ԱԶԿ-ի հիմնադիր անդամ, հետագայում վիճարկվեց դատարանում:
[26] Ihsan D. Dağı, Islamic Identity and the West: Is Conflict Inevitable?, Islam and Tolerancein Wider Europe, 2007, p. 107.
[27] Ռ.Սաֆրաստյան, Հնարավոր չէ 21-րդ դարում պատնեշներ ստեղծել հարևանների միջև…, Երևան, Զանգակ-97, 2003, էջ 50-51:
[28] Տե՛ս Introduction in M. Hakan Yavuz, Secularism and Muslim Democracy in Turkey, Cambridge University Press, 2008.
[29] Angel Rabasa, F. Stephan Larrabee, The Rise of political Islam in Turkey, նշվ. աշխ., էջ 54:
[30]Д. Оганесян, Конкуретность региональных систем безопасности. Տես սույն ժողովածուն էջ
[31] 1925 թվականին, երբ օրենքով արգելվեց թեքքեների գործունեությունը, Գյումուշհանէվի մզկիթը բաց մնաց մինչև 1945 թվականը` որպես աղոթատեղի: 1957 թվականին մզկիթը փակվեց «հարաից ճանապարհը լայնացնելու» համար: Թեքքեն դրանից հետո իր գաղափարական քարոզչությունը շարունակեց Դամադ Իբրահիմ Փաշա մզկիթում շեյխ Հասիբ Էֆենդիի գլխավորությամբ, այնուհետև Ումմու Գուլսում մզկիթում` շեյխ Աբդուլազիզ Էֆենդիի գլխավորությամբ: 1958 թվականից շեյխ Մուհամմադ Զեհիդ Բուրուսավիի ղեկավարությամբ տեղափոխվեց Իսքենդերփաշա մզկիթ, որը մինչ օրս համարվում է նաքշիբանդիների գլխավոր թեքքեն (http://gumushkhanawidargah.8m.com/):
[32] Այս խումբը հիմնական նուրջուներից առանձնացավ 1970-ական թթ.` Զուբեյիր Գյունդուզ Ալփի և Մեհմեդ Քութլուլարի գլխավորությամբ:
[33] A. Birol, O. Mark, նշվ. աշխ, էջ 11:
[34] http://home.arcor.de/sinansahin/dede_docs/012004/hukumetkadrotarkat.htm (26.11.2009):
[35]Soner Yalçın, նշվ. աշխ., էջ 37:
[36] Soner Yalçın, նշվ. աշխ., էջ 38:
[37]http://www.milliyet.com.tr/Yasam/SonDakika.aspx?aType=SonDakika&KategoriID=15&ArticleID=975735 (26.11.2009):
[38] Մ. Իհսան Արսլանի որդին` Մուջահիթ Արսլանը, Ռ. Թ. Էրդողանի հիմնական քաղաքական խորհրդականն է:
[39]http://www.milliyet.com.tr/Siyaset/HaberDetay.aspx?aType=HaberDetayArsiv&KategoriID=4&ArticleID=1088716 (3.12.2009):
[40] Д. Оганесян, նշվ. աշխ.:
[41] www.radikal.com.tr (3.12.2009):
[42] Տե՛ս Introduction in M. Hakan Yavuz, Secularism and Muslim Democracy in Turkey, Cambridge University Press, 2008, p. 10:
[43] Michael Rubin, Will Turkey Have an Islamist President? AEI Middle Eastern Outlook, 2007. http://www.meforum.org/1637/will-turkey-have-an-islamist-president (21.11.2009):
[44] http://www.youtube.com/watch?v=VepV4Ac_rNM&feature=related (20.12.2009):
[45] T. C. Yargitay Cumhuriyet Başsavcılığı Iddianame, Anayasa Mahkemesi Başkanlığına, 2008, s. 27, 29.
[46] Նույն տեղում:
[47] Ihsan D. Dağı, նշվ. աշխ., էջ 107:
[48] http://www.netpano.com/makale/?makale=282 (2.11.2009):
[49] http://haber.gazetevatan.com/haberdetay.asp?Newsid=128197&Categoryid=4&wid=142 (5.11.2009):
[50] T. C. Istanbul Cumhuriyet Başsavcılığı (CMK’ nın 250. Maddesi ile Yetkili Bölümü)‚ http://www.scribd.com/doc/13666509/Ergenekon-davas-ikinci-iddianame-tam-metin (5.12.2009):
Քաղաքական և մշակութային հետազոտությունների կենտրոն, համ. 5, Երևան 2010թ. էջ 63-75




Ռոման Սմբատյանը ՀՀ և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև կնքված կրթական պայմանագրի շրջանակներում 2005-2010 թթ. գործուղվել է Սպահանի համալսարան ասպիրանտական կրթություն ստանալու: 2005թ. հունվարին ընդունվել է Սպահանի համալսարանի Գրականության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոն` որպես ասպիրանտ (PhD)` Իրանի իսլամական շրջանի պատմություն մասնագիտացմամբ:
Recent Comments